ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2009 թվականի N 121-Ն
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կենդանական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամյա ժամկետում ընդունել կենդանական աշխարհի մոնիթորինգի վարման մեթոդական ուղեցույցը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքի կենդանական աշխարհի մոնիթորինգի իրականացման նպատակը, խնդիրները, օբյեկտներն ու կենդանական աշխարհի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման (վարման) կարգը:
2. Կենդանական աշխարհի մոնիթորինգը (այսուհետ` մոնիթորինգ) նպաստում է կենդանիների բազմազանության պահպանության և կայուն օգտագործման նորմերի սահմանմանը: Մոնիթորինգը` կենդանական աշխարհի օբյեկտների որակական և քանակական ցուցանիշների, գնահատման, արագ արձագանքման և զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ է:
3. Մոնիթորինգը կազմակերպվում ու իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
4. Մոնիթորինգի կազմակերպման և իրականացման համար հիմք են կենդանական աշխարհի պետական հաշվառման տվյալները, որն իրականացվում է ոչ ուշ, քան յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Առանձին դեպքերում դա կարող է իրականացվել նաև ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
4.1. Որսորդական տնտեսությունների տարածքներում որսի կենդանիների հաշվառումը կազմակերպում և իրականացնում է որսի օգտատերը` տարեկան մեկ անգամ: Օգտատերը հաշվառման տվյալները ներկայացնում է որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառում լիազոր մարմին` որսասեզոնն սկսելուց ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
(4.1 կետը լրաց. 19.11.09 N 1326-Ն)
II. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Մոնիթորինգն իրականացվում է կենդանական աշխարհի օբյեկտների տարածվածության, քանակի, ներկա վիճակի, ինչպես նաև դրանց ապրելավայրերի, բնադրավայրերի, միգրացիայի ուղիների և էկոհամակարգի որակի, ամբողջականության գնահատման, բացասական երևույթների` ժամանակին հայտնաբերման, կանխարգելման և վերացման նպատակով:
6. Մոնիթորինգի խնդիրներն են`
1) կենդանական աշխարհի կառավարումն իրականացնողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը` համապատասխան որոշումների ընդունման համար.
2) կենդանիների տարածվածության, տեսակային կազմի, քանակի, ապրելավայրերի, բնադրավայրերի և միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտումը.
3) պոպուլյացիաների քանակական և որակական փոփոխությունների ընթացքի գնահատումը և կանխատեսումը.
4) կենդանական աշխարհին ու դրա առանձին տեսակներին սպառնացող բնական, մարդածին գործոնների բացասական ազդեցության բացահայտումը, դրա կանխարգելման միջոցառումների մշակումը և վերացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.
5) կենդանական ռեսուրսների օգտագործման նորմավորման հիմնավորմանը նպաստելը` ըստ ծավալների և ժամկետների.
6) կենդանական աշխարհի մասին տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու իրազեկմանը նպաստելը:
III. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
7. Մոնիթորինգի օբյեկտներն են`
1) կենդանիների տեսակների ապրելավայրերը, բնադրավայրերը և միգրացիայի ուղիները, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերը.
2) կենդանիների բազմազանությունը` առաջնահերթ նշանակություն տալով`
ա. այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնց տարածվածությունը սահմանափակվում է հարաբերականորեն ոչ մեծ աշխարհագրական շրջանով (էնդեմիկներ),
բ. այն տեսակներին, ցեղերին, ընտանիքներին կամ այլ կարգաբանական միավորներին, որոնք պահպանվել են անցած երկրաբանական ժամանակաշրջաններից և ներկայումս հազվադեպ են հանդիպում (ռելիկտներ),
գ. Հայաստանի կենդանական աշխարհի համար օտարածին և տեղածին այն տեսակներին, որոնց ներթափանցումը բնական էկոհամակարգեր և արագ բազմացումն սպառնում են էկոհամակարգերի կայունությանը (ինվազիվ և էքսպանսիվ տեսակներ).
3) Կարմիր գրքում ընդգրկված կենդանիների տեսակները, ինչպես նաև դրանց պոպուլյացիաները.
4) տնտեսական արժեք ներկայացնող և արդյունագործական նշանակություն ունեցող տեսակները.
5) կենդանիների պոպուլյացիաները և դրանց գերիշխող (դոմինանտ) տեսակները.
6) կենդանական ռեսուրսների ապօրինի օգտագործումը:
IV. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
8. Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գտնվող անտառների, անտառային հողերի, մոնիթորինգը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ` լիազորված պետական մարմին): Անտառներում և անտառային հողերում մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից, և ստացված արդյունքները ներկայացվում են լիազորված պետական մարմին` կենդանական աշխարհի մոնիթորինգի վարման նպատակով:
9. Մոնիթորինգի իրականացումը փուլային գործընթաց է, որը ներառում է`
1) ելակետային տվյալների ստացումը և հավաքագրումը` սույն կարգի 7-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների դիտարկման միջոցով.
2) ստացված տվյալների վերլուծությունը, ամփոփումը, կանխատեսումների կազմումը.
3) տվյալների բազայի վարումը և տեղեկատվության տրամադրումը.
4) լիազորված պետական մարմնի կողմից` մոնիթորինգի տվյալների հիման վրա անհրաժեշտ բնապահպանական գործողությունների իրականացման վերաբերյալ որոշումների նախագծերի մշակումը` շահագրգիռ կողմերի մասնակցության ապահովմամբ (տարածքային կառավարման մարմիններ, համապատասխան ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ, բնօգտագործողներ և այլն):
10. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոնիթորինգի ելակետային տվյալներն ստանում են`
1) միջազգային և հանրապետական նշանակություն ունեցող` բնության հատուկ պահպանվող տարածքներում, անտառներում և անտառային հողերում` լիազորված պետական մարմնի կազմում գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունները, իսկ հավատարմագրային կառավարման դեպքում` հավատարմագրային կառավարիչը.
2) տեղական նշանակություն ունեցող` բնության հատուկ պահպանվող տարածքներում` պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը.
3) բնության հատուկ պահպանվող տարածքներից, անտառներից և անտառային հողերից դուրս` լիազորված պետական մարմնի պատվերով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Մոնիթորինգի ելակետային տվյալների ստացման և հավաքագրման նպատակով ստեղծվում է դիտարկման ցանց, որը ներառում է մշտական կամ ժամանակավոր (սեզոնային) դիտակետեր, փորձահրապարակներ, երթուղիներ` դիտարկումների, ստուգայցերի, երթուղային հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման համար:
12. Մոնիթորինգի իրականացման նպատակով դիտարկման ցանցը նախատեսվում է` հաշվի առնելով տվյալ տարածքում սույն կարգի 7-րդ կետում նշված մոնիթորինգի օբյեկտների առկայությունը, դրանց տարածվածությունը, վիճակը, մարդածին ներգործության ծանրաբեռնվածությունը:
13. Դիտարկման ցանցի տեղաբաշխման նախագծերը մշակվում են սույն կարգի 8-րդ կետում նշված համապատասխան մարմինների ու կազմակերպությունների կողմից և հաստատվում լիազորված պետական մարմնի պատվերով:
14. Դիտարկման ցանցի պահպանումը, սպասարկումը և անխափան գործունեությունը ապահովում է տվյալ տարածքի պահպանությունը և օգտագործումն իրականացնող մարմինը` համապատասխան անձնակազմի և տվյալների հավաքագրման համար անհրաժեշտ սարքավորումների միջոցով:
15. Մոնիթորինգի իրականացման ընթացքում ձեռք բերված ելակետային տվյալները լրացվում են լիազորված պետական մարմնի կողմից հաստատված ձևատեսքերում` մոնիթորինգային արձանագրություններում և դաշտային ձևերում, որտեղ գրանցվում են մոնիթորինգի ենթարկվող յուրաքանչյուր օբյեկտի մասին ստացված դաշտային տվյալները:
16. Մոնիթորինգի արդյունքում ստացված ելակետային տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են լիազորված պետական մարմին, որն իրականացնում է սույն կարգի 9-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մոնիթորինգի տվյալների համակարգումը և տվյալների բազայի վարումը:
17. Լիազորված պետական մարմինն ապահովում է մոնիթորինգի տվյալների մուտքագրումը, դասակարգումը, վերլուծությունը, պարբերական թարմացումը և հասարակայնության համար տեղեկատվության մատչելիությունը: Այդ նպատակով ստեղծվում է միասնական համապարփակ տեղեկատվական համակարգ, որն ընդգրկում է ելակետային տվյալների փոխհամադրելի բազաները:
18. Մուտքագրված տվյալները վերլուծվում և գնահատվում են մուտքագրման օրվանից մինչև 20 օրվա ընթացքում, որից հետո տեղադրվում են համապատասխան վեբ-կայքում:
19. Անտառների կենդանական աշխարհի վերաբերյալ ստացված տվյալները ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ներկայացվում են անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին»2 N 198-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2019, N 1442-Ն | 31.10.2019, N 121-Ն | |
19.11.2009, N 1326-Ն | 13.12.2009, N 121-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|