Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (06.07.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
25.04.2006
Дата подписания
25.04.2006
Дата вступления в силу
06.07.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Վրաստանի Կառավարության միջեվ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Վրաստանի Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով աջակցել տնտեսական և առևտրային կապերի զարգացմանը, ինչպես նաև իրենց երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման համար պայմանների դյուրացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Ոլորտը

 

1. Պայմանավորվող կողմերը համաձայնեցին, սույն Համաձայնագրի հիման վրա և իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան, նպաստել ավտոմոբիլային հաղորդակցության բնագավառում համագործակցությանը, իրենց երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ պետություններ կամ երրորդ պետություններից ուղևորների և բեռների` երկկողմ և տարանցիկ ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացմանը` այդ նպատակների համար սահմանելով նշված փոխադրումների իրականացման կարգը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված փոխադրումներն իրականացվում են միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության համար նախատեսված ճանապարհներով` Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով (այդ թվում` թեթև մարդատար ավտոտրանսպորտային միջոցներով):

3. Սույն Համաձայնագիրը չի շոշափում Պայմանավորվող կողմերի` այլ միջազգային համաձայնագրերից բխող իրավունքներն ու պարտականությունները:

 

Հոդված 2

 

Սահմանումներ

 

1. «Փոխադրող»` Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը, իր երկրի ազգային օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է ուղևորների, բեռների կամ այլ փոխադրումներ վարձատրության դիմաց կամ վարձակալությամբ կամ` անկախ փոխադրումներ:

2. «Տրանսպորտային միջոց»` ավտոտրանսպորտային միջոց, որը.

ա) առանձին միավոր կամ տրանսպորտային միջոցների համակցություն է,

բ) նախատեսված է ուղևորների (նախագծված և նախատեսված է ավելի քան 9 ուղևորների, այդ թվում` վարորդը, փոխադրման համար` ավտոբուս) և բեռների փոխադրման համար և, սեփականության, վարձակալության կամ լիզինգային պայմանագրի համաձայն, գտնվում է փոխադրողի տիրապետման ներքո,

գ) թեթև մարդատար ավտոմեքենա է:

3. «Կցորդ»` անշարժ տրանսպորտային միջոց, որը նախատեսված է տրանսպորտային միջոցի հետ միասին տեղաշարժվելու համար:

4. «Կիսակցորդ»` ավտոտրանսպորտային միջոցին այնպիսի ձևով ամրացված կցորդ, երբ դրա դիմացի մասը հենվում է ավտոտրանսպորտային միջոցի վրա, և դրա վրա գտնվող բեռի մի մասը ընկնում է ավտոտրանսպորտային միջոցի վրա:

5. «Գրանցում»` ազգային օրենսդրության համաձայն` որոշակի համապատասխան իրավասու մարմինների կողմից անհատականացման համարի հատկացում տրանսպորտային միջոցին: Տրանսպորտային միջոցների համակցության դեպքում ավտոտրանսպորտային միջոցը գերակայող գործոն է հանդիսանում թույլտվություն տալու կամ դրանից ազատելու համար:

6. «Թույլտվություն»` որոշակի ժամկետով տրված հատուկ փաստաթուղթ, որը փոխադրողին իրավունք է տալիս Պայմանավորվող կողմի տարածքում իրականացնելու ուղևորափոխադրումներ (մուտք, ելք և/կամ տարանցում):

7. «Ընդունող երկիր»` Պայմանավորվող կողմի պետական տարածք, որում գործունեություն է իրականացնում այն տրանսպորտային միջոցը, որն այնտեղ չունի համապատասխան փոխադրող և հիմնադրված չէ այդ տարածքում:

8. «Ավտոմոբիլային փոխադրումներ»` ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցով (կցորդով կամ կիսակցորդով) իրականացվող` ուղևորների կամ բեռների փոխադրումներ:

9. «Հիմնադիր երկիր»` Պայմանավորվող կողմի պետական տարածք, որում հիմնադրվել է փոխադրողը և գրանցված է տրանսպորտային միջոցը:

10. «Տարանցում»` Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում հիմնադրված փոխադրողի կողմից իրականացվող բեռների (առանց բեռնման և բեռնաթափման) և ուղևորների (առանց նստեցման և իջեցման) փոխադրում մյուս Պայմանավորվող կողմի տարածքով դեպի երրորդ երկիր կամ հետ:

11. «Կանոնավոր ուղևորափոխադրումներ»` ուղևորների փոխադրումներ, որոնք իրականացվում են որոշակի հաճախականությամբ և նախապես սահմանված երթուղով, որում նշված են նաև ուղևորների նստեցման և իջեցման կանգառները, ավտոբուսների երթևեկության ժամանակացույցով` ըստ երթուղիների և սակագների:

12. «Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»` ուղևորների փոխադրումներ, որոնց դեպքում դրանց իրականացման պայմանները յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանվում են պատվիրատուի և փոխադրողի միջև համաձայնեցմամբ:

13. «Կաբոտաժ»` փոխադրումներ, որոնք իրականացվում են Պայմանավորվող կողմերից մեկի տարածքի երկու կետերի միջև մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գրանցված փոխադրողի կողմից:

14. «Իրավասու մարմին»`

Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն,

Վրաստանի համար` Վրաստանի տնտեսական զարգացման նախարարություն, Վրաստանի ավտոմոբիլային տրանսպորտի վարչակազմ կամ դրանց իրավահաջորդ գերատեսչություն,

կամ` երկուսի համար` անձ կամ մարմին, որը լիազորված է վերոնշյալ իրավասու մարմինների կողմից իրականացնելու սույն Համաձայնագրի իրագործմանն ուղղված գործառույթներ:

 

Հոդված 3

 

Կանոնավոր ուղևորափոխադրումներ

 

1. Կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են թույլտվությունների հիման վրա:

2. Թույլտվություններ չեն պահանջվում մի Պայմանավորվող կողմի փոխադրողի կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքով տարանցումով իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումների համար:

3. Կանոնավոր ավտոբուսային փոխադրումների համար թույլտվությունները տրվում են Պայմանավորվող կողմի փոխադրողի` նրա գրանցման երկրի իրավասու մարմնին ուղղված հայտի հիման վրա, որին պետք է կցվեն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև հետևյալ փաստաթղթերը.

ա) կանոնավոր երթուղու գծագիրը,

բ) կանոնավոր երթուղով ավտոբուսի/ավտոբուսների երթևեկության ժամանակացույցը, որում պետք է նշվեն.

բ.ա) սկզբնական, միջանկյալ և վերջնական կանգառները, ինչպես նաև ավտոբուսի/ավտոբուսների երթուղում գտնվող պետությունների սահմաններում ավտոմոբիլային անցակետերը,

բ.բ) կանգառներում և պետությունների սահմանների ավտոմոբիլային անցակետերում ավտոբուսի/ավտոբուսների ժամանման, կանգառի և մեկնման ժամկետները,

բ.գ) կանոնավոր երթուղու սկզբնական և վերջնական կետերի հեռավորությունը ուղիղ հաղորդակցությամբ և յուրաքանչյուր կանգառի կետերի միջև,

բ.դ) փոխադրողի կողմից իրականացվող երթերի պարբերականությունը և հաճախականությունը,

բ.ե) ուղևորների փոխադրման սակագները փոխադրողների գրանցման պետությունների ազգային տարադրամով:

4. Հայտը բավարարելու դեպքում Պայմանավորվող կողմերից մեկի իրավասու մարմինը 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին ընդունված որոշման մասին:

5. Թույլտվություն ստանալու հայտը կարող է մերժվել 10-օրյա ժամկետում` Պայմանավորվող կողմերի ներպետական օրենսդրության պահանջների համաձայն կամ նախկինում ճանապարհային անվտանգության օրենսդրությունը խախտելու դեպքում:

6. Ծառայության պահանջարկի բացակայության կամ անբավարարության դեպքում փոխադրողը պետք է իր երկրի իրավասու մարմնին գրավոր տեղեկացնի գործունեությունը դադարեցնելու մասին գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս առաջ:

7. Փոխադրումն իրականացնելուց հրաժարված փոխադրողի գրանցման երկրի իրավասու մարմինը մեկ ամսվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին մյուս Պայմանավորվող կողմի իրավասու մարմնին:

8. Տրանսպորտային թույլտվությունը հանդիսանում է անհատական, և դրա փոխանցումը այլ տրանսպորտային փոխադրողի կամ երրորդ կողմի արգելվում է:

 

Հոդված 4

 

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ

 

1. Սույն Համաձայնագրի հիման վրա ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար թույլտվություն չի պահանջվում:
Թույլտվություն չի պահանջվում նաև.

ա) անսարք ավտոբուսի փոխարինման համար,

բ) խափանված տրանսպորտային միջոցների փոխարինման նպատակով մյուս երկիր ուղևորվող տրանսպորտային միջոցի դատարկ վազքի համար, ինչպես նաև նորոգումից հետո հետ վերադարձող տրանսպորտային միջոցների դատարկ վազքի համար,

գ) այն տրանսպորտային միջոցների (նոր կամ գործածված) առաջին վազքի համար, որոնք ունեն ցանկացած երկրի համապատասխան գերատեսչությունների կողմից տրված արտահանման գրանցման համարանիշներ, և եթե դրանք շարժվում են դեպի Պայմանավորվող կողմերից մեկի տարածք, որտեղ պետք է կատարվի տվյալ տրանսպորտային միջոցի գրանցումը,

դ) փրկարարական կամ վերականգնման աշխատանքների համար նախատեսված տրանսպորտային միջոցների համար:

2. Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայության դեպքում:

3. Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ընթացքում արգելվում է ուղևորներ (բացառությամբ հսկիչ փաստաթղթում նշված ուղևորների) նստեցնելը:

 

Հոդված 5

 

Բեռնափոխադրումներ

 

Երկկողմ և տարանցիկ, ինչպես նաև երրորդ պետություններ կամ երրորդ պետություններից բեռնափոխադրումները կատարվում են առանց թույլտվության:

 

Հոդված 6

 

Վտանգավոր բեռների փոխադրումներ

 

1. Պայմանավորվող կողմերի միջև հետևյալ բեռների փոխադրումը. զենք, զինամթերք, միջուկային, ռադիոակտիվ օբյեկտներ և տարրեր, միջուկային նյութեր, ռադիոակտիվ թափոններ, հանքանյութեր (հանածոներ), որոնցից գործնականում հնարավոր է ստանալ միջուկային նյութեր, և այն ամենը, ինչ պատրաստված է միջուկային նյութերից և ռադիոակտիվ տարրերից կամ պարունակում է դրանք որպես բաղկացուցիչ մաս, ինչպես նաև միջուկային տեխնոլոգիաների կամ նոու-հաուի փոխադրումը կամ դրանց տարանցումը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքով պահանջում է հատուկ թույլտվություն:

2. Փոխադրողը գերատեսչություններից հատուկ թույլտվությունը պետք է ստանա մյուս Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան:

3. Մարդու առողջության համար վտանգավոր կամ բուսական և կենդանական աշխարհի համար վնասակար վտանգավոր բեռների ներկրման դեպքում փոխադրողից վերցվում է բեռների ներկրման և տարանցման թույլտվությունը:

4. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված թույլտվության մեջ նշված է փոխադրման երթուղին, ապա փոխադրումն իրականացվում է այդ երթուղով:

 

Հոդված 7

 

Կաբոտաժ

 

Կաբոտաժը արգելվում է:

 

Հոդված 8

 

Գանձումներ և հարկեր

 

1. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված և սույն Համաձայնագրի համաձայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, փոխադարձության հիմունքներով ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված հարկերից կամ գանձումներից, ինչպես նաև այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հատուկ գանձումներից կամ տուրքերից, բացառությամբ`

ա) վճարովի ճանապարհների ենթակառուցվածքների օգտագործման համար կատարվող գանձումների (տուրքեր առևտրային ճանապարհների, կամուրջների և թունելների օգտագործման համար), եթե կան այլընտրանքային անվճար ճանապարհներ,

բ) այն Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված` տրանսպորտային միջոցի առավելագույն կշռի, չափերի կամ բեռնվածության գերազանցման համար կատարվող գանձումների, որի տարածքով իրականացվում է փոխադրումը:

2. Սույն Համաձայնագրի հիման վրա փոխադրումներ իրականացնելիս փոխադարձության հիմունքներով մաքսային վճարներից և հարկերից ազատվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածք ներմուծվող հետևյալ ապրանքները.

ա) տրանսպորտային միջոցն արտադրողի կողմից տեղադրված վառելանյութի ստանդարտ բաքերում գտնվող վառելանյութը,

բ) վառելիքաքսայուղային նյութերը` այն քանակով, որն անհրաժեշտ է փոխադրման ընթացքում տվյալ տրանսպորտային միջոցի շահագործման համար,

գ) այն պահեստամասերը և գործիքները, որոնք նախատեսված են տվյալ տրանսպորտային միջոցի ընթացիկ վերանորոգման համար կամ անհրաժեշտ են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող վնասված տրանսպորտային միջոցը վերանորոգելու համար:

3. Գործիքները և չօգտագործված պահեստամասերը ենթակա են հետ արտահանման Պայմանավորվող կողմի տարածքից: Փոխարինված պահեստամասերը ևս ենթակա են հետ արտահանման կամ պետք է ոչնչացվեն տվյալ Պայմանավորվող կողմի մաքսային մարմինների հսկողության ներքո:

 

Հոդված 9

 

Կշիռը և եզրաչափքերը

 

1. Տրանսպորտային միջոցի կշիռը, ներառյալ սռնու բեռնվածությունը, և եզրաչափքերը պետք է համապատասխանեն տրանսպորտային միջոցի պաշտոնապես գրանցված ցուցիչին և չպետք է գերազանցեն ընդունող Կողմի օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները:

2. Սույն Համաձայնագրի դրույթների համաձայն ավտոմոբիլային փոխադրում իրականացնելու դեպքում, երբ բեռնված կամ չբեռնված տրանսպորտային միջոցի կշիռը և/կամ եզրաչափքերը գերազանցում են ընդունող երկրում գործող սահմանափակումները, անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (հանձնարարագիր)` տրված այդ երկրի համապատասխան գերատեսչության կողմից` Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 10

 

Համապատասխանությունը ազգային օրենսդրությանը

 

1. Պայմանավորվող կողմերի տրանսպորտային փոխադրողները և նրանց վարորդական անձնակազմերը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվելու ժամանակ պարտավոր են պահպանել այն պարտավորությունները, որոնք բխում են.

ա) այն միջազգային պայմանագրերից, որոնց նրանք մասնակցում են,

բ) սույն Համաձայնագրից,

գ) ազգային օրենսդրությունից:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները նույն ձևով տարածվում են երկու Պայմանավորվող կողմերի փոխադրողների վրա` ազգային պատկանելության կամ հիմնադրման վայրի հետ կապված խտրականությունից խուսափելու նպատակով:

 

Հոդված 11

 

Խախտումներ և պատժամիջոցներ

 

Հայաստանի Հանրապետության կամ Վրաստանի պետական տարածքում հիմնադրված փոխադրողի կողմից սույն Համաձայնագրի դրույթների ցանկացած խախտման դեպքում այն Պայմանավորվող կողմը, որի տարածքում տեղի է ունեցել խախտումը, որի դեպքում չեն խախտվել ազգային օրենսդրական ընթացակարգերը, մյուս Պայմանավորվող կողմին հայտնում է կատարվածի մասին, որն էլ, համաձայն իր ազգային օրենսդրության, պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Պայմանավորվող կողմերը միմյանց կտեղեկացնեն ընդունված պատժամիջոցների մասին:

 

Հոդված 12

 

Խառը հանձնաժողով

 

1. Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինները ստեղծում են Խառը հանձնաժողով, որի նպատակն է ապահովել.

ա) սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման հետ կապված ընթացիկ հարցերի լուծումը,

բ) սույն Համաձայնագրի իրագործման արդյունքների քննարկումը և ավտոմոբիլային փոխադրումների զարգացման համար առաջարկություններ ներկայացնելը,

գ) սույն Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություններ նախապատրաստելը:

2. Խառը հանձնաժողովը հանդիպում է Պայմանավորվող կողմերից մեկի իրավասու մարմնի խնդրանքով, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ` հաջորդաբար Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում:

 

Հոդված 13

 

Փոփոխությունները

 

Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է առաջարկել սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ կամ լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրությամբ:

Արձանագրությունը կհանդիսանա սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

Հոդված 14

 

Ուժի մեջ մտնելը և գործողության ժամկետը

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցման ստացման օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:

3. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ մյուս Պայմանավորվող կողմին ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի գործողությունը դադարում է մյուս Պայմանավորվող կողմի կողմից ծանուցումը ստանալուց 6 (վեց) ամիս հետո, եթե նշված ժամկետում Կողմերի փոխադարձ համաձայնությամբ ծանուցումը հետ չի վերցվում:

4. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 1997թ. մայիսի 3-ի` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» Համաձայնագիրը և 2005թ. սեպտեմբերի 29-ի` «1997թ. մայիսի 3-ին Երևան քաղաքում ստորագրված Հայաստանի Հանրապետության Կառավարության և Վրաստանի Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» Արձանագրությունը:

 

Ի հավաստումն վերոգրյալի` պատշաճ կարգով լիազորված ներքոստորագրյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում, 2006 թվականի ապրիլի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տարընթերցման դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. հուլիսի 6-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան