Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության ոստիկանության եվ Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող դաշնային ծառայության միջեվ թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի եվ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող դաշնային ծառայությունը, այսուհետ` Կողմեր,
մտահոգություն արտահայտելով թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (այսուհետ` թմրամիջոցներ) ապօրինի շրջանառության ծավալների ընդլայնման և դրանց չարաշահման կապակցությամբ,
գիտակցելով, որ թմրամիջոցների, ինչպես նաև դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառությունը լուրջ վտանգ է հանդիսանում Կողմերի պետությունների ժողովուրդների առողջության և բարեկեցության համար,
ուշադրության արժանացնելով 1961 թվականի Թմրամիջոցների մասին Միասնական Կոնվենցիայի, 1961 թվականի Թմրամիջոցների մասին Միասնական Կոնվենցիայում ուղղումներ մտցնելու մասին 1972 թվականի Արձանագրության, 1971 թվականի Հոգեներգործուն նյութերի մասին Կոնվենցիայի, Միավորված ազգերի կազմակերպության 1988 թվականի Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին Կոնվենցիայի դրույթները,
ելնելով թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված արդյունավետ միջոցներ ձեռնարկելու փոխադարձ շահագրգռվածությունից,
ղեկավարվելով իրենց պետությունների օրենսդրություններով և միջազգային պարտավորություններով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Սույն Համաձայնագրի առարկան թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառությանը արդյունավետ հակազդեցություն կազմակերպելու նպատակով Կողմերի համագործակցությունն է:
2. Սույն Համաձայնագրի հիման վրա Կողմերը համագործակցություն են իրականացնում իրենց իրավասությունների շրջանակներում` պահպանելով իրենց պետությունների օրենսդրությունները և միջազգային պարտավորությունները:
3. Սույն Համաձայնագիրը չի շոշափում հանձնման և քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերը և միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակից են Կողմերը:
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
ա) թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառությանը հակազդելու հարցերով տեղեկությունների փոխանակում,
բ) մի Կողմի հարցման հիման վրա թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության հարցերով մյուս Կողմի օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացում,
գ) թմրամիջոցների ապօրինի օգտագործման և շրջանառության կանխումը կազմակերպելու և անցկացնելու հարցերով փոխգործակցություն,
դ) թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառությանը հակազդելու ուղղությամբ միջոցառումներ անցկացնելիս, այդ թվում` վերահսկվող առաքումներ և դրանց օրինական շրջանառության վերահսկում անցկացնելիս փոխգործակցության և փոխադարձ օգնության ցուցաբերում,
ե) աշխատանքային փորձի փոխանակում, այդ թվում` խորհրդակցություններ, կոնֆերանսներ, դասընթացներ անցկացնելու միջոցով,
զ) թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառությանը հակազդելու, այդ թվում` դրանց օրինական շրջանառության վերահսկման ուղղությամբ օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, դրանց կատարման պրակտիկայի մասին նյութերի, վիճակագրական տվյալների, մեթոդական առաջարկությունների փոխանակում,
է) կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,
ը) նյութատեխնիկական և խորհրդատվական օգնության ցուցաբերում, ինչպես նաև աջակցություն փորձաքննություն կատարելիս,
թ) թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրներով փոխադարձ հետաքննություն ներկայացնող համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,
ժ) անհրաժեշտության դեպքում, անօրինական շրջանառությունից առգրավված թմրամիջոցների նմուշների կամ քննության արդյունքների փոխանակում,
ժա) համագործակցության ընթացքում ծագած խնդիրներով գործունեության համակարգում, ներառյալ` աշխատանքային խմբերի ստեղծումը և ներկայացուցիչների փոխանակումը:
2. Սույն համաձայնագիրը չի խոչընդոտում Կողմերին մշակել և զարգացնել համագործակցության այլ փոխընդունելի ձևեր:
Հոդված 4
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցության ցուցաբերումն իրականացվում է հարցման հիման վրա կամ Կողմերից մեկի նախաձեռնությամբ, որը ենթադրում է, որ նման աջակցությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս կողմի համար:
Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է հաղորդվի գրավոր կամ տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Անհետաձգելի դեպքերում կարող է ընդունվել բանավոր հարցում, որը երեք օրվա ընթացքում պետք է հաստատվի գրավոր կամ տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Տեղեկությունների հաղորդման տեխնիկական միջոցներ օգտագործելու դեպքում, ինչպես նաև ստացված հարցման իսկության կամ բովանդակության վերաբերյալ կասկածներ ծագելիս, հարցվող Կողմը կարող է գրավոր հաստատում խնդրել հարցնող Կողմից:
2. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումը պետք է պարունակի.
- հարցնող Կողմի անվանումը,
- հարցվող Կողմի անվանումը,
- հարցման էության հակիրճ շարադրանքը և դրա հիմնավորումը,
- դրա կատարման համար անհրաժեշտ այլ տվյալներ:
3. Անհրաժեշտության դեպքում հարցվող Կողմը կարող է խնդրել հարցման պատշաճ կատարման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություն:
Հոդված 5
1. Հարցվող Կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հարցման արագ և հնարավորինս լիարժեք կատարումն ապահովելու համար: Հարցումը, որպես կանոն, կատարվում է այն ստանալու օրվանից 30 օրը չգերազանցող ժամկետում:
2. Հարցվող Կողմը կարող է թույլատրել հարցնող Կողմի լիազոր ներկայացուցիչներին ներկա գտնվել իր պետության տարածքում հարցումը կատարելիս, եթե դա չի հակասում իր պետության օրենսդրությանը:
Հոդված 6
1. Հարցման կատարման անհնարինության կամ դրա կատարումը մերժելու դեպքում հարցվող Կողմը անհապաղ այդ մասին գրավոր ծանուցում է հարցնող Կողմին` նշելով հարցման կատարումը խոչընդոտող պատճառները:
2. Հարցման կատարումը կարող է մերժվել ամբողջությամբ կամ մասնակի, եթե հարցվող կողմը գտնում է, որ դրա կատարումը կարող է վնասել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը կամ այլ էական շահերին և հակասում է իր պետության օրենսդրությանը:
Եթե հարցվող Կողմը գտնում է, որ հարցման անհապաղ կատարումը կարող է խոչընդոտել իր պետության տարածքում իրականացվող քրեական հետապնդմանը կամ այլ վարույթի, նա կարող է հետաձգել հարցման կատարումը կամ դրա կատարումը պայմանավորել` որպես անհրաժեշտ սահմանված պայմանների պահպանմամբ` հարցնող Կողմի հետ խորհրդակցելուց հետո: Հարցնող Կողմի համաձայնությամբ, առաջադրվող պայմաններով իրեն աջակցություն ցույց տալու դեպքում նա պետք է պահպանի այդ պայմանները:
Հոդված 7
1. Կողմերն ապահովում են տեղեկատվության, նմանապես, թմրամիջոցների և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառությանը հակազդելու հարցերով Կողմերի միջև փոխանակման առարկա հանդիսացող փաստաթղթերի և նյութերի բովանդակության գաղտնիությունը՝ բացառությամբ գաղտնի չհանդիսացող փաստաթղթերը և նյութերը:
2. Հարցնող Կողմն օգտագործում է ստացված տեղեկատվությունը միայն հարցման մեջ նշված նպատակների համար:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկությունները, այդ թվում` փաստաթղթերը և նյութերը, չեն կարող փոխանցվել կողմնակի անձանց` առանց այդ տեղեկությունը տրամադրած Կողմի նախապես գրավոր համաձայնության:
Հոդված 8
Կողմերը սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցություն իրականացնելիս օգտվում են ռուսերենից:
Հոդված 9
1. Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված ծախսերն իրենց պետության տարածքում կրում են Կողմերը:
2. Կողմերն ինքնուրույն են կրում ընդունող Կողմի պետության տարածքում իրենց ներկայացուցիչների ուղևորության և կեցության հետ կապված բոլոր ծախսերը, եթե Կողմերը ձեռք չբերեն այլ գրավոր պայմանավորվածություն:
3. Հարցնող կողմի ներկայացուցիչների ուղևորություններն իրականացվում են հարցվող Կողմի նախնական համաձայնությամբ:
Հոդված 10
Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցության կատարման ընթացքը քննարկելու և դրա հետագա կատարելագործման ուղղությունները մշակելու համար Կողմերը, փոխադարձության հիման վրա, անցկացնում են համատեղ աշխատանքային հանդիպումներ, խորհրդակցություններ, սեմինարներ:
Հանդիպումներն անցկացվում են հաջորդաբար` յուրաքանչյուր Կողմի պետությունում:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին կետի «ը», «թ», «ժ», «ժա» ենթակետերով նախատեսված համագործակցության կոնկրետ ձևերը և, մասնավորապես, դրա ֆինանսավորումը սահմանվում են Կողմերի միջև առանձին պայմանավորվածություններով:
Հոդված 12
Կողմերի որոշմամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով և կհանդիսանան վերջինիս անբաժանելի մասը:
Հոդված 13
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կատարման հետ կապված բոլոր վիճելի հարցերը Կողմերը կլուծեն խորհրդատվությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:
Կատարված է Մոսկվա քաղաքում, 2005 թվականի մարտի 29-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թվականի մայիսի 2-ին: