Գլխավոր տեղեկություն
Номер
N 282-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (31.12.2009-22.03.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2003.04.09/18(253) Հոդ.335
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.03.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.03.2003
Дата вступления в силу
19.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2003 թվականի N 282-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 10.07.03 N 883-Ն)

(սույն որոշումն ուժը կորցրել է համաձայն 03.12.09 N 1417-Ն որոշման (01.03.12 N 219-Ն որոշման խմբագրությամբ)

 

«Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ճամփորդական փաստաթուղթ տալու կարգը` համաձայն N 3 հավելվածի.

դ) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի ճամփորդական փաստաթղթի նկարագիրը` համաձայն N 4 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 10.07.03 N 883-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` երկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց վկայականի և ճամփորդական փաստաթղթի պատրաստման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. մարտի 27
Երևան

 


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվել է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականը (այսուհետ` վկայական) քաղաքական ապաստանի իրավունք ստացածի անձը հաստատող փաստաթուղթ է Հայաստանի Հանրապետությունում:

3. Վկայականը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին տրվում է մեկ տարի ժամկետով: Գործածության համար պիտանի վկայականի ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:

4. Ժամկետանց վկայականներն անվավեր են և ենթակա չեն նորով փոխանակման:

5. Վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն:

6. Վկայականում նշվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայրանունը,

բ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

գ) սեռը,

դ) ազգությունը,

ե) քաղաքացիությունը,

զ) Հայաստանի Հանրապետությունում բնակության կամ հաշվառման վայրը:

 

II. ՎԿԱՅԱԿԱՆ ՏԱԼԸ, ԱՅՆ ՓՈԽԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎԿԱՅԱԿԱՆԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

7. Վկայականը, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի կամ կորած վկայականի փոխարեն նոր վկայական տալիս է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը (այսուհետ` ծառայություն):

(7-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)

8. Վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում` վկայական ստանալու համար,

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշումը` անձին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու մասին,

գ) անձնագիր,

դ) 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր),

ե) անձնագրի բացակայության դեպքում` անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Վկայականը տրվում է սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում:

9. Նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի կամ վկայականի տիրոջ նախաձեռնությամբ վկայականը կարող է փոխանակվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, կատարված գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու կամ մաշվածության, կամ որևէ այլ պատճառով օգտագործելու համար այն դարձել է ոչ պիտանի:

(9-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, լրաց. 17.12.09 N 1472-Ն)

10. Վկայականի փոխանակման համար վարչություն ներկայացվում է փոխանակման ենթակա վկայականը և 2 գունավոր լուսանկար:

Եթե փոխանակման համար հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փոփոխություններն ու անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

11. Վկայականը կորցնելու դեպքում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:

Կորած վկայականի փոխարեն նախարարությունը նոր վկայական կարող է տալ միայն այն դեպքում, երբ կորած վկայականի գործողության ժամկետը չի լրացել:

Նոր վկայական տալու դեպքում կորած վկայականը անվավեր է ճանաչվում:

(11-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)

 

III. ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՆՁՆԵԼԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐ ՎԱՐԵԼԸ

 

12. Վկայականը ենթակա է վարչություն հանձնման, եթե`

ա) լրացել է վկայականի գործողության ժամկետը.

բ) անձը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի դադարեցման համար.

գ) վկայական ունեցող անձը որոշել է մեկնել Հայաստանի Հանրապետությունից.

դ) վկայականի տերը մահացել է:

Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում վկայականը հանձնվում է վարչություն` դրա տիրոջ կամ նրա կողմից սահմանված կարգով լիազորված անձի կողմից:

Սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքում վկայականը ներկայացվում է մահվան ակտը գրանցող պետական մարմին, որը մահվան գրանցումը կատարելուց հետո վկայականն ուղարկում է վարչություն:

13. Վերադարձված, գտնված, անվավեր ճանաչված վկայականները պահպանվում են վարչությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Վկայականների հաշվառումը, ինչպես նաև տրված, անվավեր ճանաչված, փոխանակված և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարումն իրականացվում է նախարարության սահմանած կարգով:

(14-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

(հավելվածը փոփ. 03.05.07 N 573-Ն, փոփ., լրաց. 17.12.09 N 1472-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման


Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայականը (այսուհետ` վկայական) 88 x125 մմ չափսի 12 էջից բաղկացած փաստաթուղթ է:

Վկայականի շապիկը մուգ կանաչ գույնի է: Շապիկի երեսի վերևի մասում հայերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Զինանշանից ներքև տպագրվում են «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը:

Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում գունավոր պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», ներքևի մասում` «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ ներքևում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» նախադասությունը:

Վկայականի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, էջի ձախ մասից մինչև լուսանկարի համար նախատեսված տեղը տպագրվում են «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերը, իսկ լուսանկարի աջ կողմից հաջորդականությամբ` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ», «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

Վկայականի 1-ին էջի ձախ մասում «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԿԱՆ» բառերից ներքև տեղ է հատկացվում վկայականի տիրոջ` 35 x 45 մմ չափսի լուսանկարի համար:

Վկայականի 2-րդ և 3-րդ էջերի վերևի մասում տպագրվում են «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը, 4-րդ և 5-րդ էջերում` «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը, որից ներքև` «ԱԶԳԱՆՈՒՆԸ, ԱՆՈՒՆԸ, ՀԱՅՐԱՆՈՒՆԸ, ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ, ԱՄԻՍԸ, ՏԱՐԵԹԻՎԸ», 6-րդ և 7-րդ էջերում` «ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ», 8-12-րդ էջերում` «ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄՆԵՐ» բառերը:

Վկայականի 3, 5, 7, 9 և 11-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են վկայականի սերիան և համարը:

Վկայականի շապիկի վերջին էջի ներսի վերևի մասում տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՏՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», իսկ ներքևի մասում` «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է 12 ԷՋԻՑ» բառերը:

Լուսանկարը փակցվելուց հետո վկայականը կնքվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կնիքով:

Վկայականի բոլոր էջերը համարակալվում են:

(հավելվածը փոփ. 03.05.07 N 573-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը հաստատվել է «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ճամփորդական փաստաթուղթ (այսուհետ` փաստաթուղթ) տալու կարգը:

2. Ճամփորդական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացածի անձը հաստատող փաստաթուղթ է օտարերկրյա պետությունում:

3. Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին փաստաթուղթ տալիս է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` մեկ տարի ժամկետով: Ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` Հայաստանի Հանրապետությունում` նախարարության, իսկ եթե անձը ճամփորդական փաստաթղթով գտնվում է օտարերկրյա պետությունում և այդ փաստաթղթի ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն է առաջացել` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից, եթե անձի քաղաքական ապաստանի իրավունքն օրենքով սահմանված կարգով չի դադարեցվել:

(3-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

4. Ժամկետանց փաստաթուղթն անվավեր է և ենթակա է փոխանակման` սահմանված կարգով:

5. Փաստաթուղթը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:

6. Փաստաթղթում նշվում են քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի մասին հետևյալ տեղեկությունները`

ա) ազգանունը, անունը, հայրանունը,

բ) սեռը,

գ) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը):

7. Փաստաթղթում կարող են կատարվել հետևյալ նշումները`

ա) փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգվելու մասին` նախարարության կողմից.

բ) օտարերկրյա պետություններ ժամանակավորապես մեկնելու և վերադառնալու մասին` սահմանային ծառայությունների կողմից:

Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթղթում այլ նշումներ կատարելն արգելվում է:

(7-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

8. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը փաստաթուղթ ստանալու համար վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

 

II. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՏԱԼԸ, ԱՅՆ ՓՈԽԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

9. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը փաստաթուղթ ստանալու համար նախարարություն է ներկայացնում`

ա) դիմում` Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնելու համար,

բ) քաղաքական ապաստանի իրավունքի վկայականը,

գ) 35 x 54 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր),

դ) անդորրագիր պետական տուրք վճարելու մասին:

(9-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն)

10. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի հետ ճամփորդող յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) ծննդյան վկայականը.

բ) 35 x 54 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

11. Փաստաթուղթը տրվում է դիմումն ստացվելուց հետո մեկամսյա ժամկետում:

Փաստաթուղթ տալը կարող է մերժվել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

12. Փաստաթուղթը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխվելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, օգտագործելու համար ոչ պիտանի լինելու դեպքերում:

13. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը փաստաթղթի փոխանակման համար ներկայացնում է փոխանակման ենթակա փաստաթուղթը, սահմանված ձևի դիմում և 35x54 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթղթում որևէ տեղեկություն փոխվելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու պատճառով այն փոխանակելիս ներկայացվում է նաև փոփոխությունները կամ անճշտությունները հաստատող փաստաթուղթ:

14. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձը պարտավոր է փաստաթուղթը կորցնելու դեպքում 10-օրյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

(14-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, 17.12.09 N 1472-Ն)

15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար կամ այլ պատճառով քաղաքական ապաստանի իրավունքը դադարեցվելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

(15-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, լրաց. 17.12.09 N 1472-Ն)

16. Օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

17. Քաղաքական ապաստանի իրավունք ստացած` մահացած անձի փաստաթուղթը քաղաքական ապաստանի իրավունքի վկայականի հետ միասին հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմին: Մահվան գրանցումը կատարվելուց հետո փաստաթուղթն ուղարկվում է նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:

(17-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, լրաց. 17.12.09 N 1472-Ն)

18. Օտարերկրյա պետությունում մահացած` քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի փաստաթուղթը հանձնվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, որն այն հանձնում է նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին: Գտնված փաստաթղթերը հանձնվում են նախարարություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:

(18-րդ կետը փոփ. 03.05.07 N 573-Ն, լրաց. 17.12.09 N 1472-Ն)

19. Կասկածյալների, մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը կամ կալանքը, ինչպես նաև քաղաքական ապաստանի իրավունք ստացած` ազատազրկման դատապարտված անձանց փաստաթղթերը վերցվում են հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից:

20. Խափանման միջոցի վերացման դեպքում կասկածյալների և մեղադրյալների փաստաթղթերը վերադարձվում են տերերին:

21. Պատիժը կրելուց հետո քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին կարող է տրվել նոր փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

22. Փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ 17-րդ կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելն արգելվում են:

(հավելվածը փոփ. 03.05.07 N 573-Ն, փոփ., լրաց. 17.12.09 N 1472-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 282-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ

 

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձանց ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) 88 x 125 մմ չափսի 32 էջից բաղկացած քաղաքական ապաստանի իրավունք ստացածի անձը հաստատող փաստաթուղթ է:

Փաստաթղթի բովանդակությունը կազմող բոլոր կետերը տպագրվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն:

Փաստաթղթի շապիկը շագանակագույն է: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» բառերը:

Փաստաթղթի շապիկի հաջորդ էջում տպագրվում են հետևյալ նախադասությունները`

«ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻՆ».

«ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՐՈՋԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՉԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ».

«ԵԹԵ ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ, ԱՊԱ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՆՐԱՆԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՆԵՆ ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:

Փաստաթղթի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ» բառերը:

Փաստաթղթի 2-րդ էջի ներքևի մասում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

Փաստաթղթի 3-րդ էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ էջի ձախ մասից հաջորդականությամբ` «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ», «ՏԻՊ», «ԿՈԴ», «ՓԱՍՏԱԹՈՒՂԹ N», «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» և «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ» բառերը:

Փաստաթղթի 3-րդ էջի ներքևի ձախ մասում տեղ է հատկացվում փաստաթուղթ ստացող քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձի` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկարի համար:

Փաստաթղթի 4-րդ էջում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԱԾ Է» բառերը:

Փաստաթղթի 5-րդ էջում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերը և դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:

Փաստաթղթի 6-րդ և 7-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը: Նշված էջերից յուրաքանչյուրի վրա տեղ է հատկացվում երկու երեխայի` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկարները փակցնելու և նրանց տվյալները լրացնելու համար, իսկ նրանցից յուրաքանչյուրի լուսանկարի համար հատկացված տեղից ներքև տպագրվում են «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԾՆՎԵԼ Է» և «ՍԵՌԸ» բառերը:

Փաստաթղթի 8-րդ և 9-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՆՇՈՒՄՆԵՐ» բառը:

Փաստաթղթի 10-32-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:

Փաստաթղթի 1-ին և 5-32-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են փաստաթղթի սերիան և համարը:

Փաստաթղթի շապիկի վերջին էջի ներսի կողմում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ», «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» և «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱԶՄՎԱԾ Է 32 ԷՋԻՑ` ՉՀԱՇՎԱԾ ՇԱՊԻԿԸ» նախադասությունները:

Փաստաթղթի բոլոր էջերը համարակալվում են:

(հավելվածը լրաց. 10.07.03 N 883-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան