Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (26.12.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Принят
Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ)
Дата принятия
12.10.2005
Дата подписания
12.10.2005
Дата вступления в силу
26.12.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցությունում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական եվ կազմակերպական պայմանների ստեղծման մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցությունում լիզինգային գործունեության ակտիվացման խնդիրների կարևորությունից, որը հանդիսանում է ԱՊՀ անդամ պետությունների տնտեսության արտադրական հիմքի տեխնոլոգիական վերազինման ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը,

ղեկավարվելով 2003 թվականի սեպտեմբերի 19-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի որոշմամբ հաստատված` 2003-2010 թվականներին տնտեսական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության զարգացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված կարևորագույն միջոցառումների իրականացման Ծրագրով,

ցանկանալով աջակցել ԱՊՀ մասնակից պետություններում տեխնիկայի և սարքավորումների փոխշահավետ լիզինգի համար արդյունավետ, հավասար և միջազգային լիզինգի համաշխարհային փորձին համապատասխանող իրավական, տնտեսական և կազմակերպական պայմանների ստեղծմանը, ինչպես նաև Անկախ Պետությունների Համագործակցությունում միջպետական լիզինգի սուբյեկտների իրավունքների և շահերի պաշտպանության գործուն մեխանիզմի ձևավորմանը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Բ ա ժ ի ն  1

 

Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1. Հիմնական հասկացությունները

 

Սույն Համաձայնագրում ստորև բերված հասկացությունները օգտագործվում են հետևյալ նշանակությամբ.

լիզինգ - լիզինգի պայմանագրի իրագործման, այդ թվում` լիզինգի առարկայի ձեռքբերման կապակցությամբ առաջացող տնտեսական և իրավական հարաբերությունների ամբողջություն.

լիզինգի պայմանագիր - պայմանագիր, որի համաձայն լիզինգատուն պարտավորվում է վարձավճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել գույք, որն ինքը ձեռք է բերել ի սեփականություն առքուվաճառքի պայմանագրով վաճառողից (մատակարարից)` լիզինգառուի ընտրությամբ` շահույթ, եկամուտ կամ այլ օգտակար արդյունք ստանալու նպատակով: Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի (մատակարարի) և ձեռք բերվող գույքի ընտրությունը իրականացվում է լիզինգատուի կողմից.

լիզինգի առարկան (օբյեկտը) - ցանկացած շարժական և անշարժ գույք, որը, ըստ սահմանված դասակարգման, վերաբերում է հիմնական միջոցներին (ֆոնդերին), բացի շուկաներում շրջանառության համար ազգային օրենսդրությամբ արգելվածներից, կամ նրանց, որոնց համար սահմանված է շրջանառության հատուկ կարգ (բացառելով անձնական, ընտանեկան և կենցաղային կարիքների համար օգտագործվող գույքը), կամ` ոչ նյութական ակտիվների առանձին խմբերին` Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան.

լիզինգային գործունեություն - ձեռնարկատիրական գործունեության տեսակ` կապված սեփական միջոցների և/կամ լիզինգատուի ներգրաված միջոցների (ներդրումների) ներդրման հետ` գույքի ձեռքբերման և այն լիզինգով տրամադրման համար.

լիզինգատու - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը լիզինգային գործունեության իրականացման ընթացքում որպես սեփականություն ձեռք է բերում գույք և, որպես լիզինգի առարկա, այն ժամանակավոր տիրապետման և օգտագործման է տրամադրում լիզինգառուին որոշակի վարձավճարով, որոշակի ժամկետով և լիզինգի պայմանագրով որոշված պայմաններով` լիզինգի պայմանագրի ավարտից հետո լիզինգի առարկայի նկատմամբ լիզինգառուին սեփականության իրավունքի փոխանցմամբ կամ առանց փոխանցման.

լիզինգառու - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը պարտավոր է ժամանակավոր տիրապետման և օգտագործման ընդունել լիզինգի առարկան որոշակի վարձավճարով, որոշակի ժամկետով և լիզինգի պայմանագրով որոշված պայմաններով` ձեռնարկատիրական նպատակներով կամ այլ օգտակար արդյունքի ստացման համար.

վաճառող (մատակարար) - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը, լիզինգատուի հետ առուվաճառքի պայմանագրի պայմաններին համապատասխան, լիզինգատուին պայմանավորված ժամկետում վաճառում է լիզինգի առարկա հանդիսացող գույքը: Վաճառողը պարտավոր է լիզինգի առարկան լիզինգատուին կամ լիզինգառուին փոխանցել առուվաճառքի պայմանագրի պայմաններին համապատասխան: Վաճառողը կարող է միաժամանակ հանդես գալ որպես լիզինգառու մեկ լիզինգային իրավահարաբերության շրջանակներում.

միջազգային լիզինգ - լիզինգի տեսակ, որը կապված է լիզինգի պայմանագրի կատարման հետ, որում լիզինգատուն և լիզինգառուն հանդիսանում են տարբեր պետությունների տնտեսվարման գործունեության սուբյեկտներ.

միջպետական լիզինգ - միջազգային լիզինգի տարատեսակ, որում լիզինգատուն և լիզինգառուն հանդիսանում են սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսվարման գործունեության սուբյեկտներ.

ֆինանսական լիզինգ - լիզինգի տեսակ, որը կապված է մեկ տարուց ոչ պակաս ժամկետով լիզինգի պայմանագրի կատարման հետ, որում լիզինգային վճարների կազմում ամորտիզացիոն վճարումների (պայմանագրում սահմանված երկրի կանոններով) միջոցով լիզինգառուին փոխհատուցվում է լիզինգի առարկայի արժեքը դրա սկզբնական (վերականգնողական) արժեքի ոչ պակաս 75%-ի չափով` անկախ այն բանից` գործարքը կավարտվի լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի գնումով, թե լիզինգատուին դրա վերադարձմամբ.

գործառնական (օպերատիվ) լիզինգ1 - լիզինգի տեսակ, որը կապված է լիզինգի պայմանագրի կատարման հետ, որի դեպքում լիզինգի պայմանագրի ընթացքում լիզինգային վճարները լիզինգատուին լիզինգի առարկայի արժեքի ամորտիզացիոն վճարումների միջոցով ապահովում են փոխհատուցում սկզբնական (վերականգնողական) արժեքի ոչ պակաս 40%-ի չափով: Լիզինգի պայմանագրի ավարտից հետո լիզինգառուն լիզինգատուին է վերադարձնում լիզինգի առարկան, որի արդյունքում այն կարող է լիզինգով տրամադրվել բազմակի անգամ: Օպերատիվ լիզինգի պայմանագրի ժամկետի ավարտից հետո այն կարող է շարունակվել, կամ լիզինգի առարկան ենթակա է վերադարձման լիզինգատուին և լիզինգի պայմանագրով կարող է լիզինգատուի կողմից կրկին տրամադրվել օգտագործման այլ լիզինգառուի.

ենթալիզինգ - լիզինգի պայմանագրի տեսակ, որի ժամանակ լիզինգառուն, ենթալիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան, վարձավճարով և ժամկետով երրորդ անձի (ըստ ենթալիզինգի պայմանագրի` ենթալիզինգառուի) տիրապետմանը և օգտագործմանն է փոխանցում գույքը, որը նախկինում ստացել է լիզինգատուից, ըստ լիզինգի պայմանագրի, և հանդիսանում է լիզինգի առարկա: Գույքը ենթալիզինգի հանձնելու դեպքում վաճառողին պահանջի ներկայացման իրավունքը, ըստ ենթալիզինգի պայմանագրի, անցնում է ենթալիզինգառուին: Լիզինգի առարկան ենթալիզինգի փոխանցելու դեպքում պարտադիր է հանդիսանում լիզինգատուի գրավոր համաձայնությունը.

վերադարձելի լիզինգ - լիզինգի տեսակ, որի դեպքում լիզինգի առարկայի վաճառողը (մատակարարը) միաժամանակ հանդես է գալիս որպես լիզինգառու լիզինգային մեկ իրավահարաբերության շրջանակներում:

Ազգային օրենսդրությանը համապատասխան` կարող են կիրառվել վերոնշյալներից որոշները և/կամ սույն Համաձայնագրով չնախատեսված լիզինգի այլ տարատեսակներ:

 

_______________

1 Օգտագործվում է ԱՊՀ այն մասնակից պետություններում, որտեղ օրենսդրությամբ նախատեսած է լիզինգի այդ տեսակը:

 

Հոդված 2. Կիրառման ոլորտը

 

Սույն Համաձայնագրով սահմանվող պայմանները, նորմերը և կանոնները գործում են դրա մասնակից հանդիսացող պետությունների համար և կիրառվում են միջպետական լիզինգի պայմանագրերի իրականացման դեպքում:

Սույն Համաձայնագրի դրույթները օգտագործվում են` անկախ նրանից` լիզինգի պայմանագրում (կոնտրակտում) նախատեսված է լիզինգառուի իրավունքը` գնել լիզինգային գույքը լիզինգի պայմանագրի ժամկետի ավարտից հետո, թե ոչ, ինչպես նաև` նախատեսված են արդյոք լիզինգի առարկան որպես հիմնական միջոց ներառելու կամ ամրագրելու փաստը և/կամ պայմանագրի այլ առանձնահատկությունները:

 

Հոդված 3. Գործողության սկզբունքը

 

Սույն Համաձայնագիրը հետադարձ ուժ չունի, իսկ դրա պայմանները, նորմերը և կանոնները տարածվում են սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածին համապատասխան կնքված լիզինգի պայմանագրերի վրա` ձևակերպված սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:

Դրա հետ մեկտեղ` մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը ձևակերպված լիզինգի պայմանագրերի սուբյեկտները (կողմերը) իրավունք ունեն կամավոր կիրառելու սույն Համաձայնագրով սահմանված պայմանները, նորմերը և կանոնները` նշված լիզինգի պայմանագրերի գործողության ոլորտում վերոնշյալ լիզինգի պայմանագրերի սուբյեկտների (կողմերի) որոշումների հիման վրա:

Սույն Համաձայնագրի գործողության ժամկետում ձևակերպված լիզինգի պայմանագրերի նկատմամբ դրա պայմանները, նորմերը և կանոնները մնում են ուժի մեջ մինչև տվյալ լիզինգի պայմանագրերի ամբողջ ծավալով կատարումը:

 

Բ ա ժ ի ն  2

 

Իրավական պայմանները

 

Հոդված 4. Օրինաստեղծ գործունեությունը և լիզինգը

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերը իրենց ազգային օրենսդրության շրջանակներում կնախատեսեն իրավական, ֆինանսական և կազմակերպական բարենպաստ պայմաններ միջպետական լիզինգի` որպես տնտեսական աճի ապահովման մեխանիզմի զարգացման և լայնորեն կիրառման համար:

 

Հոդված 5. Ազգային օրենսդրությունը և միջպետական լիզինգի իրավական հիմքերը

 

Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` Կողմերը միջոցներ կձեռնարկեն գործող նորմատիվ իրավական ակտերի ներդաշնակեցման և միասնականացման համար`

պայմանագրերով սահմանված ժամկետներում լիզինգային վճարումների երաշխավորված կատարման մասով.

լիզինգի միջպետական պայմանագրերի կատարման հետ կապված ծախսերի ընդունման (որոշման) միասնական կանոնների մասով` հաշվի առնելով հաշվապահական հաշվառման, հարկման և մաքսային ձևակերպումների կանոնները.

Կողմերի ապահովագրական ընկերությունների մասնակցությամբ միջպետական լիզինգով արտահանման կոնտրակտների և/կամ վարկերի երաշխավորման և ապահովագրման համալիր համակարգի ստեղծման մասով.

պարտավորությունների ապահովման (գրավ, երաշխավորագիր, բանկային և/կամ պետական երաշխիքներ) և/կամ միջպետական լիզինգի գործարքի այլ ապահովման պայմանների սահմանման մասով, այդ թվում` Կողմերի կողմից դատական գործընթացի պարզեցված կարգի ընդունման պարտադրության միջոցով` հրամանային վարույթի և/կամ լիզինգի պայմանագրի և գրավի պայմանագրի վրա կատարողական մակագրության կարգով, ինչպես նաև լիզինգի առարկաների պահանջանքը.

լիզինգի պայմանագրերի կնքման և լուծման ընթացակարգերի մասով.

լիզինգի առարկաների ամորտիզացման հասկացության հետ կապված լիզինգային գործառնության հատկանիշների սահմանման մասով.

միջպետական լիզինգի գործարքներով ուղղակի և/կամ անուղղակի հարկերի և ոչ հարկային վճարումների գանձման ժամանակ կրկնակի հարկման տարրերի վերացման մասով.

լիզինգառուի մասնակցության օպտիմալ չափի սահմանման մասով` այն լիզինգի առարկայի առուվաճառքի պայմանագրի ֆինանսավորման գործընթացում, որը ձեռք է բերվում լիզինգի պայմանագրի իրականացման կապակցությամբ (լիզինգի առարկայի պայմանագրային (կոնտրակտային) արժեքի 30%-ից ոչ ավելի)` լիզինգային գործունեության ներդրումային բնույթին համապատասխանությունն ապահովելու համար (ինչպես գործարքի կնքման պահին, այնպես էլ պայմանագրի հետագա կատարման ժամանակ).

այն բանի ընդունման մասով, որ լիզինգառուի մասնակցությունը լիզինգի պայմանագրի իրականացման հետ կապված ձեռք բերվող լիզինգի առարկայի առուվաճառքի պայմանագրի ֆինանսավորմանը չի հանդիսանում պարտադիր և սահմանվում է միջպետական լիզինգի պայմանագրի սուբյեկտների համաձայնությամբ.

տրանսպորտային միջոցները պարզեցված ընթացակարգով գտնվելու երկրում գրանցելու (նշելով լիարժեք սեփականատիրոջը), ինչպես նաև լիզինգի պայմանագրի ավարտից հետո գնման դեպքում դրանց վերագրանցման համաձայնեցված կանոնների մասով.

լիզինգի առարկայի մաքսային արժեքի որոշման կանոնների, մաքսային ռեժիմների սահմանման և փոփոխման մասով:

 

Հոդված 6. Մոդելային օրինաստեղծ գործունեություն

 

Լիզինգի առարկաների` փոխշահավետ լիզինգի արդյունավետ, հավասար և միջազգային փորձին համապատասխանող իրավական, տնտեսական և կազմակերպական պայմաններ ստեղծելու, լիզինգի սուբյեկտների իրավունքների և շահերի պաշտպանության գործուն մեխանիզմ ձևավորելու համար Կողմերը կօգտագործեն «Լիզինգի մասին» մոդելային օրենքի նորմերը լիզինգային գործունեության բնագավառում ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնելիս և միասնականացնելիս` սույն Համաձայնագրին համապատասխան:

 

Բ ա ժ ի ն  3

 

Տնտեսական եվ կազմակերպական պայմաններ

 

Հոդված 7. Միջպետական լիզինգի գործառնությունների երաշխիքներ

 

Կողմերը իրենց տարածքներում միջպետական լիզինգային գործունեության սուբյեկտներին երաշխավորում են իրավական պաշտպանություն, որը ապահովվում է իրենց ազգային օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և սույն Համաձայնագրով:

Կողմերը, ազգային օրենսդրությանը համապատասխան, ապահովում են միջպետական լիզինգի առարկաների գույքային անձեռնմխելիությունը, ինչպես նաև միջպետական լիզինգի զարգացման նպատակով կխրախուսեն առևտրային կառույցների, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցների համախմբումը:

 

Հոդված 8. Տնտեսական պայմանների, հարկման կարգի և մաքսային ձևակերպումների օպտիմալացում

 

Կողմերը, հաշվի առնելով ազգային օրենսդրությունը, կձգտեն ստեղծել լիզինգի իրականացման համար առավել բարենպաստ տնտեսական պայմաններ և, մասնավորապես.

կիրառել լիզինգի առարկայի արագացված ամորտիզացիայի մեխանիզմը.

հաշվանցել լիզինգային վճարները լիզինգառուի ծախսերին.

սահմանել լիզինգի ծառայության իրականացման վայր.

սահմանել լիզինգի առարկայի մաքսային արժեքը առավելագույն հնարավորին չափով` լիզինգի պայմանագրով նրա արժեքի (լիզինգի առարկայի պայմանագրային արժեքի) հիման վրա.

կատարել մաքսային վճարների միանգամյա գանձում ժամանակավոր ներմուծման մաքսային ռեժիմը ավարտելիս` բաց թողնելով լիզինգի առարկան ազատ շրջանառության համար.

սահմանել միջպետական լիզինգի պայմանագրի առարկայի համար ժամանակավոր ներմուծման առավելագույն ժամկետ` 34 ամսից ոչ պակաս:

 

Հոդված 9. Միջպետական լիզինգի ենթակառուցվածքը

 

Կողմերը կաջակցեն միջպետական լիզինգի զարգացմանը, կապահովեն նրա արդյունավետ ենթակառուցվածքի ձևավորումը ինքնաֆինանսավորման սկզբունքներով:

 

Հոդված 10. Տեղեկատվական աջակցություն

 

Կողմերը մտադիր են աջակցել Անկախ Պետությունների Համագործակցությունում լիզինգային գործունեության վիճակագրական դիտարկումներին համաձայնեցված չափանիշներով և այդ տեղեկատվության ազատ փոխանակմանը տնտեսվարման գործունեության սուբյեկտների, այլ շահագրգիռ կազմակերպությունների միջև՝ կիրառելով ժամանակակից էլեկտրոնային տեխնոլոգիաները:

 

Բ ա ժ ի ն  4

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հոդված 11. Սույն Համաձայնագրի իրականացման համար պայմանների ստեղծում

 

Կողմերը կձեռնարկեն սույն Համաձայնագրի իրականացմանն ուղղված միջոցներ. ներառյալ համապատասխան օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախապատրաստումը և ընդունումը:

 

Հոդված 12. Սույն Համաձայնագիրը և այլ միջազգային պայմանագրերը

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են նրանց կողմից կնքված այլ միջազգային պայմանագրերից:

 

Հոդված 13. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցագիրը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հոդված 14. Սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժան մասը հանդիսացող համապատասխան արձանագրությամբ:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

Հոդված 15. Վեճերի լուծումը

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ առաջացող վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով վիճելի հարցերը կարգավորելու անհնարինության դեպքում Կողմերը փոխադարձ համաձայնությամբ դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական դատարանին կամ Կողմերի կողմից համաձայնեցված այլ դատական մարմնի:

 

Հոդված 16. Սույն Համաձայնագրի գործողության ժամկետը

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամանակաշրջաններով, եթե Կողմերը այլ որոշում չեն ընդունում:

 

Հոդված 17. Սույն Համաձայնագրից դուրս գալու կարգը

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից ոչ ուշ, քան դուրս գալուց 6 ամիս առաջ այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցագիր ուղարկելով, ինչպես նաև կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ժամանակ ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները:

 

Հոդված 18. Սույն Համաձայնագրին միանալու կարգը

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները ընդունող Անկախ Պետությունների Համագործակցության յուրաքանչյուր մասնակից պետության միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով, իսկ երրորդ պետությունների միանալու համար`ավանդապահին նման միանալուն համաձայնելու մասին Կողմերի վերջին ծանուցման պահից:

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2005 թվականի հոկտեմբերի 12-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության (վերապահումով), Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուկրաինայի (վերապահումով) կառավարությունների կողմից:

 

Բելառուսի Հանրապետության վերապահումը

 

Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհրդի 25-րդ նիստի օրակարգի 1-ին կետի վերաբերյալ

 

12-ը հոկտեմբերի 2005 թ.

Ք. Մոսկվա

 

«Անկախ Պետությունների Համագործակցությունում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կազմակերպական պայմանների ստեղծման մասին Համաձայնագրի վերաբերյալ»

 

«Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում ֆիզիկական անձ լիզինգատուի և լիզինգառուի հասկացությունները Բելառուսի Հանրապետության համար գործում են ազգային օրենսդրությանը համապատասխան»:

 

Բելառուսի Հանրապետության

վարչապետի տեղակալ`

Ա. Կոբյակով

 

Ուկրաինայի վերապահումը

 

ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստի օրակարգի 1-ին կետի վերաբերյալ

 

Անկախ Պետությունների Համագործակցությունում լիզինգային գործունեության ընդլայնման համար բարենպաստ իրավական, տնտեսական և կազմակերպական պայմանների ստեղծման մասին Համաձայնագրի վերաբերյալ

 

12-ը հոկտեմբերի 2005 թ.

 

1. «Բացառությամբ 6-րդ հոդվածի».

2. «Ուկրաինան կկատարի 2-րդ բաժնի դրույթները ազգային օրենսդրությանը համապատասխան»:

 

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի տեղակալ, պատվիրակության ղեկավար`

Ա. Բերեզնիյ

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 26.12.06, Հայաստանի Հանրապետության համար` 26.12.06, Տաջիկստանի Հանրապետության համար` 26.12.06: