ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/6670/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/6670/05/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
նախագահությամբ |
Վ. Աբելյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Է. Հայրիյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
|
Մ. Դրմեյանի | |
|
Տ. Պետրոսյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.02.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Դուստր Հայարփի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) տնօրեն Աշոտ Սևիկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերության տնօրեն Աշոտ Սևիկյանի նկատմամբ արձակել վարչական իրավախախտման համար 22.07.2008 թվականի թիվ 0433 որոշմամբ սահմանված 80.000 ՀՀ դրամ տուգանքի գումարը վճարելու վերաբերյալ վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.02.2009 թվականի վճռով Տեսչության հայցը մերժվել է, իսկ Ընկերության տնօրեն Աշոտ Սևիկյանի հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածը:
Դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Ընկերության տնօրեն Աշոտ Սևիկյանի կողմից ներկայացվել է ոչ թե հակընդդեմ հայց, այլ առարկություն, որը չի պարունակել հակընդդեմ հայցի համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր պահանջները, այն ընդունել է վարույթ և վճարման կարգադրության վարույթից անցում է կատարել հայցային վարույթի:
2) Դատարանը խախտել է «Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 804 հրամանի (այսուհետ` Հրաման) 4.1, 4.2, 4.3 կետերը:
Գեղեցկության սրահում օրվա ընթացքում չի կատարվել հատակի, պատերի մաքրում և ախտահանում: Նշված սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է թիվ 1245 արձանագրությունը: Սակայն, դատարանն անտեսել է վերոնշյալ փաստը և հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է Աշոտ Սևիկյանի կողմից ներկայացված գեղեցկության սրահի հաճախորդների սպասարկման սրահի վիճակը պատկերող լուսանկարներ, չնայած նրան, որ լուսանկարների վրա բացակայել են դրանք լուսանկարելու տարին, ամիսը, ամսաթիվը:
Բացի այդ, Դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Հրամանի 4.3 կետով սահմանված գեղեցկության սրահներում տարին առնվազն 2 անգամ դեզինֆեկցիոն-դեռատիզացիոն աշխատանքներ իրականացնելու համար ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածում Ընկերությունը չուներ համապատասխան կազմակերպության հետ կնքված պայմանագիր, ինչը հիմք է տալիս հավելելու, որ Ընկերությունում չի կատարվել նշված նորմով սահմանված աշխատանքները:
3) Դատարանը խախտել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 288-րդ հոդվածը:
Տեսչության 22.07.2008 թվականի տուգանք սահմանելու մասին թիվ 0433 որոշման դեմ գանգատ է ներկայացվել 04.11.2008 թվականին, երբ հիշյալ որոշումը բողոքարկելու համար սահմանված տասնօրյա ժամկետն արդեն իսկ լրացել էր, և ակտն այլևս ենթակա չէր բողոքարկման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 02.02.2009 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ընկերությունում 08.07.2008 թվականից մինչև 09.07.2008 թվականն ընդգրկող ժամանակահատվածում Տեսչության կողմից իրականացվել է սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների պահպանման ստուգում, որի արդյունքում կայացված 22.07.2008 թվականի թիվ 0433 որոշմամբ Ընկերության տնօրեն Աշոտ Սևիկյանի նկատմամբ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով տուգանք (գ.թ. 12):
2. Դատարանը 09.10.2008 թվականին Ընկերության տնօրեն Աշոտ Սևիկյանի կողմից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 80.000 դրամ վճարելու պահանջի վերաբերյալ արձակել է վճարման կարգադրություն (գ. թ. 19):
3. Ընկերության տնօրեն Աշոտ Սևիկյանը 04.11.2008 թվականին Դատարան է ներկայացրել «Առարկություն» վերնագրված փաստաթուղթ (գ. թ. 27):
4. Դատարանը 04.11.2008 թվականին կայացրել է «Վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու մասին» որոշում, որի համաձայն` վերացվել է Դատարանի 09.10.2008 թվականի վճարման կարգադրությունը և անցում է կատարվել հայցային վարույթի (գ. թ. 28):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն` դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատաuխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները:
Վերոնշյալից հետևում է, որ հակընդդեմ հայցը պետք է բավարարի հայցադիմումի համար նախատեսված բոլոր պահանջները, հակառակ պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն` այն ենթակա է վերադարձման:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը «Վճարման կարգադրության վարույթից հայցային վարույթի անցնելու մասին» 04.11.2008 թվականի որոշմամբ վարույթ է ընդունել Ընկերության տնօրեն Աշոտ Սևիկյանի ներկայացրած առարկությունը, որը չի պարունակել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում նշված հայցադիմումին ներկայացվող պահանջները: Մասնավորապես` չի նշվել հայցի էության հակիրճ նկարագրությունը, այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջի իրավական հիմքերը, հայցվորի պահանջը, տեղեկություններ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ, այն ապացույցների ցանկը, որոնք հաստատում են հայցվորի պնդած փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կարող է կայացնել, եթե հայցադիմումն ընդունելիս ստուգում և պարզում է, որ անձը հայց հարուցելու իրավունք ունի, այսինքն` երբ առկա են հայց հարուցելու իրավունքի նախադրյալները և հայցվորը պահպանել է այն հարուցելու օրենքով սահմանված կարգը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում սույն վճռաբեկ բողոքի 2-րդ և 3-րդ հիմքերին:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.02.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Վ. Աբելյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |