ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0852/02/08 Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0852/02/08 2009թ. Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Տավարացյան
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արևշատ Մարությանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երվանդ Վարդանյանի ընդդեմ Արևշատ Մարությանի և Գայանե Մովսեսյանի` բնակարանից վտարելու, անհիմն հարստացումը վերադարձնելու պահանջների մասին, ըստ Արևշատ Մարությանի հակընդդեմ հայցի ընդդեմ Երվանդ Վարդանյանի, երրորդ անձինք Վահան, Ռուզաննա, Արամ Վարդանյանների, Պետրոս Մինասյանի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրը և պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ըստ հայցի Արևշատ Մարությանի ընդդեմ Երվանդ Վարդանյանի, երրորդ անձինք Վահան, Ռուզաննա, Արամ Վարդանյանների, Պետրոս Մինասյանի` ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Երվանդ Վարդանյանը պահանջել է Գայանե Մովսեսյանին վտարել Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տանից, իսկ Արևշատ Մարությանից, որպես անհիմն հարստացում, բռնագանձել նշված տան վարձակալության դիմաց տաս ամսվա համար ստացած 300.000 ՀՀ դրամ վարձավճարը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Արևշատ Մարությանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան թիվ 8, 9, 10 և 11 սենյակների նկատմամբ, ինչպես նաև մասնակիորեն` նշված սենյակների մասով, անվավեր ճանաչել Երվանդ Վարդանյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.02.2005 թվականի վկայագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դիմելով դատարան` Արևշատ Մարությանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան թիվ 8, 9, 10 և 11 սենյակների զբաղեցրած հողամասի նկատմամբ:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.10.2008 որոշմամբ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:
Դատարանի 02.03.2009 թվականի վճռով Երվանդ Վարդանյանի հայցը բավարարվել է, իսկ Արևշատ Մարությանի հայցն ու հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 02.03.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արևշատ Մարությանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երվանդ Վարդանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ և 132-րդ հոդվածների պահանջները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները, կիրառել է 411-րդ, 562-րդ, 609-րդ և 1092-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արևշատ Մարությանի հայրը` Սարիբեկ Մարությանը, 1974 թվականին հատուցմամբ ձեռք է բերել վիճելի հասցեի տան մեկ սենյակը, առանձնացրել է ընդհանուր գույքից և ընտանիքով բնակվել այնտեղ: Մարությանները մշտապես կատարել են տան կոմունալ և այլ ծառայությունների համար վճարումները, իրենց հաշվին միջոցներ են ձեռնարկել գույքի պահպանության համար, Արևշատ Մարությանի ընտանիքի կողմից կառուցվել են սենյակներ, իրականացվել են տան ընթացիկ վերանորոգումներ, տունը տիրապետել են որպես սեփական գույք և որևէ խոչընդոտի չեն հանդիպել ինչպես Երվանդ Վարդանյանի, այնպես էլ նրա ծնողների և ընտանիքի մյուս անդամների կողմից:
Բացի այդ, գործով հիմնավորվել է, որ Երվանդ Վարդանյանը և նրա ծնողները վիճելի գույքի նկատմամբ դրսևորել են անտարբեր վերաբերմունք, հրաժարվել են գույքի տիրապետումից և օգտագործումից` առանց գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, քանի որ հակառակ դեպքում ինչպես Երվանդ Վարդանյանի հայրը` Սիրեկան Վարդանյանը, այնպես էլ Երվանդ Վարդանյանը, կառարկեին Պետրոս Մինասյանի և Սարիբեկ Մարությանի միջև առկա առուվաճառքի գործարքին, միջոցներ կձեռնարկեին սեփականության պահպանման համար և թույլ չէին տա կատարելու նոր սենյակների կառուցման աշխատանքներ:
Գործում առկա վկաների և երրորդ անձանց ցուցմունքներով, գրավոր հայտարարություններով, կատարված վճարումների անդորրագրերով և այլ ապացույցներով հիմնավորվում է նաև Արևշատ Մարությանի և նրա ծնողների ընտանիքի կողմից վիճելի գույքը 1974 թվականից բարեխիղճ բացահայտ և անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու փաստը:
Վերը նշված փաստերի առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ, 609-րդ և 1092-րդ հոդվածները սույն գործով կիրառելի չեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Երվանդ Վարդանյանի հայցը մերժել, իսկ Արևշատ Մարությանի հայցը և հակընդդեմ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատաքննությամբ հաստատվել է այն հանգամանքը, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տունը պատկանել և մինչև օրս պատկանում է Երվանդ Վարդանյանին, իսկ այդ հանգամանքն ապացուցող գործում առկա ապացույցներից որևէ մեկը չի վիճարկվել, չի փոփոխվել և չի վերացվել:
Բացի այդ, Երվանդ Վարդանյանի կողմից վիճելի գույքից հրաժարվելու կամ մեկուսանալու մասին որևէ ապացույց գործում առկա չէ:
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Օրջոնիկիձեի շրջանի Նոր-Արեշի թիվ 54 թաղային կոմիտեի 13.01.1963 թվականի արձանագրության համաձայն` Երվանդ Վարդանյանի պապը` Վարդան Վարդանյանը, Երևանի Նոր-Արեշի 13-րդ փողոցի (ներկայումս` Էրեբունի փողոց) թիվ 120 հասցեի սեփական տան 72 քմ մակերեսով բնակելի տարածությունից 36 քմ մակերեսով տարածքը տվել է ավագ որդուն` Սիրեկան Վարդանյանին, 20 քմ մակերեսով տարածքը տվել է միջնեկ որդուն` Պետրոս Մինասյանին, իսկ 16 քմ մակերեսով տարածքը մնացել է իրեն, կնոջը և կրտսեր որդուն` Անդրանիկ Վարդանյանին (գ.թ. 110, հ. 1-ին): Արձանագրությամբ նաև հաստատվել է, որ գույքի բաժանումը տեղի է ունեցել հոր և որդիների համաձայնությամբ ու վերջիններս միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունեն:
2. Սիրեկան Վարդանյանը մահացել է 24.12.1991 թվականին: Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.10.1992 թվականի վկայագրով ժառանգությունն ընդունել են կինը` Աստղիկ Վարդանյանը և չորս զավակները` Երվանդ, Վահան, Արամ և Ռուզաննա Վարդանյանները (գ.թ. 36, հ. 1-ին):
3. Աստղիկ Վարդանյանը մահացել է 18.08.1996 թվականին: Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.02.2005 թվականի վկայագրով ժառանգությունն ընդունել են Երվանդ, Վահան, Արամ և Ռուզաննա Վարդանյանները (գ.թ. 35, հ. 1-ին):
4. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.08.2005 թվականի վճռով բավարարվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերով իրավունքները գրանցելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու պահանջի մասին Երվանդ, Վահան, Արամ և Ռուզաննա Վարդանյանների դիմումը` ճանաչվել է Երվանդ Վարդանյանի և Վահան Վարդանյանի սեփականության իրավունքը հանգուցյալ Սիրեկան Վարդանյանի անվամբ գրանցված ամբողջ գույքի նկատմամբ` վերջիններիս օգտին մյուս ժառանգների գույքից հրաժարվելու կապակցությամբ (գ.թ. 68-69, հ. 1-ին):
5. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 25.08.2005 թվականի վճռի և նոտարական կարգով վավերացված բաժանման 30.12.2005 թվականի պայմանագրի հիման վրա Երվանդ Վարդանյանին 26.01.2006 թվականին տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120 հասցեի մասը կազմող թիվ 120/1 տան նկատմամբ (գ.թ. 70-72, հ. 1-ին): Չնայած Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան մի մասը` չորս սենյակները, շուրջ 32 տարի տիրապետել են Մարությանները, սակայն դրանք նույնպես ներառվել են Երվանդ Վարդանյանին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հատակագծում:
6. Երվանդ Վարդանյանի եղբոր` Վահան Վարդանյանի 29.10.2002 թվականի հայտարարության համաձայն` «Ես Վահան Սիրեկանի Վարդանյանս հանդիսանում եմ Էրեբունի փող. N 120 տան փաստացի տիրապետող ժառանգ, ինձ հայտնի է, որ քաղաքացի Սարիբեկ Մարությանը 1974թ. ներքին կարգով գնել է Էրեբունի փող. N 120 տան 1 սենյակը, որը պատկանում էր հորեղբորս Պետրոս Մինասյանին, ինչի վերաբերյալ ես տեղեկացել եմ իմ ծնողներից Սիրեկան Վարդանյանից և Աստղիկ Վարդանյանից: Եվ այդ առուծախի գումարը վճարել են հորեղբորս` Պետրոս Մինասյանին հորս համաձայնությամբ: Եվ այդ անշարժ գույքը ես, ինչպես նաև հայրս կենդանության օրոք հանդիսանալով բուն սեփականատեր, միշտ դիտել ենք Սարիբեկ Մարությանի սեփականությունը և նրա նկատմամբ այդ գնված 1 սենյակը որևէ սեփականատիրական իրավունք պահպանելու մտադրություն չենք ունեցել» (գ.թ. 42, հ. 1-ին):
7. Հարևանների հայտարարությունների համաձայն` Սարիբեկ Մարությանի ընտանիքը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120 տանը բնակվել է 1966 թվականից, իսկ 1974 թվականին Պետրոս Մինասյանից 2.200 ռուբլով գնել է նշված տան մեկ սենյակը: Հետագայում Սարիբեկ Մարությանը կառուցել է ևս երկու սենյակ, որոնք տիրապետել է որպես սեփական, իսկ վերջինիս մահից հետո որպես սեփականատիրոջ իրավահաջորդ մինչև օրս բնակվում է որդին` Արևշատ Մարությանը (գ.թ. 40, 41, 109 հ. 1-ին):
8. Գործում առկա մի շարք կոմունալ վճարումների անդորրագրերի, 27.06.1991 թվականի աբոնենտային գրքույկի և էլեկտրաէներգիայի մատակարարման 06.07.2008 թվականի պայմանագրի համաձայն` Արևշատ Մարությանը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120 հասցեի ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի և գազամատակարարման առանձին բաժանորդ է (գ.թ. 123-141, հ. 1-ին):
9. Արևշատ Մարությանի տիրապետման ներքո գտնվող գույքը առանձնացված է Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տանից (գ.թ. 190, հ. 1-ին):
10. 21.01.2009 թվականի գրավոր բացատրությամբ Պետրոս Մինասյանը հաստատել է այն փաստը, որ 1974 թվականին ներկայիս Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 հասցեի թիվ 10 սենյակը 2.200 ռուբլով վաճառել է Արևշատ Մարությանի հորը` Սարիբեկ Մարությանին, իսկ 1989 թվականին Սարիբեկ Մարությանի կողմից կառուցվել են թիվ 8 և 9 սենյակները, ինչպես նաև կոմունալ հարմարությունները` ներկայիս թիվ 11 սենյակը: Ինչ վերաբերում է թիվ 8 սենյակի քանդմանը, ապա նշված սենյակը քանդել է որդին` Գագիկ Մինասյանը: Հայտնել է նաև, որ Երվանդ Վարդանյանը երբևէ չի տիրապետել կամ օգտագործել վիճելի սենյակները, իսկ սեփականության իրավունքի գրանցումը կրել է ձևական բնույթ, քանի որ վերջինս նշված սենյակները պետք է գրանցեր Արևշատ Մարությանի անվամբ (գ.թ. 190, հ. 1-ին):
11. Գագիկ Պետրոսի Մինասյանի 13.01.2009 թվականի հայտարարության համաձայն` վերջինս է քանդել Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան թիվ 8 սենյակը` Արևշատ Մարությանի համաձայնությամբ` հետագայում քանդված սենյակի զբաղեցրած հողամասը Արևշատ Մարությանի անվամբ ձևակերպելու պայմանով (գ.թ. 189, հ. 1-ին):
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոհիշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից` այդ իրավունքի դադարման (կորստի) միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքը անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր` ենթադրելու, որ նա գույքը տիրապետելու է որպես սեփականություն:
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի, անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (Տե´ս, Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջների մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120 տան սեփականատեր Վարդան Վարդանյանը 13.01.1963 թվականին տունը սեփականության իրավունքով բաժանել է իր, կնոջ և երեք որդիների միջև: Մասնավորապես, տան 36 քմ մակերեսով տարածքը տվել է ավագ որդուն` Սիրեկան Վարդանյանին, 20 քմ մակերեսով տարածքը տվել է միջնեկ որդուն` Պետրոս Մինասյանին, իսկ 16 քմ մակերեսով տարածքը թողել է իրեն, կնոջը և կրտսեր որդուն` Անդրանիկ Վարդանյանին, որը հաստատվել է Օրջոնիկիձեի շրջանի Նոր-Արեշի թիվ 54 թաղային կոմիտեի արձանագրությամբ: Արձանագրությամբ նաև հաստատվել է, որ գույքի բաժանումը տեղի է ունեցել հոր և որդիների համաձայնությամբ, ու վերջիններս միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունեն: Այսինքն` 1963 թվականի դրությամբ Վարդան Վարդանյանի ընտանիքի անդամները որպես սեփականություն սկսել են տիրապետել վիճելի տան յուրաքանչյուրի անվամբ առանձնացված մասերը:
Հետագայում` 1974 թվականին, Վարդան Վարդանյանի որդին` Պետրոս Մինասյանը, տան իրեն հատկացված 20 քմ մակերեսով թիվ 10 սենյակը 2.200 խորհրդային ռուբլով վաճառել է Արևշատ Մարությանի հորը` Սարիբեկ Մարությանին, որն ընտանիքով դեռևս 1966 թվականից բնակություն էր հաստատել նշված սենյակում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները Սարիբեկ Մարությանին տվել են բավարար հիմքեր` ենթադրելու, որ նա գույքը ձեռք է բերում այն օտարելու իրավունք ունեցող անձից և տիրապետելու է որպես սեփականություն:
Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Վարդան Վարդանյանը, ինչպես նաև ընտանիքի մյուս անդամները, տեղեկացված են եղել սենյակի վաճառքի մասին և դրա վերաբերյալ որևէ առարկություններ չեն ունեցել, դրանով իսկ ցուցաբերել են այնպիսի վարքագիծ, որով նույնպես հիմք են տվել Սարիբեկ Մարությանին եզրակացնելու, որ գույքը ձեռք է բերել և այն տիրապետել է որպես սեփականատեր:
1989 թվականին Սարիբեկ Մարությանն իր հերթին, վաճառված սենյակը որպես սեփականը շուրջ 15 տարի տիրապետելով բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ, Վարդանյանների ընտանիքի բոլոր անդամների գիտությամբ և համաձայնությամբ, դրան կից կառուցել է ըստ հատակագծի թիվ 8, 9 և 11 սենյակները, որոնց կառուցման դեմ որևէ մեկը չի առարկել և դրանց կառուցումը չի վիճարկել:
Գործով հիմնավորված է այն փաստը, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան ներկայիս սեփականատերը` Սիրեկան Վարդանյանի որդի Երվանդ Վարդանյանը, երբևէ չի տիրապետել կամ օգտագործել Սարիբեկ Մարությանի, իսկ հետագայում Արևշատ Մարությանի ընտանիքի տիրապետման ներքո գտնվող Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տան առանձանցված թիվ 8, 9, 10 և 11 սենյակները:
Արևշատ Մարությանի տիրապետման ներքո գտնվող գույքը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 տանից առանձնացված լինելու փաստը հաստատվում է մուտքերն առանձնացված լինելով, ինչպես նաև Արևշատ Մարությանի առանձնացված մասերի կոմունալ ծառայությունների առանձին բաժանորդ համարվելով:
Ավելին, Երվանդ Վարդանյանի հորեղբայր Պետրոս Մինասյանի 21.01.2009 թվականի գրավոր բացատրության համաձայն` Երվանդ Վարդանյանը, Արևշատ Մարությանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել տան թիվ 8 սենյակը քանդելու հարցում, որի դիմաց վերջինիս խոստացել է ամբողջ տունն իր անվամբ սեփականաշնորհելուց հետո Արևշատ Մարությանի կողմից տիրապետվող մնացած թիվ 9, 10 և 11 սենյակները և քանդված թիվ 8 սենյակի զբաղեցրած հողատարածքը սեփականության իրավունքով գրանցել Արևշատ Մարությանի անվամբ:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Օրենսգրքի 187-րդ հոդվածի (ձեռքբերման վաղեմություն) գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին:Հետևաբար, բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետման ժամկետի մեջ պետք է հաշվարկել նաև 1999 թվականի հունվարի 1-ից առաջ սկսված և ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվող տիրապետման ժամկետը:
Այսպիսով, սույն գործի փաստերը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար արձանագրելու համար, որ գույքի փաստացի տիրապետող Արևշատ Մարությանը` 10 տարուց ավելի` շուրջ 35 տարի, բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետել է վեճի առարկա Երևանի Էրեբունի փողոցի 120/1 տան թիվ 9, 10 և 11 սենյակները, քանդված թիվ 8 սենյակի և նշված մյուս սենյակների զբաղեցրած հողամասը, ինչի ուժով դրանց նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:
1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
Վերոնշյալ փաստերը և 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված նորմը Արևշատ Մարությանին հիմք են տվել ենթադրելու, որ նա մինչ այդ ունեցած տարածքների և դրանցով զբաղեցված հողամասի սեփականատերն է օրենքի ուժով: Հետևաբար, հիմնավոր է նաև վիճելի սենյակներով զբաղեցված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին Արևշատ Մարությանի պահանջը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի որոշման` անհիմն հարստացումը բռնագանձելու և Գայանե Մովսեսյանին վիճելի տանից վտարելու մասին Երվանդ Վարդանյանի հայցապահանջը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արևշատ Վարդանյանի հայցը թիվ 8 սենյակի մասով ենթակա է մերժման այն արդեն իսկ քանդված լինելու պատճառով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. Երվանդ Վարդանյանի հայցը մերժել, իսկ Արևշատ Մարությանի հայցը և հակընդդեմ հայցը բավարարել մասնակիորեն` ճանաչել Արևշատ Մարությանի սեփականության իրավունքը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 120/1 հասցեի տան թիվ 9, թիվ 10 և թիվ 11 սենյակների, դրանցով զբաղեցված հողամասի և քանդված թիվ 8 սենյակի զբաղեցրած հողամասի նկատմամբ, ինչպես նաև այդ մասով անվավեր ճանաչել ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.02.2005 թվականի վկայագիրը և Երվանդ Վարդանյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Արևշատ Մարությանի հակընդդեմ հայցը մնացած մասով մերժել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|