Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.12.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.202
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.12.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
04.12.2009
Дата вступления в силу
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0020/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0020/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Վ. Ավանեսյան

               Կ. Չիլինգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` Վարչություն) հայցի ընդդեմ «Լճակ» ԼՏԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Հրաչյա Պետրոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վարչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից և Հրաչյա Պետրոսյանից 2 575 845 ՀՀ դրամ, որից վճարման ենթակա տարաժամկետ գումարի չափը կազմում է 2.500.820 ՀՀ դրամ, տույժի գումարը՝ 75.025 ՀՀ դրամ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 25.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 408-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը, հանգել է այն եզրահանգման, որ սույն գործով Վարչությունը չի ապացուցել պետական բյուջեի հանդեպ Ընկերության ունեցած պարտավորությունները խախտելու հանգամանքը:

Մինչդեռ, 07.01.1998 թվականին Վարչության և Ընկերության միջև կնքված սեփականաշնորհման թիվ 6022 պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 10-րդ կետով նախատեսված վճարման անդորրագիրը չներկայացնելն արդեն իսկ ապացույց է, որ պայմանագրային պարտավորությունը չի կատարվել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորության դադարումը հավաստող ապացույց սույն գործով կարող էր ներկայացնել միայն Ընկերությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.04.2009 թվականի որոշման՝ Ընկերությունից գումարի բռնագանձումը մերժելու մասը և այդ մասով գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 07.01.1998 թվականի թիվ 6022 սեփականաշնորհման պայմանագրի համաձայն՝ Ընկերությունը 4.064.021 ՀՀ դրամով Վարչությունից ձեռք է բերել Երևան քաղաքի Մ.Հերացու 10 հասցեի 38,62 քմ մակերեսով տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

2. Նույն Պայմանագրի 6-րդ կետի համաձայն` առաջին վճարումը կատարվել է 24.12.1997 թվականին 1.563.201 ՀՀ դրամի չափով, իսկ մնացած գումարը Ընկերությունը պարտավորվել է վճարել մինչև 24.12.2000 թվականը պայմանագրում նշված պայմաններով (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

3. Նույն Պայմանագրի 10-րդ կետի համաձայն՝ վճարումը համարվում է կատարված գնորդի կողմից վաճառողին վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

4. Գործում բացակայում է Ընկերության կողմից Պայմանագրի 6-րդ կետով ստանձնած պարտավորության կատարումը հիմնավորող որևէ ապացույց (հատոր 1-ին, գ.թ.3-4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը :

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տես՝ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցն ընդդեմ Սեդա Սարգսյանի՝ գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեդա Սարգսյանի ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումը):

Սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե որոնք են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, և որ կողմը պետք է կրի այդ փաստերի ապացուցման դատավարական բեռը :

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ պարտավորությունների պատշաճ կատարումը, որպես պարտավորությունների կատարման ընդհանուր և հիմնարար սկզբունք, ենթադրում է պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունների կատարում՝ պարտավորության պայմաններին, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին:

Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ:

Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:

Սույն գործում առկա Պայմանագրի 10-րդ կետի համաձայն՝ վճարումը համարվում է կատարված գնորդի կողմից վաճառողին վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի Ընկերության կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունը կատարված լինելու փաստը, այսինքն՝ գումարի վճարված լինելը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորը հիմնավոր ապացույց չի ներկայացրել պատասխանողի կողմից պարտավորությունը խախտելու, այսինքն՝ պայմանագրով նախատեսված գումարները չվճարելու վերաբերյալ:

Սույն գործով Վարչության հայցադիմումի հիմքը Պայմանագրի 6-րդ կետով ստանձնած պարտավորությունը Ընկերության կողմից չկատարելն է, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում գործում է պարտավորությունը կատարված չլինելու կանխավարկածը, քանի դեռ պարտապանը չի հիմնավորել հակառակը:

Այսինքն` Պայմանագրով ստանձնած պարտավորությունը կատարելու փաստը ապացուցելու բեռը կրում է Ընկերությունը, ուստի նա է պարտավոր ներկայացնել դրա կատարումը հիմնավորող ապացույցներ:

Մինչդեռ, սույն գործում առկա չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորության կատարումը հավաստող փաստաթղթերից որևէ մեկը, ինչպես նաև Պայմանագրի 10-րդ կետով նախատեսված վաճառողին տրված վճարման անդորրագիրը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2009 թվականի որոշման՝ «Լճակ» ԼՏԸ-ից գումարի բռնագանձումը մերժելու մասը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հայցը բավարարել` «Լճակ» ԼՏԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2 575 845 ՀՀ դրամ: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. «Լճակ» ԼՏԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության բռնագանձել 206.068 ՀՀ դրամ, որից 51.517 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի, 77.275 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 77.276 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան