Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.238
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.12.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
04.12.2009
Дата вступления в силу
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0023/02/09

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0023/02/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Ա. Թումանյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Բավական Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հովհաննես Գրիգորյանի ընդդեմ Բավական Գրիգորյանի, Գյումրի նոտարական տարածքի նոտարի` փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգության վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 Դիմելով դատարան` Հովհաննես Գրիգորյանը պահանջել է ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ հոր` Անդրանիկ Գրիգորյանի ժառանգական գույքի նկատմամբ, ինչպես նաև անվավեր ճանաչել մոր` Բավական Գրիգորյանի անվամբ 19.08.2008 թվականին տրված թիվ 5548 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

 Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 30.03.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բավական Գրիգորյանը:

 Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հովհաննես Գրիգորյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասը:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հովհաննես Գրիգորյանը փաստացի չի բնակվել Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի 2-րդ շարք թիվ 6 տանը, նա գտնվել է և մինչ օրս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, չի կատարել ոչ մի կոմունալ-կենցաղային վճարում:

 Բացի այդ, Հովհաննես Գրիգորյանը ժառանգության բացման օրվանից անշարժ գույքի գտնվելու վայրի նոտարական գրասենյակ երբեք չի դիմել ժառանգությունն ընդունելու հարցով, չի կատարել որևէ ակտիվ գործողություն գույքը երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու և դրա նկատմամբ իր տիրապետումը հաստատելու նպատակով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.06.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատաքննությամբ հիմնավորվել է, որ դեռևս ժառանգատուի կենդանության օրոք Հովհաննես Գրիգորյանը իր ընտանքի հետ բնակվելով և հաշվառված լինելով Գյումրիի Տիմիրյազևի 2-րդ շարք թիվ 6 տանը, փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Լենքաղսովետի ինվենտարիզացիոն բյուրոյի 19.04.1985 թվականի գույքային թերթի համաձայն` Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի 2-րդ շարք թիվ 6 տունը պատկանում է Անդրանիկ Գրիգորյանին (հ. 1-ին գ. թ. 10):

2. Անդրանիկ Գրիգորյանը մահացել է 23.12.2007 թվականին (հ. 1-ին գ. թ. 13):

3. Հովհաննես Գրիգորյանը Անդրանիկ Գրիգորյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգն է (հ. 1-ին գ. թ. 27):

4. 10.09.1993 թվականից Հովհաննես Գրիգորյանը հաշվառված է ՌԴ Պրիմորյեի երկրամաս Կիրովի անվան Սովխոզնայա փողոց 7 շենք 1-ին բնակարանում (հ. 1-ին գ. թ. 64):

5. Գյումրի նոտարական տարածքի նոտարի 12.01.2009 թվականի գրության համաձայն` Անդրանիկ Գրիգորյանի մահից հետո 19.08.2008 թվականին կնոջը տրվել է ժառանգական գույքի 1/2 մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր, իսկ մնացած մասի նկատմամբ` սեփականության իրավունքի վկայագիր: Ժառանգության իրավունքի վկայագիր տրվել է Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի 2-րդ շարք թիվ 6 տան 1/2-ի նկատմամբ: Բավական Գրիգորյանն ամուսնու մահից հետո ժառանգությունն ընդունել է 22.05.2008 թվականին նոտարական գրասենյակում դիմում տալով, որը հաստատվել է Պրիմորյեի երկրամասի Կիրովի շրջանի նոտարական գրասենյակի նոտարի կողմից: Հանգուցյալի մյուս ժառանգներից Ներսես Գրիգորյանը հրաժարվել է ժառանգությունից հօգուտ Բավական Գրիգորյանի: Ժառանգ Հովհաննես Գրիգորյանը ժառանգությունից հրաժարվելու կամ ընդունելու մասին Գյումրիի նոտարական գրասենյակում դիմում չի տվել, Անդրանիկ Գրիգորյանի գույքը չի տիրապետել և նրա հետ համատեղ չի բնակվել (համաձայն «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲ ընկերության կողմից 15.08.2008 թվականին տրված տեղեկանքի) (հ. 1-ին գ. թ. 26):

6. Պրիմորյեի երկրամասի Կիրովի նոտարական շրջանի նոտար Լ. Վարլաշչենկոյի 02.03.2009 թվականի տրված գրության համաձայն՝ Պրիմորյեի երկրամասի Կիրովի նոտարական շրջանի նոտարական գրասենյակ է դիմել Հովհաննես Գրիգորյանը՝ ծնված 05.08.1968 թվականին, իր հոր՝ Անդրանիկ Գրիգորյանի մահից հետո (մահվան տարեթիվ՝ 23.12.2007 թվական) ժառանգական իրավունքները ընդունելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու խնդրանքով: Սակայն ժառանգությունն ընդունելու դիմում չի ներկայացրել(հ. 1-ին գ. թ. 66):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը.

Արդյո՞ք Հովհաննես Գրիգորյանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է Անդրանիկ Գրիգորյանի ժառանգությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Նույն օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան oրն է, իuկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մաuին դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելու oրը, եթե այլ oր uահմանված չէ վճռում:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր uտանալու մաuին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսերը, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ժառանգի կողմից փաստացի տիրապետման եղանակով ժառանգության ընդունման հարցին և նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1126-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով ժառանգի կողմից ժառանգությունն ընդունած կամ չընդունած լինելու փաստի գնահատման հարցում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե արդյոք առկա են ժառանգի կամքը և ցանկությունը` ընդունելու ժառանգությունը, թե ոչ, և արդյոք ժառանգությունն ընդունելու համար ժառանգը միջոցներ (ակտիվ գործողություններ) է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից պաշտպանելու համար (տես՝ Կիմա Սարգսյանի հայցն ընդդեմ Հարություն Սարգսյանի, Վարդուհի Սարգսյանի և Անժելա Սարգսյանի՝ փաստացի տիրապետման եղանակով բնակարանի ժառանգությունն ընդունած համարելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1224(ՎԴ) որոշումը):

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Գրիգորյանը բնակվել է Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի 2-րդ շարք թիվ 6 տանը և կատարել է կոմունալ վճարումներ, հաստատված է համարել, որ Անդրանիկ Գրիգորյանի մահից հետո Հովհաննես Գրիգորյանը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաuտերը, ինչպեu նաև այն oրենքը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիu:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն՝ Անդրանիկ Գրիգորյանը մահացել է 23.12.2007 թվականին, Հովհաննես Գրիգորյանը 10.09.1993 թվականից հաշվառված է ՌԴ Պրիմորյեի երկրամաս Կիրովի անվան Սովխոզնայա փողոց 7 շենք 1-ին բնակարանում, Հովհաննես Գրիգորյանը դիմել է Պրիմորյեի երկրամասի Կիրովի նոտարական շրջանի նոտարական գրասենյակ՝ ժառանգական իրավունքները ընդունելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու խնդրանքով, սակայն ժառանգությունն ընդունելու դիմում չի ներկայացրել, սույն գործում առկա չէ Հովհաննես Գրիգորյանի կողմից Անդրանիկ Գրիգորյանի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու որևէ ապացույց:

 Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հովհաննես Գրիգորյանը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում չի տիրապետել հորը՝ Անդրանիկ Գրիգորյանին պատկանող Գյումրիի Տիմիրյազև փողոցի 2-րդ շարք թիվ 6 տունը, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի ուժով այն չի ընդունել:

Ինչ վերաբերում է Հովհաննես Գրիգորյանի կողմից 26.06.2008 թվականին կատարված կենցաղային աղբահանության վճարմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու փաստը հիմնավորող ապացույց չէ, քանի որ նշված գործողությունը Հովհաննես Գրիգորյանն իրականացրել է 26.06.2008 թվականին, այսինքն՝ ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.06.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Հովհաննես Գրիգորյանի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան