Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.16
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.07.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
24.07.2009
Дата вступления в силу
24.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0738/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0738/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Ն. Տավարացյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի հուլիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարգարիտ Թերզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Նարինե Խաչատրյանի հայցի ընդդեմ Մարգարիտ Թերզյանի՝ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նարինե Խաչատրյանը պահանջել է որպես շինծու գործարք անվավեր ճանաչել Մարգարիտ Թերզյանի և Գառնիկ Կարապետյանի միջև 05.10.2004 թվականին կնքված Մերսեդես 280 Ե մակնիշի 03 ԼՏ 502 պետհամարանիշով ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.03.2009 թվականի որոշմամբ Մարգարիտ Թերզյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 27.11.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգարիտ Թերզյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նարինե Խաչատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ավտոմեքենայի գնման պահին հայցվորը չի եղել Ընկերության միակ սեփականատերը և մյուս սեփականատեր Գևորգ Բեշիկչյանը չի տվել իր համաձայնությունը նշված առուվաճառքի վերաբերյալ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն ընդունել է հայցվորի կողմից շինծու գործարք կնքելու այն հիմնավորումը, որ իբր այդ գործարքով հայցվորը ցանկացել է գնած ավտոմեքենան ապահովագրել հետագայում բիզնեսում ենթադրաբար կրած անհաջողությունների դեպքում հարկային և վարկային պարտավորությունների դիմաց բռնագրավումից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, մատնանշելով մի շարք իրարամերժ նորմեր, կոնկրետ չի նշել, թե ինչպիսի գործարքների թվին է դասվում վիճարկվող գործարքը, և որ իրավական նորմի հիմքով է ճանաչել Նարինե Խաչատրյանի սեփականության իրավունքը ավտոմեքենայի նկատմամբ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքին համապատասխան. ո՛չ Գառնիկ Կարապետյանի, ո՛չ Նարինե Խաչատրյանի հետ կեղծ կամ շինծու գործարք կնքելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, իսկ ստացականը գրվել է պայմանագրից շատ ավելի ուշ, խաբեության ազդեցության տակ, և այն իրավաբանական ուժ ունենալ չի կարող։ Հետևաբար, Մարգարիտ Թերզյանը նշված ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերել օրենքով սահմանված կարգով:

Վերաքննիչ դատարանը, յուրովի վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածը, եզրահանգում է արել այն մասին, որ ավտոմեքենայի առուվաճառքի մասին բանակցությունները վարել է և գումարը վճարել է ոչ թե Մարգարիտ Թերզյանը, այլ Նարինե Խաչատրյանը։ Եթե ինչ-ինչ հանգամանքների բերումով ավտոմեքենայի գումարի մի փոքր մասը վճարվել է Նարինե Խաչատրյանի կողմից, Դատարանը ո՞ր հանգամանքը կամ ապացույցն է հիմք ընդունել եզրակացնելու, որ ավտոմեքենայի արժեքի մնացած մասը նույնպես վճարել է Նարինե Խաչատրյանը, եթե այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց Նարինե Խաչատրյանը չի ներկայացրել։

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը սահմանում է, որ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս։ Սույն գործով չպատճառաբանելով և չմեկնաբանելով գործարքի բնույթը և այն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանը, մատնանշելով մի շարք իրարամերժ նորմեր, իրավական անորոշություն է ստեղծել:

 

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 317-րդ և 335-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սուբյեկտիվ մոտեցմամբ է մեկնաբանել հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը սահմանում է, որ գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք)։ Նույն օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից կամ այն օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար։ Սույն գործի քննության ընթացքում հայցվորն ու նրա ներկայացուցիչը բազմիցս հայտարարել են, որ շինծու գործարքը կնքվել է Նարինե Խաչատրյանի անմիջական նախաձեռնությամբ՝ հարկային հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով։ Այսինքն՝ գործարքի կնքման պահից՝ 05.10.2004թ-ից, հայցվորն իմացել է գործարքն անվավեր ճանաչելու հիմք ծառայած հանգամանքների մասին, սակայն դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցվորը գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայած հանգամանքների մասին իմացել է 2007թ-ին, երբ դիմել է դատարան ու հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը 20.08.2007թ-ին կարճվել է։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, մասնավորապես այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործողությունները Մարգարիտ Թերզյանի կողմից չեն կատարվել, ավելին՝ վաճառողի հետ առուվաճառքի մասին բանակցությունները վարվել են, և գումարը վճարվել է Նարինե Խաչատրյանի կողմից, այնինչ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրում որպես գնորդ ներկայացվել է Մարգարիտ Թերզյանը, այսինքն՝ կնքվել է շինծու գործարք, ուստի Մարգարիտ Թերզյանը չի կարող հանդիսանալ ավտոմեքենայի սեփականատեր։ Կնքված գործարքը շինծու է, որի նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը, որը նախատեսում է գործարքի անվավերության հետևանքները։

Իր պատճառաբանությունների և եզրահանգումների արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է հիմնավորված և արդարացի որոշում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Նարինե Խաչատրյանը Մարգարիտ Թերզյանի որդու՝ Գևորգ Բեշիկչյանի նախկին կինն է:

2) Մարգարիտ Թերզյանի՝ որպես գնորդի և Գառնիկ Կարապետյանի՝ որպես վաճառողի միջև 05.10.2004 թվականին կնքվել է 1992 թվականի արտադրության Մերսեդես 280 Ե մակնիշի 03 ԼՏ 502 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր:

3) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի թիվ 2 հաշվառման քննական բաժանմունքի պետի գրության համաձայն՝ Մերսեդես 280 Ե մակնիշի 03 ԼՏ 915 պետհամարանիշի ավտոմեքենան 20.08.2004 թվականին հաշվառված է եղել 03 ԼՏ 502 պետհամարանիշով:

4) 25.08.2004 թվականի ստացականի համաձայն՝ Գառնիկ Կարապետյանը Նարինե Խաչատրյանից ստացել է 4.000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ մնացած 7.000 ԱՄՆ դոլարը Նարինե Խաչատրյանը պարտավորվել է վճարել 2004 թվականի հոկտեմբերի 25-30-ը՝ բանկից վարկ ստանալու պայմանով, որից հետո Գառնիկ Կարապետյանը պարտավորվել է ավտոմեքենան վերագրանցել և հանձնել Նարինե Խաչատրյանին:

5) Գառնիկ Կարապետյանի կողմից 16.02.2009 թվականին տրված, նոտարական կարգով վավերացված հայտարարության համաձայն՝ Գառնիկ Կարապետյանը հայտնել է, որ 2004 թվականի օգոստոսին 4.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կանխավճարով Նարինե Խաչատրյանին վաճառել է Մերսեդես 280 Ե մակնիշի 03 ԼՏ 502 պետհամարանիշի ավտոմեքենան, իսկ մնացած 3.500.000 ՀՀ դրամը Նարինե Խաչատրյանը վճարել է 27.10.2004 թվականին: Ավտոմեքենայի առուվաճառքի 05.10.2004 թվականի պայմանագրում Նարինե Խաչատրյանի խնդրանքով որպես գնորդ հանդես է եկել նրա սկեսուրը՝ Մարգարիտ Թերզյանը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել ապրանք (գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը)։ Նույն օրենսգրքի 501-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը, իսկ 502-րդ հոդվածի համաձայն՝ գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից։

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ առուվաճառքի պայմանագրով կողմերի, այն է՝ վաճառողի և գնորդի իրական կամաարտահայտությունն ուղղված պետք է լինի վաճառողի համար՝ առուվաճառքի առարկան ի սեփականություն գնորդին հանձնելու պարտականության և գնորդից առուվաճառքի գինը ստանալու իրավունքի, իսկ գնորդի համար՝ առուվաճառքի առարկան իրեն ի սեփականություն հանձնելու պահանջի իրավունքի, ինչպես նաև հանձնված գույքի ընդունման պարտականության և առուվաճառքի գինը վաճառողին վճարելու պարտականության սահմանմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք): Ընդ որում, վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ կարող են ներկայացնել նույն օրենսգրքում նշված անձինք, իսկ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն՝ մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինծու գործարքն առկա է այն դեպքում միայն, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց: Հետևաբար, գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ՝ 1) գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ 2) այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գառնիկ Կարապետյանի կողմից տրված 25.08.2004 թվականի ստացականով և 16.02.2009 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարությամբ հաստատվում է, որ իրականում ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրով գնորդ է Նարինե Խաչատրյանը, առուվաճառքի գումարը վճարվել է նրա կողմից և հենց նրա խնդրանքով է պայմանագրում որպես գնորդ նշվել Մարգարիտ Թերզյանը:

Վերոնշյալ փաստերի և նշված իրավական նորմերի համադրումից հետևում է, որ առուվաճառքի պայմանագրով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետով գնորդին վերագրվող գործողությունները Մարգարիտ Թերզյանի կողմից չեն կատարվել, այլ վաճառողի հետ առուվաճառքի մասին բանակցությունները վարվել, առուվաճառքի գումարը վճարվել է Նարինե Խաչատրյանի կողմից, հետևաբար քննարկվող պարագայում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առոչինչ գործարքի հետևանքները, ըստ որի՝ շինծու գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս: Իսկ սույն գործի փաստերից հետևում է, որ Մարգարիտ Թերզյանի՝ որպես գնորդի և Գառնիկ Կարապետյանի՝ որպես վաճառողի միջև կնքված գործարքով իրականում քողարկվել է Նարինե Խաչատրյանի՝ որպես գնորդի և Գառնիկ Կարապետյանի՝ որպես վաճառողի միջև կնքված գործարքը:

Վերոգրյալ պատճառաբանություններից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցները գնահատել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի կանոններին համապատասխան:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում: Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից վերանայման է ենթակա Վերաքննիչ դատարանի 06.03.2009 թվականի որոշումը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից չէր կարող պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջները, քանի որ նշված նորմը կանոնակարգում է առաջին ատյանի դատարանի կողմից կայացվելիք վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները:

Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտման մասին վճռաբեկ բողոքի հիմքը, քանի որ նշված նորմը վերաբերում է բաժնետիրական ընկերության և այլ անձանց պատասխանատվությանը, որը քննարկվող իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածը նախատեսում է հայցային վաղեմության հատուկ ժամկետներ՝ ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

Սույն գործով դատարանը պատասխանող կողմի՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելիս որպես հայցային վաղեմության ընթացքի սկիզբ է ընդունել 2007 թվականի օգոստոս ամիսը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 05.10.2004 թվականի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրում որպես գնորդ Մարգարիտ Թերզյանի հանդես գալը տեղի է ունեցել Նարինե Խաչատրյանի գիտությամբ, հետևաբար հայցային վաղեմության ժամկետի հոսքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի առաջին կետի հիմքով սկսվել է հենց այդ օրվանից:

Այնուհանդերձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանը պատասխանողի՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելով սխալ է հաշվարկել գործարքի անվավերության հետևանքի հայցային վաղեմությունը, որը, սակայն, չի հանգեցրել գործի սխալ լուծման, և հայցը բավարարելով ու առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելով, վեճն ըստ էության ճիշտ է լուծվել, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի կողմից հայցային վաղեմության միջնորդության մերժման մասով դատական ակտը սխալ է պատճառաբանված, ուստի Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի սույն հիմքի առկայությունը բավարար չի համարում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան

 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան