Գլխավոր տեղեկություն
Номер
N 562-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.630
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2004
Дата вступления в силу
20.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
3 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2004 թվականի N 562-Ն

 

 «ԱԳՐՈԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի ստացման ուղղությամբ կենսատեխնոլոգիական մեթոդների մշակումը.

բ) բանջարաբոստանային մշակաբույսերի, անտառային արժեքավոր ծառատեսակների և դեկորատիվ բույսերի կենսատեխնոլոգիական եղանակներով բազմացման հետազոտությունների իրականացումը.

գ) պտղատու տեսակների բազմացման կենսատեխնոլոգիական հետազոտությունների իրականացումը.

դ) գյուղատնտեսական մշակաբույսերի ժառանգական հատկանիշների ուսումնասիրությունների կենսատեխնոլոգիական հետազոտությունների իրականացումը.

ե) ագրարային ոլորտում առկա ժամանակակից կենսատեխնոլոգիական մեթոդների կատարելագործումը:

3. Թույլատրել «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) գյուղատնտեսության բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպում,

բ) գիտահետազոտական աշխատանքների իրականացման արդյունքում ստացված գյուղատնտեսական մթերքների իրացում` լիազոր մարմնի համաձայնությամբ:

(3-րդ կետը խմբ. 19.11.09 N 1422-Ն)

4. Սահմանել, որ`

ա) «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է պետական սեփականություն հանդիսացող 1,041 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, այդ թվում` պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.

բ) «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շենքերը, շինությունները, այդ թվում` պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացվում են անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա.

գ) «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, գիտափորձնական նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում է 20,0 հեկտար վարելահող Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքի վարչական տարածքից:

5. «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սեփականության իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 27
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.11.2009, N 1422-Ն 24.12.2009, N 562-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան