ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/7059/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/7059/05/08 |
2009թ. |
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության թիվ 2 ռազմականացված ջոկատի (այսուհետ՝ Հիմնարկ)՝ 2.998.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Հիմնարկից 2.998.100 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.05.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ անկախ նրանից, թե ապահովադիրն իրավաբանական անձ է, թե պետական ենթակայության հիմնարկ, պարտավոր է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով վճարել պարտադիր սոցիալական ապահովության վճարները, ինչպես նաև այդ պարտավորությունը ժամանակին չկատարելու արդյունքում հաշվարկված տույժերը:
Վերը նշվածից հետևում է, որ հիմնարկը, անկախ իր հիմնադրի կարգավիճակից, համարվում է վարչական իրավահարաբերության սուբյեկտ, ունի այդ սուբյեկտին բնորոշ իրավունքներ և կրում է պարտականություններ:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքից բխում է, որ պարտադիր սոցիալական ապահովության վճարները հավաքագրելու լիազորություն ունեցող մարմնի և այդ վճարումներն իրականացնելու պարտականություն ունեցող անձանց միջև առկա են վարչական հարաբերություններ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածով նախատեսված պարտատիրոջ և պարտապանի համընկնմամբ վարչական իրավահարաբերության սուբյեկտների միջև առաջացած հարաբերությունը դադարել չի կարող, քանի որ որևէ իրավական ակտով նախատեսված չէ, որ պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Պետական բյուջեի պարտավորությունների վերաբերյալ Տեսչության ակտի համաձայն՝ 15.10.2008 թվականի դրությամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով Հիմնարկի պարտավորությունները կազմում են 2.998.100 ՀՀ դրամ, որից ապառք՝ 767.400 ՀՀ դրամ, տույժ՝ 2.230.700 ՀՀ դրամ (գ.թ. 5):
2) ՀՀ կառավարության 02.02.1999 թվականի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության մասին» թիվ 42 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության» կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգ է՝ բյուջետային հիմնարկի կարգավիճակով:
3) ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության 23.12.1999 թվականի «Պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման)» թիվ Բ 004748 վկայականի համաձայն՝ Հիմնարկի վերադաս մարմինը ՀՀ ներքին գործերի նախարարությունն է (ներկայումս՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն) (գ.թ. 109):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մեկ կողմի՝ մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային՝ ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, oրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, ինչպես նաև oրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով «Ապահովադիր» հասկացությունը բնորոշվում է որպես նույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք՝ իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ՝ նույն օրենքով սահմանված կարգով:
⚖Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պետական կառավարչական հիմնարկն ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որի ստեղծման նպատակը պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն է և քաղաքացիական իրավահարաբերություններին վերջիններիս մասնակցության ապահովումը: Պետական կառավարչական հիմնարկի իրավական կարգավիճակից ելնելով՝ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ վերջինիս պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը: Միաժամանակ ՀՀ սոցիալական վճարների մասին օրենսդրությամբ պետական կառավարչական հիմնարկը համարվում է ապահովադիր և վերջինիս համար այլ ապահովադիրների համեմատ որևէ առանձնահատկություն սահմանված չէ: Հետևաբար պետական կառավարչական հիմնարկի վրա, այլ ապահովադիրների հետ համահավասար, դրված է նույն օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով սոցիալական վճարումներ կատարելու պարտավորություն, որի չկատարման հետևանքով նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հիմնարկը պետական հիմնարկ է, իսկ պետական հիմնարկի պարտավորությունների համար, որպես հիմնադիր, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի համաձայն՝ պարտատիրոջ և պարտապանի համընկնման դեպքում պարտավորությունը դադարում է: Սույն գործով պարտատերը և պարտապանը համընկնում են, ուստի պարտավորության դադարման ուժով հայցը ենթակա է մերժման:
⚖Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է քաղաքացիաիրավական պարտավորության դադարմանը, իսկ տվյալ դեպքում Տեսչության և Հիմնարկի միջև իրավահարաբերություններն առաջացել են վերջինիս կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով սոցիալական վճարումներ չկատարելու հետևանքով, այսինքն՝ Տեսչության և Հիմնարկի միջև առաջացել են վարչաիրավական հարաբերություններ, որտեղ մի կողմում վարչական մարմինն է՝ Տեսչությունը, իսկ մյուս կողմում՝ ապահովադիրը՝ Հիմնարկը: Հետևաբար պարտապանի և պարտատիրոջ համընկնմամբ պարտավորության դադարման վերաբերյալ Դատարանի հետևությունները չեն բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթների բովանդակությունից և էությունից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |