Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.12.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.225
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
25.12.2009
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
25.12.2009
Дата вступления в силу
25.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0080/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0080/02/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Լ. Գրիգորյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպության) ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի և Ընկերության` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Աշոտ Հովհաննիսյանին և Ընկերությանը վերադարձնել «Մերսեդես Բենց 809 D» մակնիշի 304 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այուհետ՝ Դատարան) 30.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է պարտավորեցնել Ընկերությանը վերադարձնել Կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող «Մերսեդես-Բենց 809 D» մակնիշի 304 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15.07.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը և 29-րդ հոդվածի 4-րդ մասը, 31-րդ հոդվածի 4-րդ մասը, 53-րդ հոդվածը և 95-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը հայցադիմումը ուղարկել է Ընկերությանը 14.04.2009 թվականին, որը վերջինս ստացել է 17.04.2009 թվականին, իսկ դատական նիստը նշանակվել է քննության 22.04.2009 թվականին: Այսինքն` չի ապահովվել հայցադիմումի պատասխան ներկայացնելու 14-օրյա ժամկետը: Վերանայվող դատական ակտը նաև առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի 3-1894 (ՏԴ) և 27.03.2008 թվականի 3-54 (ՎԴ) որոշումներին:

 

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Կազմակերպության հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանը Ընկերությանը 27.03.2009 թվականին պատշաճ կարգով ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու և հայցադիմումին կից փաստաթղթերը: Այսինքն` Դատարանը պահպանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջը, և Ընկերությանը հնարավորություն է տրվել երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի վարույթ է ընդունվել 24.02.2009 թվականին (գ.թ. 1-2):

2) Դատարանի 26.03.2009 թվականի արձանագրային որոշմամբ պատասխանող է ներգրավվել Ընկերությունը (գ.թ. 41-42):

3) Ընկերության ներկայացուցիչը 08.04.2009 թվականին դիմել է Դատարան և խնդրել է ուղարկել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ինչպես նաև տվյալներ Ընկերության դատավարական կարգավիճակի մասին (գ.թ. 48):

4) Դատարանը 14.04.2009 թվականին Ընկերությանն է ուղարկել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, որը ստացվել է 17.04.2009 թվականին (գ.թ. 57-59):

5) Դատարանը գործի քննությունը նշանակել է 22.04.2009 թվականին: 22.04.2009 թվականի դատական նիստով ավարտվել է դատաքննությունը (գ.թ. 60-62):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելներով գործի առանձնահատկությունից` դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տե՛ս հայցը «Դավիթ առևտրի տուն» ՓԲԸ-ի ընդդեմ Ընկերության՝ 26.031.400 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-59(ՏԴ)):

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ հայցադիմումի վերաբերյալ պատասխան ներկայացնելը պատասխանողի դատավարական պարտականությունն է, սակայն միաժամանակ դա վերջինիս դատավարական իրավունքն է, քանի որ դատավարական այդ ինստիտուտը պատասխանողի դատավարական պաշտպանության եղանակներից մեկն է: Այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությամբ սահմանված հայցադիմումին պատասխան ներկայացնելը դիտել է որպես դատավարական կարևոր իրավունք: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ դատարանը պարտավոր է դատավարությունը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվի պատասխանողի այս իրավունքի իրականացումը:

Մինչդեռ, սույն գործի փաստերով հիմնավորվել է այն հանգամանքը, որ Դատարանն Ընկերության ներկայացուցչի դիմումի հիման վրա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկել է 14.04.2009 թվականին, որն Ընկերությունը ստացել է 17.04.2009 թվականին, իսկ Դատարանը գործը քննել և դատաքննությունը ավարտել է 22.04.2009 թվականին:

Փաստորեն, սույն քաղաքացիական գործով Դատարանը հնարավորություն չի տվել պատասխանողին օգտվելու ոչ միայն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու իր իրավունքից, այլև իր գործը և ապացույցները այնպիսի պայմաններում ներկայացնելու իրավունքից, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 15.07.2009 թվականի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2009 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան