Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.20
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.08.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
11.08.2009
Дата вступления в силу
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0991/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0991/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Լ. Գրիգորյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Վ. Աբելյանի

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի օգոստոսի 11-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Լատագի» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Լատագի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Արթուր Խադիշյանի ընդդեմ Հայկ Ալեքսանյանի` պատճառված վնասը հատուցելու և լրացուցիչ ծախսերը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Հայկ Ալեքսանյանից 1577300 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասունյոթ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, որպես պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ` սկսած 15.05.2008 թվականից մինչև գումարի փաստացի վճարման օրը:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 24.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 24.02.2009 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է. որոշվել է Հայկ Ալեքսանյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 45000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ, որպես պատճառված վնասի հատուցման գումար և Ընկերությունից ՀՀ պետական բյուջեի օգտին, որպես պետական տուրքի գումար բռնագանձել 30646 (երեսուն հազար վեց հարյուր քառասունվեց) ՀՀ դրամ, իսկ Հայկ Ալեքսանյանից` 1500 (հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ: Դատարանի վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Ընկերության տնօրենը համաձայնվել է ընդունել մեքենան թերություններով:

Ավելին, մեքենայի թերությունների մասին տեղեկացվելուց հետո Հայկ Ալեքսանյանն որևէ իրական գործողություն չի կատարել թերությունները վերացնելու ուղղությամբ, այլ միայն հայտնել է, որ Ընկերության տնօրենը մեքենան տանի վերանորոգման:

Պատասխանողի այս վարքագիծն անտեսելով, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հայկ Ալեքսանյանը պարտավորության կատարման համար ցուցաբերել է իրենից պահանջվող հոգացություն և շրջահայացություն, օգտագործել է բոլոր այն միջոցները, որոնք պարտավոր էր և կարող էր օգտագործել: Իսկ Ընկերության տնօրենի կողմից Հայկ Ալեքսանյանի պահանջը չկատարելը գնահատել է որպես վնասների առաջացման դիտավորություն:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի նշել որևէ փաստական հանգամանք, որով Ընկերության տնօրենը հրաժարվել է նրա հետ հանդիպելուց և մեքենան շահագործման ենթակա վիճակի բերելուց, ինչպես նաև չի նշել, թե հայցվորն ինչ գործողություն չի կատարել, որի հետևանքով պատասխանողը չէր կարող կատարել իր պարտավորությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2009 թվականի որոշման` հայցը մերժելու մասը և այն փոփոխել:

 

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 06.06.2008 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման համաձայն` Հայկ Ալեքսանյանը «Ռովեր» մակնիշի 09 ՕՍ 129 պետհամարանիշի ավտոմեքենայով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին հակասող գործողություններ է թույլ տվել, որի արդյունքում ընդհարվել է «ԳԱԶ-24» մակնիշի 543 ԼՍ 67 պետհամարանիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս, որը 06.06.2008 թվականի թիվ 18000810 ապրանքագիտական փորձաքննության եզրակացության համաձայն կազմում է 365.400 ՀՀ դրամ (հ. 1-ին, գ. թ. 40-41):

2. Գործում առկա արձանագրությամբ կողմերն ընդունել են, որ ըստ բանավոր համաձայնության «ԳԱԶ-24» մակնիշի 543 ԼՍ 67 պետհամարանիշի ավտոմեքենան Հայկ Ալեքսանյանը պետք է վերանորոգեր իր միջոցներով, իր կողմից ընտրված վարպետի միջոցով և շահագործման ենթակա վիճակում հանձներ Ընկերությանը (հ. 2-րդ, գ. թ. 52):

3. 30.09.2008 թվականի թիվ 37030810 փորձագիտական եզրակացության համաձայն` «ԳԱԶ-24» մակնիշի 543 ԼՍ 67 պետհամարանիշի ավտոմեքենան նորմալ շահագործման վիճակի բերելու համար անհրաժեշտ է կատարել 45000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ արժեքով աշխատանքներ (հ. 1-ին, գ.թ. 75-76):

4. 15.05.2008 թվականի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի 1-ին կետի համաձայն՝ Արթուր Խադիշյանը (այսուհետ՝ Վարձատու) վճարի դիմաց «Լատագի» ՍՊԸ-ի տնօրեն՝ Գևորգ Արշակյանին (այսուհետ՝ Վարձակալ) ժամանակավոր տիրապետման ու օգտագործման է հանձնել «ՎԱԶ 21093» մակնիշի 14 ՏՕ 118 պետհամարանիշի ավտոմեքենան, իսկ նույն պայմանագրի 5-րդ կետի համաձայն՝ գույքն օգտագործելու համար Վարձակալը պարտավորվել է վճարել Վարձատուին վարձավճար 1 կմ-ի դիմաց 70 ՀՀ դրամ (հ. 1-ին, գ. թ. 77):

5. Տրանսպորտային միջոցի շահագործման վերաբերյալ ակտի համաձայն՝ 15.05.2008 թվականից մինչև 14.06.2008 թվականն ընկած ժամանակահատվածում Վարձակալի կողմից վճարման ենթակա գումարը կազմում է 294000 (երկու հարյուր իննսունչորս հազար) ՀՀ դրամ (հ. 1-ին, գ. թ. 78):

6. Տրանսպորտային միջոցի շահագործման վերաբերյալ ակտի համաձայն 15.06.2008 թվականից մինչև 14.07.2008 թվականն ընկած ժամանակահատվածում Վարձակալի կողմից վճարման ենթակա գումարը կազմում է 294000 (երկու հարյուր իննսունչորս հազար) ՀՀ դրամ (հ. 1-ին, գ. թ. 79):

7. Գործում առկա արձանագրությամբ կողմերն ընդունել են, որ «ԳԱԶ-24» մակնիշի 543 ԼՍ 67 պետհամարանիշի ավտոմեքենան վերանորոգվել և Ընկերության շահագործման է հանձնվել 30.06.2008 թվականին(հ. 2-րդ, գ. թ. 52)

8. Գործում առկա չէ Ընկերության կողմից Հայկ Ալեքսանյանի ստանձնած պարտավորությանը պատշաճ կատարելը խոչընդոտող որևէ ապացույց:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում,նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում, վնասն ենթակա չէ հատուցման (տես՝ Նատալյա Հակոբյանի հայցն ընդդեմ Վարդան Հայրապետյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ՀՔԴ 3/0016/02/08 որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը նշելով, որ Ընկերության տնօրենը ավտոմեքենայի թաքնված թերությունները հայտնաբերելուց հետո այն չի ներկայացրել պարտապանին դրանք վերացնելու համար, հանգել է այն հետևության, որ Հայկ Ալեքսանյանը զրկվել է ստանձնած պարտավորությունը պատշաճ կատարելու հնարավորությունից, հետևաբար,Հայկ Ալեքսանյանը մեղքի բացակայության պայմաններում պատասխանատվություն չի կրում:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ «ԳԱԶ-24» մակնիշի 543 ԼՍ 67 պետհամարանիշի ավտոմեքենան վերանորոգվել և Ընկերության շահագործման է հանձնվել 2008 թվականի հունիսի վերջին, գործում առկա չէ Ընկերության կողմից Հայկ Ալեքսանյանի ստանձնած պարտավորությանը պատշաճ կատարելու խոչընդոտող որևէ ապացույց:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայկ Ալեքսանյանի կողմից (նրա մեղքով) «ԳԱԶ-24» մակնիշի 543 ԼՍ 67 պետհամարանիշի ավտոմեքենան նորմալ վերանորոգված և շահագործման վիճակի ենթակա չլինելու հետևանքով Ընկերությունը, դեղերի մատակարարման գործընթացը շարունակելու համար, 15.05.2008 թվականին վարձատու՝ Արթուր Խադիշյանի հետ կնքել է վարձակալության պայմանագիր, որի արդյունքում 15.05.2008 թվականից մինչև 2008 թվականի հունիսի վերջը ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչև «ԳԱԶ-24» մակնիշի 543 ԼՍ 67 պետհամարանիշի ավտոմեքենան վերանորոգելը և Ընկերության շահագործմանը հանձնելը, Ընկերությունը կրել է իրական վնաս, որը ենթակա է բռնագանձման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներիուժով՝ Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշման՝ հայցի մերժված մասը և գործն այդ մասով ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարի բռնագանձման հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: 

 

Նախագահող`

 

Վ. Աբելյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան