ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2069/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2069/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Ն. Հովսեփյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի |
2009 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գայանե Գրիգորյանի և Հակոբ Հայկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հերբերտ Մելիքսեթյանի ընդդեմ Գայանե Գրիգորյանի, Հակոբ Հայկյանի՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և Գայանե Գրիգորյանի, Հակոբ Հայկյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հերբերտ Մելիքսեթյանի` ինքնակամ կառույցի՝ ավտոտնակի քանդման, դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտելուն պարտավորեցնելու և դրանց հետ կապված ծախսերը բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Հերբերտ Մելիքսեթյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում գտնվող ավտոտնակի և դրանով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ` կառուցված Մյասնիկյանի շրջսովետի գործկոմի 26.08.1982 թվականի թիվ 22/25 որոշմամբ սահմանված չափերով:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գայանե Գրիգորյանը և Հակոբ Հայկյանը պահանջել են Հերբերտ Մելիքսեթյանին պարտավորեցնել չխոչընդոտելու Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում տեղադրված ավտոտնակը քանդելու և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին, ինչպես նաև բռնագանձել ավտոտնակի քանդման և վերջինով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու հետ կապված ծախսերը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի 06.10.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գայանե Գրիգորյանը և Հակոբ Հայկյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հերբերտ Մելիքսեթյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասը, 187-րդ հոդվածի 1-ին մասը, 280-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, 274-րդ, 277-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի գնահատել Երևանի Այգեստան 9/49 հասցում գտնվող բնակելի տան և 630 քմ մակերեսով հողամասի (այդ թվում նաև` վիճելի ավտոտնակով զբաղեցված հողամասի) նկատմամբ բողոք բերող անձանց սեփականության իրավունքը հավաստող ապացույցները: Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Մյասնիկյանի շրջսովետի գործկոմի 26.08.1982 թվականի թիվ 22/25 որոշումը: Մասնավորապես, հաշվի չի առել, որ այդ որոշմամբ թույլատրվել է ոչ թե կառուցել, այլ ժամանակավոր տեղադրել ավտոտնակ, ինչը պետք է Հերբերտ Մելիքսեթյանի մոտ այն համոզմունքը ձևավորեր, որ վիճելի ավտոտնակը չի կարող տիրապետել որպես սեփականը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել գործում առկա կադաստրի գրություն-պատասխաններին, որոնցով հիմնավորվում է վիճելի ավտոտնակի` ինքնակամ (կարգավիճակը չորոշված) շինություն լինելու հանգամանքը: Արդյունքում` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Հերբերտ Մելիքսեթյանի սեփականության իրավունքը ինքնակամ կառույցի նկատմամբ: Այդ առումով բողոքարկվող դատական ակտը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի թիվ 3-106 (ՎԴ) որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 04.02.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, հակընդդեմ հայցը՝ բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումները բողոք բերած անձանց կողմից օրենքի յուրօրինակ և միակողմանի մեկնաբանման արդյունք են. նշելով այդ խախտումները` բողոք բերած անձինք ոչնչով չհիմնավորված, թերի պարզաբանումներ են տվել դրանց վերաբերյալ: Վիճելի ավտոտնակը և դրանով ծանրաբեռնված հողամասը 26 տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ որպես սեփական գույք տիրապետելը բավարար է սեփականության իրավունքը ճանաչելու համար:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Մյասնիկյանի շրջսովետի գործկոմի 26.08.1982 թվականի նիստի թիվ 22/25 արձանագրության քաղվածքի համաձայն` Արտանուշ Ստեփանյանին թույլատրվել է Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում գտնվող տնամերձ հողամասում սեփականատեր Ասքանազ Գրիգորյանի գրավոր համաձայնությամբ տեղադրել 18 քմ մակերեսով ավտոտնակ: Արձանագրությամբ ամրագրվել է, որ շրջսովետի գործկոմի առաջին իսկ պահանջի դեպքում ավտոտնակը ենթակա է լիկվիդացման (գ.թ. 4, հ.1):
2) 20.11.1985 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի, 06.05.1988 թվականի տեխնիկական անձնագրի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 05.08.2008 թվականի գրության համաձայն` Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում գտնվող բնակելի տունը և 630 քմ մակերեսով տնամերձ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Գայանե Գրիգորյանին և Հակոբ Հայկյանին (գ.թ. 88, 20-21, 75, հ.1):
3) Երևանի քաղաքապետարանի 02.05.2006 թվականի, 11.09.2006 թվականի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 18.02.2008 թվականի գրությունների համաձայն` Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում գտնվող ավտոտնակը կարգավիճակը չորոշված (ինքնակամ) շինություն է (գ.թ. 81, 80, 71, հ.1): Սույն գործում առկա չէ որևէ ապացույց նշված ավտոտնակն օրինական ճանաչելու վերաբերյալ:
4) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման 15.03.2004 թվականի գրությամբ մերժվել է Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում գտնվող ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ Հերբերտ Մելիքսեթյանի դիմումը` անշարժ գույքի սեփականատիրոջ համաձայնությունը և սեփականատիրոջ հետ կնքված հողօգտագործման պայմանագիրը ներկայացված չլինելու պատճառաբանությամբ (գ.թ. 8, հ.1):
5) Սույն գործում առկա չէ ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը հիմնավորող որևէ ապացույց:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին: Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների (Երևանում` Երևանի քաղաքապետի), համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:
Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրն ինքնակամ կառույցն օրինական ճանաչելու պարտադիր նախապայման է դիտել միայն այն անձի դիմումը, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը: Միաժամանակ, օրենսդիրը հողամասի սեփականատիրոջն իրավունք է ընձեռել քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը, իսկ ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի վրա հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ` ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը հատուցելու պարտականություն է դրել:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Մյասնիկյանի շրջսովետի գործկոմի 26.08.1982 թվականի թիվ 22/25 որոշմամբ Արտանուշ Ստեփանյանին թույլատրվել է Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում գտնվող տնամերձ հողամասում սեփականատեր Ասքանազ Գրիգորյանի գրավոր համաձայնությամբ տեղադրել 18 քմ մակերեսով ավտոտնակ: Արձանագրությամբ ամրագրվել է, որ շրջսովետի գործկոմի առաջին իսկ պահանջի դեպքում ավտոտնակը ենթակա է լիկվիդացման: Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում գտնվող բնակելի տունը և 630 քմ մակերեսով տնամերձ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Գայանե Գրիգորյանին և Հակոբ Հայկյանին, իսկ այդ հասցեում գտնվող ավտոտնակը կարգավիճակը չորոշված (ինքնակամ) շինություն է: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց նշված ավտոտնակն օրինական ճանաչելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցին:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունը և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, արձանագրել է, որ դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է (տե՛ս, ըստ Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյանների հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Էրեբունու տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի քաղաքացիական գործով թիվ 3-106 (ՎԴ) որոշումը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը հայցի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:
Հիմք ընդունելով սույն որոշմամբ նշված պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի համաձայն` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գայանե Գրիգորյանը և Հակոբ Հայկյանը, որպես Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում գտնվող բնակելի տան և 630 քմ մակերեսով տնամերձ հողամասի սեփականատերեր, իրավունք ունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի ուժով պահանջելու Հերբերտ Մելիքսեթյանին պարտավորեցնել չխոչընդոտելու Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում տեղադրված ավտոտնակը քանդելու և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին:
Ինչ վերաբերում է ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը հատուցելու վերաբերյալ Գայանե Գրիգորյանի և Հակոբ Հայկյանի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Նույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ապացուցման բեռը բաշխելու հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի իրավական վերլուծությանը, նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին և Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):
Սույն գործով ինքնակամ կառույցի քանդման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը Հերբերտ Մելիքսեթյանից բռնագանձելու պահանջը ներկայացրել են Գայանե Գրիգորյանը և Հակոբ Հայկյանը, հետևաբար նրանք պետք է ներկայացնեն այդ ծախսերը հիմնավորող ապացույցները, ինչը նրանց կողմից չի կատարվել:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ հակընդդեմ հայցի` ինքնակամ կառույցի՝ ավտոտնակի քանդման և վերջինով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2009 թվականի որոշման` հայցի և հակընդդեմ հայցի` ինքնակամ կառույցի՝ ավտոտնակի քանդման և վերջինով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտելուն պարտավորեցնելու պահանջի մասերը: Հերբերտ Մելիքսեթյանի հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել, իսկ հակընդդեմ հայցի բեկանված մասը փոփոխել՝ Գայանե Գրիգորյանի և Հակոբ Հայկյանի հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն՝ Հերբերտ Մելիքսեթյանին պարտավորեցնել չխոչընդոտելու Երևանի Այգեստան 9-րդ փողոցի թիվ 49 հասցեում տեղադրված ավտոտնակը քանդելու և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին:
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.02.2009 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան |