Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԽ-5-Ո-03
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.03.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.14/15(749) Հոդ.411
Принят
Արդարադատության խորհուրդ
Дата принятия
26.03.2010
Подписан
Արդարադատության խորհրդի անդամներ
Дата подписания
26.03.2010
Дата вступления в силу
26.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԽ-5-Ո-03

2010 թ.

 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ք. ՄԿՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

 

Վ. Աբելյանի, Կ. Բաղդասարյանի,

Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, 

Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի,

Մ. Մարտիրոսյանի, Գ. Խանդանյանի,

Ս. Օհանյանի, Հ. Փանոսյանի,   

Մ. Մակյանի

 

մասնակցությամբ դատավոր`

Ք. Մկոյանի


քարտուղարությամբ`


Շ. Վարդանյանի

 

2010 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 19.02.2010թ. թիվ N-Կ-2-03/2010 որոշմամբ ՀՀ վարչական դատարանի դատավոր Ք. Մկոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը` հասցեագրված Կարգապահական հանձնաժողովին:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության՝

1) Թիվ ՎԴ/5195/05/09 վարչական գործով` ըստ հայցի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ընդդեմ Հրանտ Բագրատյանի` 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի և 8000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարները բռնագանձելու պահանջի մասին, պատասխանողի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի միջնորդության քննության արդյունքում դատարանը որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու մասին:

Պատասխանող Հրանտ Բագրատյանը Երևանի քաղաքացիական դատարանի 10.07.2008թ. վճռի կապակցությամբ (ՀՀ Կենտրոնական բանկի և Տիգրան Սարգսյանի ընդդեմ Հրանտ Բագրատյանի` պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցը բավարարելու վերաբերյալ) 23.04.2009թ. նախնական նամակ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ 21.07.2009թ. ներկայացրել է վերջնական դիմումը` նշելով, որ ազգային դատարանի գործողությունների արդյունքում թույլ է տրվել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:

Նշված դիմումի կապակցությամբ ՄԻԵԴ-ը դեռևս վերջնական որոշում կամ վճիռ չի կայացրել: Միայն 26.05.2009թ. և 19.08.2009թ. գրություններով դիմումատուին տեղեկացրել է, որ տվյալ գործը քննության կառնվի առաջին իսկ հնարավորության դեպքում, և որ նա կտեղեկացվի Եվրոպական դատարանի ցանկացած որոշման մասին:

Վերոնշյալ վարչական գործով դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը ՀՀ վարչական դատարանը հիմնավորել է` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` «Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը»:

Միևնույն ժամանակ դատարանը նշված որոշման հիմքում դրել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ըստ որի` «Նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք են Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող ազգային դատարանի ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման հանգամանքը»:

Դատարանը գործի վարույթը կասեցնելու մասին որոշմամբ եզրահանգել է, որ պատասխանող Հրանտ Բագրատյանի կողմից Երևանի քաղաքացիական դատարանի վճռի կապակցությամբ ՄԻԵԴ ներկայացրած դիմումը հիմք է հանդիսանում թիվ ՎԴ/5195/05/09 վարչական գործով վարույթը կասեցնելու համար: Մասնավորապես, դատարանը, որոշման մեջ մեջբերելով պատասխանողի միջնորդությունը, նշել է. «Վերոգրյալից ելնելով և նկատի ունենալով, որ նշված վճիռները Հայաստանի Հանրապետության դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու հիմք են հանդիսանում, հաշվի առնելով, որ պատասխանողի` Եվրոպական դատարան ներկայացրած դիմումի հիման վրա կայացվելիք ակտը կարող է հիմք հանդիսանալ Երևանի քաղաքացիական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը նոր հանգամանքներով վերանայելու համար, խնդրել է կասեցնել թիվ ՎԴ/5195/05/09 վարչական գործով վարույթը: Դատարանը.....գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է և բխում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի 1-ին կետի ենթակետի բովանդակությունից, ուստի ենթակա է բավարարման»:

Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` վարչական դատավարությունում գործի վարույթը կասեցնելու հիմքերի, ինչպես նաև կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո գործի վարույթը վերսկսելու վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է գործի վարույթը կասեցնելու պարտադիր և ոչ պարտադիր դեպքերը, այսինքն` վերջին դեպքում այն թողնված է դատարանի հայեցողությանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը, որը հստակ թվարկում է գործի վարույթը պարտադիր կասեցնելու հիմքերը, չի նախատեսում

ՀՀ մասնակցությամբ գործող միջազգային դատարանին դիմելու հանգամանքը կամ նման դատարանի վարույթում քննվող գործի առկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում նշված գործի վարույթը կասեցնելու հիմքերը սպառիչ են և տարածական մեկնաբանման ենթակա չեն:

Մինչդեռ դատարանը տվյալ որոշմամբ պատասխանողի կողմից Եվրոպական դատարան դիմելու փաստը համարել է տվյալ վարչական գործի վարույթը կասեցնելու անվերապահ հիմք:

Այսինքն` այն հանգամանքը, որ պատասխանող Հրանտ Բագրատյանը ԵՔԴ/0258/02/08 քաղաքացիական գործով կայացված վճռի կապակցությամբ դիմում է ներկայացրել ՄԻԵԴ-ին, դեռևս անհրաժեշտ և բավարար հիմք չէ վարչական գործով վարույթը կասեցնելու որոշում կայացնելու համար:

Միաժամանակ, հարկ է նշել, որ վարչական դատարանը, ՄԻԵԴ-ում դիմումի առկայությունը պատճառաբանելով գործի վարույթը կասեցնելու հիմք, արդյունքում խախտել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` «Գործի դատաքննության նախապատրաստությունը և բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին գործերի քննության և լուծման համար սույն օրենսգրքով սահմանված են ժամկետներ»:

Հատկապես, որ անորոշ է նաև այն հանգամանքը, թե արդյոք Եվրոպական դատարանի կողմից քննարկվող հարցերը հետագայում կարող էին նոր հանգամանքների հիմքով Երևանի քաղաքացիական դատարանի վճիռը վերանայելու հիմք հանդիսանալ:

2) ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7615/05/08 վարչական գործով` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Արթուր Ջանազյանի` 400000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու և ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 19.06.2009թ. վճիռ է կայացրել հայցը մերժելու վերաբերյալ:

Վարչական դատարանը, մերժելով քաղաքապետարանի հայցը, պատճառաբանել է, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008թ. «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշումը կայացվել է ՎԻՎՕ-ի դրույթների խախտմամբ, ինչպես նաև այդ որոշմամբ Արթուր Ջանազյանին ընդամենն առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ: Այսինքն` բացակայում է վարչական ակտը, որը կպարտավորեցներ Արթուր Ջանազյանին տարածքը բերել նախկին տեսքին:

Քաղաքապետարանը վերոնշյալ վճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել` նշելով, որ վարչական դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, և չի կիրառել ՎԻՎՕ-ի 297 հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

ՀՀ վճռաբեկ դատարանը Երևանի քաղաքապետարանի կողմից բերված բողոքի քննության արդյունքներով կայացված որոշմամբ արձանագրել է, որ «Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ սույն գործով Երևանի քաղաքապետի 28.10.2008թ. «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշումը չի վիճարկվել, չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:....Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադառնալով վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառելով դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը` Դատարանը թույլ է տվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում»:

Նշված հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Քանի որ վարչական ակտը չի վիճարկվել և չի վերացվել, հետևաբար, վարչական տուգանքի գումարը ենթակա է բռնագանձման, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոգրյալից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Քաղաքապետի որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է, և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը» (տե՛ս Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա Քարամյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 27.05.2009թ. թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը) :

Այսպիսով, վարչական դատարանի դատավոր Ք. Մկոյանը թիվ ՎԴ/7615/05/08 վարչական գործով կայացված վճռով դուրս է եկել հայցադիմումով դատարանին ներկայացված հայցապահանջի շրջանակներից և սահմանազանցել է իր լիազորությունները` թույլ տալով օրենքի խախտում:

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գրությունը, կից ներկայացված նյութերը, գտել է, որ թիվ ՎԴ/7615/05/08 և ՎԴ/5195/05/09 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի դատավոր Ք. Մկոյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք են դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

 Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական իրավունքի նորմերի խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

ՀՀ վարչական դատարանի դատավոր Ք. Մկոյանը Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին 26.02.2010 թ. ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«1) ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/5195/05/09 վարչական գործով` ըստ հայցի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ընդդեմ Հրանտ Բագրատյանի` 400000 ՀՀ դրամ վարչական տուգանքի և 8 000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարները բռնագանձելու պահանջի մասին, պատասխանողի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի միջնորդության քննության արդյունքում որոշում է կայացվել գործի վարույթը կասեցնելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` «Վարչական դատավարությունում գործի վարույթը կասեցնելու հիմքերի, ինչպես նաև կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո գործի վարույթը վերսկսվելու վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Դատավորը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` 1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը»: Նշված իրավանորմի կիրառումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ տվյալ իրավանորմում, բացի դատավարական կարգով արտահայտության, նշված է նաև «կամ հարցով որոշում կայացնելը» տերմինը, ինչը կարծում եմ` լայն մեկնաբանման հնարավորություն է տալիս, ինչն էլ հենց հիմք է հանդիսացել որոշման կայացման համար:

Թիվ ՎԴ/5195/05/09 վարչական գործով գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը կայացվել է 29.01.2010թ., որից հետո` 15.02.2010 թ., պատասխանող ՀՀ ԴԱՀԿ ծառայության կողմից ներկայացվել է բողոք նշված որոշման դեմ: ՀՀ վարչական դատարանը 22.02.2010 թ. կայացրել է որոշում` բողոքը բավարարելու մասին, և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացվել է, որից հետո կողմերը ծանուցվել են կայանալիք նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Վերոգրյալի հիման վրա ցանկանում եմ փաստել, որ վարույթ հարուցելու համար հիմք հանդիսացած դատական ակտն արդեն իսկ վերացված է: Կարծում եմ, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով և ՀՀ դատական օրենսգրքով սահմանված եռաստիճան դատական համակարգի ստեղծման ամբողջ նպատակը դատական սխալները շտկելն է: Այսինքն` նշված իրավանորմերի պահանջներով եռաստիճան դատական համակարգի ձևավորումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ արդարադատություն իրականացնելիս հնարավոր են նաև դատական սխալներ, և հենց մյուս ատյաններն են, որ պետք է վերանայեն ու շտկեն այդ սխալները: Հակառակ պարագայում իմաստազուրկ կլիներ եռաստիճան դատական համակարգ ստեղծելու ամբողջ գաղափարը:

Ինչպես նշվեց, թիվ ՎԴ/5195/05/09 վարչական գործով գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը արդեն իսկ վերացված է: Ինչ վերաբերում է նշված որոշմանը, ապա դրա կայացմամբ կողմերի իրավունքները չեն ոտնահարվել, դրանով վարույթի մասնակիցների համար անդառնալի հետևանքներ չեն առաջացել, իրավունքների սահմանափակում տեղի չի ունեցել:

ՀՀ արդարադատության խորհրդի 26.06.2008 թ. թիվ ԱԽ-5-Ո-10 որոշմամբ ամրագրված է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի`

«Խորհուրդը գտնում է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Խորհուրդը դատավարական և նյութական օրենքների նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում ՀՀ օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների կամ ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը» (ի դեպ այս դեպքում կիրառվել է հենց ՀՀ արդարադատության խորհրդի իրավական դիրքորոշումը, որն արտահայտված է եղել ՀՀ արդարադատության խորհրդի 11.10.2007 թ. թիվ ԱԽ-7-Ո-18 որոշմամբ): Ճիշտ նույնպիսի իրավական դիրքորոշում է առկա նաև ՀՀ արդարադատության խորհրդի 26.06.2008 թ. թիվ ԱԽ-5Ո-11 որոշմամբ:

Ցանկանում եմ նշել, որ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը չի հանգեցրել ՀՀ օրենքներով, միջազգային պայմանագրերի նորմերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն, չեն ազդել և չէին կարող ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը:

Արդարադատության խորհուրդը նմանատիպ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև 06.11.2008 թ. թիվ ԱԽ-11-Ո-17 որոշմամբ:

2) Համաձայն ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 19.02.2010 թ. «Կարգապահական վարույթ հարուցելու մասին» թիվ Կ-2-03/2010 որոշման 2-րդ կետի. «Վարչական դատարանի դատավոր Ք. Մկոյանը թիվ ՎԴ/7615/05/08 վարչական գործով կայացված վճռով դուրս է եկել հայցադիմումով դատարանին ներկայացված հայցապահանջի շրջանակներից և սահմանազանցել է իր լիազորությունները` թույլ տալով օրենքի կոպիտ խախտում»:

Նման եզրահանգումների հետ համաձայն չեմ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատարանը, քննելով թիվ ՎԴ/7615/05/08 վարչական գործն ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Արթուր Ջանազյանի` 400000 ՀՀ դրամ, 12000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարների բռնագանձման և ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վճռել է.

«Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Արթուր Ջանազյանի` 400000 ՀՀ դրամ տուգանքի, 12000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարների բռնագանձման և ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել»:

Նախ, վիճելի է, թե ինչ բովանդակային ծանրաբեռնում ունի «հայցապահանջի շրջանակներ» տերմինը, քանի որ դրա վերաբերյալ բնորոշիչ նորմ ինչպես ՀՀ վարչական դատավարության, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում սահմանված չէ: Փոխարենը, գործող դատավարական օրենսդրությունը կիրառում է հայցի հիմք ու առարկա իրավական տերմինները:

Ներկայացված հայցի առարկա է հանդիսացել.

-վարչական ակտի հիման վրա Արթուր Ջանազյանից 400000 ՀՀ դրամ, ինչպես նաև 12000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարների բռնագանձումը.

-ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելը:

Դատարանն իր կայացրած դատական ակտով մերժել է այս երկու պահանջները, որևէ ավելորդ պահանջ, որը չի հանդիսացել հայցի առարկա ո՛չ մերժված է և ո՛չ էլ բավարարված:

Գտնում եմ, որ դատարանը, լուծելով վեճը, դուրս չի եկել հայցադիմումով ներկայացված հայցապահանջի առարկայից: Նման պայմաններում չի կարող օրենքի կոպիտ խախտում որակվել մի ինստիտուտ, որն ընդհանրապես օրենսդրական բնորոշում չունի, իսկ ինչ վերաբերում է հայցադիմումով ներկայացված պահանջների մերժմանը, ապա դատարանն իր կայացրած դատական ակտով լուծում է տվել միայն ներկայացված պահանջներին:

Որոշմամբ վկայակոչված է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից հատված, ըստ որի` «Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ սույն գործով Երևանի քաղաքապետի 28.10.2008թ. «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշումը չի վիճարկվել, չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը»: Այսինքն` մի կողմից «հայցի շրջանակներից» դուրս գալը որակվել է այն հանգամանքը, որ «վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում դատարանն անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը», մյուս կողմից նշել է, որ «չի հաստատվել դրա առոչինչ լինելը»: Նշված մոտեցմամբ ամրագրվել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական ակտի հիման վրա բռնագանձում կարող է չկատարվել, եթե վարչական ակտը առոչինչ է, հետևաբար վարչական ակտի հիման վրա բռնագանձում իրականացնելիս դատարանը պարտադիր պետք է անդրադառնա ակտի առոչինչ լինելու հանգամանքին` նման պահանջ ներկայացված չլինելու պարագայում ևս:

Վարչական ակտի առոչինչ լինելը գնահատելը հենց իրենից ներկայացնում է ակտի իրավաչափության գնահատում: Այսինքն` եթե դատարանն իրավունք ունի վարչական ակտի հիման վրա բռնագանձում կատարելու դեպքում մերժել պահանջը, եթե վարչական ակտն առոչինչ է, ապա ինքնըստինքյան ստացվում է, որ դատարանը գնահատական է տալիս նման ակտին` առանց համապատասխան պահանջի առկայության: Վարչական ակտի իրավաչափությունը գնահատելը տվյալ դեպքում իրենից ներկայացրել է հայցի հիմքի (տվյալ վարչական գործով ինչպես բռնագանձման, այնպես էլ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու հայցի հիմքը վարչական ակտն է) իրավաչափության գնահատում, և ըստ իս, Վարչական դատարանը «հայցի շրջանակներից» դուրս չի եկել:

Ավելին, հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «2. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առոչինչ լինելը», այսինքն` վարչական ակտի առոչինչ լինելը էականորեն տարբերվում է գործարքի առոչինչ լինելուց: Եթե առոչինչ գործարքը իրավական հետևանքներ չի առաջացնում անկախ այն այդպիսին ճանաչելուց, ապա վարչական ակտը առոչինչ է ճանաչվում միայն դատական կարգով: Այսինքն` նշվածն ինքնուրույն հայցատեսակ է: Վարչական ակտն առոչինչ ճանաչելու համար ևս ներկայացվում է հայց:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե (ex officio)»: Գտնում եմ, որ վարչական ակտի հիման վրա բռնագանձման հայց ներկայացվելու դեպքում, երբ անձը առարկում է ներկայացված հայցադիմումին և բավարար իրավագիտակցության բացակայությամբ պայմանավորված չի ներկայացնում հակընդդեմ հայց, ապա չգնահատել նրա առարկությունները, ակնհայտ ոչ իրավաչափ վարչական ակտի հիման վրա բռնագանձում իրականացնելը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության սկզբունքից:

Թիվ ՎԴ/7615/05/08 վարչական գործով պատասխանող Արթուր Ջանազյանը ներկայացրել է հայցադիմումի գրավոր պատասխան, ինչի վերաբերյալ դատական ակտում մանրամասնորեն վերլուծվել են պատասխանողի ներկայացրած առարկությունները, փաստարկները և հիմնավորումները, հակառակ դեպքում իմաստազրկվում է պատասխանողի կողմից պատասխան ներկայացնելու պարտականության սահմանումը:

«Կարգապահական վարույթ հարուցելու մասին» թիվ Կ-2-03/2010 որոշմամբ նշված է. «Նշված հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վարչական ակտը չի վիճարկել և չի վերացվել: Հետևաբար, վարչական տուգանքի գումարը ենթակա է բռնագանձման, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից»:

ՀՀ վճռաբեկ դատարանը 27.05.2009 թ. թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով կայացրած որոշմամբ արտահայտել է վերոհիշյալ իրավական դիրքորոշումը:

Մինչդեռ, թիվ ՎԴ/0385/05/09 վարչական գործով ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Նվարդ Հովհաննիսյանի` գումար բռնագանձելու և ինքնակամ շինությունը քանդելու պահանջների մասին, ՀՀ վարչական դատարանը 07.05.2009թ. կայացրած դատական ակտով վճռել է հայցը մերժել: Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2009թ. որոշմամբ վերադարձվել է: Ի դեպ, վճռաբեկ բողոքում նշված իրավական հիմնավորումներն ըստ էության նույնն են, ինչ սույն վարույթի առարկա վարչական գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմնավորումները:

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/0769/05/08 գործով նույնական հանգամանքների առկայության պայմաններում ևս վճիռ է կայացրել հայցը մերժելու մասին: ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2009թ. որոշմամբ Երևանի քաղաքապետարանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Նման պայմաններում, կարծում եմ, որ կայացված դատական ակտով չի խախտվել Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումներում արտահայտած դիրքորոշումը:

Միաժամանակ հարկ է նկատել, որ նշված հայցի առարկա է եղել հայցվորին պարտավորեցնելը` քանդելու ինքնակամ շինությունը: Երևանի քաղաքապետի որոշմամբ ամրագրված է. «Սահմանել, որ տարածքը անհրաժեշտ է բերել նախկին տեսքին»: Նշված ձևակերպումից նույնիսկ անհնար է հասկանալ` ում համար է սահմանված այդ պահանջը: «Տարածքը անհրաժեշտ է բերել նախկին տեսքին» արտահայտությունը չի կարող նույնացվել «ինքնակամ շինությունը քանդելու պահանջի» հետ: Ավելին, գործող օրենսդրության պահանջների հաշվառմամբ կարող է պահանջվել ինքնակամ շինությունը քանդել, ի դեպ, ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` այն կարող է քանդվել ինչպես այդ կառույցն իրականացնող անձի, այնպես էլ վարչական մարմնի կողմից: Ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու հարցը իրականացված վարչական վարույթով ընդհանրապես քննության առարկա չի հանդիսացել վարչական մարմնի կողմից: Նշված հանգամանքների հետ կապված իմ կողմից կայացված դատական ակտում կատարված է մանրամասն իրավական վերլուծություն: Նման պայմաններում գտնում եմ, որ հայցը բավարարելու հետևանքով կոպտորեն կխախտվեին ՀՀ օրենսդրության պահանջները:

Նշվածով պայմանավորված` գտնում եմ, որ «Կարգապահական վարույթ հարուցելու մասին» թիվ Կ-2-03/2010 որոշման 2-րդ կետով նախատեսված խախտում իմ կողմից թույլ չի տրվել:

Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ դատավորի պաշտոնում նշանակվել եմ 2008 թ. հունվարի 1-ից:

2008-2009թթ. ընթացքում իմ վարույթում առկա է եղել 707 հայցադիմում, և արձակվել է 2419 վճարման կարգադրություն: 545 վարչական գործով կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որոնց դեմ ներկայացվել է ընդամենը 39 վճռաբեկ բողոք:

2009-2010թթ. ընթացքում իմ վարույթում առկա է եղել 592 հայցադիմում, և արձակվել է 1916 վճարման կարգադրություն: 465 վարչական գործով կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որոնց դեմ ներկայացվել է ընդամենը 45 վճռաբեկ բողոք: Ներկայացված բողոքներով գործերի քննության արդյունքում մասնակի կամ ամբողջությամբ բեկանվել է ընդամենը 6 դատական ակտ»:

 

4. Թիվ ՎԴ/5195/05/09 վարչական գործով կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժինը 18.12.2009 թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հրանտ Բագրատյանի` 400000 ՀՀ դրամ վարչական տուգանքի և 8000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարները բռնագանձելու պահանջի մասին:

2. Հրանտ Բագրատյանը 21.07.2009թ. Երևանի քաղաքացիական դատարանի 10.07.2008թ. վճռի դեմ դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

3. ՀՀ վարչական դատարանը 29.01.2010թ. որոշմամբ կասեցրել է թիվ ՎԴ/5195/05/09 վարչական գործի վարույթը` մինչև Եվրոպական դատարանի կողմից որոշում կայացնելը:

 

5. Խորհրդի պատճառաբանություններն ու եզրահանգումները.

 

Քննարկելով ՀՀ վարչական դատարանի դատավոր Ք. Մկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն` վարչական դատավարությունում գործի վարույթը կասեցնելու հիմքերի, ինչպես նաև կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո գործի վարույթը վերսկսելու վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը սահմանում է գործի վարույթը կասեցնելու պարտադիր դեպքերը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`

1. անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը.

2. պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ.

3. գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

4. գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ:

Վերոգրյալից ակնհայտ է, որ հոդվածը սպառիչ կերպով թվարկում է գործը կասեցնելու պարտադիր հիմքերը, սակայն դրանց կազմում Եվրոպական դատարանի վարույթում քննվող գործի կամ հարցի առկայությունը նշված չէ:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիության և Եվրոպական դատարանում գործի քննության կապակցությամբ գործի վարույթը կասեցնելու դեպքերին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու դատարանի պարտականությունը ծագում է երկու վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այդպիսիք են՝

1. սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարությունների կարգով այլ գործի առկայություն

2. տվյալ գործի քննության անհնարինություն մինչև վերը նշված դատավարությունների կարգով քննվող գործով կամ հարցով որոշում կայացնելը:

Մինչդեռ դատարանը, սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելիս հիմք է ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության կողմից քաղաքացու դիմումն ստանալու փաստը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման հիմք չէ նույն հոդվածով նախատեսված առաջին վավերապայմանի բացակայության պատճառով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, լինելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով» (այսուհետ՝ Կոնվենցիա) երաշխավորված իրավունքների նկատմամբ հսկողություն իրականացնող դատական ատյան, ունի իր հատուկ առարկայական իրավասությունը, որը կոչված է արձանագրելու Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումները (տես՝ Վինտերվերպն ընդդեմ Նիդեռլանդների Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, 24.10.1979թ. § 46.): Հետևաբար, Եվրոպական դատարանի կողմից քաղաքացու դիմումն ստանալու փաստը ՀՀ դատարաններում գործի քննության խոչընդոտ չէ»: (Տե՛ս Գագիկ Ավետիսյանի հայցն ընդդեմ Գոհար Հայրապետյանի և Յուրիկ Հովհաննիսյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելու, բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 29.07.2008թ. թիվ ՎԴ 3-570 որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` դատավոր Ք. Մկոյանը գործի վարույթի կասեցման հիմքում դրել է պատասխանողի կողմից Եվրոպական դատարան դիմելու հանգամանքը:

Մինչդեռ Խորհուրդն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ չնայած Եվրոպական դատարանի որոշումները ՀՀ դատարանների համար ունեն նախադեպային նշանակություն, սակայն Եվրոպական դատարանը ՀՀ դատական համակարգի համար չորրորդ ատյան չի հանդիսանում, իսկ նրա վարույթում գործի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքերի մեջ չի մտնում:

Բացի այդ, գործով պատասխանող Հրանտ Բագրատյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում ներկայացրել է Երևանի քաղաքացիական դատարանի 10.07.2008թ. վճռի կապակցությամբ` նշելով, որ ազգային դատարանի գործողությունների արդյունքում թույլ է տրվել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:

Նշված դիմումի կապակցությամբ Եվրոպական դատարանը վերջնական ակտ չի կայացրել, այլ ընդամենը դիմումատուին տեղեկացրել է, որ դիմումը քննության կառնվի առաջին իսկ հնարավորության դեպքում: Այսինքն` անգամ որևէ ապացույց չկա առ այն, որ գործը գտնվում է Եվրոպական դատարանի վարույթում:

Ինչ վերաբերում է դատարանի կողմից որոշմամբ վկայակոչված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20420 հոդվածին, ապա վերջինս նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմք է համարում միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հիմնավորվել է անձի` ՀՀ միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման հանգամանքը:

Նշված նորմի օրենսդրական ամրագրումն ամենևին չի նշանակում, որ միայն նման նոր հանգամանքի առաջացման հավանականությունը կամ ենթադրությունը պետք է հիմք հանդիսանա գործի վարույթի կասեցման համար` մինչև Եվրոպական դատարանի կողմից գործի քննությունը, որոշում կայացնելը և այդ որոշման օրինական ուժի մեջ մտնելը:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ վարչական դատարանի դատավոր Ք.Մկոյանը թիվ ՎԴ/5195/05/09 վարչական գործով թույլ է տվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

6. Թիվ ՎԴ/7615/05/08 վարչական գործով կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը .

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

 

1. Երևանի քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Արթուր Ջանազյանի` 400 հազար ՀՀ դրամ տուգանք, 8000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձելու և ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

2. ՀՀ վարչական դատարանը 19.06.2009թ. վճռով մերժել է Երևանի քաղաքապետարանի հայցը` պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008 թ. «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշումը կայացվել է ՎԻՎՕ-ի դրույթների խախտմամբ:

3. ՀՀ վճռաբեկ դատարանը 05.02.2010թ. թիվ ՎԴ/7615/05/08 որոշմամբ բեկանել է ՀՀ վարչական դատարանի 19.06.2009թ. վճիռը` արձանագրելով, որ դատարանը թույլ է տվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

7. Խորհրդի պատճառաբանություններն ու եզրահանգումները.

 

ՀՀ վարչական դատարանը, 19.06.2009թ. վճռով մերժելով Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Արթուր Ջանազյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, պատճառաբանել է, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008թ. «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշումը կայացվել է ՎԻՎՕ դրույթների խախտմամբ: Մինչդեռ Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացվել է հայց Արթուր Ջանազյանից 400000 ՀՀ դրամ վարչական տուգանք բռնագանձելու և ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Այսինքն` դատարանի կողմից քննության է առնվել հայցվորի կողմից չներկայացված պահանջ:

ՀՀ վճռաբեկ դատարանը Երևանի քաղաքապետարանի կողմից բերված բողոքի քննության արդյունքներով 05.02.2010թ. կայացված որոշմամբ արձանագրել է, որ «Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը այն դեպքում, երբ սույն գործով Երևանի քաղաքապետի 28.10.2008թ. «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/6 որոշումը չի վիճարկվել, չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:....Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադառնալով վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառելով դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը` Դատարանը թույլ է տվել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում»:

Նշված հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ «Քանի որ վարչական ակտը չի վիճարկվել և չի վերացվել, հետևաբար, վարչական տուգանքի գումարը ենթակա է բռնագանձման, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոգրյալից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Քաղաքապետի որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը» (տե՛ս Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա Քարամյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 27.05.2009թ. թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը) :

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ վարչական դատարանի դատավոր Ք.Մկոյանը թիվ ՎԴ/7615/05/08 վարչական գործով կայացված վճռով դուրս է եկել հայցադիմումով դատարանին ներկայացված հայցի շրջանակներից և սահմանազանցել է իր լիազորությունները` թույլ տալով օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը բավարարել: ՀՀ վարչական դատարանի դատավոր Ք. Մկոյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության խորհրդի անդամներ`

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Ա. Խաչատրյան

Գ. Խանդանյան

Մ. Մարտիրոսյան

Մ. Մակյան

Տ. Բարսեղյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան