Գլխավոր տեղեկություն
Номер
N 214-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.12.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.02/17(252) Հոդ.285
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.02.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.03.2003
Дата вступления в силу
03.04.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2003 թվականի N 214-Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1253-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1253-Ա որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողով ստեղծելու մասին» N 1253-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման նախաբանից հանել «այդ բնագավառում միասնական պետական քաղաքականություն իրականացնելու» բառերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2003 թ. մԱՐՏԻ 6
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
փետրվարի 20-ի N 214-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հանրապետական ռազմատեխնիկական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև իր իրավասության սահմաններում ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքները համակարգող խորհրդակցական մարմին է: Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում իրագործում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի կարգավորման հարցերում և ապահովում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարումն այդ ոլորտում:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) իր իրավասության սահմաններում շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում պետական միասնական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման և իրականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումն ու սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

բ) պետական կառավարման մարմինների հետ համատեղ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից որոշված հիմնական ուղղությունների ապահովումը.

գ) ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

դ) իր իրավասության սահմաններում ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի քննարկումն ու սահմանված կարգով նշված պայմանագրերի կնքման նպատակահարմարության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ե) ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ երկկողմ և բազմակողմ միջպետական հանձնաժողովների ստեղծման ու աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

զ) պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման և ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա ստացած կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից դրանց արտահանման, ներմուծման, տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության մասին պայմանագիր կնքելու թույլտվության առնչությամբ պետական կառավարման մարմինների միջև ծագած տարաձայնությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելը.

է) ռազմատեխնիկական համագործակցության բնագավառի հարցերին վերաբերող երկկողմ և բազմակողմ հանձնաժողովների աշխատանքներին սահմանված կարգով մասնակցությունը.

ը) իր իրավասության սահմաններում ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում օտարերկրյա պատվիրատուների հետ Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների կողմից անցկացվող բանակցություններին մասնակցությունը.

թ) իր իրավասության սահմաններում ռազմական նշանակության արտադրանքի առաքման վերաբերյալ օտարերկրյա պատվիրատուների պաշտոնական դիմումների քննարկմանը մասնակցությունը և Հայաստանի Հանրապետության կազմակերպություններից կատարողների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժ) իր իրավասության սահմաններում ռազմատեխնիկական համագործակցության ծավալման, կասեցման, դադարեցման և վերականգնման վերաբերյալ շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ առաջարկությունների մշակումն ու դրանք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը.

ժա) իր իրավասության սահմաններում ռազմատեխնիկական համագործակցության բնագավառի վիճակի վերլուծությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական ու ռազմական հետաքրքրությունների կանխատեսումը.

ժբ) ռազմատեխնիկական համագործակցության բնագավառին վերաբերող ծրագրերի և իրավական ակտերի քննարկումը և առաջարկություններ ներկայացնելը.

ժգ) ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում առաջացած խնդիրների քննարկումը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժդ) ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում առաջացած հարցերի քննարկմանը մասնակցելը և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժե) իր իրավասության սահմաններում ռազմատեխնիկական համագործակցության բնագավառի արդյունավետության բարձրացմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժզ) ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում տեղեկատվավերլուծական աշխատանքների կազմակերպումը:

(4-րդ կետը խմբ. 12.11.09 N 1332-Ն)

5. Հանձնաժողովն իր հիմնական խնդիրներն ու գործառույթներն իրականացնելու համար իրավունք ունի`

ա) պետական կառավարման մարմիններից սահմանված կարգով ստանալու համապատասխան նյութեր և տեղեկատվություն.

բ) տվյալ պետական կառավարման մարմնի համար նախատեսված կարգով օգտագործելու կապի և հաղորդակցության` պետական ու կառավարական համակարգերը.

գ) իր աշխատանքներում, անհրաժեշտության դեպքում, ներգրավելու համապատասխան մասնագետների ու փորձագետների.

դ) իր իրավասության սահմաններում համագործակցելու Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության դատախազության և այլ պետական մարմինների հետ.

ե) իր իրավասության սահմաններում կազմակերպություններին ներկայացնելու համապատասխան առաջարկություններ` ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ պայմանագրերի կնքման և կատարման համար.

զ) համագործակցելու օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովն ունի նախագահ, նախագահի տեղակալ, հանձնաժողովի քարտուղար և հանձնաժողովի անդամներ:

7. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

8. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով:

9. Հանձնաժողովի նիստերը տեղի են ունենում հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգի համաձայն:

10. Նիստը համարվում է կայացած, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում` նախագահի ձայնը վճռորոշ է:

Հանձնաժողովի նիստերը վարում և որոշումներն ստորագրում է հանձնաժողովի նախագահը կամ վերջինիս հանձնարարությամբ` նրա տեղակալը:

12. Հանձնաժողովի նախագահը`

ա) համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը.

բ) նախագահում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները:

13. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) ապահովում է ներկայացված առաջարկությունների ընդգրկումը նիստերի օրակարգում.

գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ.

դ) հսկում է հանձնաժողովի որոշումների կատարման իրագործումը.

ե) վարում է հանձնաժողովի գործավարությունը:

14. Հանձնաժողովի աշխատանքային մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

15. Հանձնաժողովի անդամներին տրված հանձնարարականների կատարումը հսկում է հանձնաժողովի աշխատանքային մարմինը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

16. Հանձնաժողովի գործունեության դադարեցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

17. Հանձնաժողովի գործունեության դադարեցումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու այլ նյութեր ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը խմբ. 12.11.09 N 1332-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան