Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (11.08.2006-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
21.04.2005
Дата подписания
21.04.2005
Дата вступления в силу
11.08.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին Հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմերի Կառավարությունների միջԵՎ ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության (ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ) համատեղ ֆինանսավորման մասին

 

1998թ. սեպտեմբերի 8-ին ք. Բաքվում ստորագրված` Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին Հիմնական բազմակողմ համաձայնագրի, այսուհետ` Հիմնական համաձայնագիր, Կողմերի Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ելնելով ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ ինքնուրույն ֆինանսավորման ապահովման, ինչպես նաև ՏՐԱՍԵԿԱ ՄՀ նիստերի և Հիմնական համաձայնագրի դրույթներին համապատասխան ստեղծված դրա աշխատանքային խմբերի կազմակերպման անհրաժեշտությունից,

հիմնվելով Հիմնական համաձայնագրի 9-րդ հոդվածի 3-րդ կետի վրա,

 

պայմանավորվեցին կնքել սույն Համաձայնագիրը. այսուհետ` Ֆինանսավորման մասին համաձայնագիր:

 

Հոդված 1

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Ֆինանսավորման մասին համաձայնագրի դրույթները կանոնակարգում են ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության (ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ) գործունեության համատեղ ֆինանսավորումը:

2. Յուրաքանչյուր հաջորդ տարվա տարեկան բյուջեն հաստատվում է ՏՐԱՍԵԿԱ ՄՀ որոշմամբ` նրա ամենամյա նիստում: Տվյալ որոշումը պարտադիր բնույթ է կրում սույն Համաձայնագրի բոլոր Կողմերի համար:

3. Ֆինանսական տարին սկսվում է հունվարի 1-ին և ավարտվում դեկտեմբերի 31-ին:

4. ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ նպատակների համար Կողմերի անդամավճարները և համապատասխան հաշվապահական հաշվառումը կատարվում են եվրոյով, եթե այլ բան նախատեսված չէ ՏՐԱՍԵԿԱ ՄՀ համապատասխան որոշմամբ:

 

Հոդված 2

 

Համատեղ ֆինանսավորման սկզբունքները

 

1. Տարեկան բյուջեի ֆինանսական միջոցները ապահովվում են սույն Ֆինանսավորման մասին համաձայնագրի Կողմերի անդամավճարների հաշվին, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացվող միջոցներով:

2. Կողմերը անդամավճարները վճարում են հավասար բաժնեմասերով:

3. Տարեկան բյուջեի չափը և դրան համապատասխան` Կողմերի անդամավճարները որոշվում են` ելնելով.

ա) գալիք ֆինանսական տարվա համար նախատեսված ծախսերից,

բ) գալիք ֆինանսական տարում ակնկալվող եկամուտներից (մուտքերից),

գ) նախորդ ֆինանսական տարվա միջոցների մնացորդից (հաշվեկշռից),

դ) այլ մուտքերից:

 

Հոդված 3

 

Տարեկան բյուջեի կառուցվածքը

 

1. ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ տարեկան բյուջեի եկամտային մասը ներառում է.

ա) ընթացիկ տարվա համար Կողմերի անդամավճարները,

բ) նախորդ տարվա բյուջեից մնացած գումարը (հաշվեկշիռ),

գ) բանկային տոկոսներից, տարադրամային փոխարժեքից առաջացած եկամուտները,

դ) կազմակերպություններից և նվիրատուներից ստացված դրամաշնորհները,

ե) այլ մուտքեր:

2. ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ տարեկան բյուջեի ծախսային մասը ներառում է.

ա) ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ ղեկավարության և աշխատակիցների վարձատրությունը

ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ ղեկավարության ու աշխատակիցների և ազգային քարտուղարների աշխատավարձի` կանոնավոր վճարվող, բժշկական ապահովագրության վճարման, կեցության ծախսերի, բնակության ծախսերի հետ կապված բոլոր ծախսերը,

բ) Գրասենյակային ծախսերը

Բաքվում ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ նստավայրի և Հիմնական համաձայնագրի Կողմերի տարածքում դրա մշտական ներկայացուցչությունների գործունեության հետ կապված ծախսերը, որոնք ներառում են հաղորդակցության վճարները, գործուղման ծախսերը, ավտոմեքենաների սպասարկումը, ՏՐԱՍԵԿԱ ինտերնետային կայքի, տվյալների բազայի սպասարկման հետ կապված ծախսերը, նյութերի տարածման, տպագրության, հրապարակումների, գրենական պիտույքների արժեքը,

գ) Կրկնակի ներդրում

ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ նստավայրի և նրա մշտական ներկայացուցչությունների գործունեության համար անհրաժեշտ նոր սարքավորումների մատակարարման հետ կապված բոլոր ծախսերը, որոնք ներառում են ծրագրային և տեխնիկական ապահովումը, գրասենյակային սարքավորումները, ավտոմեքենան, շինության վերանորոգումը/թարմացումը,

դ) ՄՀ և աշխատանքային խմբերի նիստեր

ՏՐԱՍԵԿԱ-ի միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված բոլոր ծախսերը, որոնք բաղկացած են տրանսպորտային ծախսերից, կեցության և սննդի ծախսերից, փաստաթղթերի նախապատրաստման և տարածման ծախսերից, տեղական տրանսպորտի ծախսերից,

ե) Այլ ծախսեր

Բանկային հաշիվների սպասարկման, տարադրամային փոխարժեքի տարբերության հետ կապված ծախսերը, բոլոր այլ ծախսերը, որոնք նշված չեն սույն ցանկում:

 

Հոդված 4

 

Անդամավճարների փոխանցում

 

1. Կողմերը պետք է ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ, որի նստավայրը տեղակայված է Բաքու քաղաքում, Ադրբեջանի Հանրապետություն, հաշվին փոխանցեն հաջորդ ֆինանսական տարվա իրենց անդամավճարները մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, բայց ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չպահպանելու դեպքում ՏՐԱՍԵԿԱ ՄՀ-ն, գործելով Հիմնական համաձայնագրի 8-րդ և 12-րդ հոդվածների հիման վրա, համապատասխան որոշումներ է կայացնում:

 

Հոդված 5

 

Բյուջետային ընթացակարգեր

 

1. Բյուջեի նախագիծը մշակվում է Մշտական քարտուղարության կողմից: Բյուջեի նախագծին կցվում է բացատրագիր, որը պետք է պարունակի նախորդ  ժամանակահատվածի ընթացքում եկամուտների և ծախսերի վերլուծությունը և հաշվետու ժամանակահատվածի տվյալների համեմատությամբ բյուջեի նախագծի առանձին հոդվածների փոփոխությունների պատճառները:

2. Բյուջեի նախագիծը և բացատրագիրը ուղարկվում են Կողմերին ՏՐԱՍԵԿԱ ՄՀ հերթական նիստի բացումից ոչ ուշ, քան 3 (երեք) ամիս առաջ:

3. ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ ազգային քարտուղարները ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ են ուղարկում ՏՐԱՍԵԿԱ ՄՀ բյուջեի նախագծի վերաբերյալ Կողմերի դիտողությունները ՏՐԱՍԵԿԱ ՄՀ հերթական նիստի բացումից ոչ ուշ, քան 2 (երկու) ամիս առաջ:

4. Կողմերի դիտողությունները կցվում են բացատրագրին և ուղարկվում են Կողմերին ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ նիստի անցկացումից ոչ ուշ, քան 2 (երկու) շաբաթ առաջ:

5. Բյուջեի նախագիծը, դրան կցված բացատրագիրը և Կողմերի դիտողությունները քննարկվում են ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ նիստի ընթացքում:

6. Սույն հոդվածի 2-4-րդ կետերին համապատասխան համաձայնեցված բյուջեի նախագծի մասին Կողմերին տեղեկացվում է ՏՐԱՍԵԿԱ ՄՀ հերթական նիստի բացումից ոչ ուշ, քան 3 (երեք) շաբաթ առաջ:

7. ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ Գլխավոր քարտուղարը բյուջեի նախագիծը ներկայացնում է ՏՐԱՍԵԿԱ ՄՀ հաստատմանը:

8. Մինչև բյուջեի հաստատումը ծախսերը կատարվում են` ելնելով ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից` հաշվի առնելով ավարտված բյուջետային տարվա նույն ժամանակահատվածում կատարված ծախսերը:

9. Այն դեպքում, եթե բյուջեի որոշակի հոդվածով հաստատված գումարները ծախսվել են, ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ Գլխավոր քարտուղարն անհրաժեշտության դեպքում իրավունք ունի թույլ տալու բյուջեի տվյալ հոդվածի 20%-ի սահմաններում միջոցների ծախսում այլ հոդվածներով տնտեսած միջոցների հաշվին:

10. ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ Գլխավոր քարտուղարը պատասխանատվություն է կրում, սույն Ֆինանսավորման մասին համաձայնագրի դրույթներին համապատասխան և աշխատանքային ծրագրին և տարեկան բյուջեին վերաբերող ՏՐԱՍԵԿԱ ՄՀ որոշումների հիման վրա, բյուջեի կառավարման համար:

11. ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ Գլխավոր քարտուղարը ՏՐԱՍԵԿԱ ՄՀ յուրաքանչյուր ամենամյա նիստին ներկայացնում է ֆինանսական հաշվետվություն նախորդ տարվա բյուջեի կատարման վերաբերյալ: Ֆինանսական հաշվետվությունն ընդունվում է ՏՐԱՍԵԿԱ ՄՀ որոշմամբ:

12. ՏՐԱՍԵԿԱ ՄՀ-ն իր ամենամյա նիստի ընթացքում որոշում է բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող աուդիտորական խմբի կազմը: Խմբում ընդգրկվում են ֆինանսների գծով 3 փորձագետներ տարբեր Կողմերից, որոնցից ոչ մեկը չի հանդիսանում նախագահող: Աուդիտորական խմբի կազմը հաստատվում է ՏՐԱՍԵԿԱ ՄՀ որոշմամբ:

13. Աուդիտորական խումբն իրավունք ունի ազատորեն ծանոթանալու ֆինանսական հաշվետվության բոլոր գրքերի և այլ փաստաթղթերի հետ: ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ-ն պարտավոր է աջակցել ֆինանսական հսկողություն իրականացնելիս, ինչպես նաև տրամադրել բոլոր պահանջող փաստաթղթերը ստուգումներին վերաբերող հարցերով:

14. Աուդիտի արդյունքները ձևակերպվում են աուդիտորական հաշվետվության միջոցով, որը պարունակում է փորձագետների եզրակացությունները և ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ ֆինանսական գործունեության բարելավման վերաբերյալ խորհրդատվությունները: Այդ աուդիտորական հաշվետվությունը պարտադիր պետք է ստորագրված լինի աուդիտորական խմբի բոլոր անդամների կողմից: ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ Գլխավոր քարտուղարն իրավունք ունի ծանոթանալու աուդիտորական հաշվետվությանը և ներկայացնելու իր գրավոր դիտողությունները: Աուդիտորական հաշվետվությունը և Գլխավոր քարտուղարի գրավոր դիտողությունները դրվում են ՏՐԱՍԵԿԱ ՄՀ նիստի քննարկմանը:

15. Նախքան ՏՐԱՍԵԿԱ ՄՀ նիստի քննարկմանը ներկայացնելը բյուջեի կատարման վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական հաշվետվությունը քննարկվում են ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ` սույն հոդվածի 5-րդ կետում նշված նիստում:

 

Հոդված 6

 

Ֆինանսական փաստաթղթեր և գործառնություններ

 

1. Ֆինանսական գործառնությունները, ֆինանսական փաստաթղթերի և հաշվետվությունների վարումը կատարվում են ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ նստավայրի գտնվելու երկրի ազգային օրենսդրության հիման վրա և ՏՐԱՍԵԿԱ ՄՀ փաստաթղթերին և որոշումներին համապատասխան:

2. Բոլոր փաստաթղթերը, որոնք պարունակում են ֆինանսական պարտավորություններ, այդ թվում` հաշիվները և այլ բանկային փաստաթղթերը, պետք է կրեն ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ Գլխավոր քարտուղարի ստորագրությունը:

3. ՄՔ առօրյա աշխատանքի մեջ օգտագործվող ֆինանսական փաստաթղթերը (հաշվապահական գրքեր, օրդերներ, հատուկ ձևաթղթեր, դրամարկղային կտրոններ և այլն) պետք է պատշաճ կերպով պահպանվեն 10 (տասը) տարվա ընթացքում` ֆինանսական հաշվետվությունների նպատակով:

 

Հոդված 7

 

Փոփոխությունների և լրացումների կատարում

 

1. Կողմերի համաձայնությամբ սույն Ֆինանսավորման մասին համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Ֆինանսավորման մասին համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող արձանագրությամբ:

2. Փոփոխությունների և լրացումների մասին արձանագրության ուժի մեջ մտնելն իրականացվում է այն նույն կարգով, որով ուժի մեջ է մտնում սույն Ֆինանսավորման մասին համաձայնագիրը:

 

Հոդված 8

 

Ավանդապահ

 

1. Սույն Ֆինանսավորման մասին համաձայնագրի ավանդապահ է հանդիսանում Ադրբեջանի Հանրապետությունը, որը սույն Ֆինանսավորման մասին համաձայնագիրը ստորագրած Կողմերին կուղարկի դրա հաստատված պատճենները:

2. Ավանդապահը տեղեկացնում է Կողմերին Ֆինանսավորման մասին համաձայնագրին այլ պետությունների միանալու և Կողմերից որևէ մեկի նկատմամբ Ֆինանսավորման մասին համաձայնագրի գործողության դադարեցման մասին:

 

Հոդված 9

 

Ուժի մեջ մտնելը, միանալը և գործողության ժամկետը

 

1. Սույն Ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 8-րդ հոդվածում նշված ավանդապահին դրա վավերացման կամ ընդունման մասին չորրորդ փաստաթղթի հանձնման օրից երեսուն օր հետո:

2. Եթե սույն Ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ չմտնի մինչև 2006թ. հունվարի 1-ը, ապա մինչև դրա ուժի մեջ մտնելը այն ենթակա է ժամանակավոր կիրառման:

3. Սույն Ֆինանսավորման մասին համաձայնագրի ժամանակավոր կիրառումը դադարեցվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո:

4. Ֆինանսավորման մասին համաձայնագիրը բաց է Հիմնական համաձայնագրի Կողմերի միանալու համար:

5. Միանալու մասին փաստաթղթերը հանձնվում են Ֆինանսավորման մասին համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված ավանդապահին:

6. Յուրաքանչյուր Կողմի համար, որը վավերացնում, ընդունում կամ միանում է սույն Ֆինանսավորման մասին համաձայնագրին ավանդապահին վավերացման կամ ընդունման մասին չորրորդ փաստաթուղթը հանձնելուց հետո, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին վավերացման, ընդունման կամ միանալու մասին փաստաթղթի հանձնման օրից երեսուն օր հետո:

7. Սույն Ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ է Հիմնական համաձայնագրի գործողության ժամկետով:

 

Կատարված է Բաքու քաղաքում, Ադրբեջանի Հանրապետություն, 2005 թվականի ապրիլի 21-ին, մեկ բնօրինակով, անգլերեն և ռուսերեն. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Ֆինանսավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի (վերապահումով), Մոլդովայի Հանրապետության, Ռումինիայի, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության Կառավարությունների կողմից:

 

Վ ր ա ս տ ա ն ի  վ ե ր ա պ ա հ ու մ ը

 

Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի Հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմերի Կառավարությունների միջև ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության  (ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ) համատեղ ֆինանսավորման մասին համաձայնագրին

 

Վրաստանի նկատմամբ 4-րդ հոդվածի 1-ին կետի տեքստը կկիրառվի հետևյալ խմբագրությամբ. «Կողմերը պետք է հաջորդ ֆինանսական տարվա իրենց անդամավճարները ՏՐԱՍԵԿԱ ՄՀ ՄՔ, որի նստավայրը տեղակայված է Բաքու քաղաքում, Ադրբեջանի Հանրապետություն, հաշվին փոխանցեն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, բայց ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը»:

 

Վրաստանի տնտեսական զարգացման
նախարարի տեղակալ`

Թամար Կովզիրիձե

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բուլղարիայի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի և Հայաստանի Հանրապետության համար 2006 թ. օգոստոսի 11-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան