Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ԵՎ Թաիլանդի Թագավորության գյուղատնտեսության ԵՎ կոոպերատիվների նախարարության միջԵՎ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Թաիլանդի Թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարությունը (այսուհետև՝ Պայմանավորվող կողմեր),
հետևելով իրավահավասարության, ազգային ինքնուրույնության և փոխշահավետության սկզբունքներին,
հավատալով, որ գյուղատնտեսության բնագավառում երկկողմանի համագործակցությունը կնպաստի երկու երկրների ժողովուրդների կենսամակարդակի բարելավմանը,
համարելով, որ նման համագործակցությունը կնպաստի գյուղատնտեսությունում հարաբերությունների զարգացմանը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Իրենց իրավասության ներքո և համաձայն երկու երկրներում գործող օրենքներին և կանոնակարգումներին՝ Պայմանավորվող կողմերը կնպաստեն համագործակցությանը գյուղատնտեսության բնագավառում:
Հոդված 2
Պայմանավորվող կողմերի միջև համագործակցության շրջանակը կներառի հետևյալ առաջնային բնագավառները.
- բուսաբուծություն, ներառյալ՝ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակում, խաղողագործություն, գինեգործություն և կերային ռեսուրսների հետազոտում,
- պտղատու ծառերի բիոպլազմայի փոխանակում (ծիրան, խաղող, խնձոր, տանձ և այլն),
- պտղատու ծառերի հիվանդությունների վերահսկման վերաբերյալ հետազոտություններ և փորձի փոխանակում,
- փորձագետների և տեխնիկական ոլորտի աշխատողների փոխանակում այգեգործական հետազոտությունների բնագավառում,
- գյուղատնտեսական տեխնիկայի մեքենայացման բնագավառում փորձի և տեխնոլոգիաների փոխանակում, ներառյալ՝ ուսումնասիրություններ, ձևավորում, արտադրություն և տեղադրում,
- ոռոգման զարգացման և ջրի ղեկավարման տեխնոլոգիաների բնագավառներում փորձի փոխանակում և հետազոտություններ, և
- համագործակցության այլ բնագավառներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում և փոխհամաձայնեցված են Պայմանավորվող կողմերի միջև:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված համագործակցությունը Պայմանավորվող կողմերը կիրականացնեն հետևյալ կերպ.
- ագրոբիզնեսի խթանում,
- գյուղատնտեսական տեղեկատվության փոխանակում,
- տեխնիկական ոլորտի աշխատողների և փորձագետների փոխայցելություններ,
- դասընթացների և սեմինարների համատեղ կազմակերպում,
- ցուցահանդեսների կազմակերպում,
- համատեղ ձեռնարկությունների ստեղծման խրախուսում, և
Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ՝ երկու երկրների գյուղատնտեսական զարգացմանն ուղղված համագործակցության այլ տեխնիկական ձևեր:
Հոդված 4
Համագործակցությունից ձեռք բերված տեղեկատվության և/կամ ձեռքբերումների արդյունքների փոխանցումը մեկ այլ երրորդ կողմի պետք է իրականացվի Պայմանավորվող կողմերի գրավոր համաձայնությամբ՝ համաձայն համապատասխան երկրների օրենքների և կանոնակարգումների և միջազգային համաձայնագրերով սահմանված նրան պարտավորությունների:
Հոդված 5
Գյուղատնտեսության բնագավառում համագործակցության համար Պայմանավորվող կողմերը համաձայնում են ստեղծել Համատեղ աշխատանքային խումբ: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը Համատեղ աշխատանքային խմբում ինքնուրույն կնշանակի իր ներկայացուցիչներին և դրա վերաբերյալ կտեղեկացնի մյուս Կողմին: Պայմանավորվող կողմերը կտեղեկացնեն միմյանց նաև իրենց ներկայացուցիչների փոփոխության մասին:
Համատեղ աշխատանքային խումբը կսահմանի համագործակցության բնագավառներն ու ձևերը և կհամակարգի դրանց իրականացումը:
Համատեղ աշխատանքային խմբի նիստերը հաջորդաբար կգումարվեն Հայաստանի Հանրապետությունում և Թաիլանդի Թագավորությունում:
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պետք է հոգա սեփական ծախսերը, որոնք կառաջանան Համատեղ աշխատանքային խմբի կողմից համագործակցության իրականացման ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերի միջև չկա այլ պայմանավորվածություն:
Հոդված 6
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն օրը, երբ Պայմանավորվող կողմերը գրավոր կծանուցեն միմյանց, որ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ընթացակարգերը ավարտվել են: Այն կգործի 5 (հինգ) տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ևս հինգ տարով: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ առնվազն վեց ամիս առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր ծանուցելով այդ մասին:
2. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ: Լրացումները և փոփոխությունները կձևակերպվեն առանձին Արձանագրություններով, որոնք կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Այդ Արձանագրությունները ուժի մեջ կմտնեն այն օրը, երբ Պայմանավորվող կողմերը գրավոր կծանուցեն միմյանց, որ սույն Արձանագրությունների ուժի մեջ մտնելու համար ներպետական օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ընթացակարգերը ավարտվել են:
3. Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում Համաձայնագրով նախատեսված այն ծրագրերի կամ նախագծերի իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել սույն Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:
Կատարված է Երևան քաղաքում, քրիստոնեական ժամանակագրությամբ 2003 թվականի մարտի 19-ին, որը համապատասխանում է բուդդայական ժամանակագրության 2546 թվականի մարտի 19-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, թաիլանդերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման տարբերությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի ապրիլի 20-ից: