Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1485
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
16.10.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
16.10.2009
Дата вступления в силу
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/5904/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/5904/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Մկրտչյանի, Նարինե, Հեղինե և Հերմինե Պետրոսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ Անահիտ Մկրտչյանի, Նարինե, Հեղինե և Հերմինե Պետրոսյանների հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)` 22.08.2008 թվականի թիվ ԿՂ-4998 գրությունն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Մկրտչյանը, Նարինե, Հեղինե և Հերմինե Պետրոսյանները պահանջել են անվավեր ճանաչել Կադաստրի 22.08.2008 թվականի թիվ ԿՂ-4998 գրությունը և պարտավորեցնել Կադաստրին կատարել սեփականության իրավունքի պետական գրանցում:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անահիտ Մկրտչյանը, Նարինե, Հեղինե և Հերմինե Պետրոսյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 22-րդ, 34-րդ, 36-րդ, 43-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Դատարանը, ընդունելով այն փաստը, որ բողոք բերած անձինք զրկվել են ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրին համապատասխան սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունից, հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձինք «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես, հողամասի սահմանների փոփոխման, միավորման և բաժանման մասին պայմանագրերը: Մինչդեռ, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձինք լարված հարաբերությունների մեջ են Ռիտա և Ռազմիկ Պետրոսյանների ընտանիքների հետ, հետևաբար կողմերը չեն կարող համաձայնության գալ վիճելի տան սահմանների բաժանման հարցում:

Բացի այդ, Դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Կադաստրին ներկայացվել են օրենքի պահանջներին համապատասխան փաստաթղթեր՝ 17.04.2006 թվականին տրված թիվ 859 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, որտեղ կոնկրետ նշված է բողոք բերած անձանց պատկանող ժառանգական գույքի բաժինը, ինչպես նաև Երևանի Մաշտոցի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 30.05.1996 թվականի վճիռը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 30.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Մաշտոցի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 30.05.1996 թվականի վճռով ժառանգական գույք հանդիսացող Երևանի Վշտունու փողոցի թիվ 52ա տան 1,6 սենյակը 15.7քմ մակերեսով հատկացվել է Ռիտա Պետրոսյանին, իսկ 1,5 սենյակը 19.4քմ բնակելի մակերեսով թողնվել է Ռաֆիկ և Ռազմիկ Պետրոսյաններին: Կոմունալ և օժանդակ հարմարությունները թողնվել են ընդհանուր օգտագործման (գ.թ. 20-21):

2) ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի 17.04.2006 թվականին տված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ 17.04.2003 թվականին մահացած Ռաֆիկ Պետրոսյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են հանդիսանում կինը՝ Անահիտ Մկրտչյանը, դուստրերը՝ Հեղինե Պետրոսյանը, Հերմինե և Նարինե Պետրոսյանները: Ժառանգական գույքը, որի համար տրված է նույն վկայագիրը, բաղկացած է Երևանի Ա. Վշտունու փողոցի թիվ 52ա հասցեում գտնվող անշարժ գույքի՝ Ռաֆիկ Պետրոսյանին պատկանող բաժնից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատված է Երևանի Մաշտոցի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի 30.05.1996 թվականի թիվ 2-405 վճռով (գ.թ. 18):

3) Կադաստրի 22.08.2008 թվականի թիվ ԿՂ-4998 գրությամբ Անահիտ Մկրտչյանին հայտնվել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ իրավունքների պետական գրանցումը չի իրականացվում գրանցման համար ներկայացված փաստաթղթերը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու պատճառով, այն է՝ անհրաժեշտ է ներկայացնել ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունների, ինչպես նաև կից օգտագործվող պետական սեփականություն հանդիսացող 26.9քմ և 20.8քմ կարգավիճակը չորոշված հողատարածքների իրավահաստատող փաստաթղթեր (գ.թ. 19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Վերոգրյալ նորմերից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուրին երաշխավորում է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Ճանաչելով և պաշտպանելով անձի սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող բոլոր պետական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք իրենց գործողություններում սահմանափակված են անձի այդ իրավունքով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե պետությունը կամ որևէ այլ անձ, համաձայն օրենքի, դատարանի որոշման, վճռի, դատավճռի կամ անշարժ գույքի ձեռքբերման այլ փաստաթղթի, անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք են ձեռք բերում, ապա շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա, անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, պետությունը կամ կոնկրետ անձն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում գրանցվում է որպես սեփականատեր կամ օգտագործող:

Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն՝ պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն՝ չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան, իսկ վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ տվյալ դեպքում Կադաստրը միայն ծագած իրավունքների պետական գրանցում իրականացնող պետական մարմին է, որը ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասով իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ կամ օրենքներով և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի ուժով չի կարող անձանց ծանրաբեռնել այնպիսի պարտականություններով, որոնք սահմանված չեն օրենքով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն` ընդհանուր համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օբյեկտի առանձին միավորների նկատմամբ իրավունքները գրանցվում են դատարանի որոշման, վճռի, դատավճռի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործի քննության ընթացքում բողոք բերած անձինք չեն ներկայացրել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված որևէ փաստաթուղթ, հետևաբար իրավաչափ է վեճի առարկա անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մերժումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ բողոք բերած անձինք իրենց սեփականության իրավունքը գրանցելու համար Կադաստրին ներկայացրել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով պահանջվող փաստաթուղթը, այն է` 17.04.2006 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Ինչ վերաբերում է Կադաստրի 22.08.2008 թվականի թիվ ԿՂ-4998 գրությանը, որով մերժվել է վեճի առարկա գույքի նկատմամբ իրավունքի գրանցումն այն հիմքով, որ անհրաժեշտ է ներկայացնել ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ շինությունների, ինչպես նաև կից օգտագործվող պետական սեփականություն հանդիսացող 26.9քմ և 20.8քմ կարգավիճակը չորոշված հողատարածքների իրավահաստատող փաստաթղթեր, ապա այն նույնպես անհիմն է, քանի որ սույն գործով, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիմքով, հայցվում է միայն Ռաֆիկ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.04.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան