Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության մշակույթի ԵՎ երիտասարդության հարցեՐԻ նախարարության ԵՎ Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջԵՎ մշակույթի բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
ձգտելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,
ցանկանալով զարգացնել մշակույթի բնագավառում համագործակցությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը կզարգացնեն մշակույթի բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցությունը, մասնավորապես, կխրախուսեն.
թատերական, երաժշտական և ազգագրական խմբերի, ինչպես նաև անհատ կատարողների փոխանակումները,
կինեմատոգրաֆիայի բնագավառում համագործակցությունը, մասնավորապես, ֆիլմերի փոխանակումները և համատեղ կինոարտադրությունը,
մասնակցությունը մյուս Կողմի կազմակերպած միջազգային փառատոներին,
գեղարվեստական ցուցահանդեսների և ժողովրդական արվեստի ցուցահանդեսների փոխանակումները:
Կողմերը փոխադարձաբար կանցկացնեն մշակույթի օրեր՝ Հայաստանում և Բելառուսում:
Հոդված 2
Կողմերը կխրախուսեն համագործակցությունն ու տեղեկության փոխանակումը երկու երկրների թանգարանների, գրադարանների և արխիվների միջև:
Հոդված 3
Կողմերը կկազմակերպեն մշակութային ժառանգության պահպանման հարցերով երկկողմ սեմինարներ և գիտաժողովներ՝ համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների առանձին մասնագետների մասնակցությամբ:
Հոդված 4
Կողմերը կաջակցեն իրենց ներկայացուցիչների մասնակցությանը՝ մյուս Կողմի կազմակերպած մշակույթի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսներին, հանդիպումներին և մրցույթներին:
Հոդված 5
Կողմերը կխրախուսեն մշակույթի գործիչների հանդիպումների անցկացումն ու փոխանակումները, գեղարվեստական կրթության բնագավառում մասնագետների և փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ մշակութային ծրագրերը:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակումների իրականացման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, Կողմերը կստորագրեն առանձին պայմանագրեր, որոնցում հստակեցված կլինեն միջոցառումների մանրամասներն ու ֆինանսական պայմանները:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրը, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, կարող է փոփոխվել և լրացվել: Փոփոխություններն ու լրացումները կձևակերպվեն առանձին Արձանագրությունների տեսքով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից ավարտելու մասին դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր ծանուցելու օրվանից:
Սույն Համաձայնագիրը գործում է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն ժամանակահատվածով, քանի դեռ Կողմերից որևէ մեկը դրա գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է 2003թ. հոկտեմբերի 17-ին Երևան քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլի 21-ից: