ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
1 դեկտեմբերի 2009 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 16.11.2009թ. մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. հունիսի 21-ին Երևանում` Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման նպատակով:
2. Համաձայնագրով սահմանված է, որ կողմերը պարտավորվում են դեսպանության շենքի կառուցման համար միմյանց տրամադրել 0,7 հա հողատարածք Երևանում և Աբու-Դաբիում:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
ա) կատարել անհրաժեշտ բոլոր ծախսերն իր դեսպանության շենքի կառուցման համար տրամադրված հողատարածքի վրա,
բ) հողատարածքի վրա շինությունների կառուցման, ընդարձակման և վերակառուցման աշխատանքներն իրականացնել ԱՄԷ օրենսդրության համաձայն և իրավասու մարմնի թույլտվությամբ,
գ) աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ներմուծման ժամանակ չգանձել մաքսային տուրքեր և որպես ընդունող երկիր կարգավորել այդ աշխատանքներին մասնակցող անձնակազմին արտոնագիր տրամադրելու հետ կապված հարցերը,
դ) կառուցման աշխատանքների ավարտից հետո աջակցել մյուս կողմին կառուցված շինությունների սեփականության իրավունքի պետական գրանցման հարցում,
ե) համաձայնագրում նշված հողատարածքը և կառուցման ենթակա շինությունները չվաճառել, վարձակալությամբ չտալ կամ չփոխանցել` առանց մյուս կողմի թույլտվության, և դրանք օգտագործել բացառապես դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների համար, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի կեցության համար:
4. Համաձայնագրում ամրագրված է նաև համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հունիսի 21-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող 1 դեկտեմբերի 2009 թ. ՍԴՈ-842
Գ. Հարությունյան