Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.23/53(719).1 Հոդ.1178.4
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.08.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
11.08.2009
Дата вступления в силу
11.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ3/0045/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ3/0045/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Դ. Խաչատրյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Վ. Աբելյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

 

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի օգոստոսի 11-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Թաթուլ Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հենզել Աբրոյանի ընդդեմ Թաթուլ Բաղդասարյանի, ՀՀ «Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի, Հուսիկ Բաղդասարյանի` «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) բաժնետոմսերի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջի մասին և Թաթուլ Բաղդասարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Հենզել Աբրոյանի` վնասների հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հենզել Աբրոյանը պահանջել է վերականգնել խախտված իրավունքը և վերադարձնել Ընկերության 357 հատ բաժնետոմսերը, իսկ հետագայում փոխելով հայցապահանջի հիմքը և առարկան՝ պահանջել է 357 հատ բաժնետոմսերի արժեքի չափով Ընկերության գույքից հատկացնել գույք (շենք-շինություն և սարքավորումներ):

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Թաթուլ Բաղդասարյանը պահանջել է Հենզել Աբրոյանից բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 03.11.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թաթուլ Բաղդասարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 68-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 152-րդ հոդվածը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 115-րդ և 112-րդ հոդվածները, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման» կանոնագրքի դրույթները, որոնք պետք է կիրառեր:

Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ բացակայում են Հենզել Աբրոյանի և Թաթուլ Բաղդասարյանի միջև բաժնետոմսերի օտարման փաստը հավաստող բավարար ապացույցներ:

Մինչդեռ Հենզել Աբրոյանն իր կամքով դիմել է ՀՀ «Դեպոզիտարիա» ՓԲԸ-ը, արժեթղթերի փոխանցման հանձնարարագիր է լրացրել և 357 հատ անվանական հասարակ արժեթղթերը փոխանցել է Թաթուլ Բաղդասարյանին՝ հանձնարարագրի մեջ նշելով, որ իրենց միջև կայացել է առուվաճառքի պայմանագիր:

Վերաքննիչ դատարանը ճիշտ գնահատական չի տվել գործում առկա ապացույցներին և հիմք է ընդունել հայցվորի չհիմնավորված, օրենքին հակասող փաստարկին այն մասին, որ իրենց միջև առուվաճառքի պայմանագիր չի կնքվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 03.11.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 06.08.2007 թվականի արժեթղթերի փոխանցման հանձնարարագրի համաձայն` Հենզել Աբրոյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության 357 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը փոխանցել է Թաթուլ Բաղդասարյանին՝ որպես արժեթղթերի փոխանցման հիմք նշելով 06.08.2007 թվականի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 6):

2) Թաթուլ Բաղդասարյանի և փաստաբան Գագիկ Սարդարյանի միջև 27.03.2008 թվականին կնքվել է փաստաբանական ծառայություն մատուցելու պայմանագիր, որի համաձայն՝ պատվիրատուն պարտավորվել է կատարվելիք աշխատանքի դիմաց կատարողին վճարել 150.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 72):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 152-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում կամ օրենքով սահմանված կարգով հատուկ թույլտվություն (լիցենզիա) ստացած անձը կարող է անվանական կամ օրդերային արժեթղթով հավաստված իրավունքներն ամրագրել` ներառյալ ոչ փաստաթղթային (էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի օգնությամբ և այլն) ձևով: Իրավունքներն ամրագրելու այդ ձևի նկատմամբ կիրառվում են արժեթղթերի համար սահմանված կանոնները, եթե այլ բան չի բխում նման ամրագրման առանձնահատկություններից:

Ամրագրելու միջոցով հավաստված իրավունքների և իրավատերերի պաշտոնական ամրագրման, գրառումների փաստաթղթային հաստատման ու ոչ փաստաթղթային արժեթղթերով կատարվող գործառնությունների կարգը որոշվում է օրենքով կամ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ փաստաթղթային արժեթղթերով գործառնությունները կարող են կատարվել միայն իրավունքների գրառում կատարող անձին դիմելու միջոցով: Իրավունքների փոխանցումը, վերապահումը և սահմանափակումը պետք է պաշտոնապես ամրագրի այն անձը, ով պատասխանատվություն է կրում պաշտոնական գրառումները պահպանելու, դրանց գաղտնիությունն ապահովելու, այդ գրառումների մասին ճշգրիտ տվյալներ ներկայացնելու, կատարված գործառնությունների վերաբերյալ պաշտոնական գրառումներ կատարելու համար:

«Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ապանյութականացված արժեթղթերի փոխանցումը կարող է իրականացվել միայն կենտրոնական դեպոզիտարիայում բացված հաշիվներով, քանի դեռ դրանց վարումը վերջինիս կողմից պարտադիր է:

Նույն օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքով, կենտրոնական բանկի որոշմամբ և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) որպես կենտրոնացված պահառու`

- մատուցում է հաճախորդներին պահառության ծառայություններ,

- օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված կարգով ապանյութականացնում է արժեթղթերը և վարում դրանց հաշիվները.

բ) որպես արժեթղթերի կենտրոնացված ռեեստր` թողարկողի հետ կնքած պայմանագրի հիման վրա իրականացնում է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի), արժեթղթերի քանակի, տեսակի և դասի վերաբերյալ տվյալների միասնական համակարգի (ռեեստրի) վարումը:

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն, ռեեստրում գործառնություններ իրականացնելիս, ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման» կանոնագրքի կանոններով սահմանված կարգով: Կանոնագրքի 129.1 կետի համաձայն՝ մեկ անձնական հաշվից մյուսին արժեթղթերի փոխանցումն իրականացվում է ռեեստրում գրառումներ կատարելու միջոցով` կանոնագրքի 130-136 գլուխներով սահմանված կանոններին համապատասխան:

Սույն գործով Դատարանը նշել է, որ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից վիճելի արժեթղթերը մեկ անձնական հաշվից մյուսին փոխանցելու համար բավարար պայման է հանդիսացել գրանցված սեփականատիրոջ կողմից ստորագրված և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ արժեթղթերի փոխանցման հանձնարարագիր ներկայացնելը, որի մեջ արժեթղթեր փոխանցող անձը որպես արժեթղթերի փոխանցման հիմք նշել է 06.08.2007 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը, ուստի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ը ներկայացնելն էական նշանակություն ունենալ չէր կարող:

Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ բացակայում են Հենզել Աբրոյանի և Թաթուլ Բաղդասարյանի միջև բաժնետոմսերի օտարման փաստը հավաստող բավարար ապացույցներ, անտեսելով, որ կանոնագրքի գլուխ 130-ով սահմանված կանոնների համաձայն՝ առուվաճառքի գործարքի արդյունքում արժեթղթերի փոխանցման վերաբերյալ ռեեստրում գրառումներ կատարելու համար «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ ներկայացվող փաստաթղթերի ցանկում առուվաճառքի պայմանագրի ներկայացումը նախատեսված չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից արժեթղթերը կանոնագրքի 130-136 գլուխներով սահմանված կանոններին համապատասխան մեկ անձնական հաշվից մյուսին փոխանցելու համար բավարար պայման է գրանցված սեփականատիրոջ` Հենզել Աբրոյանի, կողմից 06.08.2007 թվականին ստորագրված և նույն օրը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ արժեթղթերի փոխանցման հանձնարարագիր ներկայացնելը, որի մեջ արժեթղթեր փոխանցող անձը որպես արժեթղթերի փոխանցման հիմք նշել է 06.08.2007 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 12.03.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 03.11.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Վ. Աբելյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան