Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1479
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
16.10.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
16.10.2009
Дата вступления в силу
16.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0009/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/0009/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Դատավորներ՝ Ռ. Հակոբյան

               Ք. Մկոյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

 Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 15.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Արսեն Մակարյանի` 400.000 ՀՀ դրամ բռնագանձելու և ինքնակամ կառույցը քանդելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Արսեն Մակարյանից 400.000 ՀՀ դրամ՝ որպես վարչական տուգանքի գումար, և պարտավորեցնել քանդելու Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23/5 տանը կից, պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված 3քմ մակերեսով կցակառույցը:

Վարչական դատարանի 25.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 25.04.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ Արսեն Մակարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանում իրականացված հանձնաժողովի նիստին, և բացատրություն է տվել այն մասին, որ շինարարական աշխատանքները իրականացվել են իր կողմից, հետևաբար, Դատարանի այն պնդումը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից խախտվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածը, անհիմն է:

Դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ Արսեն Մակարյանի կողմից թույլ տրված արարքը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում է, որի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

Բացի այդ, վարչական գործի քննության պահին Երևանի քաղաքապետի 19.10.2007 թվականի հ. Վ-15/11 որոշումն անվավեր ճանաչված չի եղել, հետևաբար, Դատարանը պետք է ելներ այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի 19.10.2007 թվականի հ. Վ-38/1 որոշումը ենթակա է պարտադիր կատարման: ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի թիվ 3-2440 (ՎԴ) և 02.03.2007 թվականի թիվ 3-309 (ՎԴ) որոշումներով արձանագրվել է, որ եթե վարչական ակտը չի վիճարկվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը, չի ճանաչվել ոչ իրավաչափ` անվավեր, չի կորցրել իր ուժը, հետևաբար յուրաքանչյուր ոք ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի որոշումն ընդունվել է Սահմանադրությամբ և օրենքներով իր լիազորությունների շրջանակում, այսինքն` Երևանի քաղաքապետի որոշումն իրավաչափ է, և որևէ անձ, մասնավորապես, պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ ակտի իրավաչափությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 15.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 08.10.2007 թվականին կազմված արձանագրության համաձայն` Երևանի Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 23/5 տան բնակիչ Արսեն Մակարյանը, չունենալով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, վերակառուցել է իր ծնողներին պատկանող տունը և նախկին շինությունն ավելացրել է 3 քմ-ով:

2) 19.10.2007 թվականին վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ Վ-15/12 արձանագրությունը, որով որոշվել է Երևանի քաղաքապետին ներկայացնել առաջարկություն Արսեն Մակարյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին` նշանակելով վարչական տույժ՝ 400.000 ՀՀ դրամի չափով, իսկ նույն մարմնի 19.10.2007 թվականի եզրակացությամբ առաջարկվել է Արսեն Մակարյանի նկատմամբ կիրառել տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով:

3) Երևանի քաղաքապետի թիվ Վ-15/12 որոշմամբ Արսեն Մակարյանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության 400.000 ՀՀ դրամ տուգանքի չափով, ինչպես նաև նրան առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ:

4) Արսեն Մակարյանը մասնակցել է Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը (գ.թ 19, 20):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով և օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը, գանգատարկելու գործով որոշումը:

Սույն գործի փաստերի համաձայն` 19.10.2007 թվականի թիվ Վ-15/12 արձանագրության ուսումնասիրումից հետևում է, որ Արսեն Մակարյանը, մասնակցելով վարչական իրավախախտման գործի քննությանը, բացատրություն է տվել, որ շինարարական աշխատանքները իրականացվել են իր կողմից: Այսինքն` Արսեն Մակարյանը մասնակցել է վարչական իրավախախտման գործի քննությանը և ընդունել է այն փաստը, որ իր կողմից կատարվել են շինարարական աշխատանքներ: Հետևաբար, բողոք բերող անձի հիմնավորումը այն մասին, որ Դատարանը խախտել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջը, հիմնավոր է:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը այն նույնպես հիմնավոր է համարում, սակայն չի անդրադառնում դրա հիմնավորումներին, քանի որ սույն գործով նախկինում կայացված 31.10.2008 թվականի թիվ ՎԴ/0009/05/08 որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է դրան:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վարչական ակտերի իրավաչափության հարցին (տես, օրինակ` Լևոն Ղազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 18.11.2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 2453-Ա որոշման 3-րդ կետի պահանջը կատարելու, Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ միկրոշրջանի թիվ 14 շենքի մոտ գտնվող 51,9 քմ ավտոտնակի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին 21.12.2006 թվականի Քաղ. գործ թիվ 3-2440(ՎԴ) որոշումը):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե վարչական ակտը չի վիճարկվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը, չի ճանաչվել ոչ իրավաչափ` անվավեր, չի կորցրել իր ուժը, հետևաբար յուրաքանչյուր ոք, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի որոշումն ընդունվել է Սահմանադրությամբ կամ օրենքներով իր լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ Երևանի քաղաքապետի որոշումը իրավաչափ է, և որևէ անձ, մասնավորապես, պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ ակտի իրավաչափությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին: Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել: Արսեն Մակարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 400.000 ՀՀ դրամ` որպես վարչական տույժ: Արսեն Մակարյանին պարտավորեցնել քանդելու Երևանի Ն.Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.23/5 տանը կից կառուցված 3.0 քմ մակերեսով կցակառույցը:

2. Արսեն Մակարյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 36.000 ՀՀ դրամ՝ վճռաբեկ բողոքի համար վճարած պետական տուրքի գումարը:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան