Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1491
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
16.10.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
16.10.2009
Дата вступления в силу
16.10.2009

     ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/0496/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0496/05/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աղվան Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 20.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ Արտակ Պետրոսյանի հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն)` 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արտակ Պետրոսյանը պահանջել է վերացնել Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումը, վթարի հետևանքով կրած վնասների հատուցման համար մեղավոր անձանց դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք վերապահել, ինչպես նաև հիմք ընդունելով Արտակ Պետրոսյանի և Նվեր Բարսեղյանի միջև ստորագրված պայմանագիրը՝ փոխհատուցել կատարված դատական ծախսերը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումը ճանաչել անվավեր և վերացնել, դատական ծախսերը փոխհատուցելու պահանջի մասով հայցը մերժել, իսկ վթարի հետևանքով կրած վնասների հատուցման համար մեղավոր անձանց դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունք վերապահելու պահանջի մասով գործի վարույթը կարճել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աղվան Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի կայացրած դատական ակտն ուղղակիորեն տարածվել է բողոք բերած անձի վրա, քանի որ բացառելով Ոստիկանության թիվ 2-4234 եզրակացությամբ պարզված այն հանգամանքը, որ Արտակ Պետրոսյանը թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության կանոններ»-ի 94-րդ կետի պահանջների խախտում, Դատարանը բողոք բերած անձին զրկել է ավտովթարի հետևանքով պատճառված վնասի հատուցում պահանջելու հիմքերից: Մինչդեռ, Դատարանը բողոք բերած անձին գործի քննությանը մասնակից չի դարձրել՝ զրկելով արդար դատաքննության իրավունքից:

Բացի այդ, Դատարանը, առանց բողոք բերած անձին գործի քննությանը մասնակից դարձնելու, հիմնավորել է նաև նրա մեղքն ավտովթարի առաջացման մեջ, որի ուժով բողոք բերած անձի մոտ վնասի հատուցման պարտավորություն է ծագում:

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ, 23-րդ 24-րդ հոդվածները, 27-րդ հոդվածի 4-րդ մասը, 35-րդ, 36-րդ, 101-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ Ոստիկանության կողմից Արտակ Պետրոսյանի վկայակոչած փաստերի ընդունմամբ առերևույթ խախտվում է բողոք բերած անձի իրավունքները, ապացուցվում է վթարում նրա մեղքի առկայությունը և առաջանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված պատասխանատվություն: Հետևաբար, Դատարանը, պարզելով, որ Ոստիկանության կողմից Արտակ Պետրոսյանի վկայակոչած փաստերի ընդունմամբ խախտվում է այլ անձի իրավունքները, չպետք է սահմանափակվեր Արտակ Պետրոսյանի ներկայացրած փաստարկներով և ձեռնարկեր լրացուցիչ միջոցներ: Միայն նշված լիազորությունների իրականացման դեպքում Դատարանը կարող էր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում ներքին համոզմունք ձևավորել, որը չի արել:

3) Դատարանը կիրառել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վիճելի իրավահարաբերությունում բացակայում են նշված նորմերի կիրառման համար անհրաժեշտ փաստական հիմքերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 20.05.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ոստիկանության 12.01.2009 թվականի եզրակացության համաձայն՝ Արտակ Պետրոսյանը թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության կանոններ»-ի 94-րդ կետի պահանջի խախտում, ինչի հետևանքով առաջացել է վթար, և վերջինս ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված եզրակացությամբ Աղվան Գրիգորյանին տեղյակ է պահվել Արտակ Պետրոսյանի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքի մասին (գ.թ. 17):

2) Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշմամբ Արտակ Պետրոսյանը «Ճանապարհային երթևեկության կանոններ»-ի 94-րդ կետի պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 20.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 19):

3) Աղվան Գրիգորյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում oգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին, թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

Սույն գործի փաստերի համաձայն` Արտակ Պետրոսյանը վիճարկում է Ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումը, որով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է 20.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի: Նշված որոշման համաձայն՝ Արտակ Պետրոսյանի թույլ տված խախտման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, իսկ Ոստիկանության 12.01.2009 թվականի եզրակացությամբ հաստատվում է, որ այդ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներն են Արտակ Պետրոսյանը և Աղվան Գրիգորյանը: Նույն եզրակացությամբ Աղվան Գրիգորյանին տեղյակ է պահվել Արտակ Պետրոսյանի դեմ քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքի մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Աղվան Գրիգորյանի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ, վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել:

Այսինքն՝ բողոք բերած անձը զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին չի անդրադառնում, քանի որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները Դատարանի քննության առարկա չեն դարձվել, հետևաբար դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 20.05.2009 թվականի վճռի՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 13.01.2009 թվականի թիվ ԱՐ 617027 որոշումն անվավեր ճանաչելու և վերացնելու մասը, և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան