Գլխավոր տեղեկություն
Номер
N 1371-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1388
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.11.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.12.2009
Дата вступления в силу
26.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2009 թվականի N 1371-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» 1944 թվականի Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին, 7.2-րդ և 7.3-րդ կետերով.

«7.1. Անվտանգության միջոցառումների վերահսկում` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով իրականացվող ուսումնասիրություն, որն անցկացվում է օդանավակայանների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերում:

7.2. Անվտանգության փորձարկում` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաննների, օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության համակարգերը փորձարկումների ենթարկելը (ձևական կամ ենթադրյալ անօրինական միջամտության գործողություններ):

7.3. Անվտանգության թեսթ` լիազոր մարմնի կողմից քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջների ապահովման նպատակով օդանավակայաններում անօրինական միջամտության ենթադրյալ գործողություն, որի նպատակն Ազգային ծրագրում ընդգրկված անվտանգության միջոցառումների արդյունավետությունը որոշելն է:».

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին և 9.2-րդ կետերով.

«9.1. Չուղեկցվող ուղեբեռ` ուղեբեռ, որը չի փոխադրվում նույն չվերթով մեկնող ուղևորի հետ:

9.2. Չճանաչված ուղեբեռ` որևէ ուղեբեռ օդանավակայանում՝ բեռնային պիտակով կամ առանց դրա, որը չի վերցվել և ճանաչվել ուղևորների կողմից:».

3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.

«10.1. Օդանավ, որը ենթակա չէ շահագործման` օդանավ, որը կայանվել է 12 ժամից ավելի և կայանման ընթացքում չի գտնվել բավարար հսկողության տակ:».

4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 26.1-ին, 26.2, 26.3, 26.4, 26.5, 26.6, 26.7, 26.8, 26.9 և 26.10-րդ կետերով.

«26.1. Անվտանգության ուսումնավարժանքներ` ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի լայնածավալ վարժանքներ, որոնց միջոցով ձևացվում են ենթադրյալ անօրինական միջամտության ակտերի տարբեր գործողություններ ու իրավիճակներ և իրականացվում են դրանց կանխարգելմանն ուղղված ուսումնական միջոցառումներ:

26.2. Անվտանգության սահմանափակ գոտիների կրիտիկական մասերը` օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ զննումից հետո մուտք ունեն մեկնող ուղևորները և որտեղով անցնում կամ պահեստավորվում է փոխադրման ենթակա զննված ուղեբեռը:

26.3. Հայտնի առաքող` օդանավով փոխադրման նպատակով բեռն առաքող, որը գործնական հարաբերություններ է հաստատել օդանավ շահագործողի գրանցված գործակալի կամ օդանավ շահագործողի հետ և սեփական միջոցների հաշվին կազմակերպում է բեռների փոխադրումներ տեղակայման վայրից մինչև օդանավակայան:

26.4. Հայտնի մատակարար` օդանավակայանների և օդանավ շահագործողների հետ համապատասխան պայմանագրերի հիման վրա օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կամ օդանավեր ապրանքներ մատակարարող կազմակերպություն:

26.5. Հայտնի պաշարներ` հայտնի մատակարարողի կողմից օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ կամ օդանավեր մատակարարվող ապրանքներ:

26.6. Պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգ` համակարգերի կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ նյութերը` անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:

26.7. Պայթուցիկ սարքերի հայտնաբերող համակարգ` համակարգեր կամ տարբեր տեխնոլոգիաների համադրում, որոնք ունակ են հայտնաբերելու ուղեբեռներում կամ բեռներում պարունակվող պայթուցիկ սարքավորումները և միացություններ, հայտնաբերելով այդպիսի սարքերի կամ միացությունների մեկ կամ ավելի բաղադրիչներ, անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված:

26.8. Արտաքսված ուղևորներ` անձինք, ովքեր օրինական կամ ապօրինի կերպով մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք և որոնց որոշակի ժամանակ անց Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինները պաշտոնապես կարգադրել են թողնել կամ լքել Հայաստանի Հանրապետության տարածքը:

26.9. Անցանկալի անձինք` անձինք, որոնց մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելված է համապատասխան լիազոր մարմինների կողմից, և որոնց տեղափոխում են հետ այն երկիր, որտեղից նրանք մեկնել էին, կամ որևէ այլ երկիր, որտեղ այդ անձինք ընդունելի են:

26.10. Իրավական հսկողության տակ գտնվող անձինք` օդանավով փոխադրման ենթակա ձերբակալված կամ դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձինք:».

5) որոշման հավելվածի 27-րդ կետը «համաձայնագրի» բառից հետո լրացնել «քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության (ԵԿԱԿ) «քաղաքացիական ավիացիայի անվտանգության կանոնակարգերի» բառերով.

6) որոշման հավելվածի 29-րդ կետի «ա» ենթակետը «պահպանման» բառից հետո լրացնել «և քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկման ազգային ծրագրի մշակման» բառերով.

7) որոշման հավելվածի 29-րդ կետի «է» ենթակետը «մշակմանը,» բառից հետո լրացնել «ավիացիոն անվտանգության մասով իրականացնում է օտարերկրյա պետություններում օդային փոխադրումներ իրականացնող` Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների գործունեության ուսումնասիրություններ, ինչպես նաև օդանավ շահագործողների բազային օդանավակայաններում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ուսումնասիրություններ:» բառերով.

8) որոշման հավելվածի 30-րդ կետի «բ» ենթակետը «գծով» բառից հետո լրացնել «սերտիֆիկացված» բառով.

9) որոշման հավելվածի 31-րդ կետը «ծրագիրը» բառից հետո լրացնել «և օդանավակայանի ավիացիոն անվտանգության որակի հսկման ծրագիրը:» բառերով.

10) որոշման հավելվածի 33-րդ կետի «դ» ենթակետը «աշխատողների,» բառից հետո լրացնել «չուղեկցվող ուղեբեռների զննման ընթացակարգերը» բառերով.

11) որոշման հավելվածի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները լիազոր մարմնի հաստատմանն են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք քննարկվում են լիազոր մարմնի կողմից 30-օրյա ժամկետում: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերում կատարված փոփոխություններն ու լրացումները նույնպես ներկայացվում են լիազոր մարմնի հաստատմանը: Օտարերկրյա օդանավ շահագործողները չվերթների թույլտվություն տալու հայտի փաթեթում լիազոր մարմին են ներկայացնում իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը:».

12) որոշման հավելվածի 38-րդ կետի «բ» ենթակետը «ավիաընկերության» բառից հետո լրացնել «սերտիֆիկացված» բառով.

13) որոշման հավելվածի 38-րդ կետի «դ» ենթակետը «անվտանգության ապահովման միջոցառումներ» բառերից առաջ լրացնել «պայմանագիրը բազային օդանավակայանների հետ և» բառերով.

14) որոշման հավելվածի 51-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի դրույթներին ծանոթացնելու և օտարերկրյա պետությունների հետ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի մասով համագործակցության մասին օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հարցումները պետք է տրվեն լիազոր մարմնի անունով: Ազգային ծրագրի որոշակի բաժինների կամ գլուխների մասին տեղեկատվության տրամադրման մասին որոշումն ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը: Տեղեկատվությունը փոխանցվում է դիմող կողմին լիազոր մարմնի միջոցով:».

15) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51.1-ին, 51.2-րդ և 51.3-րդ կետերով.

«51.1. Լիազոր մարմնի միջոցով է իրականացվում նաև դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթներ իրականացնող օտարերկրյա օդանավերում զինված ուղեկցողների առկայության, որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների կիրառման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման անհրաժեշտության և ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասով այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումների իրականացման աշխատանքները:

51.2. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթներ իրականացնող օտարերկրյա օդանավերում զինված ուղեկցողների առկայության, որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման անհրաժեշտության և ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասին տեղեկատվության առկայության դեպքերում անվտանգության համարժեք միջոցառումների կիրառման վերաբերյալ որոշումները համատեղ ընդունում են լիազոր մարմնի ղեկավարը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի ղեկավարը:

51.3. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթներ իրականացնող օտարերկրյա օդանավերում զինված ուղեկցողների թույլտվության կամ մերժման, որոշակի չվերթի կամ չվերթների նկատմամբ անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկման, կոնկրետ չվերթների նկատմամբ անվտանգության անհետաձգելի միջոցառումների կիրառման մասին որոշման, ավիացիոն անվտանգությանն սպառնալիքի մասով այլ երկրների հետ տեղեկատվության փոխանակումների իրականացման, ավիացիոն անվտանգության սպառնալիքի մասով օտարերկրյա օդանավերի չվերթների, այլ երկրների օդանավակայանների աշխատանքին և կարևոր օբյեկտներին սպառնալիքի վերաբերյալ ունեցած տեղեկատվության տրամադրումը համապատասխան երկրներին իրականացվում է լիազոր մարմնի միջոցով:».

16) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 85.1-ին, 85.2, 85.3, 85.4, 85.5, 85.6 և 85.7-րդ կետերով.

«85.1. Հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատուկ բնույթը և հնարավոր սպառնալիքները` օդանավակայանների գործադիր մարմիններն անձանց օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության անցագրի տրամադրումից առաջ պետք է համապատասխան լիազոր մարմինների միջոցով անցկացնեն թեկնածուների կենսագրության նախապատմության ուսումնասիրություններ:

85.2. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է պարունակեն հետևյալ ընդհանուր չափանիշները`

ա) թեկնածուի (դիմողի) ինքնության ճշտում.

բ) թեկնածուի բնակվելու վայրը նախորդ 5 տարիների ընթացքում.

գ) նախորդ հինգ տարիների ընթացքում ընկած ժամանակահատվածում աշխատանքային գործունեությունը.

դ) թեկնածուի բնակության վայրի, ընտանեկան դրության, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ստուգում: Նախապատմության ուսումնասիրությունները պետք է կրկնվեն 5 տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում:

85.3. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության համար անցագրեր չեն տրվում այն անձանց, որոնք դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` 104-106, 110-114, 116, 118, 123-124,131-132,1321-133, 137-144, 146-147,1544, 162, 165-166, 168, 175-181,182,184-185, 187-188, 1881-203, 205, 206, 208-210, 215-217, 2171-225, 2251, 226, 233-239, 241, 246-247, 250-263, 266-269, 2691, 270, 272-280, 299, 300, 3001-3002, 301-3011, 302-311, 3111-3112, 312-317, 319, 321-322, 324-327, 329-330, 331-332, 3321-3322, 333-334, 3341, 335-341, 343, 348-352, 354-359, 361-362, 365-369, 371, 373-376, 378-386, 388-389, 392-397, եթե այդ անձանց դատվածություններն օրենքով սահմանված կարգով չեն հանվել կամ մարվել:

85.4. Բացառիկ հանգամանքներում լիազոր մարմինը կարող է թույլ չտալ, որ նախկինում դատվածության կամ քրեական պատասխանատվության ենթարկված անձին տրվի օդանավակայանների հատուկ գոտիների մուտքի թույլտվություն, եթե տվյալ անձի դատվածությունն օրենքով սահմանված կարգով հանվել կամ մարվել է:

85.5. Եթե հնարավոր չէ ճշտել թեկնածուի (դիմողի) ինքնությունը, նախկին աշխատանքային փորձը, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տվյալները, ապա անձը համարվում է անցագիր կրելու չհամապատասխանող:

85.6. Նախապատմության ուսումնասիրությունները պետք է իրականացվեն համապատասխան լիազոր մարմնի վերահսկողության պայմաններում:».

17) որոշման հավելվածի «VI. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԵՐԻ, ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ և 9-րդ բաժիններով.

 

«8. ՓՈՔՐ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

102.1. Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ է ապահովել ավիացիոն անվտանգության հետևյալ միջոցառումները`

ա) ավիացիոն անվտանգության ծրագրերի մշակում,

բ) փոքր ավիացիայի օդանավակայաններում, աերոդրոմներում, թռիչքադաշտերի տարածքներում դրանց կառավարիչների կամ սեփականատերերի կողմից կազմակերպվում է օդանավերի, ավիացիոն գործունեության համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, պահեստարանների, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստների պահպանության կազմակերպում ու իրականացում,

բ) փոքր օդանավակայաններում, աերոդրոմներում, թռիչքադաշտերի տարածքներում կողմնակի անձանց, կենդանիների մուտքը կանխելու նպատակով դրանց կառավարիչների կամ սեփականատերերի կողմից պետք է ներդրվի և կիրառվի անցագրային վերահսկողության համակարգ,

դ) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի (բեռների, փոստի) զննման աշխատանքների, այդ թվում` օդանավի նախաթռիչքային զննման կազմակերպում ու իրականացում` թռիչքադաշտերում թռիչքադաշտի սեփականատիրոջ կամ կառավարչի ուժերով կամ օդանավի անձնակազմի անդամների կողմից.

ե) օդանավակայաններում տարածքի, օդանավերի, ավիացիոն գործունեության համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, պահեստարանների, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստների պահպանության նպատակով կառավարիչների կամ սեփականատերերի կողմից ավիացիոն անվտանգության (պահպանության) խմբի ստեղծում, զննման խմբի (առնվազն 2 մարդ) ստեղծում, կադրերի հավաքագրում և ուսուցման կազմակերպում, անհրաժեշտ գույքի և զննման սարքավորումների ձեռքբերում ու տեղադրում (հնարավորության սահմաններում՝ առնվազն ձեռքի մետաղափնտրիչ).

զ) արտակարգ իրավիճակներում գործելու միջոցառումների պլանների մշակում (վթարափրկարարական աշխատանքների և անօրինական միջամտության ակտերի դեպքում կանխման ու հակազդման).

է) օդանավերի թռիչքների կամ վայրեջքների իրականացման ժամանակ հակահրդեհային անվտանգության միջոցառումների ապահովում (պայմանագրային հիմունքներով մոտակա հրշեջ-փրկարարական ծառայության միջոցով):

 

9. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼԻՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

102.2. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ տարվող բոլոր ապրանքները (օրինակ՝ անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները, լրագրերը), որոնք նախատեսված են այդ գոտիներում կամ օդանավերում վաճառելու կամ տարածելու համար, ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության՝ այդ գոտիներ որևէ արգելված առարկայի ներկրումը կանխելու համար:

102.3. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում վաճառվելուց կամ առաքվելուց առաջ ապրանքները պետք է`

ա) զննվեն և ներկրվեն անվտանգության սահմանափակ գոտի որպես հայտնի պաշարներ՝ հայտնի մատակարարողների կողմից,

բ) զննվեն և ներկրվեն որպես ոչ հայտնի պաշարներ:

102.4. Հայտնի մատակարարը պարտավոր է`

ա) լինել ցուցակագրված օդանավակայանի կամ օդանավ շահագործողի կողմից՝ գրավոր պայմանագրի հիման վրա,

բ) կրել որոշակի պարտավորություններ հայտնի պաշարների անվտանգության ապահովման համար:».

102.5. Հայտնի մատակարարողը պետք է`

ա) նշանակի մեկ կամ ավելի անձանց, որոնք պատասխանատու կլինեն ընկերությունում պահանջվող անվտանգության հսկողության իրականացման, կիրառման և վերահսկման համար,

բ) պաշտպանի անօրինական միջամտությունից բեռների պաշարների պատրաստման, հավաքման և ուղարկման ժամանակ,

գ) կանխի անօրինական մուտքն իրենց օբյեկտների կամ պահեստարանների տարածքներ,

դ) ապահովի, եթե ընկերությունը գտնվում է օդանավակայանից դուրս, որպեսզի բոլոր պաշարներն օդանավակայան տեղափոխվեն կողպված կամ կնքված ավտոմեքենաներով,

5) ապահովի, որպեսզի պաշարների մշակումը և գործածումը կատարվի պատշաճ կերպով հավաքագրված և վարժված աշխատողների կողմից:

102.6. Օդանավակայանի գործադիր մարմինը պետք է ստուգի հայտնի մատակարարողների կողմից անվտանգության միջոցառումների կատարումն առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, անմիջականորեն կամ լիազոր մարմնի միջոցով:».

18) որոշման հավելվածի 103-րդ կետը լրացնել «Օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի ցանկը պետք է հասանելի լինի հասարակությանը, օդանավակայանների հաշվառման կետերում առարկաների և իրերի ցանկի տեղադրման և ներքին ռադիոբարձրախոսային ցանցով պարբերաբար հայտարարելու միջոցով:» նախադասությամբ.

19) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 103.2-րդ կետով.

«103.2. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կարող են կիրառվել ուղեբեռների զննման միաստիճան և բազմաստիճան համակարգեր: Միաստիճան զննման համակարգի կիրառման դեպքերում ուղեբեռի զննումն իրականացվում է մեկ զննման կետում միևնույն տեսուչի կամ տեսուչների կողմից մեկ զննման սարքավորման միջոցով և զննված ուղեբեռի անվտանգության վերաբերյալ որոշումն ընդունում է զննող տեսուչը:

Օդանավակայանների համապատասխան տեխնիկական հագեցվածության պայմաններում ներդրվում է բազմաստիճան զննման համակարգ, որի կիրառման դեպքում զննման գործընթացի ժամանակ գործում են պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի հայտնաբերման համակարգեր, որոնք տեղադրվում են ուղեբեռի սպասարկման կոնվեյերային գծում (համակարգում) և ամբողջությամբ զննում են յուրաքանչյուր ուղեբեռ: Զննված ուղեբեռի տվյալների վերլուծությունը և համակարգի (մեքենայի) գործողությունները սովորաբար կատարվում են մինչև ուղեբեռն ընթանում է ուղեբեռի կոնվեյերի գծով և չի պահանջում դանդաղեցնել կոնվեյերով ուղեբեռի ընթացքը կամ կանգնեցնել այն զննման ընթացքում:».

20) որոշման հավելվածի 105.3-ը կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ահազանգ չառաջացրած ուղևորների առնվազն 10 տոկոսը պետք է զննվի ձեռքի մետաղափնտրիչով: Այս տոկոսները հաշվառվում են անշարժ մետաղափնտրիչ կամրջակով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորների համար: Ձեռքի մետաղափնտրիչով զննումները պետք է անցկացվեն շարունակական` պատահական սկզբունքով:».

21) որոշման հավելվածի 110-րդ կետը «օդանավակայանների» բառից հետո լրացնել «և օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների» բառերով.

22) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 116.2-րդ կետով.

 «116.2. Մեկ այլ օդանավ շահագործողից չուղեկցվող ուղեբեռը փոխադրման ընդունելու դեպքում չուղեկցվող բեռը փոխադրման ընդունող օդանավ շահագործողը պետք է նախկին օդանավ շահագործողից գրավոր հավաստում ստանա այն մասին, որ նախքան չուղեկցվող բեռը փոխադրման ընդունելն այդ ուղեբեռի նկատմամբ կիրառվել են պահանջվող անվտանգության հսկողության միջոցառումները:».

23) որոշման հավելվածի «VII. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» գլխի «6. ԳՐԱՆՑՎԱԾ ՈՒՂԵԲԵՌԸ» բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. ԳՐԱՆՑՎԱԾ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ԵՎ ԲԵՌՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ».

24) որոշման հավելվածի 117-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«117. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների բեռնային համալիրներում փոխադրման ընդունված բեռները, անկախ բեռների չափսից, բնույթից և խտության աստիճանից, պարտադիր կարգով պետք է ենթարկվեն ավիացիոն անվտանգության հսկողության:».

25) որոշման հավելվածի 117.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«117.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինները և գրանցված գործակալները պետք է ապահովեն, որպեսզի այն բեռները, որոնք չեն ենթարկվել ավիացիոն անվտանգության հսկողության չփոխադրվեն օդային տրանսպորտով: Փոխադրման ընդունված բեռներն օդանավով տեղափոխումից առաջ պետք է ենթարկվեն անվտանգության հսկողության (զննման) հետևյալ միջոցներով`

ա) զննում` ձեռքի մետաղափնտրիչով,

բ) զննում` ռենտգենյան սարքովորմամբ,

գ) զննում` փորձարկման խցիկում,

ե) զննում` պայթուցիկ նյութերի և սարքերի հայտնաբերման համակարգերի,

զ) զննում` վարժեցված շների միջոցով:

Եթե բեռների բնույթի պատճառով հնարավոր չէ կիրառել բեռների զննման նշված միջոցներից ոչ մեկը, ապա նման բեռների նկատմամբ պետք է կիրառվի 24-ժամյա անվտանգության պահեստավորումը: Նման բեռների մեծածավալ լինելու դեպքում դրանց նկատմամբ կարող է կիրառվել նաև 5-օրյա պահեստավորում:».

26) որոշման հավելվածի 117.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«117.2. Գրանցված գործակալին ճանաչում և բեռների սպասարկման թույլտվություն է տրամադրում լիազոր մարմինը՝ օդանավ շահագործողի հետ կնքված բեռնափոխադրումների սպասարկման (վաճառքի) պայմանագրի հիման վրա:».

27) որոշման հավելվածի 117.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«117.3. Ավիացիոն անվտանգության հսկողության ապահովման նպատակով օդային տրանսպորտով տեղափոխման համար օդանավ շահագործողի (փոխադրողի) կամ գրանցված գործակալի առաջարկված յուրաքանչյուր առաքում պետք է ուղեկցվի օդային փոխադրման նախահաշվով կամ առանձին հայտարարագրով, որտեղ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) գրանցված գործակալների անունը, հասցեն և պարզված տվյալները,

բ) առաքողի անունը և հասցեն,

գ) առաքումների պարունակությունը,

դ) տեղեկանք առաքման անվտանգության կարգավիճակի մասին:».

28) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 117.6-րդ կետով.

«117.6. Լիազոր մարմինների կողմից ճանաչված և բեռների սպասարկման թույլտվություն ստացած գրանցված գործակալները, հիմք ընդունելով քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության (ԵԿԱԿ) տիպային անվտանգության ծրագրերը, պետք է մշակեն և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնցում պետք է նշվեն հայտնի առաքողներից մինչև օդանավակայանների բեռնային համալիրներ բեռների փոխադրման և բեռնային համալիրներում փոխադրման ընդունման ու սպասարկման ընթացքում գրանցված գործակալների կողմից իրականացվող բեռների անվտանգության ընթացակարգերը և միջոցառումները:».

29) որոշման հավելվածի 131-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«131. Օդանավակայանում ավիացիոն անվտանգության ապահովման համար պետք է օգտագործվեն հետևյալ հատուկ տեխնիկական միջոցները`

1) ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչ, որը պետք է արտաբերի սարքավորման թունելի միջով անցնող առարկաների և իրերի ամբողջական պատկերները, տարանջատի օրգանական և անօրգանական մասերը դրանք տարբեր գույներով պատկերելու միջոցով և ավտոմատ կերպով կատարի վտանգավոր իրերի ու առարկաների ճանաչում, կարողանա առնվազն երկու անգամ մեծացնել արտապատկերված պատկերի ցանկացած մասը, ունենա տեսափոխարկելիության հնարավորություն (կարողանա ստանալ միագույն պատկեր՝ սպիտակը փոխարինի սևով և հակառակը) և մոխրագույնի բազմաստիճանավորում, կարողանա ընդգծել պատկերի ուրվագծերը (եզրերը) և տեսանելի արտապատկերել այն նյութերը, որոնց միջով ունակ չէ ներթափանցել.

ա. զննման ռենտգենյան սարքավորման էկրանը պետք է լինի չթարթող և ունենա առնվազն 800 տող (տիպայինը՝ 1024*1024 պիկսել բարձր որոշողականություն ունեցող էկրան),

բ. զննման ռենտգենյան սարքավորման պատկերի որակը պետք է հնարավորություն տա սարքավորման օպերատորին տեսնելու օրգանական ապակու վրա տեղադրված 0,254 մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը, 0.5105 մմ հաստությամբ չմեկուսացված պղնձե մետաղալարը՝ տեղադրված 11.1 մմ հաստությամբ ալյումինի թիթեղի հետևում, 0.10 մմ հաստությամբ պողպատե թիթեղը, 1.5 մմ հաստությամբ կապարի ձողը՝ 14 մմ հաստությամբ պողպատե թիթեղի հետևից,

գ. զննման ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչները պետք է համալարված լինեն ավտոմատ կերպով զննված պատկերների արխիվացման ծրագրերով: Համակարգը պետք է գրառի զննված առարկաների և իրերի պատկերները և պատկերների ներկայացման ամսաթիվն ու ժամը.

2) անշարժ մետաղափնտրիչ կամրջակ, որը պետք է ունենա տեսանելի և լսելի ազդանշանային համակարգեր, որոնց ազդանշանները որևէ մետաղական իր հայտնաբերելու դեպքում պետք է տեսանելի լինեն առնվազն երկու մետր հեռավորությունից, կարողանա հայտնաբերել և ահազանգել ամենաչնչին մետաղական իրերի առկայության դեպքում՝ թե առանձին, թե միացությունների տեսքով՝ անկախ մետաղի դասավորվածությունից, դիրքից և անցման արագությունից: Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի զգայունությունը պետք է լինի վտանգի աստիճանին համապատասխան, իսկ կամրջակի զգայունության կարգավորումը պետք է կատարվի միայն լիազորված անձնակազմի կողմից.

ա. անշարժ մետաղափնտրիչ կամրջակը պետք է կարողանա կուտակել հետևյալ վիճակագրական տվյալներ՝ շահագործման ժամանակը, ուղևորների թիվը, ազդանշանների քանակը (տարանջատելով հիմնական և լրացուցիչ զանգերը): Անշարժ մետաղափնտրիչ կամրջակը պետք է տեղադրված լինի հարթ մակերևույթի վրա, լինի մեկուսացված, ամուր և ոչ հասանելի տեղաշարժման համար, իսկ հատակի մակերևույթը պետք է լինի զերծ խոչընդոտներից.

 բ. անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ներքին չափսերը պետք է լինեն հարմար՝ ուղևորների զննման համար, լայնությունը՝ նվազագույնը 70 սմ, բարձրությունը՝ նվազագույնը 200 սմ, խորությունը՝ նվազագույնը 65 սմ.

3) ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչները և անշարժ մետաղափնտրիչ կամրջակները պետք է լինեն անջրաթափանց, ղեկավարման վահանակներն ունենան պաշտպանիչ շերտ, ինչպես նաև պաշտպանված լինեն շոգից, խոնավությունից, փոշուց և համապատասխանեն առողջապահական ու տեխնիկական անվտանգության նորմերին.

30) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 131.1-ին կետով.

«131.1. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում մինչև հերթափոխի ընդունումը, ռենտգենյան անշարժ մետաղափնտրիչների և անշարժ մետաղափնտրիչ կամրջակների սպասարկումներ իրականացնող մասնագետները պետք է կատարեն օդանավակայաններում օգտագործվող զննման սարքավորումների թեսթավորում և ստացված տվյալները գրանցեն համապատասխան մատյաններում (պահպանեն թեսթավորման արդյունքները).

1) ձեռքի մետաղափնտրիչը, որն օգտագործվում է ուղևորներին զննելու նպատակով և պետք է բավարարի հետևյալ պահանջները՝

ա. հայտնաբերի փոքր չափսերի մետաղյա իրերն առանց դրանց հետ ուղղակի շփում ունենալու,

բ. հայտնաբերի ինչպես երկաթային, այնպես ոչ երկաթային մետաղները՝ 50 մմ հեռավորությունից,

գ. մետաղափնտրիչի գլխամասը (օղակը) պետք է ունենա այնպիսի կառուցվածք, որպեսզի կարողանա ճիշտ մատնանշել հայտնաբերված մետաղյա իրի դիրքը,

դ. պետք է համալրված լինի լսելի և (կամ) տեսանելի ազդանշանի ցուցիչով, ընդ որում, ազդանշանային համակարգը պետք է աշխատի անմիջապես (վայրկյանական), իսկ ձայնի տոնը և բարձրությունը պետք է լինեն կարգավորվող: Ազդանշանային համակարգը պետք է տեղեկացնի նաև հայտնաբերված մետաղի քանակի վերաբերյալ (օրինակ` դա կարող է կատարվել մի քանի ձայների կամ ձայնը փոխելու միջոցով).

 2) ձեռքի մետաղափնտրիչը պետք է հարմար լինի կրելու և աշխատելու համար, ունենա հստակ աշխատող ազդանշանային համակարգ և միացնելուց հետո չունենա լրացուցիչ կարգավորման կարիք: Ձեռքի մետաղափնտրիչը պետք է ունենա ինքնահսկման համակարգ և ապահովված լինի պատահական անջատումներից.

3) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի զննումներ կարող են իրականացվել նաև պայթուցիկ նյութերի հայտնաբերման համակարգերի, պայթուցիկ սարքերի հայտնաբերման համակարգերի, հետքեր հայտնաբերող սարքերի, մարմնի պատկերման սկաներների միջոցով, որոնց տեխնիկական հատկանիշները պետք է համապատասխանեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) և քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության (ԵԿԱԿ) չափորոշիչներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 4

Երևան