Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության միջԵՎ 2003-2004 թվականների ֆինանսական համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը,
ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից,
կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով,
գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում,
մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը,
վկայակոչելով 2003 թ. ապրիլի 1-ից մինչև 3-ը կայացած միջկառավարական բանակցությունները,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը կամ երկու Կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ.
1. մինչև 15. 000. 000,— ((բառերով՝ տասնհինգ միլիոն) եվրո ընդհանուր գումարի վարկ՝ հետևյալ ծրագրերի իրականացման համար, եթե ստորև բերվող յուրաքանչյուր նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է.
ա) մինչև 4. 500. 000,— ((բառերով՝ չորս միլիոն հինգ հարյուր հազար) եվրո՝ «Մասնավոր ձեռնարկատիրության/փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի համար.
բ) մինչև 3. 500. 000,— ((բառերով՝ երեք միլիոն հինգ հարյուր հազար) եվրո՝ «Ավանդների երաշխավորման համակարգի ստեղծում» ծրագրի համար.
գ) մինչև 7. 000. 000,— ((բառերով՝ յոթ միլիոն) եվրո` «Համայնքային ենթակառուցվածքների վերականգնում» ծրագրի համար:
2. Մինչև 2. 500. 000,— ((բառերով՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար) եվրո ընդհանուր գումարի դրամաշնորհ՝
ա) մինչև 500. 000,— ((բառերով՝ հինգ հարյուր հազար) եվրո` «Մասնավոր ձեռնարկատիրության/փոքր և միջին ձեռնարկությունների խթանում» ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար.
բ) մինչև 500. 000,— ((բառերով՝ հինգ հարյուր հազար) եվրո` «Ավանդների երաշխավորման համակարգի ստեղծում» ծրագրի հարակից միջոցառումների իրականացման համար.
գ) մինչև 1. 500. 000,— ((բառերով՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար) եվրո` «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ III»-ի ստեղծման համար:
2) Եթե սույն հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետում նշված պահանջներին համապատասխանությունը չի հավաստվում, ապա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության Կառավարությանը վերոնշյալ նախագծի իրականացման համար Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) նշված դրամաշնորհի չափով վարկ ստանալ:
3) Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են, Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ, փոխարինվել այլ նախագծերով:
Եթե սույն հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետում նշված նա-խագիծը փոխարինվում է շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, միջին ձեռնարկությունների վարկավորման երաշխիքային հիմնադրամի ստեղծման ծրագրերով կամ կանանց հասարակական դիրքի ամրապնդմանը, աղքատության մեղմացման ծրագրի շրջանակներում ինքնօգնության կազմակերպմանը նպատակաուղղված միջոցառումներով, որոնք համապատասխանում են դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին, ապա կարող է տրամադրվել դրամաշնորհ, հակառակ դեպքում կտրամադրվի վարկ:
4) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և շարունակման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը:
5) Այն դեպքերում, եթե սույն Համաձայնագրի սույն հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետում և 3-րդ պարբերությունում նշված նախապատրաստական և հարակից միջոցառումների համար հատկացվող դրամաշնորհները վերոնշյալ միջոցառումների իրականացման նպատակով չեն օգտագործվում, ապա փոխարկվում են վարկի:
Հոդված 2
1) Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված գումարների օգտագործումը, վերջիններիս տրամադրման պայմանները, ինչպես նաև կապալ տալու կարգը սահմանվում են Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկի (KfW) և վարկառուների միջև հետագայում կնքվելիք պայմանագրերով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող իրավական նորմերին:
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 1-ին պարբերության 1-ին և 2-րդ կետերում նշված գումարների տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե, տրամադրման տարվանից սկսած, 8 տարվա ընթացքում վարկի տրամադրման (ֆինանսավորման) մասին համապատասխան պայմանագրեր չեն կնքվում:
Վերոնշյալ գումարների համար ժամկետը լրանում է 2011 թվականի դեկտեմբերի 31-ին:
2) Այն դեպքերում, եթե վարկառուն Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկի (KfW) օգտին բոլոր վճարումները եվրոյով՝ ի կատարումն սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների:
3) Այն դեպքերում, երբ դրամաշնորհներն ընդունողը Հայաստանի Հանրապետության Կառավարությունը չէ, ապա վերջինս երաշխավորում է, որ սույն հոդվածի առաջին պարբերության համաձայն հետագայում կնքվելիք պայմանագրերի հիման վրա վերադարձման պահանջի ներկայացման դեպքում տրամադրված դրամաշնորհների գումարները կվերադարձվեն Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկին (KfW):
Հոդված 3
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը վերականգնման վարկերի բանկին (KfW) ազատում է այն բոլոր հարկերից և պետական այլ վճարումներից, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում հիշատակված պայմանագրերի կնքման և իրականացման հետ:
Հոդված 4
1) Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ազատում է բոլոր հարկերից և պետական այլ վճարումներից Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջոցների հաշվին ֆինանսավորվող` ֆիրմաների կողմից իրականացվող ապրանքների այն մատակարարումը կամ մասնագետների մատուցած այն ծառայությունները, որոնք իրականացվում են սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում սահմանված ծրագրերի շրջանակներում:
2) Հայաստանի Հանրապետության Կառավարությունը սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված ֆիրմաներին և մասնագետներին ազատում է Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությամբ սահմանված այն բոլոր հարկերից, մաքսատուրքերից, տուրքերից և այլ վճարումներից, որոնք կապված են հանձնառությունների կատարման համար անհրաժեշտ սարքավորումների, նյութական արժեքների, օժանդակ նյութերի` ներառյալ ավտոմեքենաների և գործուղված մասնագետների անհատական գույքի Հայաստան ներկրման և հանձնառության կատարումից հետո Հայաստանից արտահանման կամ ծրագրի իրականացման ընթացքում վերջիններիս վնասման կամ գործածությունից դուրս գալու հետ:
Հոդված 5
Վարկերի, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրումից բխող՝ ցամաքով, ջրով և օդով իրականացվող մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ուղևորներին և առաքողներին փոխադրող ընկերությունների ընտրության ազատություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են իրենց նստավայրը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հաստատած փոխադրող ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ընկերությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:
Հոդված 6
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարությանը ծանուցում է Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:
Կատարված է Երևան քաղաքում 2003թ. դեկտեմբերի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի մայիսի 27-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|