ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/6995/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի |
2009 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.03.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Սուսաննա Հարությունյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձինք Կիմա, Սերյոժա, Նորիկ, Ելենա, Ռիմա, Վարդան և Սուրեն Մանուկյանների՝ 22.10.2008 թվականի թիվ 5687ա ակտն անվավեր ճանաչելու և Երևանի Նորքի 137/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սուսաննա Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 22.10.2008 թվականի թիվ 5687ա ակտը և պարտավորեցնել Կադաստրին գրանցելու սեփականության իրավունքը Երևանի Նորքի 137/2 հասցում գտնվող անշարժ գույքի նկատմամբ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.03.2009 թվականի վճռով Սուսաննա Հարությունյանի հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կադաստրը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի պահանջը, չի կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 07.04.2005 թվականի թիվ 719 որոշման պահանջները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը տվյալ դեպքում չի պարզել այն փաստը, որ գրանցված 648 քմ ընդհանուր համատեղ սեփականության հողամասի սահմանները փոփոխվել են, և առկա է 7,4 քմ մակերեսով ինքնակամ զբաղեցված հողամաս: Բացի այդ, հողը պակասել է 52,8 քմ մակերեսով, իսկ ինքնակամ զբաղեցված հողամասի վրա առկա է 4,8 քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինություն, որն օգտագործվում է մյուս համասեփականատերերի կողմից։
Ուստի, միայն օրինական շինությունների և հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, անկախ այդ հասցեում ինքնակամ շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասի առկայության, հնարավոր չէ իրականացնել, քանի որ 648 քմ մակերեսով հողատարածքը, որը սեփականության իրավունքով պատկանում է հայցվորին, փաստացի գոյություն չունի։
Բացի այդ, ՀՀ կառավարության 07.04.2005 թվականի թիվ 719 որոշման համաձայն՝ քաղաքային բնակավայրերում սեփականության իրավունքով պատկանող այն հողամասերը, որոնց կից առկա են ինքնակամ զբաղեցված հողամասեր և /կամ/ ինքնակամ զբաղեցված հողամասում ինքնակամ կառուցված շենքեր, շինություններ, ենթակա չեն պետական գրանցման։
Ինչ վերաբերում է Դատարանի կողմից նշված այն հանգամանքին, որ Կադաստրը միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է, չի կարող անձանց համար սահմանել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ, ապա Կադաստրը անձանց համար օրենքով չնախատեսված փաստաթղթեր կամ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություններ չի սահմանում։ Քաղաքային բնակավայրերում սեփականության իրավունքով պատկանող հողամասերին կից ինքնակամ զբաղեցված հողամասերի և /կամ/ ինքնակամ զբաղեցված հողամասում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման սահմանափակումը ՀՀ կառավարության կողմից ընդունված 07.04.2005 թվականի թիվ 719 որոշման պահանջն է, և այն ենթակա է կատարման:
Բացի այդ, հաշվի առնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի պահանջը հնարավոր չէ անշարժ գույքի տվյալ միավորի մասի (օրինական) նկատմամբ կատարել իրավունքի պետական գրանցում, իսկ մյուս մասն (ինքնակամ) անտեսել և առանց ինքնակամ շինությունների հարցը կարգավորելու, օրինական մակերեսների նկատմամբ կատարել իրավունքների պետական գրանցում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.03.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 29.01.2003 թվականին տրված թիվ 1020038 սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ Նորքի 137/2 հասցեում գտնվող 80,1քմ մակերեսով բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանել է Սիրանուշ Վանյայի Հովհաննիսյանին, որը տեղակայված է 0,0648հա մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասի վրա (գ.թ. 6-8):
2. Սիրանուշ Վանյայի Հովհաննիսյանին 10.10.2008 թվականին տրված Կադաստրի «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների սահմանափակումների» միասնական տեղեկանքի «Լրացուցիչ տեղեկություններ» մասի համաձայն՝ առկա է հողազավթում՝ 7,4քմ, հողը պակաս է 52,8քմ-ով: Բնակելի տան ներքին մակերեսը կազմում է 78, 2քմ: Զավթած հողի վրա առկա է 4,8քմ ինքնակամ կառույց, այն օգտագործում են մյուս համասեփականատերերը (գ.թ. 70):
3. Սիրանուշ Վանյայի Հովհաննիսյանի (վաճառող) և Սուսաննա Հարությունյանի (որպես գնորդ) միջև 16.10.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1.1. կետի համաձայն՝ Սուսաննա Հարությունյանը ձեռք է բերել Սիրանուշ Վանյայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը: Պայմանագրի 1-ին կետով արձանագրվել է. «Վաճառողը վաճառում է, իսկ Գնորդը ձեռք է բերում Երևանի Նորք-Մարաշ համայնքի Նորքի թիվ 137/2 հասցեում գտնվող անշարժ գույքը, բաղկացած բնակելի տնից 80,1քմ, 0,0648հա ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից: Առկա է հողազավթում՝ 7,4քմ, հողը պակաս է 52,8 քմ-ով: Բնակելի տան ներքին մակերեսը կազմում է 78,2քմ: Զավթած հողի վրա առկա է 4,8քմ ինքնակամ կառույց, այն օգտագործում են մյուս համասեփականատերերը» (գ.թ. 12):
4. Կադաստրի 22.10.2008 թվականի թիվ Ռ/Ս 5687ա գրությամբ Սուսաննա Հարությունյանի իրավունքների պետական գրանցումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ 10.10.2008 թվականի թիվ 0349269 միասնական տեղեկանքում և անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետում հստակ նշվել է, որ առկա է 7,4քմ ինքնակամ զբաղեցված հողամաս, հատկացվածից 52,8քմ պակաս հողամաս, 4,8քմ ինքնակամ շինություն, որը գտնվում է ինքնակամ զբաղեցված հողամասի վրա և օգտագործվում է մյուս համասեփականատերերի կողմից, որպիսի խոչընդոտների վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել (գ.թ. 10):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
Նույն օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Այսինքն՝ վարչական դատարանը գործի լուծման համար էական նշակություն ունեցող փաստերը պետք է պարզի օրենքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, տվյալ փաստի հաստատված լինելու հարցը պետք է որոշի միայն գործում եղած բոլոր ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելուց հետո՝ հիմնվելով ներքին համոզման վրա:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտները, պետական գրանցման նպատակով, անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներին դիմումի հետ միասին ներկայացնում են սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված փաստաթղթերը:
Նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի դ) և թ) կետերի համաձայն՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը` հողամասի սահմանների փոփոխման, միավորման և բաժանման մասին պայմանագրերը. անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող փաստաթղթեր:
Նույն օրենքի 43-րդ հոդվածի համաձայն՝ պետական գրանցումը մերժվում է, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, այսինքն՝
ա) չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,
բ) բացակայում է պետական գրանցման վճարի անդորրագիրը,
գ) ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր:
Արգելվում է այլ պատճառներով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մերժումը, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կադաստրը պարտավոր է գրանցել այն անշարժ գույքի նկատմամբ անձի իրավունքները, որոնց նկատմամբ ներկայացվել են օրենքով նախատեսված իրավահաստատող փաստաթղթերը:
Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ վիճելի հասցեում գտնվող անշարժ գույքը նույն կարգավիճակով պատկանել է Կարեն Մանուկյանին, որն այն վաճառել է Սիրանուշ Հովհաննիսյանին, իսկ Սիրանուշ Հովհաննիսյանը, 29.01.2003 թվականին կատարելով պետական գրանցում, վիճելի անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, հանգել է այն հետևության, որ վիճելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականները Կադաստրի կողմից երկու անգամ տրվել են, հետևաբար, վարչական մարմինը անհավասար մոտեցում է ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքի նկատմամբ:
Մինչդեռ Դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Կադաստրի 10.10.2008 թվականի «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների սահմանափակումների» միասնական տեղեկանքը, որի «Լրացուցիչ տեղեկություններ» մասի համաձայն՝ առկա է հողազավթում՝ 7,4քմ, հողը պակաս է 52,8քմ-ով: Բնակելի տան ներքին մակերեսը կազմում է 78, 2քմ: Զավթած հողի վրա առկա է 4,8քմ ինքնակամ կառույց, այն օգտագործում են մյուս համասեփականատերերը: Բացի այդ, 16.10.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Սիրանուշ Հովհաննիսյանը վաճառել է, իսկ Սուսաննա Հարությունյանը ձեռք է բերել Երևանի Նորք-Մարաշ համայնքի Նորքի թիվ 137/2 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բաղկացած բնակելի տնից 80,1քմ, 0,0648հա ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից: Առկա է հողազավթում՝ 7,4 քմ, հողը պակաս է 52,8 քմ-ով: Բնակելի տան ներքին մակերեսը կազմում է 78, 2քմ: Զավթած հողի վրա առկա է 4,8 քմ ինքնակամ կառույց, այն օգտագործում են մյուս համասեփականատերերը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Սուսաննա Հարությունյանի իրավունքների պետական գրանցման մերժումը 7,4 քմ և 52,8քմ հողամասերի նկատմամբ, քանի որ դրանց վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթեր Կադաստրին չեն ներկայացվել: Մասնավորապես, 7,4 քմ հողամասը զավթված է, իսկ վաճառքի պահին 0,0648հա հողամասը պակասել է 52,8քմ-ով, որի մասին նշվել է նաև պայմանագրում:
Ինչ վերաբերում է նույն հասցեում գտնվող ինքնակամ կառույցի պետական գրանցման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ՝
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 188-րդ հոդվածի 1-ին մասի իրավական վերլուծությանը, նշել է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն, երբ այն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դառնում է օրինական (տե՛ս, Արթուր Ղամբարյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` հողամասի մասի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, այգեգործական նպատակով հատկացված հողամասի նկատմամբ անհատույց սեփականության իրավունքի ճանաչման, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ԵԿԴ/1862/02/08 որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 16.10.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 1-ին կետում նշված 4,8քմ մակերեսով ինքնակամ կառույցն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով առուվաճառքի օբյեկտ չէ, ավելին, գործի փաստերի համաձայն՝ այն օգտագործվում է մյուս համասեփականատերերի կողմից:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուսաննա Հարությունյանի պահանջը Երևանի Նորքի 137/2 հասցեում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ գրանցելուն Կադաստրին պարտավորեցնելը իրավաչափ չէ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ինքնակամ կառույցի մասով ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:
Հիմք ընդունելով վերոնշյալ պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 4,8 քմ ինքնակամ կառույցի նկատմամբ պետական գրանցում կատարելու պարտավորեցնելու պահանջի մասով վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վարչական դատարանի 10.03.2009 թվականի վճիռը բեկանել, 4,8 քմ մակերեսով ինքնակամ կառույցի նկատմամբ պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Ա. Բարսեղյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան
Նախագահող`
Դատավորներ`