ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0442/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0442/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարան | |
Դատավորներ՝ Ա. Խառատյան Վ. Ավանեսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Է. Հայրիյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների հայցի ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, երրորդ անձանց` Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների`ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ինչպես նաև Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների, երրորդ անձ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանն ամբողջությամբ ժառանգական գույք ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու, բնակարանի 4/7-րդ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյանները պահանջել են Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքը` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը, բաժանել ժառանգների միջև բաժիններին համապատասխան:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 20.04.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Անժելա Ղազարյանին, Արփիկ և Արմինե Գասպարյաններին և Շուշանիկ Սարգսյանին ճանաչել 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ` յուրաքանչյուրին 1/4-ական բաժիններով:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Անժելա Ղազարյանին, Արփիկ և Արմինե Գասպարյաններին և Շուշանիկ Սարգսյանին ճանաչել 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ` յուրաքանչյուրին 1/7-ական բաժիններով:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 14.07.2006 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Անժելա Ղազարյանին, Արփիկ և Արմինե Գասպարյաններին և Շուշանիկ Սարգսյանին ճանաչել 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ` յուրաքանչյուրին 1/7-ական բաժիններով:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.12.2007 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.05.2007 թվականի վճիռը, և գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2008 թվականի որոշմամբ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների հայցն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, երրորդ անձանց Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների` ժառանգական գույքը` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը, ժառանգների միջև` ըստ բաժինների համաչափ բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Հակընդդեմ հայցով Շուշանիկ Սարգսյանը, Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանները պահանջել են 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքը` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը, ամբողջությամբ ճանաչել ժառանգական գույք, իրենց ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ, և ճանաչել բնակարանի 4/7-րդ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2008 թվականի վճռով վճռվել է` «հաստատել, որ Անժելա Ղազարյանը, Արմինե, Արփիկ, Ոսկեհատ, Հրանուշ, Նունե Հովհաննեսի Գասպարյանները և Շուշանիկ Սարգսյանը հավասար` 1/7-րդ բաժնեմասերով հանդիսանում են Հ.Գասպարյանի ժառանգներ, և նրանք ընդունել են Հ.Գասպարյանի անվամբ Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի, 20 շ. 43 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ամբողջությամբ»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.11.2008 թվականի որոշմամբ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասությանդատարանի 08.05.2008թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ և 132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 1225-րդ և 1226-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, այդ թվում` Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի 2005 թվականի թիվ 1 ժառանգական գործի մուտքի մատյանի գրանցումները, որոնց համաձայն` պատասխանողները օրենքով սահմանված կարգով չեն դիմել նոտարական գրասենյակ և բաց են թողել օրենքով սահմանված ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածների պահանջները, հիմք է ընդունել նոտարի գրությունն այն մասին, որ պատասխանողը և երրորդ անձինք դիմել են նոտարին, սակայն գործում առկա չէ պատասխանողի և երրորդ անձանց դիմումը, որը հանձնվել է նոտարին և գրանցվել գրանցամատյանում կամ նոտարի կողմից վավերացված դիմում, որը հանձնվել է խորհրդատուին: Տվյալ դեպքում նոտարի գրությունը հակասում է Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի 2005 թվականի թիվ 1 ժառանգական գործի մուտքի մատյանի քաղվածքին:
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 14.07.2006 թվականի թիվ 3-1551 (ՎԴ) և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.12.2007 թվականի թիվ 3-1843 (ՎԴ) որոշումների պատճառաբանություններն այն մասին, որ Հովհաննես Գասպարյանի սեփականության իրավունքը Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ գրանցվել է Անժելա Ղազարյանի հետ համատեղ կյանքի ընթացքում, Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման հիման վրա, սույն գործի քննությամբ կրկին վիճելի գույքը չի համարել համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված: Տվյալ դեպքում Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը պետք է ճանաչվեր Անժելա Ղազարյանի և Հովհաննես Գասպարյանի համատեղ սեփականությունը, և այդ գույքի` Հովհաննես Գասպարյանի 1/2-րդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ պետք է ճանաչվեին միայն Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ու Շուշանիկ Սարգսյանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 06.11.2008 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Անժելա Ղազարյանը և Հովհաննես Գասպարյանը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 1982 թվականից: Նրանց ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցվել է 15.04.1987 թվականին (հատոր 1-ին, գ.թ.8):
2. Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման հիման վրա՝ 16.12.2002 թվականին Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 20 կոոպերատիվ շենքի թիվ 43 բնակարանը սեփականության իրավունքով գրանցվել է Հովհաննես Գասպարյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ.12-14):
3. Հովհաննես Գասպարյանը մահացել է 04.01.2005 թվականին (հատոր 1-ին, գ.թ.11):
4. Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի 2005 թվականի ժառանգական գործի գրանցման մուտքի թիվ 1 մատյանի քաղվածքի համաձայն՝ 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգությունն ընդունելու մասին Անժելա Ղազարյանի դիմումը գրանցվել է նոտարի մոտ (հատոր 1-ին, գ.թ.52-53):
5. Շուշանիկ Հովհաննեսի Սարգսյանին հասցեագրված 22.07.2005 թվականի գրությամբ նոտարը հայտնել է, որ Հովհաննես Գասպարյանի «մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չենք կարող տալ, քանի որ ժառանգների մեջ կա վիճաբանության խնդիր» (հատոր 1-ին, գ.թ.44), իսկ Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Հովհաննեսի Գասպարյաններին հասցեագրված 15.03.2006 թվականի գրությամբ հայտնել է, որ Հովհաննես Գասպարյանի մահվան օրից՝ 04.01.2005 թվականից հետո մինչև վեց ամիսը լրանալը դիմել են ժառանգական գործի գրանցման պահանջով, սակայն նոր գործ չի գրանցվել, քանի որ այն արդեն գրանցված է եղել Անժելա Ղազարյանի ներկայացրած փաստաթղթերով: Գասպարյաններին խորհուրդ է տրվել ներկայանալ նոտարական գրասենյակ 04.07.2005 թվականից հետո, երբ կլրանա իրենց հոր մահվան վեցամսյա ժամկետը (հատոր 1-ին, գ.թ.47):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը սույն գործով արդեն անդրադարձել է վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին` նշելով, որ Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը Հովհաննես Գասպարյանի և Անժելա Ղազարյանի համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք է: Անդրադառնալով ժառանգությունն ընդունած լինելու խնդրին` նշել է, որ ժառանգությունն ընդունված է համարվում, երբ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգը դիմում է հանձնում ժառանգության բացման վայրի նոտարին: Սույն գործով, նոտարի 15.03.2006 թվականի գրության հիման վրա, հաստատվել է Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների կողմից նոտարին դիմելու հանգամանքը, սակայն բացակայում են համապատասխան դիմումները և դրանց ժառանգական գործի գրանցման մուտքի մատյանում գրանցման վերաբերյալ ապացույցները: Հետևաբար, սույն գործով Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների կողմից ժառանգությունն ընդունված համարվել չի կարող (Իրավական հիմնավորումները տե՛ս ըստ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների հայցի ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, երրորդ անձանց` Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների` ժառանգական գույքը` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը, ժառանգների միջև` ըստ բաժիններին համապատասխան բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 14.07.2006 թվականի թիվ 3-1551 (ՎԴ) և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.12.2007 թվականի թիվ 3-1843 (ՎԴ) որոշումները):
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Նշված հոդվածով ուղղակիորեն սահմանվում է Վճռաբեկ դատարանի կողմից տրված իրավական հիմնավորումների պարտադիր բնույթը բոլոր դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործեր քննելիս:
Սույն գործով առկա են ոչ միայն նույնանման փաստական հանգամանքներ, այլ խոսքը գնում է նույն գործի մասին, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հստակ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածների վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում, հետևաբար, ավելորդ է համարում կրկին անդրադառնալ վերոհիշյալ հարցերի մեկնաբանմանը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերիառկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն գործով նախկինում կայացված որոշումների պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2008 թվականի որոշումը բեկանել և այն փոփոխել` հայցը բավարարել, հակընդդեմ հայցը բավարարել մասնակի` Շուշանիկ Սարգսյանի մասով, իսկ մնացած մասով` մերժել:
2. Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ ճանաչել Անժելա Ղազարյանի սեփականության իրավունքը, իսկ Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ ճանաչել Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների ու Շուշանիկ Սարգսյանի սեփականության իրավունքը` յուրաքանչյուրին 1/8 բաժնով:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Է. Հայրիյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
|
Ե. Խունդկարյան | |
|
Ե. Սողոմոնյան |