Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.10
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.08.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
11.08.2009
Дата вступления в силу
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1766/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1766/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Ս. Միքայելյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Վ. Աբելյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Մ. Դրմեյանի

 

 

Վ. Ավանեսյանի

 

 

Ա. Բարսեղյանի

 

 

Է. Հայրիյանի

 

 

Տ. Պետրոսյանի

 

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի օգոստոսի 11-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լալա Բդոյանի և Դավիթ Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Ռեգիոն Ինվեստ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Լալա Բդոյանի և Դավիթ Թորոսյանի` հասարակության և պետության կարիքների համար փոխհատուցմամբ սեփականությունը օտարելու պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Լալա Բդոյանին և Դավիթ Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Տերյան 127 շենքի թիվ 25 բնակարանը 14.432.500 ՀՀ դրամով օտարել Ընկերությանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լալա Բդոյանը և Դավիթ Թորոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացել Ընկերության լիազորված անձ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանն ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջի, գործի քննությունը չի հետաձգել և գործը քննել է պատասխանող կողմի բացակայությամբ, այն դեպքում, երբ պատասխանող կողմը հարգելի պատճառներով միջնորդել էր հետաձգել գործի քննությունը:

Պատասխանողների ներկայացուցիչը երկու անգամ միջնորդել է հետաձգել գործի քննությունը՝ առաջին անգամ գործուղման մեջ գտնվելու պատճառով, երկրորդ անգամ նույն ժամանակ նշանակված քրեական գործի նիստում ամբաստանյալի պաշտպանություն իրականացնելու պատճառաբանությամբ: Երկու դեպքում դատարանը մերժել է միջնորդությունները:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատճառաբանելով, որ դատարանի կողմից գործի քննությունը հետաձգելը դատարանի իրավունքն է և ոչ թե պարտականությունը, և դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, հաշվի չի առել, թե որքանով է այդ իրավունքի իրականացումը համապատասխանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատարանի նման գործելակերպի հետևանքով պատասխանողները զրկվել են գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իրենց փաստարկները ներկայացնելու, դատարանին` փորձաքննության ընթացքում պարզաբանման ենթակա հարցեր առաջադրելու իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձի կողմից մատնանշված այն հանգամանքը, որ դատարանը 2008 թվականի հուլիսի 17-ին նշանակված դատական նիստի ժամանակ առանց պատասխանողների մասնակցության նշանակել է դատաապրանքագիտական փորձաքննություն, իրականությանը չի համապատասխանում, քանի որ պատասխանողների ներկայացուցիչը ներկայացված հայցադիմումի պատասխանում մատնանշած առարկությունների մեջ հստակ հայտնել է իր դիրքորոշումը հայցի վերաբերյալ: Բողոք բերած անձի կողմից մատնանշած այն հանգամանքը, որ դատարանը չի պահպանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը, անհիմն է, քանի որ բողոք բերած անձի կողմից համապատասխան ապացույցներ չեն ներկայացվել դատարանին մեկ այլ դատարանում պատասխանողների ներկայացուցչի դատական գործով զբաղված լինելու վերաբերյալ, ինչպես նաև պատասխանողների չներկայանալու պատճառների մասին դատարանը որևէ դիմում չի ստացել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Լալա Բդոյանի և Դավիթ Թորոսյանի ներկայացուցչի 17.07.2008 թվականի գործի քննությունը հետաձգելու միջնորդության համաձայն՝ պատասխանողների ներկայացուցիչը խնդրել է հետաձգել գործի քննությունը հուլիսի 17-ից մինչև 19-ը ներառյալ Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում սեփականության իրավունքի պաշտպանության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսին մասնակցելու համար: (գ. թ. 90):

2. Դատարանի 17.07.2008 թվականի որոշմամբ միջնորդությունը մերժվել է( գ. թ. 91):

3. Դատարանի 17.07.2008 թվականի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն (գ. թ. 93):

4. Լալա Բդոյանի և Դավիթ Թորոսյանի ներկայացուցչի 22.12.2008 թվականի գործի քննությունը հետաձգելու միջնորդության համաձայն՝ պատասխանողների ներկայացուցիչը խնդրել է հետաձգել գործի քննությունը, քանի որ նույն օրը Երևանի քրեական դատարանում քննվող քրեական գործով պետք է իրականացնի ամբաստանյալի պաշտպանություն (գ. թ. 161):

5. Դատարանի 22.12.2008 թվականի որոշմամբ միջնորդությունը մերժվել է (գ. թ. 169):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Նույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետի համաձայն՝ դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ պատճառաբանել է, որ դատարանի կողմից գործի քննությունը հետաձգելը դատարանի իրավունքն է և ոչ թե պարտականությունը, և դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ այս կամ այն հայեցողական լիազորությունն իրականացնելու դատարանի իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, և դրա իրականացման նպատակահարմարության հարցն անհրաժեշտ է որոշել՝ ելնելով դատավարության մրցակցության և կողմերի իրավահավասարության դատավարական սկզբունքների էությունից:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքին, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործը այնպիuի պայմաններում, այդ թվում՝ ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում (տես՝ Անկերլ ընդդեմ Շվեցիարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը և Ստեկ-Ռիշը և Այլոք ընդդեմ Լիխտենշտեյնի 19.05.2005թ որոշումը կետ 54, ինչպես նաև տես՝ Գյումրու քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի՝ սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջի մասին և «Չապ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Քաղաքապետարանի՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի թիվ 0351/02/08-(ՇԴ) որոշումը)

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լալա Բդոյանի և Դավիթ Թորոսյանի ներկայացուցուչի 17.07.2008 թվականի և 22.12.2008 թվականի գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունների մերժման արդյունքում Լալա Բդոյանը և Դավիթ Թորոսյանը զրկված են եղել գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իրենց փաստարկները ներկայացնելու հնարավորությունից, իսկ գործում առկա «Գնահատողների միություն» ՓԲԸ-ի կողմից տրված փորձագիտական եզրակացության վերաբերյալ չեն իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրենց իրավունքները:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լալա Բդոյանը և Դավիթ Թորոսյանը զրկվել են իրենց գործը Դատարանին արդյունավետ ներկայացնելու հնարավորությունից, որով խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով երաշխավորված կողմերի իրավահավասարության և մրցակցության հիմնարար սկզբունքները: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Վ. Աբելյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան
Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան