Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-840
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1373
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
01.12.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
01.12.2009
Дата вступления в силу
01.12.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

1 դեկտեմբերի 2009 թ.

 

 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ (ՆԱՏՕ) ՀԵՏ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱՄԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՄԲ ԿՆՔՎՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Մ. Թոփուզյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին ուղղված` Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 23.11.2009թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Խնդրո առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի հոկտեմբերի 19-ի` ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի նամակի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված պատասխան նամակի փոխանակման միջոցով:

Համաձայնագրի նպատակն է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված իրավական հարցերի կարգավորումը:

2. Համաձայնագրի վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ Աֆղանստանի վերականգնման ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2001թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1386 բանաձևի համաձայն ստեղծվել են Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժեր: Վերջիններիս առաքելության հիմնական նպատակն է աջակցել Աֆղանստանի ժամանակավոր վարչակազմին անվտանգության պահպանման գործում:

Նշված ուժերի գործունեության ժամկետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետագա բանաձևերով քանիցս երկարաձգվել է, իսկ վերջին` 2009թ. հոկտեմբերի 8-ի թիվ 1890 բանաձևով` ևս մեկ տարով: Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի ղեկավարությունն ստանձնել է ՆԱՏՕ-ն: Ներկայումս նշված ուժերի թվաքանակը կազմում է 50 000, որում ընդգրկված են 42 պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 28 պետությունները:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները 2004 թվականից ի վեր մասնակցել են Իրաքում և Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:

3. Համաձայնագրից բխում է, որ նախնական քննարկումների արդյունքում համաձայնություն է կայացվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 35-40 զինծառայողից բաղկացած ստորաբաժանումն ընդգրկել Աֆղանստանի Կունդուզ նահանգի` Գերմանիայի հրամանատարության ներքո գտնվող Նահանգային վերականգնողական խմբում: Աֆղանստանի տարածքում հերթափոխի ժամանակ հայկական զորախմբի առավելագույն թվաքանակը կարող է հասնել 80 զինծառայողի: Հայկական զորախմբի գլխավոր առաքելությունը պետք է լինի Աֆղանստանի Կունդուզ քաղաքի օդանավակայանի թռիչքադաշտի, շինությունների պահպանությունը:

Հայկական զորախումբն իր առաքելությունն սկսելու է իրականացնել 2010թ. առաջին եռամսյակից` մեկ տարի ժամկետով, փոխադարձ համաձայնությամբ մասնակցության հետագա երկարաձգման հնարավորությամբ:

Հայկական կողմը պարտավորվում է իր զորախումբը դուրս չհանել առանց աջակցման ուժերի հրամանատարին նախապես` առնվազն երեք ամիս առաջ ծանուցելու, եթե այլ համաձայնություն ձեռք չբերվի:

Հայկական զորախմբի հրամանատարությունը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ անձնակազմի կողմից պատշաճ կարգապահության պահպանումն ապահովելու համար և քննության առարկա դարձնել զինծառայողների կողմից իրավախախտման յուրաքանչյուր դեպք:

Համաձայնագիրը սահմանում է հայկական զորախմբի և աջակցման ուժերի հրամանատարության միջև փոխհամագործակցության կարգը և պայմանները:

Ազգային զորախմբերը կօգտագործվեն դրանց կարողություններին ներդաշնակ` հաշվի առնելով զորախմբի հրամանատարի խորհուրդը:

Հայկական կողմը համաձայնում է ղեկավարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերում և ՆԱՏՕ-ի գործողությունների պլանավորման փաստաթղթերում ամրագրված սկզբունքներով:

 Համաձայնագիրն արձանագրում է, որ ՆԱՏՕ-ի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների միջև գաղտնի տեղեկատվության փոխանակումը կիրականացվի բոլոր մասնակից պետությունների կողմից գործադրվելիք անվտանգության համապատասխան միջոցառումների համաձայն:

Համաձայնագրից բխում է նաև, որ համապատասխան զինված ուժեր տրամադրող պետությունները քաղաքական բնույթի հարցերի պարագայում կարող են դիմել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին:

Ըստ համաձայնագրի` դրանում չհիշատակված ցանկացած այլ խնդիր մնում է Հայաստանի Հանրապետության պատասխանատվության ներքո և չի ենթադրում որևէ ֆինանսական պարտավորություն ՆԱՏՕ-ի և աջակցման ուժերի ազգային բաղադրիչներից որևէ մեկի կողմից: Այլ խոսքով` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կատարել համաձայնագրով չնախատեսված, սակայն դրա գործողության ընթացքում առաջացած ծախսերի ֆինանսավորումը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ներպետական բոլոր ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության կողմից ավարտելու մասին ծանուցումը ՆԱՏՕ-ի կողմից ստանալու օրվանից:

4. Միջազգային անվտանգության ապահովման արդի համակարգում բոլոր պետությունների անվտանգության խնդիրները փոխկապակցված են, և Հայաստանի Հանրապետությունը ևս պարտավոր է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակներում իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված առաքելություններին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


1 դեկտեմբերի 2009 թ.

 ՍԴՈ-840