Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.09.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.12.25/66(732) Հոդ.1455
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.09.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
25.09.2009
Дата вступления в силу
25.09.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0820/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0820/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Դատավորներ՝ Լ. Գրիգորյան

               Ն. Հովսեփյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

2009 թվականի սեպտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարինե, Նարինե, Համլետ Քալաշյանների և Արիստակես Քալաշյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Վովա Ասլանյանի ընդդեմ Արիստակես, Մարինե, Նարինե, Համլետ Քալաշյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և Մարինե, Նարինե, Համլետ Քալաշյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Վովա Ասլանյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վովա Ասլանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Մուրացանի թիվ 163 տան մեկ սենյակի և դրանով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Մարինե, Նարինե, Համլետ Քալաշյանները պահանջել են Վովա Ասլանյանին վտարել ապօրինի զբաղեցված և Մարինե, Նարինե, Համլետ Քալաշյաններին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Մուրացանի թիվ 163 տան մեկ սենյակից:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարինե, Նարինե, Համլետ Քալաշյանները և Արիստակես Քալաշյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վովա Ասլանյանը:

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ, 130-րդ և 131-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, այն է` պատշաճ հետազոտմամբ չի գնահատել Վովա Ասլանյանի հայտարարությունն այն մասին, որ վերջինս վիճելի սենյակը զբաղեցնում է 2007 թվականից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի կայացրած վճիռը, անտեսել է այն հանգամանքը, որ Վովա Ասլանյանի կողմից վիճելի գույքը տասը տարվա ընթացքում բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետելու վերաբերյալ գործում բավարար ապացույցներ առկա չեն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.02.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Անհիմն է պատասխանողների այն պնդումը, որ Վովա Ասլանյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց իր և Օֆիկ Ասլանյանի կողմից վիճելի գույքը բացահայտ և անընդմեջ տիրապետելու փաստը: Մինչդեռ այդ փաստը հաստատվում է ինչպես 1982 թվականի մայիսին Օֆիկ Ասլանյանի և Ծաղիկ ու Մարիամ Քալաշյանների միջև կնքված վիճելի գույքի առուվաճառքի պայմանագրով, այդ հասցեում Օֆիկ Ասլանյանի հաշվառման, գույքի պահպանման ծախսերը հոգալու, այն վերանորոգելու փաստերով, այնպես էլ Երևանի Մուրացանի փողոցի բնակիչների 07.07.2008 թվականի հայտարարությամբ, համաձայն որի` վիճելի գույքը Օֆիկ Ասլանյանի մահից հետո տիրապետում է նրա եղբայրը` Վովա Ասլանյանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գործում առկա ստացականի համաձայն` Ծաղիկ Քալաշյանը և նրա դուստրը` Մարիամ Քալաշյանը Երևանի Մուրացանի թիվ 163 տան ըստ հատակագծի 18.0 քմ սենյակը 1982 թվականի մայիսին վաճառել են Օֆիկ Ասլանյանին, որի դիմաց վերջինիցս կանխիկ ստացել են 2000 (երկու հազար) ռուբլի (գ.թ. 7):

2) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` 20.06.2006 թվականի թիվ 2-419 օրինական ուժի մեջ մտած վճռով Ծաղիկ ու Մարիամ Քալաշյանների և Օֆիկ Ասլանյանի միջև 1982 թվականի մայիսին կնքված նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագիրը ճանաչվել է վավեր և նույն վճռով ճանաչվել է Օֆիկ Ասլանյանի սեփականության իրավունքը նշված հասցեում մեկ սենյակի նկատմամբ, սակայն վճռից ծագող իրավունքների պետական գրանցում չի կատարվել (գ.թ. 26-27, 40):

3) Օֆիկ Ասլանյանը մահացել է 01.09.2007 թվականին, որից հետո վիճելի հասցեում բնակվում է վերջինիս եղբայրը` Վովա Ասլանյանը (գ.թ. 16, 4, 25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

 Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ օրենսգրքի 187-րդ հոդվածի (ձեռքբերման վաղեմություն) գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Օֆիկ և Վովա Ասլանյանների կողմից վեճի առարկա գույքը բացահայտ և անընդմեջ տիրապետելու փաստը հաստատված է գործով առկա մի շարք ապացույցներով: Մասնավորապես՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` 20.06.2006 թվականի թիվ 2-419 օրինական ուժի մեջ մտած վճռով, որով հաստատվել է Օֆիկ Ասլանյանի կողմից վեճի առարկա գույքը անընդմեջ տիրապետելու հանգամանքը: Տվյալ հանգամանքի դեմ չի առարկել նաև Արիստակես Քալաշյանը:

Այսինքն` տվյալ դեպքում Վովա Ասլանյանը իր տիրապետման ժամկետին կարող է միացնել նաև այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքը տիրապետել է Օֆիկ Ասլանյանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս չեն ապացուցվում:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` 20.06.2006 թվականի թիվ 2-419 օրինական ուժի մեջ մտած վճռով Ծաղիկ ու Մարիամ Քալաշյանների և Օֆիկ Ասլանյանի միջև 1982 թվականի մայիսին կնքված նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագիրը ճանաչվել է վավեր և նույն վճռով ճանաչվել է Օֆիկ Ասլանյանի սեփականության իրավունքը նշված հասցեում մեկ սենյակի նկատմամբ, սակայն վճռից ծագող իրավունքների պետական գրանցում չի կատարվել:

Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն` Օֆիկ Ասլանյանը 1982 թվականից բացահայտ, անընդմեջ և բարեխիղճ տիրապետել է վեճի առարկա գույքը մինչև իր մահը՝ 01.09.2007 թվականը, որից հետո այն տիրապետել է Վովա Ասլանյանը:

Հետևաբար, անհիմն են բողոք բերած անձի պատճառաբանություններն այն մասին, որ Վովա Ասլանյանի կողմից վեճի առարկա գույքը տասը տարվա ընթացքում բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետելու վերաբերյալ գործում բավարար ապացույցներ առկա չեն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.02.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան