Գլխավոր տեղեկություն
Номер
N 581-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2010-14.05.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.565
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.04.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2006
Дата вступления в силу
10.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.11.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2006 թվականի N 581-Ն

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «թ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունն ու դրա իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոմոբիլային տեսչություն ներկայացնելու համար բժշկական հավատարմագրման տեղեկանքի N 1/Վ-06 ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մայիսի 11
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի 
ապրիլի 20-ի N 581-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՈՐԴԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց պոլիկլինիկական բժշկական հաստատություններում պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունն ու դրա իրականացման կարգը:

2. Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրումն իրականացվում է տրանսպորտային միջոց վարելու պիտանիությունը որոշելու նպատակով` կախված առողջական վիճակից և ֆիզիկական զարգացածությունից:

 

II. ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

3. Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց տրանսպորտային միջոց վարելու պիտանիության հարցը որոշվում է այն պոլիկլինիկական բժշկական հաստատությունում, որտեղ անձը հաշվառված է, բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական հավատարմագրումը կարող է իրականացվել նաև նշված մարմինների բժշկական ծառայությունների ղեկավարների հրամանով ստեղծված բժշկական հանձնաժողովների կողմից:

Հանձնաժողովի կազմում պարտադիր պետք է ընդգրկվեն թերապևտը կամ ընտանեկան բժիշկը, նյարդաբանը, ակնաբույժը, քիթ-կոկորդ-ականջաբանը, վիրաբույժը, կանանց դեպքում` նաև մանկաբարձ-գինեկոլոգը:

Անհրաժեշտության դեպքում բժշկական հանձնաժողովը բժշկական հաստատության տնօրենի հրամանով կարող է համալրվել նաև այլ մասնագետներով:

Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձը պոլիկլինիկական բժշկական հաստատությունում պարտադիր անցնում է էլեկտրասրտագրային հետազոտություն, վեստիբուլյար ապարատի հետազոտություն, տեսողության սրության, գունազգայության և տեսադաշտի որոշում, իսկ առաջնակի հավատարմագրում անցնելիս` նաև արյան խմբի և ռեզուս-ֆակտորի որոշում, և ստացված տվյալները գրանցվում են բժշկական հաստատության կողմից տրված բժշկական հավատարմագրման տեղեկանքում (Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 581-Ն որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված N 1/Վ-06 ձև): Ախտորոշման ճշտման նպատակով անձը կարող է ուղեգրվել նաև լրացուցիչ հետազոտությունների, այդ թվում` նաև մասնագիտացված բժշկական հաստատություն:

Հանձնաժողովի որոշման հիման վրա բուժհաստատության տնօրենի կողմից տրվում է նոր բժշկական հավատարմագրման տեղեկանք կամ առողջական վիճակով և ֆիզիկական զարգացածությամբ պայմանավորված` տրանսպորտային միջոցների վարման պիտանիության մասին նշում է կատարվում նախորդ տեղեկանքում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոմոբիլային տեսչություն (այսուհետ` տեսչություն) ներկայացնելու համար: Յուրաքանչյուր բժշկական հավատարմագրում վավերացվում է բժշկական հաստատության կնիքով և տնօրենի ու բժիշկ-թերապևտի ստորագրություններով: Նշված տեղեկանքի «Լրացուցիչ գրառումներ» բաժնում անհրաժեշտության դեպքում կատարվում են համապատասխան գրառումներ` «Պիտանի է ակնոցով վարելու», «Պիտանի է ձեռքի կառավարմամբ ավտոմոբիլ վարելու» և այլն: Պիտանիության հարցը որոշելիս` հանձնաժողովը պարտավոր է առաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 581-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված հիվանդությունների ցանկով, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, և դրա ուղեցույցով:

Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման ախտորոշիչ հետազոտությունների, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի եզրակացության մասին բոլոր տվյալները գրանցվում են անձի ամբուլատոր քարտում, և կցվում են հետազոտությունների լրացված ձևաթղթերը: Եթե անձը գրանցված չէ տվյալ բժշկական հաստատությունում, ապա նրա համար լրացվում են համապատասխան բժշկական փաստաթղթեր:

4. Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձինք բժշկական հավատարմագրում անցնելիս` ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշման, զինվորական գրքույկ (վարորդի թեկնածու համարվող անձանց համար), 3 x 4 չափսի լուսանկար, հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատությունների կողմից տրված տեղեկանքներ այն մասին, որ անձը հաշվառված չէ նշված բժշկական հաստատություններում:

 

III. ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Վարորդական իրավունքի վկայական ունեցող անձինք պոլիկլինիկական բժշկական հաստատությունում պարտադիր բժշկական հավատարմագրում անցնում են յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ, ընդ որում, վարորդական իրավունքի վկայական ունեցող անձինք պետք է պարտադիր բժշկական հավատարմագրման ներկայանան նախորդ հավատարմագրման օրվանից 10 տարին լրանալուց առաջ` 6 ամսվա ընթացքում:

Վարորդական իրավունքի վկայական ունեցող անձը նախորդ բժշկական հավատարմագրումից մինչև նոր բժշկական հավատարմագրումն ընկած ժամանակահատվածում տրանսպորտային միջոց վարելու հակացուցում հանդիսացող ակնհայտ ֆիզիկական արատ ձեռք բերելու դեպքում տեսչության իրավասու պաշտոնատար անձի կողմից տրված գրության հիման վրա ենթարկվում է արտահերթ բժշկական հավատարմագրման:

6. Վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականության փաստը վերահսկվում է տեսչության կողմից` իր իրավասության սահմաններում` պոլիկլինիկական բժշկական հաստատության կողմից տրվող բժշկական հավատարմագրման տեղեկանքում (N 1/Վ-06 ձև) նշված հավատարմագրման ժամկետն ստուգելու միջոցով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 581-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ

I. ԱՉՔԻ ԵՎ ԴՐԱ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ, ցանցաթաղանթի շերտազատում, տեսողությանը խանգարող կամ ակնագնդի շարժումները խիստ սահմանափակող` կոպերի մկանների պարեզ (վիրահատությունից հետո դրական արդյունքի դեպքում տրվում է տրանսպորտային միջոց վարելու թույլտվություն (այսուհետ` թույլտվություն)

2. Արցունքապարկի կոնսերվատիվ եղանակով չբուժվող քրոնիկ բորբոքում, արցունքապարկի խուղակ, չընդհատվող արցունքահոսություն (վիրահատությունից հետո դրական արդյունքի դեպքում տրվում է թույլտվություն)

3. Կայուն դիպլոպիա` շլության հետևանքով

4. Տեսողության սահմանափակում` ավելի քան 200 ցանկացած միջօրեականում: Բացարձակ կամ հարաբերական կենտրոնական սկոտոմա (սույն ցանկի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված ցուցանիշներից ոչ ցածր տվյալներ ունենալու դեպքում տրվում է թույլտվություն)

5. Տեսողության նվազում՝ կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի անոմալիայի կամ այլ պատճառների (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ`

ա) տեսողություն լավ աչքում` ուղղմամբ (կորեկցիա)` 0.8-ից ցածր, վատ աչքում` 0.4-ից ցածր: Տեսողության թույլատրելի ուղղումը կարճատեսության և հեռատեսության ժամանակ` 8, ՕD, այդ թվում` շփման տեսապակիներով (կոնտակտային լինզաներ) աստիգմատիզմի ժամանակ` 3, ՕD: Երկու աչքերի տեսապակիների տարբերությունը չպետք է գերազանցի 3, ՕD-ն,

բ) աչքի եղջերաթաղանթի ռեֆրակցիոն վիրահատություններից հետո (կերատոտոմիա, կերատոմիլյոզ, կերատոկոագուլյացիա, ռեֆրակցիոն կերատոպլաստիկա) վարումը թույլատրելի է վիրահատությունից 3 ամիս անց` սույն ցանկի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված ցուցանիշներից ոչ ցածր արդյունքի և աչքի առանցքի 21.5 - 27.0 մմ երկարության դեպքում,

գ) արհեստական ոսպնյակ` առնվազն մեկ աչքում: Ստաժավոր (10 տարվանից ավելի վարելու փորձ ունեցող) վարորդներին տրվում է թույլտվություն, եթե տեսողության ուղղումը թույլատրելիի սահմաններում է (սույն ցանկի 5-րդ կետի «ա» ենթակետ), և վիրահատությունից 6 ամիս անց բարդությունների բացակայության դեպքում

6. Գունազգայության խանգարումներ

7. Տեսողական նյարդի ապաճում (ատրոֆիա)

8. Գլաուկոմա (սկզբնական կոմպենսացված շրջանում սույն ցանկի 4-րդ և 5-րդ կետերի պահանջների պահպանման դեպքում ստաժավոր (10 տարի և ավելի վարելու փորձ ունեցող) վարորդներին տրվում է թույլտվություն` մեկ տարի անց կրկնակի փորձաքննություն անցնելու պայմանով):

 

II. ԱԿԱՆՋԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

(Գլուխն ուժը կորցրել է 18.03.10 N 256-Ն)

 

III. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Օրգանների ֆունկցիաների խանգարում առաջացնող կամ գլխի, մարմնի և վերջույթների շարժումները խիստ սահմանափակող բարորակ նորագոյացություններ, պարանոցի շարժումների խիստ սահմանափակում, ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի շարժումները խիստ սահմանափակող բնածին արատներ, խոշոր հոդերում կայուն ֆունկցիաների խանգարում առաջացնող փոփոխություններ, կեղծ հոդեր, ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ և ձևախախտումներ (դեֆորմացիաներ)` ողնաշարի և կրծքավանդակի օրգանների ֆունկցիաների խանգարմամբ, վնասվածքների և հիվանդությունների հետևանքներ` հենաշարժական ապարատի ֆունկցիաների խիստ խանգարմամբ

2. Վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, ինչպես նաև շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում

3. Ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում եմ վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման

4. Սիրտ-անոթային հիվանդություններ`

ա) աորտայի անևրիզմա, գլխուղեղի անոթների անևրիզմա, ազդրային և ստորին ծնկային անոթների անևրիզմա (թույլտվությունը տրվում է մասնագիտացված բուժհաստատության կողմից` մեկ տարի անց կրկնակի փորձաքննություն անցնելու պայմանով),

բ) օբլիտերացիոն էնդարտերիտի II-III աստիճաններ, Տակայասուի հիվանդություն

5. Տարբեր ախտածնությամբ սրտի հիվանդություններ (էնդոկարդիտ, միոկարդիտ և այլն), ռիթմի խանգարումներ, սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդություն, հետինֆարկտային շրջան (թույլտվության հարցը որոշվում է անհատական կարգով` հիմք ընդունելով մասնագիտացված բուժհաստատության եզրակացությունը):

 

IV. ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Քրոնիկ հոգեկան հիվանդություններ և դրանց հավասարեցված պարտադիր դիսպանսեր հսկողության ենթակա վիճակներ:

Էպիլեպսիա և նարկոլեպտիկ կամ կատալեպտիկ ցնցումներով ուղեկցվող հիվանդություններ, սինկոպալ երևույթներ

2. Քրոնիկ ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա (թույլատրվում է վարել բուժվելուց և հսկողությունից հանվելուց հետո` անձի դեգրադացիայի և սոմատոնևրոլոգիական համախտանիշի բացակայության դեպքում)

3. Պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ ռեցիդիվող հիվանդություններ և խոշոր նյարդային ցողունների հիվանդությունների և վնասվածքների մնացորդային երևույթներ` շարժումների, զգայունության և տրոֆիկայի զգալի խանգարումներով:

 

V. ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Ներզատական հիվանդություններ` ֆունկցիաների կայուն խանգարումներով (գիտակցության խանգարումների և կոմատոզ վիճակների հակվածության բացակայության դեպքում որոշումը կայացվում է անհատական կարգով` ներզատաբանի եզրակացության հիման վրա)

2. Արգանդի և հեշտոցի արտանկում, ռեկտովագինալ և միզապարկ-հեշտոցային խուղակներ (ուղիղ աղիքի սեղմամկանի (սֆինկտեր) ամբողջականության խանգարում) վիրահատական միջամտությունից հետո դրական արդյունքի դեպքում անհատական կարգով որոշվում է թույլտվության հարցը:

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

1. «A» կարգ` մոտոտրանսպորտային միջոցներ` բացառությամբ մոպեդի

Առաջնորդվել I բաժնի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, II բաժնի 1-ին կետում, III բաժնի 2-րդ կետում, IV բաժնի 1-ին կետում և 1-ին կետի «ա» ենթակետում, IV բաժնի 2-րդ կետում նշված հիվանդությունների ցանկով:

2. «B» կարգ` մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ ուղևորների համար նախատեսված` մինչև 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ

Առաջնորդվել I բաժնի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, II բաժնի 1-ին կետում, III, IV և V բաժիններում նշված հիվանդությունների ցանկով:

3. «C» կարգ` 3500 կգ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլներ

Առաջնորդվել I, II, III, IV և V բաժիններում նշված հիվանդությունների ցանկով:

4. «D» կարգ` ուղևորների համար նախատեսված` 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլներ

Առաջնորդվել I, II, III, IV և V բաժիններում նշված հիվանդությունների ցանկով:

5. «E » կարգ` «B», «C» կամ «D» կարգի քարշակով շարժակազմեր

Առաջնորդվել I, II, III, IV և V բաժիններում նշված հիվանդությունների ցանկով:

6. Տրոլեյբուս և մոտոսայլակ

Առաջնորդվել I բաժնի 5-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, II բաժնի 1-ին կետում, III և IV բաժիններում նշված հիվանդությունների ցանկով:

7. Հաշմանդամների մեքենաներ` ձեռքի կառավարմամբ

Առաջնորդվել I բաժնի 5-րդ կետի «ա» ենթակետում, II բաժնի 1-ին կետում նշված հիվանդությունների ցանկով:

Մեկ վերին կամ միաժամանակ մեկ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը չի կարող վարորդական իրավունք տալու հակացուցում հանդիսանալ:    

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 581-Ն որոշման


________________________________________________________

(բժշկական հաստատության անվանումը)

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ   

(Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական

ավտոմոբիլային տեսչություն ներկայացնելու համար)

 

Անունը ______________________________________

 

Ազգանունը ___________________________________

 

Հայրանունը ___________________________________

 

Ծննդյան տարեթիվը ______________________________

 

Աշխատանքի վայրը  ______________________________

 

Անցել է բժշկական հավատարմագրում

___ ___________ 20   թ.

___ ___________ 20   թ.

___ ___________ 20   թ.

 

    

Ձև N 1/Վ-06

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԲԺՇԿԱԿԱՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

(անհրաժեշտն ընդգծել)

1. Պիտանի է (պիտանի չէ) տրոլեյբուս, տրամվայ վարելու:

2. Պիտանի է (պիտանի չէ) մոտոցիկլ, մոտոռոլլեր, մոտոսահնակ

վարելու («A» կարգ):

3. Պիտանի է (պիտանի չէ) մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն

զանգված կամ ուղևորների համար նախատեսված` մինչև 8 նստատեղ

ունեցող ավտոմոբիլներ վարելու («B» կարգ):

4. Պիտանի է (պիտանի չէ) 3500 կգ ավելի թույլատրելի առավելագույն

զանգված ունեցող ավտոմոբիլներ վարելու («C» կարգ):

5. Պիտանի է (պիտանի չէ) ուղևորների համար նախատեսված` 8-ից

ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլներ վարելու («D » կարգ):

6. Պիտանի է (պիտանի չէ) մոտոսայլակներ վարելու:

Հերթական հավատարմագրումը  

___  ___________ 20   թ.

___  ___________ 20   թ.

___  ___________ 20   թ.

                                                                                                    

Արյան խումբ` _______, ռեզուս-ֆակտոր` ______________

 

Լրացուցիչ գրառումներ ___________________________

                                                 Բժշկական հաստատության բժիշկ-թերապևտ

 

 

Լուսանկարի տեղ 

    ____________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

  

 Բժշկական հաստատության տնօրեն

    ____________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ. Տ.


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

       


 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 581-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը:

2. Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնության կազմակերպման նպատակով նախատեսվում են համալիր միջոցառումներ, որոնք իրականացվում են հետևյալ փուլերով`

ա) բժշկական օգնության ցուցաբերում` դեպքի վայրում.

բ) բժշկական օգնության ցուցաբերում` տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին.

գ) բժշկական օգնության ցուցաբերում` մասնագիտացված բժշկական հաստատությունում:

 

II. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ` ԴԵՊՔԻ ՎԱՅՐՈՒՄ

 

3. Դեպքի վայրում բժշկական օգնության ցուցաբերումը ներառում է ինչպես ինքնօգնություն և փոխօգնություն դեպքի վայրում հայտնված անձանց կողմից (վարորդների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոմոբիլային տեսչության ծառայողների և մյուսների), այնպես էլ բժշկական օգնության ցուցաբերում` շտապ օգնության մեքենայի անձնակազմի, բուժակ-մանկաբարձական կետերի բուժաշխատողների, գյուղական բժշկական ամբուլատորիաների բժիշկների կողմից:

Դեպքի վայրում հայտնված անձանց կողմից պարտադիր իրականացվող միջոցառումներն են`

ա) ահազանգում շտապ օգնության կայան,

բ) տուժածի տեղափոխում անվտանգ վայր, վառվող հագուստի մարում, պաշտպանում ոչ բարենպաստ կլիմայական պայմաններից (ցուրտ, շոգ և այլն),

գ) շտապ օգնության մեքենա կանչելու հնարավորության բացակայության և տուժածին կենսական ցուցումներով` մասնագիտացված բժշկական հաստատություն անհապաղ տեղափոխելու անհրաժեշտության դեպքում տուժածին մոտակա բժշկական հաստատություն տեղափոխելու կազմակերպում: Անհրաժեշտ է կազմակերպել տուժածի հնարավորինս խնամքով տեղափոխում (տակդիրի օգտագործում, տուժածի ծածկում, տուժածի` հնարավորինս հարմար դիրքի ապահովում): Վերջույթի կոտրվածքի առկայության դեպքում անհրաժեշտ է այն անշարժացնել ձեռքի տակ գտնվող միջոցներով, արտաքին արյունահոսությունը դադարեցնել ճնշող կապով, իսկ զգալի արյունահոսությունը` լարանի միջոցով:

Դեպքի վայր ժամանած բուժաշխատողների կողմից, բացի թվարկված միջոցառումներից, իրականացվում են նաև`

ա) ցավային սինդրոմի վերացման նպատակով համապատասխան դեղամիջոցի ներարկում,

բ) սրտի կանգի դեպքում սրտի ոչ ուղղակի մերսում և միաժամանակ արհեստական շնչառության իրականացում,

գ) համակցված (կոմբինացված) վնասվածքների դեպքում (վնասվածք և այրվածք) այրվածքներից ախտահարված մարմնի մասերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ միջոցառումների իրականացում` հակաայրվածքային դեղամիջոցների և հակաայրվածքային կամ ստերիլ վիրակապի օգտագործմամբ:

 

III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ` ՏՈՒԺԱԾԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

 

4. Տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու հարցը որոշելիս` անհրաժեշտ է հաշվի առնել`

ա) տուժածի վիճակը, ստացված վնասվածքների ծանրության աստիճանը և բնույթը,

բ) տրանսպորտային միջոցների տեսակը և դրանց պիտանիությունը` տուժածների տեղափոխման համար,

գ) բժշկական հաստատության հեռավորությունը,

դ) տուժածի տեղափոխման ընթացքում անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումների իրականացման հնարավորությունը:

Տուժածին մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու ճանապարհին ցուցաբերվող բժշկական օգնության ծավալը կախված է տուժածի վիճակից և ուղղված է հիմնականում սրտի և շնչառական ֆունկցիաների պահպանմանը և հակաշոկային միջոցառումների կազմակերպմանը: Շտապ օգնության մեքենայով տուժածի տեղափոխման ընթացքում բժշկի կողմից իրականացվում են կենսական կարևորագույն ֆունկցիաների վերականգնման կամ պահպանման միջոցառումներ` ամբողջ ծավալով: Շտապ օգնության մեքենայի բժիշկը կամ բուժակը պարտավոր է ստույգ որոշել շարժման երթուղին, որպեսզի տուժածը տեղափոխվի այնպիսի մասնագիտացված բուժհաստատություն, որտեղ նրան կցուցաբերվի անհրաժեշտ որակյալ բժշկական օգնություն` ամբողջ ծավալով:

 

IV. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ` ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

5. Մասնագիտացված բժշկական հաստատությունում ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին ցուցաբերվող բժշկական օգնության ծավալը և բնույթը կախված են վնասվածքի տեսակից, տուժածի վիճակից ու այն բժշկական հաստատության հնարավորություններից, ուր դեպքի վայրից տեղափոխվել է տուժածը: Այն դեպքում, երբ տվյալ բժշկական հաստատությունում հնարավոր չէ տուժածի բժշկական օգնության կազմակերպումն անհրաժեշտ ծավալով, կամ համապատասխան մասնագետ է հրավիրվում այլ բժշկական հաստատությունից, կամ կազմակերպվում է հիվանդի տեղափոխումն այն մասնագիտացված բժշկական հաստատություն, որտեղ կան անհրաժեշտ պայմաններ` որակյալ բժշկական օգնության ցուցաբերման համար` տուժածին նախապես շոկային վիճակից դուրս բերելուց, արյան կորուստը լրացնելուց և կոտրված վերջույթներն անշարժացնելուց հետո:

Մասնագիտացված բժշկական հաստատությունում տուժածին ցուցաբերվող որակյալ բժշկական օգնության ծավալը կախված է տուժածի վիճակից:

6. Ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնության ցուցաբերման բոլոր փուլերում բժշկական համապատասխան փաստաթղթերում պարտադիր կատարվում է մանրամասն գրառում տուժածին, ինչպես տվյալ փուլում ցուցաբերվող բժշկական օգնության բնույթի և ծավալի, այնպես էլ նախորդ փուլում իրականացված միջոցառումների մասին:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.10.2012, N 1327-Ն 17.11.2012, N 581-Ն
14.04.2011, N 424-Ն 14.05.2011, N 581-Ն
18.03.2010, N 256-Ն 01.04.2010, N 581-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան