Գլխավոր տեղեկություն
Номер
N 719-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.02.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.09.24/22 Հոդ.1008
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.09.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.09.2008
Дата вступления в силу
25.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2008 թվականի N 719-Ն

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի իրականացման ապահովման միջոցառումները հաստատելու մասին» N 876-Ն որոշման 3-րդ կետը`

1. Հաստատել`

1) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2008 թ.
սեպտեմբերի 16-ի N 719-Ն
որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ասիական զարգացման բանկի միջև 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի N 2363 Arm (SF) վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի ու Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի (այսուհետ` ծրագիր) բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով, ծրագրի համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի իրականացման կառավարումն է:

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

2) ծրագիրը համակարգող միավորի (ԾՀՄ) և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ծրագրի իրականացման գործակալություն)` ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

4) վարկային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ծրագրի իրականացման գործակալության մշակած ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.

5) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

6) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների oգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.

7) ծրագրի իրականացման գործակալության կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

8) ծրագրի` հաստատված աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

9) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

10) ծրագրի ավարտից հետո դրա արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. Ծրագրի իրականացման գործակալության տնoրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ծրագրի իրականացման գործակալության տնoրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցի կատարման մասին ծրագրի իրականացման գործակալության տնoրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ծրագրի իրականացման գործակալության տնoրենի առաջարկությամբ:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի oրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի նիստից 5 oր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: Ծրագրի իրականացման գործակալության տնoրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի oրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:

20. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթներ կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

21. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել oրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:

22. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

23. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն է:

24. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

25. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և նախագահի տեղակալը, ծրագրի իրականացման գործակալության («Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության) տնoրենը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից և հասարակական կազմակերպություններից:

(25-րդ կետը փոփ. 09.02.10 N 75-Ն)

26. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

27. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի որոշմանը, ապա խորհրդի նիստի արդյունքների մասին գրավոր զեկուցում է իր վերադասին:

28. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:

29. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:

30. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

31. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

32. Խորհրդի քարտուղարի պարտականությունը դրվում է ծրագիրը համակարգող միավորի վրա:

33. Խորհրդի քարտուղարը (ծրագիրը համակարգող միավորը)`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի oրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

34. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

35. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(հավելվածը փոփ. 09.02.10 N 75-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2008 թ.
սեպտեմբերի 16-ի N 719-Ն
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ա. Անդրեասյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ)

Գ. Խաչատրյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Ռ. Դավթյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ

Վ. Նարիմանյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

Պ. Լորեն

- «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Է. Ղուկասյան

- «Էկոլոգիական կենսակայունություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
(2008 թ. ծրագրի կառավարման խորհրդի ստեղծման օրվանից մինչև 2009 թ. հուլիսն ընկած ժամանակաշրջանի համար)

Ա. Հովսեփյան

- «Կայուն ջրային միջավայր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
(2009 թ. հուլիս - 2010 թ. հուլիսն ընկած ժամանակաշրջանի համար)

Հ. Սարգսյան

- «Տապան» էկո-ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
(2010 թ. հուլիս - 2011 թ. հուլիսն ընկած ժամանակաշրջանի համար)

Ա. Սարգսյան

- «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
(2011 թ. հուլիս - 2012 թ. հուլիսն ընկած ժամանակաշրջանի համար)

Ա. Մարկոսյան

- Քաղաքագիտական, իրավագիտական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
(2012 թ. հուլիս - 2013 թ. ընկած ժամանակաշրջանի համար` մինչև ծրագրի կառավարման խորհրդի գործունեության` սահմանված կարգով դադարման օրը)

(հավելվածը փոփ. 09.02.10 N 75-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան