Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-834
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.10.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.28/54(720) Հոդ.1179
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
20.10.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
20.10.2009
Дата вступления в силу
20.10.2009

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

20 հոկտեմբերի 2009 թ.

 

ԱՐԱՄ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԵՎ ՀԱՅԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 25 ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմողներ Ա. Քարամյանի, Հ. Հայրապետյանի, պատասխանող կողմի` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արամ Քարամյանի և Հայկ Հայրապետյանի դիմումների հիման վրա՝ «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ Արամ Քարամյանի և Հայկ Հայրապետյանի դիմումների հիման վրա քննության ընդունված դիմումները վերաբերում են նույն հարցին, իր` 08.06.2009թ. աշխատակարգային որոշմամբ որոշել է դրանք միավորել և քննել դատարանի նույն նիստում:

Գործի քննության առիթն Արամ Քարամյանի և Հայկ Հայրապետյանի` 20.05.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Փախստականների մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. «Փախստականների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1999 թվականի մարտի 3-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել 1999 թվականի մարտի 27-ին և ուժի մեջ մտել 1999 թվականի ապրիլի 11-ին (ՀՕ-288):

Օրենքի` «1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց մասին» վերտառությամբ 25 հոդվածն իր սկզբնական խմբագրությամբ սահմանել է. «Սույն օրենքի այն նորմերը, որոնք սահմանափակում են փախստականի կարգավիճակ հայցողների իրավունքները, չեն տարածվում 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց վրա»: Հետագայում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի մարտի 3-ին ընդունված` ««Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 11 հոդվածով «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածը փոփոխվել է և շարադրվել հետևյալ խմբագրությամբ. «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված և փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված անձինք հանդիսանում են փախստական` սույն օրենքի իմաստով»:

Ավելի ուշ` 2008 թվականի նոյեմբերի 27-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՕ-211-Ն ՀՀ օրենքը, որի 65 հոդվածի երկրորդ մասի ուժով 2009 թվականի հունվարի 24-ից ուժը կորցրել է «Փախստականների մասին» 1999 թվականի մարտի 3-ի ՀՕ-288 ՀՀ օրենքը:

Դիմողները սահմանադրական դատարանում վիճարկում են «Փախստականների մասին» ՀՀ օրենքի` 2004 թվականի մարտի 3-ի ՀՕ-49-Ն օրենքի խմբագրությամբ 25 հոդվածը:

2. Արամ Քարամյանի դիմումի առնչությամբ քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ Ա. Քարամյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության` իրեն որպես փախստական «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում հաշվառելու և համապատասխան տեղեկանք տրամադրելու պահանջների մասին:

Հայկ Հայրապետյանի դիմումի առնչությամբ քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ Հ. Հայրապետյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության` իրեն որպես փախստական ճանաչելու և որպես փախստական «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում հաշվառելու պահանջների մասին:

Վարչական դատարանի` 06.10.2008թ. թիվ ՎԴ /3334/05/08 և թիվ ՎԴ /2008/05/08 վճիռներով վերոնշյալ երկու հայցերն էլ բավարարվել են:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ներկայացրած վճռաբեկ բողոքների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի` 13.03.2009թ. թիվ ՎԴ /3334/05/08 և թիվ ՎԴ /2008/05/08 որոշումներով վարչական դատարանի` 06.10.2008թ. թիվ ՎԴ /3334/05/08 և թիվ ՎԴ /2008/05/08 վճիռները բեկանվել են և փոփոխվել` Արամ Քարամյանի և Հայկ Հայրապետյանի հայցերը մերժվել են:

ՀՀ վճռաբեկ դատարանը` վկայակոչելով տվյալ իրավահարաբերության ծագման պահին գործող` «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի դրույթները, ինչպես նաև մեկնաբանելով նույն օրենքի 25 հոդվածի դրույթները, գտել է, որ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար հիմք են հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.

ա) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված լինելը,

բ) փախստականների հարցերով զբաղվող պետական մարմնում որպես փախստական հաշվառված լինելը:

Միաժամանակ, վերոնշյալ իրավական դիրքորոշման շրջանակներում հիմք ընդունելով այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն են բռնագաղթել դիմողների ծնողները, իսկ դիմողները ծնվել են Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դիմողները 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած անձինք չեն, իսկ նրանց ծնողների բռնագաղթված լինելու հանգամանքը հիմք չէ «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի ուժով դիմողներին փախստական ճանաչելու մասին:

3. Դիմողներն օրենքի 25 հոդվածը վիճարկում են փախստականի կարգավիճակ ունեցող անձանցից Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխայի կարգավիճակի տեսանկյունից: Ըստ դիմողների` օրենքի վիճարկվող 25 հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության, համաչափության, իրավահավասարության սկզբունքներին, ինչի հետևանքով հակասում է ՀՀ Սահմանադրության 3, 6, 14, 14.1., 19, 20, 30.1., 42, 43, 44 և 47 հոդվածների պահանջներին: Դիմողները գտնում են, որ իրավական անորոշության հետևանքով վճռաբեկ դատարանն իր որոշմամբ օրենքի 25 հոդվածին տվել է այնպիսի մեկնաբանություն, որի պարագայում իրենց, որպես փախստականի կարգավիճակ ունեցող անձանցից ծնված երեխաների, մերժվել է փախստականի կարգավիճակի տրամադրումը:

Բացի դրանից, դիմողները պնդում են, որ օրենքի 25 հոդվածի իրավական անորոշության վրա հիմնված` վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման հետևանքով իրենք հայտնվել են անորոշ կարգավիճակում. չունեն իրենց կարգավիճակը հաստատող որևէ իրավական փաստաթուղթ, ինչի պատճառով խախտվում են միջազգային պայմանագրերով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց իրավունքներն ու ազատությունները:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի և 25 հոդվածի համադրված վերլուծության արդյունքներով գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում ծնված և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված դիմողը չի կարող համարվել փախստական` անկախ նրա ծնողների բռնագաղթված լինելու հանգամանքից: Ըստ պատասխանողի` «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածում ամրագրված դրույթները մեկնաբանելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի պահանջներին համապատասխան` պարզ է դառնում, որ վիճարկվող նորմի ուժով դիմողը չի կարող փախստական ճանաչվել, քանի որ ծնվել է Հայկական ԽՍՀ-ում և ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ-ում: Փախստականների երեխաներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունել պարտավորեցնելու վերաբերյալ դիմողների պնդումները «Փախստականների մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի սխալ մեկնաբանման արդյունք են:

5. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի սահմանադրականության հարցի առնչությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում, նախ` պարզել «փախստական» և «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձ» հասկացությունների բովանդակությունը:

«Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի Ժնևի կոնվենցիայի 1-ին հոդվածի Ա. բաժինը սահմանում է «փախստական» հասկացությունը: Նշված բաժնի 2-րդ պարբերության համաձայն` «փախստական» եզրույթը կիրառելի է այն անձի նկատմամբ, ով «... ցեղի, կրոնի, ազգության, որոշակի ընկերային խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի պատճառով հալածանքի հիմնավորված երկյուղ կրելու կապակցությամբ գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և անկարող է կամ այդպիսի երկյուղի պատճառով անհոժար է օգտվել այդ երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և նման պատահարների հետևանքով գտնվելով իր նախկին սովորական բնակության երկրից դուրս, անկարող է կամ այդպիսի երկյուղի պատճառով անհոժար է այնտեղ վերադառնալ»:

2008թ. նոյեմբերի 27-ին ընդունված` «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածը գրեթե տառացիորեն վերարտադրել է Ժնևի կոնվենցիայի վերոհիշյալ դրույթը` իր առաջին մասում սահմանելով, որ փախստական է համարվում «… այն օտարերկրյա քաղաքացին, որը ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի հետևանքով գտնվում է իր քաղաքացիության երկրից դուրս և չի կարող կամ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում օգտվել իր քաղաքացիության երկրի պաշտպանությունից, կամ նա, ով, չունենալով քաղաքացիություն և գտնվելով իր նախկին մշտական բնակության երկրից դուրս, չի կարող կամ այդ նույն երկյուղի պատճառով չի ցանկանում վերադառնալ այնտեղ»:

Փախստականի հասկացության վերաբերյալ նմանատիպ դրույթներ էր բովանդակում նաև 1999թ. մարտի 3-ին ընդունված և արդեն ուժը կորցրած` «Փախստականների մասին» ՀՕ-288 ՀՀ օրենքի 1-ին հոդվածը:

Բերված սահմանումներից ակնհայտորեն բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստանալուն կարող է հավակնել այն անձը.

ա) ով բացառապես օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող այնպիսի անձ, ում մշտական բնակության երկիրը Հայաստանի Հանրապետությունը չէ,

բ) ում համար առկա է հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ:

Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը հարկ է համարում մեկնաբանել նաև «Փախստականների մասին» ՀՕ-288 ՀՀ օրենքի 1-ին հոդվածում ամրագրված` «հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ» հասկացության բովանդակությունը: Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ հետապնդումն իրավական արժեքներին վնաս պատճառելն է, որն անձին դնում է անելանելի դրության մեջ:

Անձի իրավունքների դեմ անթույլատրելի ոտնձգությունը դեռևս բավարար չէ հետապնդման մասին խոսելու համար: Ավելի շուտ պահանջվում է իրավունքների խախտման այնպիսի սպառնալիք, որն իր ձևով ու ծանրությամբ կառաջացնի մարդու արժանապատվության ոտնահարում և տուժողին կդնի անելանելի դրության մեջ: Այն կարող է վնասել կյանքի բոլոր ոլորտները` կրոնական, մշակութային կամ տնտեսական: Նման իրավիճակն առկա է միշտ այն դեպքում, երբ վտանգված են, այսպես կոչված, հիմնարար արժեքները: Դրանց թվին են պատկանում կյանքի իրավունքը, ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, անձնական ու կրոնական ազատությունը, ինչպես նաև կեցության տնտեսական հիմքը:

6. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 25 հոդվածի նպատակը 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց կարգավիճակի հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումն էր: Այդ նպատակով օրենսդիրը վերը նշված անձանց կարգավիճակը հավասարեցրել է փախստականի կարգավիճակին: Այդ կապակցությամբ սահմանադրական դատարանը` հիմք ընդունելով նաև սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ օրենքի 25 հոդվածում ամրագրված` «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված… անձինք» հասկացությունը վերաբերում է այն անձանց, ովքեր բավարարում են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ`

ա) Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս եղել են օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող այնպիսի անձինք, որոնց մշտական բնակության երկիրը Հայաստանի Հանրապետությունը չէր,

բ) ունեցել են և փախստականի կարգավիճակ հայցելու պահին շարունակում են ունենալ Ադրբեջանի Հանրապետությունում հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղ:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրենքի 25 հոդվածի նպատակը չէր սահմանել փախստականի կարգավիճակ ստացած անձանցից Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխաների իրավական կարգավիճակը: Օրենսդրական նման քաղաքականությունն իրավաչափ է, քանի որ փախստականի կարգավիճակ ստացած անձանցից սերված լինելը, Հայաստանի Հանրապետությունում ծնվելու պարագայում, ինքնին չի կարող առաջացնել փախստականի կարգավիճակ ստանալու պարտադիր պայման, քանի որ նման պայմանը չի տեղավորվում «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թվականի Ժնևի կոնվենցիայի 1-ին հոդվածի Ա. բաժնով և «Փախստականների մասին» ՀՕ-288 ՀՀ օրենքով սահմանված` «փախստական» հասկացության շրջանակներում:

Ավելին, փախստականի կարգավիճակ ունեցող անձանցից ծնված երեխաների կարգավիճակին վերաբերող միջազգային իրավական փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ միջազգային իրավունքը խրախուսում է այդ կատեգորիայի անձանց ընդունող պետության քաղաքացիություն տրամադրելու գործընթացը: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Փախստականների կողմից ընդունող պետության քաղաքացիության ձեռքբերման մասին անդամ պետություններին ուղղված R(84) 21 հանձնարարականում Նախարարների կոմիտեն հանձնարարում է ձեռնարկել միջոցներ` ապահովելու համար ընդունող պետությունում կամ այլուր ծնված` փախստականների երեխաների` ընդունող պետության քաղաքացիության ձեռքբերումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի 25 հոդվածը չի առաջացնում իրավական անորոշություն, այլ, ընդհակառակն, դրա բացակայությունն անարդյունավետ կդարձներ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված անձանց կարգավիճակի հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը:

Անդրադառնալով փախստականի կարգավիճակ ստացած անձանցից Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխաների իրավական կարգավիճակին և հիմք ընդունելով ՀՀ օրենսդրության վերլուծության արդյունքները` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ փախստականի կարգավիճակ ստացած անձանցից Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխաներն ինքնաբերաբար չեն կարող ՀՀ-ում ստանալ փախստականի կարգավիճակ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. ՀՀ Ազգային ժողովի կողմից 1999 թվականի մարտի 3-ին ընդունված` «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածը` ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004 թվականի մարտի 3-ին ընդունված ՀՕ-49-Ն օրենքի խմբագրությամբ, մինչև 2008 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված` «Փախստականների և ապաստանի մասին» ՀՕ-211-Ն ՀՀ օրենքի 65 հոդվածի երկրորդ մասի ուժով 2009 թվականի հունվարի 24-ից ուժը կորցնելը, համապատասխանել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

20 հոկտեմբերի 2009 թ.

ՍԴՈ-834

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան