Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1448
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.09.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
18.09.2009
Дата вступления в силу
18.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 08-139

Քաղաքացիական գործ թիվ 3-103(ՎԴ)

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Ա. Մկրտչյան

               Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էլմիրա Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էլմիրա Զոհրաբյանի ընդդեմ Ռադիկ Հակոբյանի և Հասմիկ Ավետիսյանի՝ առոչինչ և անվավեր գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էլմիրա Զոհրաբյանը պահանջել է Ռադիկ Հակոբյանի և Հասմիկ Ավետիսյանի միջև 13.05.1999 թվականին կնքված առոչինչ և անվավեր ճանաչված գործարքի նկատմամբ կիրառել անվավերության հետևանքներ, այն է` անվավեր ճանաչել վիճելի բնակարանի նկատմամբ Հասմիկ Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը և Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանի նկատմամբ վերականգնել Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյանների և Էլմիրա Զոհրաբյանի սեփականության իրավունքը:

Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 29.12.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է. վճռվել է Ռադիկ Հակոբյանի և Հասմիկ Ավետիսյանի միջև 13.05.1999 թվականին կնքված առոչինչ և անվավեր ճանաչված գործարքի նկատմամբ կիրառել անվավերության հետևանքներ, այն է` անվավեր ճանաչել վիճելի բնակարանի նկատմամբ Հասմիկ Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը և Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանի նկատմամբ վերականգնել Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյանների և Էլմիրա Զոհրաբյանի սեփականության իրավունքը: Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյաններից և Էլմիրա Զոհրաբյանից հօգուտ Հասմիկ Ավետիսյանի բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 29.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլմիրա Զոհրաբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ և 304-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը, 52-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առոչինչ և անվավեր գործարքի նկատմամբ անվավերության կիրառումը վերաբերում է ոչ միայն Հասմիկ Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման անվավեր ճանաչմանը և Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանի նկատմամբ Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյանների և Էլմիրա Զոհրաբյանի սեփականության իրավունքների վերականգնմանը, այլև նշված բնակարանը սեփականատերերին վերադարձնելուն:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով ստորադաս դատարանի կողմից որպես նշված գործարքի անվավերության հետևանք բնակարանը սեփականատերերին չվերադարձնելը, պատճառաբանել է, որ նման պահանջ բողոք բերած անձն առաջին ատյանի դատարանում չի ներկայացրել, որը չի քննվել՝ անտեսելով, որ ներկայացված հայցապահանջը ներառում է նաև բնակարանը սեփականատերերին վերադարձնելու պարտավորություն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով վեճի առարկան Հասմիկ Ավետիսյանի և Ռադիկ Հակոբյանի միջև 13.05.1999 թվականին կնքված առոչինչ և անվավեր ճանաչված գրավի պայմանագրի նկատմամբ անվավերության հետևանքների կիրառումն է, որը որևէ կապ չունի արդեն իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճռով լուծում ստացած փոխառության պայմանագրով նախատեսված գումարի բռնագանձման հետ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 27.03.2009 թվականի որոշումը և հայցը բավարարել ամբողջությամբ, այն է` Հասմիկ Ավետիսյանի և Ռադիկ Հակոբյանի միջև 13.05.1999 թվականին կնքված առոչինչ և անվավեր ճանաչված գործարքի նկատմամբ կիրառել անվավերության հետևանքներ, այն է` անվավեր ճանաչել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանի նկատմամբ Հասմիկ Ավետիսյանի սեփականության իրավունքի գրանցումը, վերականգնել նշված բնակարանի նկատմամբ Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյանների և Էլմիրա Զոհրաբյանի սեփականության իրավունքը, Հասմիկ Ավետիսյանին պարտավորեցնել ազատել բնակարանը և այն հանձնել Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյաններին և Էլմիրա Զոհրաբյանին: Վճռի` Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյաններից և Էլմիրա Զոհրաբյանից հօգուտ Հասմիկ Ավետիսյանի` 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու մասը` կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Հասմիկ Ավետիսյանի և Ռադիկ Հակոբյանի միջև 13.05.1999 թվականին կնքված գրավի պայմանագրի համաձայն` Ռադիկ Հակոբյանը 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի դիմաց գրավ է դրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանը (հատոր 1-ին գ. թ. 11):

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճռով վճռվել է Ռադիկ Հակոբյանից հօգուտ Հասմիկ Ավետիսյանի բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարտքի գումար` բռնագանձումը տարածելով Ռադիկ, Օֆելյա, Արտակ, Վիրաբ, Արմեն Հակոբյաններին և Էլմիրա Զոհրաբյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի վրա (հատոր 1-ին գ. թ. 12):

3. Վերաքննիչ դատարանի 27.06.2007 թվականի վճռով առոչինչ և անվավեր է ճանաչվել Հասմիկ Ավետիսյանի և Ռադիկ Հակոբյանի միջև 13.05.1999 թվականին կնքված գրավի պայմանագիրը և դրա հիման վրա 30.08.1999 թվականին տրված 005793 Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանի գրավի իրավազորության գրանցման վկայականը (հատոր 1-ին գ. թ. 13-14):

4. Դատարանի 29.12.2007 թվականի վճռով բավարարվել է Էլմիրա Զոհրաբյանի հայցը և վճռվել է 13.05.1999 թվականին կնքված առոչինչ և անվավեր ճանաչված գործարքի նկատմամբ կիրառել անվավերության հետևանքներ, այն է` անվավեր է ճանաչվել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանի նկատմամբ Հասմիկ Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը, և այդ բնակարանի նկատմամբ վերականգնվել է Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյանների և Էլմիրա Զոհրաբյանի սեփականության իրավունքը: Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյաններից և Էլմիրա Զոհրաբյանից հօգուտ Հասմիկ Ավետիսյանի բռնագանձվել է 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (գ. թ. 117):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի առոչինչ գործարքի դեպքում այդ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ ներկայացնել: Ընդ որում օրենսդիրը իրավունք է վերապահել նաև դատարանին սեփական նախաձեռնությամբ կիրառել այդ հետևանքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե պետությունը կամ որևէ այլ անձ, համաձայն օրենքի, դատարանի որոշման, վճռի, դատավճռի կամ անշարժ գույքի ձեռքբերման այլ փաստաթղթի, անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք են ձեռք բերում, ապա շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա, անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, պետությունը կամ կոնկրետ անձն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում գրանցվում է որպես սեփականատեր կամ օգտագործող:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից անմիջապես հետո տրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական:

Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ անձի կողմից օրենքի, դատարանի վճռի կամ անշարժ գույքի այլ փաստաթղթի, անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելիս, տվյալ անձն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում գրանցվում է որպես սեփականատեր, և նրան տրվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հասմիկ Ավետիսյանի և Ռադիկ Հակոբյանի միջև 13.05.1999 թվականին կնքված գրավի պայմանագիրը 27.06.2007 թվականի վճռով առոչինչ և անվավեր է ճանաչվել, իսկ սույն գործով Վերաքննիչ դատարանը որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք, անվավեր ճանաչելով Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանի նկատմամբ Հասմիկ Ավետիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը, վերականգնել է Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյանների և Էլմիրա Զոհրաբյանի սեփականության իրավունքը այդ բնակարանի նկատմամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի 118 բնակարանի նկատմամբ Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյանների և Էլմիրա Զոհրաբյանի սեփականության իրավունքի վերականգման պայմաններում նրանք ձեռք են բերել տվյալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ բողոք բերած անձի այն փաստարկը, որ որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք դատարանը նաև պետք է լուծեր վիճելի անշարժ գույքը բողոք բերած անձին վերադարձնելու հարցը:

Ինչ վերաբերվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ՝

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, հանգել է այն հետևության, որ Դատարանը, պարզելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, պարտավոր էր կիրառել անվավերության հետևանք՝ կողմերին վերադարձնելով առոչինչ գործարքի արդյունքում ստացվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն` գործարքի մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության, եթե գործարքը կարող էր կնքվել նաև առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնական պարտավորության անվավերությունը հանգեցնում է այն ապահովող պարտավորության անվավերության, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

Սույն գործի փաստերի համաձայն` Ռադիկ Հակոբյանի և Հասմիկ Ավետիսյանի միջև 13.05.1999 թվականին կնքվել է պայմանագիր, որը պարունակել է գրավի և փոխառության պայմանագրի տարրեր: 27.06.2007 թվականի վճռով 13.05.1999 թվականին կնքված գրավի պայմանագիրն առոչինչ է ճանաչվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 13.05.1999 թվականին կնքված պայմանագրով գրավի պայմանագրի դրույթները հիմնական պարտավորության` փոխառության պայմանագրի կատարման ապահովման միջոց են, հետևաբար դատական կարգով գրավի պայմանագիրն առոչինչ ճանաչելը հանգեցրել է միայն այդ պայմանագրի անվավերության հետևանքների կիրառման: Այսինքն՝ պարտավորության ապահովման միջոցի անվավերությունը հիմնական պարտավորության վրա՝ տվյալ դեպքում 15.000 ԱՄՆ դոլար գումարի փոխառության պայմանագրի վրա, որևէ ազդեցություն չունի:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հօգուտ Հասմիկ Ավետիսյանի 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի բռնագանձումը առոչինչ ճանաչված գրավի պայմանագրի անվավերության հետևանք չէ:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Սույն գործում առկա է օրինական ուժի մեջ մտած Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.04.2001 թվականի վճիռը, որով վճռվել է բռնագանձել Ռադիկ Հակոբյանից հօգուտ Հասմիկ Ավետիսյանի փոխառության պայմանագրով նախատեսված 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն անձանց միջև քննված և նախկինում օրինական ուժի մեջ մտած 26.04.2001 թվականի վճռով հաստատված հանգամանքները սույն գործով ապացուցման կարիք չունեն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը մասնակիորեն հիմնավոր համարելով՝ Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.03.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ բեկանել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 29.12.2007 թվականի վճռի՝ «Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյաններից և Էլմիրա Զոհրաբյանից հօգուտ Հասմիկ Ավետիսյանի բռնագանձել 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» մասը և այն փոփոխել՝ վճռի եզրափակիչ մասից հանել «Ռադիկ, Վիրաբ, Արտակ, Արմեն Հակոբյաններից և Էլմիրա Զոհրաբյանից հօգուտ Հասմիկ Ավետիսյանի բռնագանձել 15.000 ԱՄՆ (տասնհինգ հազար) դոլարին համարժեք դրամ» նախադասությունը: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան