Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (01.08.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
10.06.2005
Дата подписания
10.06.2005
Дата вступления в силу
01.08.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության եվ Նիդերլանդների Թագավորության միջեվ ներդրումների խրախուսման եվ փոխադարձաբար պաշտպանության մասին

 

Հայաստանի Հանրապետությունը և Նիդերլանդների Թագավորությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով ամրապնդել իրենց ավանդական բարեկամական կապերը և ընդլայնել ու ակտիվացնել տնտեսական հարաբերությունները միմյանց միջև` մասնավորապես կապված մի Պայմանավորվող կողմի ներդրողների` մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարած ներդրումների հետ,

ընդունելով, որ Համաձայնագրով ներդրումներին տրամադրվող ռեժիմը կխթանի կապիտալի ու տեխնոլոգիայի հոսքերը և Պայմանավորվող կողմերի տնտեսական զարգացումը, և այն, որ ներդրումներին արդար և հավասար ռեժիմի տրամադրումը ցանկալի է,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով.

ա) «ներդրումներ» տերմինը նշանակում է` ակտիվների բոլոր տեսակները, մասնավորապես, բայց ոչ բացառապես.

 i) շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև գույքի բոլոր տեսակների հետ կապված ցանկացած այլ in rem իրավունքը,

ii) բաժնեմասերից, բաժնետոմսերից և ընկերություններում ու համատեղ ձեռնարկություններում այլ տեսակի մասնակցությունից բխող իրավունքները,

iii) դրամական, այլ գույքային կամ տնտեսական արժեք ունեցող ցանկացած պարտավորության գծով պահանջների իրավունքը,

iv) մտավոր սեփականության, տեխնիկական գործընթացների, բարի համբավի և նոու-հաուի ոլորտներում իրավունքները,

v) հանրային իրավունքով կամ կոնտրակտով տրամադրված իրավունքները` ներառյալ բնական պաշարների հետազոտման, արդյունահանման և հանքամշակման իրավունքները:

բ) «Ներդրողներ» տերմինը, կապված յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի հետ, ներառում է.

i) այն ֆիզիկական անձանց, որոնք այդ Պայմանավորվող կողմի քաղաքացիներ են,

ii) այն իրավաբանական անձանց, որոնք հիմնված են` համաձայն այդ Պայմանավորվող կողմի օրենսդրության,

iii) այն իրավաբանական անձանց, որոնք այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ չեն հիմնվել, սակայն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են ֆիզիկական անձանց կողմից, ինչպես նշված է i ենթակետում, կամ իրավաբանական անձանց կողմից, ինչպես նշված է ii ենթակետում:

գ) «Տարածք» տերմինը ընդգրկում է տարածքային ծովին հարակից ցանկացած տարածք, որը, համապատասխան պետության օրենսդրությամբ և միջազգային իրավունքին համապատասխան, այդ պետության սահմանափակ մուտքի իրավունքով տնտեսական գոտի է կամ մայրցամաքային շելֆ, որի նկատմամբ այդ պետությունը ունի իրավասություն կամ ինքնիշխան իրավունքներ:

 

Հոդված 2

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է իր օրենսդրության շրջանակներում խրախուսի տնտեսական համագործակցությունը իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումները պաշտպանելու միջոցով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ընդունի այդ ներդրումները` իր օրենսդրությամբ սահմանված իրավասությունը իրականացնելու իր իրավունքի համաձայն:

 

Հոդված 3

 

1) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար երաշխավորի արդար և հավասար ռեժիմ և անհիմն կամ խտրական միջոցներով չպետք է վնասի այդ ներդրողների կողմից ներդրումների գործողության մեջ դրվելուն, կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տիրապետմանը կամ տնօրինմանը: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է այդպիսի ներդրումներին տրամադրի ամբողջական նյութական ապահովվածություն և պաշտպանվածություն:

2) Մասնավորապես, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ այդպիսի ներդրումներին պետք է տրամադրի այնպիսի ռեժիմ, որը ցանկացած դեպքում չպետք է ավելի պակաս բարենպաստ լինի, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է իր ներդրողների ներդրումներին կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին. նայած, թե որն է ավելի բարենպաստ այդ ներդրողների համար:

3) Եթե Պայմանավորվող կողմը հատուկ առավելություններ է տրամադրել որևէ երրորդ պետության ներդրողներին, որոնք բխում են մաքսային միություններ, տնտեսական միություններ, արժութային միություններ կամ նմանատիպ կազմակերպություններ հիմնող համաձայնագրերից կամ նման միությունների կամ կազմակերպությունների հիմնումը նախատեսող ժամանակավոր համաձայնագրերից, ապա այդ Պայմանավորվող կողմը պարտավորություն չի ստանձնում նմանատիպ առավելություններ տրամադրել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին:

4) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ուսումնասիրի ցանկացած պարտավորություն, որն ինքը կարող է ստանձնել մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների առնչությամբ:

5) Եթե Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրության դրույթները կամ միջազգային իրավունքով գոյություն ունեցող կամ հետագայում, ի լրումն սույն Համաձայնագրի, Պայմանավորվող կողմերի միջև հաստատվող պարտավորությունները պարունակում են ընդհանուր կամ հատուկ կարգ, որը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումներին տրամադրում է ավելի բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա այդպիսի կարգը գերակա է սույն Համաձայնագրի նկատմամբ այնքանով, որքանով այն ավելի բարենպաստ է:

 

Հոդված 4

 

Կապված հարկերի, վճարների, ծախսերի և ֆինանսական հանումների և ազատումների հետ` յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնք ներգրավված են ցանկացած տնտեսական գործունեության մեջ իր տարածքում, տրամադրի այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմն է, որը նա տրամադրում է իր կամ ցանկացած երրորդ պետության ներդրողներին, որոնք նույն պայմաններում են գտնվում. նայած, թե որն է ավելի բարենպաստ այդ ներդրողների համար: Այդ նպատակով, այնուամենայնիվ, չպետք է հաշվի առնվի ցանկացած հատուկ ֆինանսական առավելությունը` տրամադրված այդ Կողմի կողմից.

ա) համաձայն կրկնակի հարկումից խուսափելու համաձայնագրի, կամ

բ) կապված մաքսային միությանը, տնտեսական միությանը կամ համանման միությանը իր մասնակցության հետ, կամ

գ) երրորդ պետությանը` փոխադարձության հիման վրա:

 

Հոդված 5

 

Պայմանավորվող կողմերը պետք է երաշխավորեն, որ ներդրումների հետ կապված վճարումները կարող են փոխանցվել: Փոխանցումները պետք է կատարվեն ազատ փոխարկելի տարադրամով` առանց սահմանափակման կամ ուշացման: Այդպիսի փոխանցումները ներառում են, մասնավորապես, բայց ոչ բացառապես.

ա) շահույթը, տոկոսները, շահաբաժինները և այլ ընթացիկ եկամուտները,

բ) դրամական միջոցներ, որոնք անհրաժեշտ են`

i) հումքի կամ օժանդակ նյութերի, կիսապատրաստի կամ պատրաստի արտադրանքի ձեռքբերման համար, կամ

ii) հիմնական ակտիվները ներդնելու համար` ներդրման շարունակականությունը ապահովելու նպատակով,

գ) լրացուցիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են ներդրումների շարունակման համար,

դ) փոխառությունների դիմաց վճարումները,

ե) ռոյալթիները կամ վարձավճարները,

զ) ֆիզիկական անձանց շահույթները, որոնք օրինականորեն ստացվել են որպես ներդրման արդյունք կամ որպես աշխատանքի դիմաց վճար,

է) ներդրումների վաճառքից կամ լուծարումից ստացված հասույթները,

ը) վճարները, որոնք բխում են 7-րդ հոդվածից:

 

Հոդված 6

 

Ոչ մի Պայմանավորվող կողմ չպետք է ձեռնարկի որևէ միջոցառում, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կզրկի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին իրենց ներդրումներից, եթե չեն ապահովվել հետևյալ պայմանները.

ա) միջոցառումները ձեռնարկվել են` ելնելով հանրային շահերից և օրենսդրության համապատասխան,

բ) միջոցառումները խտրական կամ հակասող չեն այն Պայմանավորվող կողմի որևէ պարտավորությանը, որի նկատմամբ ձեռնարկվող միջոցառումները կիրառվում են,

գ) միջոցառումները ձեռնարկվելու են արագ, համարժեք և արդյունավետ փոխհատուցմամբ. այն դեպքում, երբ այդ միջոցառումները իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում, վճարվում է նախնական փոխհատուցում:

Այսպիսի փոխհատուցումը պետք է համարժեք լինի այդ ներդրման իրական արժեքին, պետք է ներառի նորմալ առևտրային տոկոսադրույք` հաշվարկված մինչև վճարման օրը, և պետք է, որպեսզի արդյունավետ լինի հայցվորների համար, առանց ուշացման վճարվի և փոխանցվի հայցվորների կողմից ընդունելի երկիր և այն երկրի արժույթով, որի ներդրողներն են հայցվորները, կամ հայցվորների կողմից ընդունելի ցանկացած ազատ փոխարկելի տարադրամով:

 

Հոդված 7

 

Մի Պայմանավորվող կողմի ներդրողներին, որոնք կորուստներ են կրում, կապված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարած իրենց ներդրումների հետ, պատերազմի կամ այլ զինված ընդհարման, հեղափոխության, արտակարգ իրավիճակների, խռովության կամ ապստամբության հետևանքով, պետք է այդ մյուս Պայմանավորվող կողմի կողմից տրամադրվի այնպիսի ռեժիմ, կապված կորուստների վերականգնման, վնասների հատուցման կամ հարցը այլ կերպ կարգավորելու հետ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն ռեժիմն է, որը այդ Պայմանավորվող կողմը տրամադրում է իր կամ որևէ երրորդ պետության ներդրողներին. նայած, թե որն է ավելի բարենպաստ ներդրողների համար:

 

Հոդված 8

 

Եթե մի Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումները ապահովագրված են ոչ առևտրային ռիսկերից, կամ այդ ներդրումների հետ կապված օրենսդրությամբ կամ կառավարական պայմանագրով այլ կերպ է նախատեսվում փոխհատուցման վճարումը, ապա մյուս Պայմանավորվող կողմը ճանաչում է սուբրոգացիայի իրավունքով այդ ներդրողի իրավունքների փոխանցումը ապահովագրողին, վերաապահովագրողին կամ վերոհիշյալ Պայմանավորվող կողմից նշանակված գործակալությանը` համաձայն այդ ապահովագրման պայմանների կամ որևէ այլ երաշխիքի:

 

Հոդված 9

 

1. Ցանկացած վեճ, որը կարող է ծագել մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև` կապված այդ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կատարված ներդրման հետ, հնարավորության դեպքում պետք է կարգավորվի բարեկամաբար` բանակցությունների միջոցով:

2. Ծանուցումը ներկայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում վեճի կողմերի միջև ուղղակի համաձայնությամբ վեճի բարեկամական կարգավորման կամ դիվանագիտական ուղիներով հաշտեցման անհնարինության դեպքում վեճը ներդրողի հայեցողությամբ ներկայացվում է կամ այն պետության իրավասու դատարանին, որտեղ կատարվել է ներդրումը, կամ միջազգային միջնորդ դատարանի քննմանը: Այդ դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նախապես և անվերապահորեն համաձայնում է կարգավորել ցանկացած վեճ այդ տիպի միջնորդ դատավարության միջոցով: Այդպիսի համաձայնությունը ենթադրում է, որ երկու Պայմանավորվող կողմերը հրաժարվում են պահանջել, որ սպառված լինեն վեճի կարգավորման բոլոր ներքին վարչական կամ դատական միջոցները:

3. Միջազգային միջնորդ դատավարության դեպքում մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև վեճերը` կապված առաջինը նշված Պայմանավորվող կողմի` սույն Համաձայնագրով նախատեսված պարտավորության հետ, որը վերաբերում է վերջինը նշված Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրմանը, պետք է, համապատասխան ներդրողի խնդրանքով, կարգավորելու կամ համաձայնություն ձեռք բերելու նպատակով ներկայացվեն Ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, որը գործում է «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման մասին» Կոնվենցիայի հիման վրա, որը բաց է ստորագրման համար 1965թ. մարտի 18-ից` Վաշինգտոնում:

Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի դարձել վերոհիշյալ Կոնվենցիայի պայմանավորվող պետություն, ներդրումների վերաբերյալ վեճերը պետք է ներկայացվեն Ներդրումների վերաբերյալ վեճերի կարգավորման միջազգային կենտրոն` նրա քարտուղարության կողմից իրականացվող ընթացակարգերի կարգավորման լրացուցիչ պայմանները կարգավորող կանոնների (լրացուցիչ պայմանների կանոններ) համաձայն:

4. Իրավաբանական անձը, որը հանդիսանում է մի Պայմանավորվող կողմի քաղաքացի, և որը նախքան նման վեճի ծագումը վերահսկվում էր մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կողմից, նշված Կոնվենցիայի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան և այդ Կոնվենցիայի նպատակով պետք է օգտվի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացուն տրվող ռեժիմից:

5. Միջնորդ դատարանի վճիռը վերջնական է և պարտադիր վեճի կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է իրականացնել վճիռն իր ներքին օրենսդրության համաձայն:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի դրույթները դրա ուժի մեջ մտնելու օրվանից պետք է կիրառվեն նաև այն ներդրումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 11

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է առաջարկել մյուս Կողմին խորհրդակցություններ անցկացնել սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած հարցի շուրջ: Մյուս Կողմը պետք է պատրաստակամություն հայտնի և համապատասխան հնարավորություն ստեղծի այդ խորհրդակցությունների անցկացման համար:

 

Հոդված 12

 

1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանմանը կամ կիրառմանը վերաբերող ցանկացած վեճ, որը ընդունելի ժամանակահատվածի ընթացքում չի կարող կարգավորվել դիվանագիտական բանակցությունների միջոցներով, եթե Կողմերի միջև այլ համաձայնություն ձեռք չի բերվել, Կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով կներկայացվի երեք անդամներից կազմված միջնորդ դատարանին: Յուրաքանչյուր Կողմ կնշանակի մեկ միջնորդ դատավորի, և այդ նշանակված երկու դատավորները կնշանակեն երրորդ դատավորին` որպես նախագահի, որը Կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ:

2. Եթե Կողմերից մեկը մյուս Կողմի` այդպիսի նշանակում կատարելու հրավերից հետո երկու ամսվա ընթացքում չի նշանակում իր դատավորին, այդ մյուս Կողմը կարող է հրավիրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` կատարելու անհրաժեշտ նշանակումը:

3. Եթե երկու դատավորներն իրենց նշանակումից հետո երկու ամսվա ընթացքում համաձայնության չեն գալիս երրորդ դատավորի ընտրության հարցում, յուրաքանչյուր Կողմ կարող է հրավիրել Արդարադատության միջազգային դատարանի նախագահին` կատարելու անհրաժեշտ նշանակումը:

4. Եթե սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում Արդարադատության միջազգային դատարանի նախագահը չի կարող կատարել նշված նշանակումները, կամ նա Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է, նախագահի տեղակալը կհրավիրվի` կատարելու անհրաժեշտ նշանակումները: Եթե նախագահի տեղակալը չի կարող կատարել նշված նշանակումները, կամ նա Կողմերից մեկի քաղաքացի է, դատարանի ամենաավագ անդամը, որը Կողմերից որևէ մեկի քաղաքացի չէ, կհրավիրվի` կատարելու անհրաժեշտ նշանակումները:

5. Միջնորդ դատարանը որոշումը ընդունում է օրենքի հիման վրա: Մինչև դատարանի կողմից որոշում ընդունվելը դատարանը դատավարության որևէ փուլում կարող է Կողմերին առաջարկել վեճը կարգավորել բարեկամաբար: Վերոհիշյալ դրույթները չպետք է խոչընդոտեն վեճի կարգավորմանը ex aeaquo et bono, եթե Կողմերը համաձայնել են դրան:

6. Եթե Կողմերը այլ բան չեն որոշել, միջնորդ դատարանն ինքը կսահմանի դատավարության ընթացակարգը:

7. Միջնորդ դատարանը իր որոշումը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Այդ որոշումը վերջնական է և Կողմերի համար պարտադիր:

 

Հոդված 13

 

Կապված Նիդերլանդների Թագավորության հետ` սույն Համաձայնագիրը կկիրառվի Թագավորության` Եվրոպայի տարածքում, Նիդերլանդական Անթիլիասում և Արուբայում, եթե 14-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված ծանուցումը այլ բան չի նախատեսում:

 

Հոդված 14

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի` սահմանադրորեն պահանջվող ընթացակարգերի ավարտի մասին միմյանց գրավոր ծանուցելու օրվանից երկրորդ ամսվա առաջին օրը և ուժի մեջ կմնա տասնհինգ տարվա ընթացքում:

2. Եթե սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը չի ներկայացնում ծանուցում այն դադարեցնելու մասին, ապա սույն Համաձայնագրի գործողության ժամկետը ամեն անգամ երկարաձգվում է տասը տարով. այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրավունք ունի դադարեցնելու Համաձայնագիրը` գործողության ընթացիկ ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ ծանուցելով:

3. Այն ներդրումների նկատմամբ, որոնք կկատարվեն մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման օրը, սույն Համաձայնագրի բոլոր հոդվածները կշարունակեն գործել նշված ժամկետից հետո հաջորդ տասնհինգ տարիների ընթացքում:

 4. Սույն հոդվածի 2-րդ կետի բովանդակության հետ կապված` Նիդերլանդների Թագավորությունը իրավունք կունենա դադարեցնելու սույն Համաձայնագրի կիրառումը Թագավորության ցանկացած առանձին տարածքի նկատմամբ:

 

Ի վկայություն վերոհիշյալի` պատշաճ կերպով լիազորված ներքոստորագրյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Երևան քաղաքում, 2005 թ. հունիսի 10-ին, երկու բնօրինակով, հայերեն, հոլանդերեն և անգլերեն. երեք տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանության ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. օգոստոսի 1-ից: