Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-873
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.04.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.21/16(750) Հոդ.413
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
13.04.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
13.04.2010
Дата вступления в силу
13.04.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

13 ապրիլի 2010 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՆՈՒՇԱՎԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 118 ԵՎ 118.6-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող Ա. Նիկողոսյանի, գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Անուշավան Նիկողոսյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 118 և 118.6-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Նիկողոսյանի` 26.01.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի դեկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի վիճարկվող 118 և 118.6-րդ հոդվածներն ամրագրված են օրենսգրքի` «Վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում» վերտառությամբ 20-րդ գլխում:

Օրենսգրքի 118-րդ հոդվածը` «Վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում» վերտառությամբ, սահմանում է. «Վարչական դատարանի դատական ակտերի վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական դատավարության oրենuգրքով uահմանված նորմերը»:

 Օրենսգրքի վիճարկվող 118.6-րդ հոդվածը` «Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը» վերտառությամբ, սահմանում է.

 «1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե`

 1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեuակ կիրառության համար, կամ

 2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակաuում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ

 3) առկա է նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, որը հանգեցրել է գործի uխալ լուծմանը, կամ

 4) առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք:

 2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կաuեցնել դատական ակտի կատարումը:

3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք բերող անձին և գործին մաuնակցող անձանց»:

Օրենսգրքի` «Վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում» վերտառությամբ 20-րդ գլուխը փոփոխության է ենթարկվել 2009թ. ապրիլի 7-ին ընդունված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքով: Նշված օրենքով օրենսգրքի 20-րդ գլխում կատարված փոփոխություններն ու լրացումները պայմանավորվել են ՀՀ սահմանադրական դատարանի 2008թ. նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշմամբ, որով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը և 118-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչվեցին ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, 18-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանը միաժամանակ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ էր սահմանել 2009թ. մարտի 31-ը` ՀՀ Ազգային ժողովին հնարավորություն տալով օրենսդրական կարգավորումները համալիր ձևով համապատասխանեցնելու դատարանի որոշման պահանջներին:

2009թ. ապրիլի 7-ին ընդունված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքով ՀՀ Ազգային ժողովն օրենսգրքի 20-րդ գլխում 118-րդ հոդվածը շարադրեց նոր խմբագրությամբ և օրենսգիրքը լրացրեց 118.1-118.6-րդ հոդվածներով:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին: ՀՀ վարչական դատարանն իր` 04.09.2009թ. վճռով մերժել է դիմողի հայցն ընդդեմ Լոռու մարզպետարանի` «Ակտը մասնակի առոչինչ ճանաչելու պահանջի մասին»: Նշված վճիռը դիմողի կողմից բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան: ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ6/0334/05/08 վարչական գործով ըստ հայցի Անուշավան Նիկողոսյանի ընդդեմ ՀՀ Լոռու մարզպետարանի` «Ակտը մասնակի առոչինչ ճանաչելու պահանջի մասին», իր` 02.12.2009թ. որոշմամբ վերադարձրել է ՀՀ վարչական դատարանի` թիվ ՎԴ6/0334/05/08 վարչական գործով 04.09.2009թ. վճռի դեմ դիմողի կողմից նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով բերված վճռաբեկ բողոքը:

3. Դիմողը` վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-780 որոշման մեջ տեղ գտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում 2009թ. ապրիլի 7-ին ընդունված` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխություններից ու լրացումներից հետո էլ ապահովված չէ վարչական արդարադատության երկաստիճան համակարգում վճռաբեկ դատարանի մատչելիությունն ու արդյունավետությունը: Մասնավորապես, օրենսգրքի 118-րդ հոդվածը շարունակում է հնարավորություն տալ վարչական գործերով վճռաբեկ վարույթի նկատմամբ կիրառել քաղաքացիական դատավարության նորմերը, իսկ 118.6-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանները որևէ կերպ չեն ապահովում վճռաբեկ դատարանի մատչելիությունը: Դիմողը խնդրում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118 և 118.6-րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող ու անվավեր:

4. Պատասխանողը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, նշում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-780 որոշումից հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը լրացվեց վճռաբեկության կարգով դատական ակտերի վերանայումը, վճռաբեկ բողոք բերելու իրավունքը և հիմքերը, վճռաբեկ բողոք բերելու ժամկետները և կարգը, վճռաբեկ բողոքը քննության ընդունելու պայմանները սահմանող` 118.1-118.6-րդ հոդվածներով: Արդյունքում, թեև սահմանվեց, որ վարչական դատարանի դատական ակտերի վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա (mutatis mutandis) տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը, այնուամենայնիվ, վճռաբեկության ինստիտուտի իրավակարգավորման հիմնական տարրերը, այդ թվում` նաև վճռաբեկ բողոքի հիմքերն ու ընդունելիության պայմանները, հաշվի առնելով վարչական արդարադատության առանձնահատկությունները, սահմանվեցին վարչական դատավարության օրենսգրքով:

Օրենսդիրը վճռաբեկության կարգով վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը տարածել է այնքանով, որքանով դրանք բխում են երկաստիճան դատական համակարգում վճռաբեկության առանձնահատկություններից և երաշխավորում են վարչական արդարադատության համակարգում վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը:

Ըստ պատասխանողի` օրենսգրքի վիճարկվող 118-րդ հոդվածը 118.1.-118.6-րդ հոդվածների հետ համակցության մեջ գնահատելու դեպքում պարզ է դառնում, որ գործող իրավակարգավորումն էապես տարբերվում է մինչև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքի ընդունումը գործած իրավակարգավորումից: Պատասխանողը նաև փաստում է, որ վարչական դատավարությունում «...նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հիմնավորումը բավական է վճռաբեկ բողոքն ընդունելու համար»:

5. Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-780 որոշմամբ արտահայտել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության արդյունավետ իրականացման, ինչպես նաև վարչական դատավարության մասնակիցների կողմից վարչական դատարանի ակտը բողոքարկելու իրավունքի երաշխավորման առումով: Սահմանադրական դատարանի այդ իրավական դիրքորոշումներն ամբողջությամբ վերաբերելի են նաև սույն գործով քննության առարկա հարցերին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող իրավանորմերն ընդունվել են ՀՀ սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշման արդյունքում` սահմանադրական դատարանը կարևոր է համարում պարզել, թե որքանո՞վ են հաշվի առնվել ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն օրենսդրական փոփոխությունները կատարելիս, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում կատարված փոփոխություններն ու լրացումները որքանո՞վ են նպաստել վարչական արդարադատության երկաստիճան համակարգում վճռաբեկ դատարանի մատչելիության և արդյունավետության ապահովմանը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ նման գնահատականը պահանջում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխի փոխկապակցված բոլոր դրույթների համադրված վերլուծություն` սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68 հոդվածի 9-րդ մասին համապատասխան քննության առնել վիճարկվող նորմերի հետ համակարգային փոխկապակցվածության մեջ գտնվող` օրենսգրքի 20-րդ գլխի բոլոր դրույթների սահմանադրականության հարցը:

6. Վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխի` 2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ, դրույթների և նույն գլխի` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքով փոփոխված դրույթների համեմատական վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ դատարանում վարչական գործերի վարույթի գործող իրավակարգավորմանը, ի տարբերություն նախկին իրավակարգավորման, հատուկ են հետևյալ հիմնական տարրերը.

նախ. եթե օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը mutatis mutandis վերապահմամբ տարածվում են վճռաբեկ դատարան բողոքարկման կարգի և գործերի վարույթի վրա, ապա վարչական դատարանի ակտերի բողոքարկման հիմքերի վրա, ի տարբերություն նախկին իրավակարգավորման, քաղաքացիական դատավարության նորմերը չեն տարածվում, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում փոփոխությունների արդյունքում ամրագրվել է «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը» վերտառությամբ 118.3-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական դատարանի ակտերի վճռաբեկության կարգով բողոքարկման հիմքերը:

Երկրորդ` օրենսգրքի 20-րդ գլուխը (հոդված 118), նոր իրավակարգավորման արդյունքում նախատեսելով վարչական գործերով վճռաբեկ դատարան բողոքարկելու կարգի վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը տարածելու հնարավորություն, միաժամանակ ամրագրել է բողոքարկման կարգի առանձին տարրեր կանոնակարգող նորմեր (բողոքարկման ենթակա դատական ակտերի և բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, վճռաբեկ բողոք բերելու ժամկետները, վճռաբեկ բողոքը ներկայացնելու կարգը):

Երրորդ` օրենսգրքի 20-րդ գլխում ամրագրվել է 118.6-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական դատարանի ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու պայմանները, որոնք տարբերվում են քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու պայմաններից:

Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանում վարույթի կարգին, ապա այս առնչությամբ ներկա իրավակարգավորումը «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքի ընդունման արդյունքում էական փոփոխության չի ենթարկվել, և վարչական գործերով վճռաբեկ դատարանում վարույթը հիմնականում իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերով:

Սահմանադրական դատարանը` հաշվի առնելով ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում կատարված փոփոխությունների ու լրացումների բովանդակային վերլուծության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի հետ դրանց համադրման արդյունքում արձանագրում է.

ա) մինչև «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-99-Ն ՀՀ օրենքի ընդունումն առկա իրավակարգավորման և գործող իրավակարգավորման միջև հիմնական բովանդակային տարբերությունը կայանում է նրանում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանը փոխարինվել է վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պայմանով,

բ) կատարված փոփոխությունները համակարգային առումով ամբողջական չեն, չեն ապահովում ու երաշխավորում վճռաբեկ դատարանում վարչական վարույթի իրականացման հստակ կարգն ու առանձնահատկությունները (ինչը նախատեսված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածով), չի գտնվել վարչական արդարադատության գործառնական ու կառուցակարգային դատարանակազմական ամբողջականության երաշխավորման արդյունավետ լուծում,

գ) հիմնական բացը, որը հանգեցնում է վարչական դատարանի ակտերի բողոքարկման առկա երկաստիճան համակարգի գործունակության էական թուլացմանը, վերաբերում է բողոքը վերադարձնելու հիմնախնդրի իրավակարգավորմանն ու դրան համապատասխան` կառուցակարգային երաշխիքների ապահովմանը:

7. Վիճարկվող 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում տեղ են գտել քաղաքացիական դատավարության եռաստիճան համակարգին բնորոշ իրավակարգավորումներ, մինչդեռ ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական արդարադատության ներկայումս գործող երկաստիճան համակարգում վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանները սահմանելիս պետք է գերակայեն վճռաբեկ դատարանի մատչելիության և արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման երաշխիքները: Վճռաբեկ դատարանի` որպես ընդհանուր իրավասության դատարանների համակարգում բարձրագույն մարմնի, կառուցակարգային կարգավիճակը չի կարող խոչընդոտել օրենքով նրան վերապահված իրավասության լիարժեք իրականացմանը և այդ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացմանը, եթե ստեղծվում են դրա համար անհրաժեշտ նաև իրավական ու կառուցակարգային երաշխիքներ: Սահմանադրական դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով: Ուստի նրա որևէ կառուցակարգային կարգավիճակ չի կարող լիազորության լիարժեք կատարման խոչընդոտ հանդիսանալ: Միաժամանակ, սահմանադրական իրավակարգավորման առանցքային խնդիրներից մեկը հենց այն է, որպեսզի երաշխավորվի «գործառույթ-ինստիտուտ-լիազորություն» շղթայի օրգանական ամբողջականությունն ու լիարժեքությունը: Եթե օրենսդիրն անհրաժեշտ է համարել Հայաստանում ձևավորել մասնագիտացված վարչական դատարան` միայն դատական մեկ աստիճանով, իսկ վերջինիս ակտերի բողոքարկման իրավասությունը վերապահել վճռաբեկ դատարանին, ապա բողոքարկման համակարգի ամբողջականությունն ու արդյունավետությունը նույնպես պետք է երաշխավորվի այս կառուցակարգային լուծումների շրջանակներում: Մասնավորապես, դա վերաբերում է նաև բողոքների ընդունման ու դրանց ըստ էության քննության առանձնահատկություններին:

Հետևաբար, վիճարկվող դրույթում վճռաբեկ դատարանի կարգավիճակի վկայակոչմամբ բողոքի ընդունելիության այնպիսի պայմաններ չեն կարող սահմանվել, ինչը կարող է արդյունավետ չդարձնել ու սահմանափակել անձի` դատական ակտի բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակը, այդ հնարավորության ապահովման անհրաժեշտությունից թելադրված պետք է փնտրվեն ու գտնվեն դատարանակազմական լուծումները:

Մասնավորապես, վարչական դատարանի ակտերի վերաբերյալ վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմքում պետք է դրվի ոչ միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի, այլև` 213-րդ հոդվածի իրավակարգավորման տրամաբանությունը` նախատեսելով դրա իրացման համապատասխան երաշխիքներ:

8. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված նորմի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված նորմի, մասնավորապես, դրանցում համապատասխանաբար` «հանգեցրել է գործի սխալ լուծմանը» և «կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ» բառակապակցությունների համեմատական վերլուծությունը վկայում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված պայմանը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված պայմանի, որոշակի առաջընթաց է վճռաբեկ դատարանի մատչելիության ապահովման առումով: Սակայն սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այս փաստը դեռևս բավարար պայման չէ նոր իրավակարգավորման արդյունավետությունը գնահատելու համար: Վերջինիս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված` բողոքի ընդունելիության պայմանի բովանդակությունը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ:

Վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածում ամրագրված` վճռաբեկ բողոք բերելու ընդհանուր հիմքում «կարող էր ազդել գործի ելքի վրա» բառակապակցության և 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված` վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանում «հանգեցրել է գործի սխալ լուծմանը» բառակապակցության համեմատական վերլուծությունը վկայում է, որ «կարող էր» բառակապակցությունն արտահայտում է հավանականություն և կրում է դիսպոզիտիվ բնույթ, իսկ 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված` «հանգեցրել է» արտահայտությունը ենթադրում է փաստի հաստատում և կրում է իմպերատիվ բնույթ:

Նման տարբերությունը բովանդակային առումով նշանակում է, որ եթե վճռաբեկ բողոք բերող անձն իր բողոքում պարտավոր է հիմնավորել դատական սխալի` գործի ելքի վրա ազդեցության վերաբերյալ իր ենթադրությունը, ապա վճռաբեկ դատարանը դիմումի ընդունելիության հարցի քննության փուլում պարտավոր է ոչ թե ստուգել դատական սխալի` գործի ելքի վրա ազդեցության վերաբերյալ վճռաբեկ բողոք բերող անձի ենթադրության հիմնավորված լինելու հանգամանքը, այլ հաստատել այն փաստը, որ դատական սխալը հանգեցրել է կամ չի հանգեցրել գործի սխալ լուծմանը: Իրավակիրառական պրակտիկան ևս ձևավորվել է օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ամրագրված նորմի նման ընկալմամբ: Մասնավորապես, այդ մասին է վկայում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումներում, այդ թվում` դիմողի գործով կայացրած որոշման մեջ վճռաբեկ դատարանի հետևյալ ձևակերպումը. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան, գնահատելով գործում առկա ապացույցները, պարզելով գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները և կիրառելով սույն գործով կիրառման ենթակա օրենքները, իրավացիորեն հայցը մերժել է»:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական սխալի` գործի սխալ լուծմանը հանգեցրած լինելու կամ չլինելու փաստի հաստատումն իր բնույթով չի վերաբերում դիմումի ընդունելիության պայմաններին, նման փաստի հաստատումը կարող է տեղի ունենալ դատաքննության փուլում` արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Որպես վճռաբեկ բողոքի ընդունելիության պայման կարող է հանդես գալ գործի ելքի վրա ազդեցության վերաբերյալ վճռաբեկ բողոք բերող անձի ենթադրության ներկայացված լինելու հանգամանքի ստուգումը, այլ ոչ թե այն փաստի հաստատումը, որ դատական սխալը հանգեցրել է կամ չի հանգեցրել գործի սխալ լուծմանը:

Նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` «Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ uխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի uխալ լուծման: Դատարանի` ըuտ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով»: Այս նորմը ևս վկայում է այն մասին, որ դատական սխալի` գործի uխալ լուծմանը հանգեցնելու փաստի հաստատումը հանդիսանալով վճռի բեկանման հիմք` չի հանդիսանում և չի կարող հանդիսանալ բողոքի ընդունելիության պայման: Հետևաբար, այդ հարցը ենթակա է լուծման դատաքննության փուլում, այլ ոչ թե դիմումի ընդունելիության հարցի քննության փուլում:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցի քննության փուլում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «առկա է» բառը չի կարող ընկալվել ու մեկնաբանվել որպես բողոքի ընդունման փուլում նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը հաստատելու վճռաբեկ դատարանի պարտավորվածություն` դրանով իսկ ընդունելիության հարցի լուծումը կախման մեջ դնելով գործի դատաքննության փուլում ըստ էության լուծման ենթակա հարցից, սահմանափակելով վճռաբեկ դատարանի մատչելիությունը` դատական պաշտպանության միջոցը դարձնելով անարդյունավետ: Վճռաբեկ բողոք բերող անձի պնդումը գործի ելքի վրա ազդող դատական սխալի ենթադրյալ առկայության մասին, եթե այդ պնդումն ակնհայտ անհիմն չէ, թույլատրելիության այլ նախադրյալների հետ մեկտեղ (ժամկետներ, բողոքի ձևին ներկայացվող պահանջներ և այլն), բավարար է գործը քննության ընդունելու համար, և վճռաբեկ դատարանն իրավասու չէ այդ փուլում ստուգելու վճռաբեկ բողոքի հիմնավորվածությունը՝ այդպիսի սխալի իրական առկայությունը («առկա է», «հանգեցրել է գործի սխալ լուծմանը», «ազդել է գործի լուծման վրա»), քանի որ դրանով փոխարինվում կամ կանխորոշվում է դատաքննությունը, որը և պետք է ապահովի գործի արդարացի քննությունը՝ համապատասխան երաշխիքների պահպանմամբ։

9. Վարչական դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումների ուսումնասիրությունը վկայում է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում կատարված փոփոխություններից և լրացումներից հետո էլ վճռաբեկ դատարանը շարունակում է վարչական գործերով վճռաբեկ վարույթի նկատմամբ կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը, անկախ նրանից, դրանք դուրս են գալիս դատական համակարգի ընդհանուր սահմանադրական սկզբունքների շրջանակներից, թե` ոչ: Ավելին, վճռաբեկ դատարանը` կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` վճռաբեկ բողոք բերելու հիմքերը սահմանող 118.3-րդ հոդվածը և բողոքի ընդունելիության պայմանները սահմանող 118.6-րդ հոդվածը, զուգահեռաբար կիրառում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համարժեք 226 և 234-րդ հոդվածները, այդ թվում վճռաբեկ բողոքի ընդունելիության այն պայմանները, որոնք սահմանված են 234-րդ հոդվածի 1-ին մասում:

Նման իրավիճակի առնչությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառական պրակտիկայում իրացված չէ սահմանադրական դատարանի այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածում «mutatis mutandis» վերապահումը չի կարող մեկնաբանվել այնքան լայն, որ վարչական դատարանի ակտերի բողոքարկման նկատմամբ ամբողջությամբ կիրառվեն քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը:

Ավելին, սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը (նոր խմբագրությամբ) ընդհանրապես թույլ չի տալիս հղում կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն նորմերին, որոնք սահմանում են վճռաբեկ բողոք բերելու հիմքերը:

Արդարադատության արդյունավետությունը ենթադրում է թույլատրելի ճանաչված վճռաբեկ բողոքների ըստ էության քննություն վճռաբեկ դատարանում՝ արդարության բոլոր պահանջների պահպանմամբ և վարչական արդարադատության առանձնահատկությունների հաշվառմամբ։ Թույլատրելիության հարցի լուծման ժամանակ բուն արդարադատության կանխորոշումն իմաստազրկում է դրա արդյունավետությունը, իսկ բողոքի թույլատրելիության հիմքը շփոթվում է վարչական դատարանի ակտի բեկանման հիմքի հետ։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ արդարադատության նման ձևականացումն անհամատեղելի է դրա սահմանադրական իմաստի հետ։

10. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական դատարանի ակտերի բողոքարկման ինստիտուտի լիարժեքությունն օրենսդրորեն ապահովված չէ: Այս հարցում իրավական անորոշությունը հաղթահարելու և իրավակարգավորման բացը լրացնելու համար էական նշանակություն կարող է ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում վճռաբեկ բողոքը վերադարձնելու հստակ իրավակարգավորումը` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-780 որոշման և սույն որոշման մեջ շարադրված իրավական դիրքորոշումները հաշվի առնելով:

Առավել կարևոր է այն հանգամանքը, որ վարչական արդարադատության ներկա երկաստիճան համակարգի պահպանման պարագայում օրենսդրորեն պետք է գտնվեն կառուցակարգային այնպիսի լուծումներ, որ ՀՀ վճռաբեկ դատարանն ի վիճակի լինի արդյունավետ իրականացնել վարչական դատարանի ակտերի վերաբերյալ բողոքների ընդունման ու դրանց դատաքննության արդարադատական պահանջները:

Լրացուցիչ հստակեցման անհրաժեշտություն ունեն նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխում տեղ գտած մի շարք այլ դրույթներ: Մասնավորապես, 118.1-րդ հոդվածում ի հայտ է գալիս «վարչական դատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքեր» արտահայտությունը, իսկ 118.4-րդ հոդվածի 2-րդ մասում միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելը պայմանավորվում է այլ՝ հատուկ օրենքով նախատեսված դեպքերով, մինչդեռ հենց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասն է հիշատակում միջանկյալ ակտերը բողոքարկելու հիմքերը։ Նույնը վերաբերում է այդ ակտերը բողոքարկելու համար այլ օրենքով ժամկետ սահմանելու հնարավորությանը, որով վարչական դատավարության համակարգն անհարկի փոխկապակցվում է անորոշ հատուկ օրենքների հետ՝ առանց որևէ կոնկրետ հղման։ Իսկ 118.5-րդ հոդվածի վերնագիրը շատ ավելի լայն է, քան այդ հոդվածի բովանդակությունը, բացի դրանից, որևէ առնչություն չունի դրա 2-րդ և 3-րդ մասերի հետ, որոնք վերաբերում են վճռաբեկ բողոք բերած վարչական մարմնի պարտականությանը և վարչական դատարանի կողմից գործը վճռաբեկ դատարան ուղարկելուն։

Այս բոլորը վկայում են, որ միայն իրավակիրառական պրակտիկայի վերանայմամբ հիմնախնդիրը չի կարող լուծվել: Այն անհրաժեշտ օրենսդրական լուծումներ է պահանջում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածը` սույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «առկա է» և «հանգեցրել է» բառակապակցությունները` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրանց տրված մեկնաբանության շրջանակներում ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 19-րդ հոդվածին (1-ին մաս) հակասող և անվավեր:

3. Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-17-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով, որ վարչական արդարադատության առկա երկաստիճան համակարգի գործունակության և արդյունավետության անհրաժեշտ մակարդակի ապահովումը կամ հիմնախնդրին համակարգային այլ լուծումներ տալը պահանջում են օրենսդրական համարժեք կարգավորումներ, սույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել 2010թ. դեկտեմբերի 1-ը:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

13 ապրիլի 2010 թ.

ՍԴՈ-873