ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 08-1979 |
Քաղաքացիական գործ թիվ 3-178(ՎԴ) 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Է. Մուրադյան Ա. Մկրտչյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Ե. Խունդկարյանի | |
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Իրինա Գուտովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Մարիյա Գլազովայի ընդդեմ Յուրի Խվոստովի` սեփականության իրավունքը դադարեցնելու և տիրապետման փաստով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մարիյա Գլազովան պահանջել է դադարեցնել Յուրի Խվոստովի սեփականության իրավունքը Երևանի Անդրանիկի 105 շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ և տիրապետման փաստով ճանաչել սեփականության իրավունքը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.11.2005 թվականի վճռով Մարիյա Գլազովայի հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.12.2008 թվականի որոշմամբ գործի քննությանը մասնակից չդարձած Լյուդմիլա Խվոստովայի, Աննա Բալակինայի և Յուրի Խվոստովի իրավահաջորդ Իրինա Գուտովայի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.11.2005 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իրինա Գուտովան:
Վճռաբեկ բողոքի դեմ պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը բերվել է նոր երևան եկած հանգամանքների հիմքերով:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 15.07.2009 թվականի գրությունով հիմնավորված է այն փաստը, որ պետական միասնական գրանցամատյանում «Սեբաստիա-2» համատիրությունը գրանցվել է 14.09.1998 թվականին և 21.12.2007 թվականին վերագրանցվել է: ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մալաթիայի անձնագրային բաժնի 23.07.2009 թվականի գրությամբ հիմնավորվել է այն փաստը, որ Երևանի Անդրանիկի փողոցի 105 շենքի թիվ 9 բնակարանում հաշվառված են եղել Յուրի Խվոստովը, Լյուդմիլա Խվոստովան, իսկ Աննա Խվոստովան և Իրինա Գուտովան նշված են եղել ընտանեկան քարտում: Այսինքն` գործին մասնակից չեն դարձվել համասեփականատերերը, այնինչ նրանց բոլորի իրավունքների վերաբերյալ վճիռ է կայացվել:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 19.11.1992 թվականի թիվ 35/46 որոշմամբ թույլատրվել է Երևանի Անդրանիկի 105 շենքի թիվ 9 բնակարանը վաճառել բնակարանի վարձակալ Յուրի Խվոստովին` ընտանիքի չորս անդամներով (գ.թ. 93):
2) Պետական և հանրային բնակարանային ֆոնդերի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվարկով վաճառելու մասին պայմանագրի համաձայն` Շահումյանի շրջանի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի կողմից Երևանի Անդրանիկի 105 շենքի թիվ 9 բնակարանը վաճառվել է Յուրի Խվոստովին` ընտանիքի չորս անդամներով (գ.թ. 94):
3) ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մալաթիայի անձնագրային բաժնի 23.07.2009 թվականի գրությամբ հիմնավորվել է այն փաստը, որ Երևանի Անդրանիկի փողոցի 105 շենքի թիվ 9 բնակարանում հաշվառված են եղել Յուրի Խվոստովը, Լյուդմիլա Խվոստովան, իսկ Աննա Խվոստովան և Իրինա Գուտովան նշված են եղել ընտանեկան քարտում:
4) Յուրի Խվոստովը մահացել է 03.03.2008 թվականին (գ.թ. 95):
5) Դատարանը 02.11.2005 թվականի դատական նիստի մասին Իրինա Գուտովային պատշաճ կարգով չի ծանուցել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (արդար դատաքննության իրավունք):
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի՝ զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին, թիվ 3-2343 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:
Սույն գործով Շահումյանի շրջանի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի կողմից Երևանի Անդրանիկի 105 շենքի թիվ 9 բնակարանը վաճառվել է Յուրի Խվոստովին` ընտանիքի չորս անդամներով: Բնակարանում հաշվառված են եղել Յուրի Խվոստովը, Լյուդմիլա Խվոստովան, իսկ Աննա Խվոստովան և Իրինա Գուտովան նշված են եղել ընտանեկան քարտում:
Փաստորեն, Դատարանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձրել Իրինա Գուտովային, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս՝ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 10.12.2008 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2008 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |