Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.45
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.07.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
24.07.2009
Дата вступления в силу
24.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0421/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ2/0421/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

 

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

 

 

Մ. Դրմեյանի

 

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

2009 թվականի հուլիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Իլյա Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.02.2009 թվականի վճռի դեմ` ըստ Իլյա Մինասյանի հայցի ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի համայնքի ղեկավարի (այսուհետ՝ Համայնքի ղեկավար), երրորդ անձինք Հարազատ Ղարաբեկյանի և Գուրգեն Առաքելյանի` Համայնքի ղեկավարի 10.12.2007 թվականի թիվ 1 որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Իլյա Մինասյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Համայնքի ղեկավարի 10.12.2007 թվականի թիվ 1 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իլյա Մինասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հարազատ Ղարաբեկյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ, 13-րդ կետերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 29-րդ, 42-րդ, 99-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցի մերժումը պատճառաբանել է նրանով, որ բողոք բերած անձի հողամասի և ճանապարհի սահմանակից լինելը չի ապացուցվել:

Մինչդեռ թիվ 2260499 սեփականության իրավունքի վկայականով հաստատվում է, որ բողոք բերած անձի հողամասը 4-5 և 5-1 հատվածներով սահմանակցում է ճանապարհի հետ, որը վերջինիս հողամասին մոտենալու, դրանից օգտվելու հնարավորություն և իրավունք ապահովող միակ ուղին է:

Գործում գտնվում է երրորդ անձ Հարազատ Ղարաբեկյանի դիմումը՝ թվագրված 12.02.2008 թվականով և հասցեագրված Համայնքի ղեկավարին, որի բովանդակությունը փաստում է, որ Հարազատ Ղարաբեկյանն ինչ-ինչ լուծում է առաջարկում Համայնքի ղեկավարին, որպեսզի «պարտադիր սերվիտուտ» չառաջանա և որպեսզի «ճանապարհի հարցը լուծվի»:

Մինչդեռ նշված փաստը նույնպես Դատարանը չի հետազոտել և չի գնահատել, ինչպես նաև վճռի մեջ չի նշել այդ ապացույցը մերժելու փաստարկները:

Դատարանը չի գնահատել նաև Գուրգեն Առաքելյանի ցուցմունքն այն մասին, որ վիճելի հողամասը ձեռք է բերվել բենզալցակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև թիվ 2218424 սեփականության իրավունքի վայականը, որով փաստվում է, որ մայրուղուց սկսվող և մինչև երկաթուղու անօտարելի գոտին ձգվող 4 մետր լայնությամբ ճանապարհ ընդհանրապես գոյություն չունի, նշված վկայականում ամրագրված հողամասն իր հատակագծի 1-2, 2-3, 3-4 հատվածներով պետք է որ սահմանակից լիներ դաշտամիջյան ճանապարհին, սակայն վկայականով ամրագրված է սահմանակցումը ոչ թե դաշտամիջյան ճանապարհի, այլ «ԱԳԼՃԿ»-ի (ավտոգազալիցքավորման ճնշակայան) հետ:

Բողոք բերած անձը միջնորդել է վկա հրավիրել Դատարան, սակայն Դատարանը չի քննարկել միջնորդությունը և այն մերժելու կամ բավարարելու մասին որոշում չի կայացրել:

Դատարանի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի մեկնաբանությունը սխալ է, քանի որ օրենսդիրը հողամասերի սեփականության իրավունքի փոխանցումն արգելում է՝ ելնելով ոչ թե այս կամ այն հողամասի նպատակային նշանակությունից, այլ առաջնորդվելով անհատի շահի հանդեպ հանրային շահի գերակայության ու այդ գերակա շահի առաջնահերթ պաշտպանության սկզբունքով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.02.2009 թվականի վճիռը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները

Բողոքն անհիմն է, քանի որ դաշտամիջյան չորս մետր լայնությամբ ճանապարհը բողոք բերած անձի հողամաս է մտնում մինչև երկաթգծի անվտանգության գոտին: Բողոք բերած անձն օգտվել է և հիմա էլ կարող է անարգել օգտվել գոյություն ունեցող դաշտամիջյան ճանապարհից, որից օգտվում է նաև գազալցակայանը, այսինքն՝ պարտադիր սերվիտուտի հարց գոյություն չունի:

Բացի այդ, պարտադիր սերվիտուտը բացառվում է նաև այն պատճառով, որ բողոք բերած անձի տղային պատկանող 112-010, 112-011, 112-013 գյուղատնտեսական նշանակության հողամասերը մուտք ունեն անմիջապես մայրուղուց:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Համայնքի ղեկավարի 10.12.2007 թվականի թիվ 1 որոշման քաղվածքի համաձայն՝ Համայնքի ղեկավարը որոշել է հաստատել 10.12.2007 թվականի աճուրդի արդյունքները՝ թիվ 1-2 արձանագրության 784քմ հողատարածքը վաճառելու մասին: Հարազատ Ղարաբեկյանին վաճառել 784քմ հողատարածքը 232.848 ՀՀ դրամով (կցվում է հատակագիծը): Համայնքի ղեկավարի նույն թվականով թվագրված և նույն համարով մեկ այլ որոշման համաձայն՝ Համայնքի ղեկավարը որոշել է հաստատել 10.12.2007 թվականի աճուրդի արդյունքները՝ թիվ 1-2 արձանագրության 640քմ հողատարածքը վաճառելու մասին: Համայնքի բնակավայրի հասարակական նպատակով հողերից Հարազատ Ղարաբեկյանին վաճառել 640քմ հողատարածքը 190.080 ՀՀ դրամով (կցվում է հատակագիծը) (գ.թ. 10, 25):

2) Իլյա Մինասյանին 02.03.2007 թվականին տրված թիվ 2160499 սեփականության իրավունքի գրանցման վկայականի հողամասի հատակագիծը բաժնում վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասը 4-5 և 5-1 հատվածներում՝ համապատասխանաբար 41.9 մետր և 16.4 մետր երկարությամբ, սահմանակից է ճանապարհին (գ.թ. 17-19):

3) Հարազատ Ղարաբեկյանին և Գուրգեն Առաքելյանին 08.01.2008 թվականին տրված թիվ 2218424 սեփականության իրավունքի գրանցման վկայականի հողամասի հատակագիծը բաժնում վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող հողամասը 8-9, 9-10, 10-11 և 11-1 հատվածներում՝ համապատասխանաբար 5.6 մետր, 22.4 մետր, 16.4 մետր և 41.9 մետր երկարությամբ, սահմանակից է Իլյա Մինասյանին պատկանող հողամասին (գ.թ. 69-71):

4) Հարազատ Ղամբարյանը Համայնքի ղեկավարին ուղղված 12.02.2008 թվականի դիմումով խնդրել է իրեն պատկանող 112-001 և 112-012 հողամասերի ներքևի մասից 4 մետր լայնությամբ ընդհանուր օգտագործման ճանապարհն անհատույց հատկացնել Իլյա Մինասյանին (սկսած մայրուղուց իր հողամասի ամբողջ լայնությամբ, ինչպես նախատեսված է Իլյա Մինասյանի տղային պատկանող 112-010, 112-011 հողամասերի ճանապարհները, գազալցակայանին կից ճանապարհի փոխարեն), որպեսզի պարտադիր սերվիտուտի անհրաժեշտություն չառաջանա (գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:

ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասերի մասնավորեցումը պետության և համայնքների սեփականության ներքո գտնվող հողերից սեփականության իրավունքով հողամասերի տրամադրումն է քաղաքացիներին և իրավաբանական անձանց:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ մասնավորեցվող հողամասի տարածքները պետք է այնպես ճշգրտվեն, որպեսզի առավելագույնս բացառվի սերվիտուտներ սահմանելու անհրաժեշտությունը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ հողային օրենսգիրքը համայնքին իրավունք է վերապահում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասերն օտարել քաղաքացիներին և իրավաբանական անձանց, սակայն համայնքի այդ իրավունքն անսահմանափակ չէ, այն չի կարող վնաս պատճառել շրջակա միջավայրին, խախտել այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Անձի իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է այնպիսի դրույթի սահմանմամբ, որը համայնքին պարտավորեցնում է մասնավորեցվող հողամասի տարածքները ճշգրտել այնպես, որպեսզի առավելագույնս բացառվի սերվիտուտներ սահմանելու անհրաժեշտությունը, իսկ նշված պահանջների չպահպանման դեպքում անձի իրավունքները ենթակա են պաշտպանության ՀՀ Սահմանադրության ուժով:

Սույն գործով հայցի մերժման հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ դաշտամիջյան ճանապարհը չորս մետր լայնքով պահպանվում է, և բողոք բերած անձը կարող է դրանով անցնել և երկաթգծին հարող ազատ տարածքով մուտք գործել իր հողամաս: Բողոք բերած անձն իր հողամաս կարող է մուտք գործել նաև՝ դաշտամիջյան ճանապարհից անմիջականորեն մտնելով Հարազատ Ղարաբեկյանին և Գուրգեն Առաքելյանին հատկացված վիճելի հողամաս:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հարազատ Ղարաբեկյանին և Գուրգեն Առաքելյանին հատկացված վիճելի հողամասով իր հողամաս մուտք գործելու պայմաններում բողոք բերած անձի նկատմամբ սահմանվում է սերվիտուտ, որը և Համայնքը, հողամասը օտարելիս, պարտավոր էր առավելագույնս բացառել:

Նշված փաստը հաստատվում է գործում առկա հատակագծով, որի համաձայն՝ վիճարկվող որոշմամբ հաստատված աճուրդով Հարազատ Ղարաբեկյանին օտարված 748քմ հողատարածքի սահմաններն ամբողջ երկայնքով սահմանակցում են բողոք բերած անձի հողամասին, ինչի հետևանքով վերջինս զրկված է մայրուղուց եկող դաշտամիջյան ճանապարհից ազատորեն մուտք գործել իր հողամաս:

Բացի այդ, Հարազատ Ղարաբեկյանը, սերվիտուտի բացառման նպատակով Համայնքի ղեկավարին ուղղված դիմումով խնդրելով իրեն պատկանող հողամասից անհատույց ընդհանուր օգտագործման ճանապարհ հատկացնել, նույնպես ընդունել է սերվիտուտ առաջանալու հանգամանքը, որը Դատարանն անտեսել է:

Բողոք բերած անձի հողամասը մյուս երկու կողմերից սահմանակցում է այլ անձանց հողամասերին, ինչը ևս բացառում է այդ հատվածներից ազատորեն հողամաս մտնելու հնարավորությունը: Փաստորեն բողոք բերած անձի հողամաս ազատ մուտք գործելու համար միակ ազատ հատվածը երկաթուղու գոտին է:

ՀՀ հողային օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտի օբյեկտների կառուցման և սպասարկաման համար հողամասեր տրամադրելիս սահմանվում են պաշտպանական գոտիներ, որոնցում սահմանվում է հողերի օգտագործման ու դրա նկատմամբ սահմանափակումների կիրառման հատուկ ռեժիմ:

Մինչդեռ Դատարանը, հաստատված համարելով, որ բողոք բերած անձը դաշտամիջյան ճանապարհով կարող է անցնել և երկաթգծին հարող ազատ տարածքով մուտք գործել իր հողամաս, որևէ կերպ չի անդրադարձել և չի գնահատել նշված հատվածից հողամաս ազատորեն և անվտանգության պահանջների պահպանմամբ մուտք գործելու հնարավորությունը:

Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքիհիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.02.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան