ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հոկտեմբերի 2009 թվականի N 1142-Ն
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿՈՅՈՒՂԱՑԱՆՑ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԻ ՏԵՂԱՅԻՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքներում նոր կառուցվող օբյեկտների համար կոյուղաջրերի տեղային մաքրման կայանների պարտադիր տեղադրման նորմերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2009 թ. հոկտեմբերի 12 Երևան
վարչապետՏ. Սարգսյան
Հավելված |
Ն Ո Ր Մ Ե Ր
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿՈՅՈՒՂԱՑԱՆՑ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԻ ՏԵՂԱՅԻՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն նորմերով կանոնակարգվում են կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքներում նոր կառուցվող օբյեկտների (բազմաբնակարան, հասարակական և արտադրական շենքեր ու շինություններ) համար կոյուղաջրերի տեղային կենսաբանական մաքրման կայանների (այսուհետ` մաքրման կայաններ) պարտադիր տեղադրմանը ներկայացվող պահանջները:
2. Սույն նորմերի պահանջները պարտադիր չեն անհատական բնակելի շենքերի համար` բացառությամբ որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացված տարածքներում նոր կառուցվող անհատական բնակելի շենքերի:
II. ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ
3. Կենտրոնացված կոյուղացանց չունեցող համայնքներում նոր կառուցվող օբյեկտներում կոյուղաջրերը մաքրվում են մաքրման կայանների միջոցով:
4. Նոր կառուցվող օբյեկտների համար մաքրման կայանների տեղադրման պահանջը սահմանվում է օբյեկտի ճարտարապետահատակագծային առաջադրանքով:
5. Մաքրման կայանների հզորությունն ու քանակը որոշվում են` ելնելով օբյեկտի գործառնական նշանակությունից, ջրօգտագործման ծավալներից ու առանձնահատկություններից, և նախատեսվում են օբյեկտի նախագծային փաստաթղթերի կազմում:
6. Մաքրման կայանների նախագծման համար պետք է հիմք հանդիսանա դրանց ելքամասերի կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի քանակների համապատասխանությունը կեղտաջրերն ընդունող ջրային ռեսուրսների դասակարգմամբ պայմանավորված` ջրի որակին ներկայացվող պահանջներին:
7. Մաքրման կայանները նախագծվում են գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
8. Սեփականատերերի փոխադարձ համաձայնությամբ` մեկից ավելի նոր կառուցվող օբյեկտների համար կարող են նախագծվել և տեղադրվել ընդհանուր օգտագործման մաքրման կայաններ:
9. Մաքրման կայանների սանիտարական պահպանման գոտիների սահմանները որոշվում են` ելնելով դրանց տեխնիկական բնութագրերից:
10. Օբյեկտի նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Մաքրման կայանները պետք է շահագործվեն դրանց տեխնիկական փաստաթղթերում ներկայացվող պահանջների համաձայն` հաշվի առնելով նաև լաբորատոր-արտադրական հսկողության տվյալները:
12. Մաքրված կեղտաջրերի լաբորատոր-արտադրական հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
13. Մաքրման կայանի միջոցով կենսաբանական մաքրման ենթարկված արտանետումներին և թափոններին ներկայացվող օրենսդրական պահանջների ապահովման համար օբյեկտի սեփականատերը կամ օգտագործման (շահագործման) իրավունք ձեռք բերած ֆիզիկական կամ իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
կառավարության աշխատակազմի
ղեկավարԴ. Սարգսյան