ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2010 թվականի N 208-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 14.1-ին հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 778-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1471-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշման մեջ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 625-Ն որոշման մեջ:
3. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սույն որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված իրավական ակտերը գործում են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների մասով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. մարտի 11
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:
2. Պարզեցված գլխավոր հատակագիծը մշակվում է գյուղական համայնքների համար և տարածական պլանավորման միջոցով սահմանում է նվազագույն պարտադիր պահանջներ` մարդկանց անվտանգության, շենքերի, շինությունների, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կայունության ու երաշխավորված շահագործման, որակյալ քաղաքաշինական միջավայրի ձևավորման և բնական միջավայրի հետ դրա ներդաշնակության, ինչպես նաև քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման կանոնակարգման ու հողերի պահպանության և արդյունավետ կառավարման ապահովման համար:
3. Պարզեցված գլխավոր հատակագիծը (այսուհետ` հատակագիծ) սահմանում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակությունը, քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող տարբեր նպատակային և գործառական նշանակության հողերի օգտագործման և պահպանության ռեժիմները, պարտադիր պահանջներն ու սահմանափակումները, դրանց իրացման և կառուցապատման հերթականությունը` պաշարների կայուն և արդյունավետ օգտագործման պայմանների պարտադիր պահպանմամբ:
4. Սույն կարգին համապատասխան հաստատվելուց հետո հատակագծով սահմանված պահանջները պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար, տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից, սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը և հիմք են քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար:
5. Հատակագիծը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաստատելով հատակագծերը, միաժամանակ լիազորում է համայնքների ղեկավարներին` օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում հատակագծին համապատասխան և դրանով սահմանված հերթականությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (աճուրդով, մրցույթով կամ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված այլ դեպքերի համար նախատեսված ընթացակարգով) տրամադրել հողամասեր` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար:
Հատակագիծը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ առանձին դրույթների տեսքով ամրագրվում են սույն կարգի 26-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված` հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիան):
Հաստատված հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային կամ գործառական նշանակությանը համապատասխան քաղաքաշինական գործունեության նպատակով հողամասեր տրամադրելու դեպքում վերջիններիս նպատակային կամ գործառական նշանակությունը (ըստ անհրաժեշտության) համարվում է փոփոխված: Այդ փոփոխություններն ընդգրկվում են համայնքի, մարզի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի, մարզի հողային հաշվեկշռում:
Ընդ որում, հողամասի սեփականատիրոջ կողմից այն կարող է օգտագործվել նախկին նշանակությամբ` մինչև վերջինս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես կգա որպես կառուցապատող:
7. Սահմանված կարգով հաստատվելուց հետո հատակագծի փոփոխությունները`
1) հատակագծով չնախատեսված հողերի նպատակային նշանակության փոփոխություն (փոփոխություններ) ներառելու, ինչպես նաև հատակագծով սահմանված հերթականությանը (առաջնահերթ, միջնաժամկետ և հեռանկարային միջոցառումներ) չհամապատասխանելու դեպքում կատարվում են հատակագծի հաստատման համար սույն կարգով նախատեսված պահանջների ապահովմամբ.
2) քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող կամ քաղաքաշինական գործունեության նպատակով հողամասերի գործառական նշանակության փոփոխությունները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 479 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:
8. Հատակագծի իրագործումն ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:
9. Հատակագիծը մշակվում է համայնքի ղեկավարի կողմից կազմված նախագծման առաջադրանքի հիման վրա ու նրա պատվերով` համայնքի բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
10. Նախագծման առաջադրանքում նշվում են`
1) համայնքի հիմնական բնութագիրը (անվանումը, տարածքը, հողային ֆոնդի փաստացի բաշխումը, բնակչության թիվը, ռեսուրսների հիմնական տեսակները, արտադրության գերիշխող ճյուղերը, ինժեներատրանսպորտային ապահովվածությունը).
2) համայնքի զարգացման ծրագրից բխող` համայնքի տարածական կազմակերպմանը, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործմանը ներկայացվող հիմնական պահանջները.
3) քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին վերաբերող հիմնական պահանջները.
4) առաջարկներ նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողաշինական և սեյսմիկ շրջանացման քարտեզների, ինժեներաերկրաբանական հետազոտությունների և այլ նյութերի օգտագործման վերաբերյալ (առկայության դեպքում).
5) համայնքի զարգացման առանձնահատկություններից բխող այլ լրացուցիչ պահանջներ:
11. Համայնքի ղեկավարի կողմից մշակված նախագծման առաջադրանքի նախագիծը (այսուհետ` առաջադրանքի նախագիծ) համայնքի ավագանու նիստում քննարկվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին (այսուհետ` լիազոր մարմին)` կցելով ավագանու նիստի արձանագրության պատճենը, ինչպես նաև հատակագծի մշակման համար անհրաժեշտ` համայնքում առկա ելակետային նյութերի (կամ դրանց պատճենների) ցանկը:
12. Հատակագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերի կազմը ներառում է`
1) սահմանված կարգով հաստատված սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը.
2) ինժեներաերկրաբանական շրջանացման (պայմանների) քարտեզը, ինչպես նաև երկրաբանական պայմանների վերաբերյալ այլ տեղեկատվություն, այդ թվում` «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ -ից (առկայության դեպքում).
3) տարածքի տեղագրական հանույթները, կադաստրային քարտեզագրման նյութերն ու անշարժ գույքի կադաստրի այլ տվյալներ, հողօգտագործման քարտեզները.
4) տվյալներ նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, պատմության և մշակույթի հուշարձանների և դրանց պահպանական գոտիների նախագծերի, հողաշինական և սեյսմիկ շրջանացման քարտեզների, ինժեներաերկրաբանական հետազոտությունների և այլ նյութերի մասին, արխիվային նյութերի ցանկը (առկայության դեպքում).
5) տվյալներ տարածքի փաստացի օգտագործման, բնակելի, հասարակական, արտադրական կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի առկա իրավիճակի մասին.
6) տեղեկություններ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային պայմանների մասին.
7) դեմոգրաֆիական տվյալներ.
8) տվյալներ բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.
9) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.
10) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջին վերաբերող նյութեր (եթե այդպիսիք առկա են):
Սույն կետով նշված քարտեզագրական, հանութային և հատակագծային նյութերը ներկայացվում են թվայնացված ձևաչափով` լազերային կրիչների վրա, իսկ դրանց բացակայության դեպքում` թղթային կրիչով:
13. Լիազոր մարմինը սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին (այսուհետ` շահագրգիռ մարմիններ)` համաձայնեցման` միաժամանակ առաջարկելով վերջիններիս մոտ կամ նրանց ենթակայության կազմակերպությունների տրամադրության տակ եղած` հատակագծի մշակման համար անհրաժեշտ ելակետային նյութերը փոխանցել լիազոր մարմնին:
14. Շահագրգիռ մարմիններն առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու առարկությունները 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են լիազոր մարմին` կցելով սույն կարգի 13-րդ կետում նշված համապատասխան ելակետային նյութերը կամ գրավոր տեղեկացնելով դրանց ձեռքբերման հնարավորությունների և պայմանների մասին:
15. Լիազոր մարմինն առաջադրանքի նախագիծը, շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկություններն ու առարկությունները, ինչպես նաև սույն կարգի 12-րդ և 15-րդ կետերով նշված նյութերը քննարկում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) նիստում` առաջադրանքի նախագիծը շահագրգիռ մարմինների համաձայնեցմանն ուղարկվելու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի ղեկավարին է տրամադրում շահագրգիռ մարմինների առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա լրամշակված առաջադրանքի նախագիծը և ստացված ելակետային նյութերը և (կամ) դրանց ձեռքբերման հնարավորությունների և պայմանների մասին տեղեկատվությունը:
16. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի լրամշակված տարբերակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում`
1) համայնքի բնակչությանն իրազեկում է առաջադրանքի հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին.
2) հատակագծի հասարակական քննարկման օրվա և ժամի մասին տեղեկացնում է լիազոր մարմնին:
17. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 օր անց` 5-օրյա ժամկետում:
18. Լիազոր մարմինը կարող է հրավիրել հանձնաժողովի արտագնա նիստ` տվյալ համայնքում կազմակերպված հասարակական քննարկմանը մասնակցելու համար:
19. Համայնքի բնակիչները կարող են մինչև քննարկման օրը համայնքի ղեկավարին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով:
20. Համայնքի ղեկավարն առաջադրանքի նախագծի հասարակական քննարկման արդյունքում արված առաջարկությունների հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում է առաջադրանքի նախագիծը և այն հաստատում համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:
Հաստատված առաջադրանքի պատճենը 3-օրյա ժամկետում տրամադրվում է լիազոր մարմնին:
21. Եթե սույն կարգի 16-րդ կետով նշված առաջադրանքի նախագիծը հասարակական քննարկման արդյունքում կրել է արմատական փոփոխություններ, որոնց ներառումը հակասում է կամ նախագծման փուլում կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվատեխնիկական փաստաթղթերի հետ հակասության, ապա լիազոր մարմինը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ, հիմնավորված առաջարկ է ներկայացնում համայնքի ղեկավարին սույն կետով նշված առաջադրանքի դրույթներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
22. Համայնքի ղեկավարն առաջադրանքը հաստատելուց հետո «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված` նախագծային աշխատանքներ իրականացնող քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համապատասխան լիցենզիա ունեցող կապալառուի հետ (այսուհետ` կատարող) կնքում է պայմանագիր, նրան է փոխանցում իր տրամադրության տակ գտնվող ելակետային նյութերը:
23. Կատարողը պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն, անհրաժեշտության դեպքում, կարող է հավաքել ելակետային նյութերի բացակայող մասը:
24. Պայմանագրի կնքման մասին համայնքի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է լիազոր մարմնին` կցելով պայմանագրի և կատարողի լիցենզիայի պատճենները:
25. Հատակագծի մշակման աշխատանքների պայմանագրով սահմանված փուլերը` համայնքի ղեկավարի ներկայացմամբ քննարկվում են հանձնաժողովի նիստում և ընդունվում լիազոր մարմնի համաձայնության առկայության դեպքում:
26. Հատակագիծը մշակվում է հետևյալ կազմով`
1) տարածքի համալիր գնահատման հատակագիծ (ռիսկերի և սահմանափակումների քարտեզ), որի վրա արտահայտվում են`
ա. ինժեներաերկրաբանական շրջանացման և սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզագրական նյութերը,
բ. բնածին ու հնարավոր տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները,
գ. սանիտարապաշտպանիչ և պահպանական գոտիները (շրջակա միջավայրն աղտոտող օբյեկտներ, ջրամբարներ, ջրամատակարարման ակունքներ, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների տարածքներ և ուղեգծեր (ծրագծեր), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ և սահմանափակումներ),
դ. երկրաբանական ֆոնդում պետական գրանցում ստացած հանքավայրերի լեռնահատկացման ակտով սահմանված եզրագծերը, ինչպես նաև շահագործվող հանքավայրերի նախագծով նախատեսված պոչամբարների սահմանները (առկայության դեպքում),
ե. բնության հատուկ պահպանվող տարածքները (առկայության դեպքում),
զ. պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական գոտիները (առկայության դեպքում),
է. տարածքների կառուցապատման վրա ազդող այլ գործոններ ու սահմանափակումներ (այդ թվում` սերվիտուտներ).
2) համայնքի տարածքային զարգացման հատակագիծ (հիմնական գծագիր), որը համալիր գնահատման հատակագծի վերլուծության արդյունքներով տարածքի փաստացի օգտագործման հիմքի վրա ամրագրում է`
ա. համայնքի տարածական զարգացման քաղաքաշինական ծրագրային հիմնադրույթները, ինչպես նաև ինժեներական ենթակառուցվածքի տարածքներն ու մայրուղային ուղեգծերը և տրանսպորտային (արտաքին տրանսպորտ և ճանապարհային ցանց) ենթակառուցվածքների կատարելագործման վերաբերյալ նախագծային առաջարկությունները,
բ. հողերի օգտագործման սխեման` սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի դրույթների հիման վրա հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները (հողամասերի կատեգորիայի տրանսֆորմացիան)` հողամասերի կոորդինատային նշահարմամբ և կից աղյուսակներով,
գ. հատակագծի իրականացման հերթականությունը` առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի), երկարաժամկետ (10-15 տարի) միջոցառումները.
3) գոտևորման քարտեզ (կից աղյուսակներով), որը ներառում է կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքների գոտևորումը` «սահմանված գոտի-թույլատրելի օգտագործում (կառուցապատում)» սկզբունքով:
Գոտևորման քարտեզը մշակվում է պարզեցված կազմով և ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով և հավելվածի 3-րդ կետի «ա»-«զ» ենթակետերով, 4-րդ կետի «բ» և «գ» ու 7-րդ կետով սահմանված պահանջները.
4) հատակագծի բացատրագիր (տեքստային մաս)` սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով ներառված դրույթների վերլուծությունը, հիմնավորումներն ու զարգացման կանխատեսումները, ինչպես նաև տարածքների փաստացի օգտագործման և նախագծային հաշվեկշիռները.
5) սույն կետով սահմանված գծագրական նյութերը մշակվում են`
ա. 1-ին և 2-րդ ենթակետերի մասով` 1:10000 կամ 1:5000 մասշտաբով,
բ. 3-րդ ենթակետի մասով` 1:2000 կամ 1:1000 մասշտաբով:
27. Նախագծային փաստաթղթերի կազմում ներառվում է նաև «Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում» գծագիրը` նախագծվող համայնքի վարչական սահմանից դեպի դուրս` կից համայնքների 1000 մետր լայնությամբ տարածքային գոտու տեղանշմամբ: Նախագծվող հատակագծում համայնքների վարչական սահմանին կից սանիտարապաշտպանիչ գոտի պահանջող օբյեկտների տեղադրման առաջարկների առկայության դեպքում հատակագիծն աշխատանքային կարգով պետք է համաձայնեցվի նաև համապատասխան համայնքի ղեկավարի (համայնքների ղեկավարների) հետ:
28. Համայնքի ղեկավարը նախագծային աշխատանքների ավարտից հետո հատակագիծը ներկայացնում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ունեցող անձին` համալիր փորձաքննության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ սահմանված կարգով:
Նախագծային փաստաթղթերը փորձաքննության կարող են ներկայացվել կատարողի կողմից, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով:
Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` կատարողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:
Հատակագիծը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
29. Համայնքի ղեկավարը փորձաքննության դրական եզրակացություններն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հասարակությանն իրազեկում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ հաստատված կարգի, որից հետո հատակագծի նախագիծը ներկայացնում է լիազոր մարմին` համաձայնեցման` հատակագծի նախագծին կցելով փորձագիտական մարմինների դրական եզրակացությունները:
Հատակագծի նախագիծը լիազոր մարմնի քննարկմանն է ներկայացվում մեկ օրինակ` թղթային և 12 օրինակ` լազերային կրիչների վրա:
30. Լիազոր մարմինը հատակագծի նախագիծը և կից փաստաթղթերն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է շահագրգիռ մարմիններին` համաձայնեցման` կցելով հատակագծի հաստատման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` որոշման նախագիծ):
31. Շահագրգիռ մարմինները հատակագծի նախագծի, ինչպես նաև որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են լիազոր մարմին:
Եթե կետով սահմանված ժամկետում շահագրգիռ մարմիններն առաջարկություններ ու դիտողություններ չեն ներկայացնում, ապա համարվում է, որ նրանք հատակագծի նախագծի վերաբերյալ առարկություններ չունեն:
32. Լիազոր մարմինը հատակագծի նախագիծը և շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները քննարկում է հանձնաժողովի նիստում` սույն կարգի 31-րդ կետով սահմանված ժամկետը լրանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է մարզպետի և շահագրգիռ մարմինների առաջարկություններն ու դիտողությունները և տրամադրում համայնքի ղեկավարին` հատակագծի նախագծում ներառելու համար:
33. Համայնքի ղեկավարը պայմանագրով նախատեսված ժամկետում ապահովում է հատակագծի նախագծի վերջնամշակման աշխատանքները և ներկայացնում այն լիազոր մարմին` որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:
34. Լիազոր մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում որոշման նախագիծը ներկայացնում է պետական իրավական փորձաքննության, որից հետո սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
35. Հատակագիծը մշակվում է 5 բնօրինակից, որոնցից մեկական օրինակները` լազերային և թղթային կրիչներով`
1) որոշման նախագծի հետ համատեղ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը.
2) տրամադրվում է համայնքի ղեկավարին և մարզպետին.
3) հանձնվում է լիազոր մարմնին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
36. Հատակագծի փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան