Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Էստոնիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ցանկանալով օժանդակել երկու երկրների միջև երկարատև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա,
ելնելով Հայաստանի և Էստոնիայի իրավաբանական և ֆիզիկական անձանց առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար շահավետ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից,
մտադրություն ունենալով զարգացնել իրենց առևտրային հարաբերությունները Առևտրի և տարիֆների մասին Գլխավոր համաձայնագրի (այսուհետ` GATT-94), փոփոխված Ուրուգվայի առևտրային բանակցություններով` Առևտրի և ծառայությունների Գլխավոր համաձայնագրի և Առևտրի համաշխարհային կազմակերպության (WTO) կողմից հաստատված Համաձայնագրի հիմնական սկզբունքներին համաձայն,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը պայմանավրվում են իրականացնել առևտրատնտեսական համագործակցություն սույն Համաձայնագրին, իրենց երկրների օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Հոդված 2
Երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման փոխշահավետ պայմաններ երաշխավորելու նպատակով Կողմերը միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ազգի ռեժիմ իրենց պետությունների տարածքներում արտադրվող ապրանքների և ծառայությունների համար, որը մասնավորապես վերաբերում է.
- ցանկացած մաքսատուրքի և հարկի՝ սահմանված կամ կապված ներմուծման և արտահանման հետ, ներառյալ այդպիսի տուրքերի և հարկերի հետ կապված գանձման և սահմանափակումների համակարգը,
- վճարումների և այդ վճարումների փոխանցման հետ կապված համակարգին,
- ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման հետ կապված կանոններին և ձևականություններին, ներառյալ մաքսային ձևակերպումը, տարանցումը, պահպանումը և բեռնափոխադրումը,
- տուրքերին և այլ ներպետական հարկերին, որոնք ուղղակի և անուղղակի կերպով կիրառվում են ներմուծվող ապրանքների և ծառայությունների նկատմամբ,
- ներպետական վաճառքին, վաճառքի պատվերներին, գնումներին, առաքմանը, ներմուծվող ապրանքների և ծառայությունների տեղավորումը և իրագործումը ներքին շուկայում կարգավորող օրենքներին, դրույթներին և պահանջներին:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները չեն ներառում`
- Կողմերի հաստատած՝ սահմանակից երկրների սահմանամերձ առևտրի խրախուսման համար արտոնությունները,
- GATT/WTO-ի կամ այլ միջազգային համաձայնագրերի, ինչպես նաև Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն զարգացող երկրներին տրված արտոնությունները,
- մաքսային միություններում և/կամ առևտրի ազատ գոտիներում և/կամ տնտեսական տարածաշրջանային կազմակերպություններում Կողմերից յուրաքանչյուրի արդյունավետ կամ հնարավոր մասնակցությունից առաջացած արտոնությունները` համաձայն GATT/WTO-ի դրույթների և սկզբունքների:
Հոդված 4
Կողմերից այն երկիրն է հանդիսանում ծագման երկիր, որտեղ արտադրանքը արտադրվում է կամ ենթարկվում է բավականաչափ մշակման՝ համաձայն այդ երկրի օրենսդրության և միջազգային համաձայնագրերի:
Կողմերը իրավունք են վերապահում պահանջել ծագման մասին հավաստագիր ցանկացած ներմուծվող ապրանքի համար:
Հոդված 5
Ապրանքների և ծառայությունների արտահանումը և ներմուծումը կիրագործվի համաձայն յուրաքանչյուր Կողմի օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի և Էստոնիայի իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև կնքված համաձայնագրերի և կոնտրակտների հիման վրա՝ միջազգային պրակտիկայում ճանաչված գործարար պայմաններին համապատասխան:
Սույն Համաձայնագրի շրջանակներում կնքված արտաքին առևտրային գործարքներից առաջացած յուրաքանչյուր վճարում կիրագործվի ազատ փոխարկելի տարադրամով կամ կոնտրակտներում ամրագրված այլ տարադրամով՝ յուրաքանչյուր Կողմի օրենսդրության համապատասխան:
Հոդված 6
Կողմերը կառաջարկեն իրենց երկրների իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ առևտրային գործարքներից և տնտեսական համագործակցությունից ծագած վեճերը լուծել բանակցությունների միջոցով:
Կողմերը, համաձայն իրենց երկրների օրենսդրության, կխրախուսեն Միավորված ազգերի միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) կողմից մշակված՝ միջնորդ դատարանի կանոնների կարգավորման միջոցների կիրառումը:
Հոդված 7
Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի իրավաբանական և ֆիզիական անձանց կտրամադրի ազգային ռեժիմ՝ իրենց անձնական և գույքային իրավունքները իրավասու դատարանների և վարչական մարմինների միջոցով պաշտպանելու նպատակով:
Հոդված 8
Համաձայն GATT-ի 1994թ. Համաձայնագրի դրույթների՝ սույն Համաձայնագիրը չի ազդում Կողմերի՝ այլ միջազգային պայմանագրերով ստանձնած իրավունքների և պարտականությունների վրա՝ կարգավորման միջոցներ հաստատելու արտաքին տնտեսական կապերի ոլորտում ընդունված միջազգային պրակտիկայում, եթե տվյալ միջոցները վերաբերում են`
- հասարակական բարոյականության կամ անվտանգության պաշտպանությանը,
- բնակչության առողջության և կյանքի պահպանմանը,
- բույսերի և կենդանիների պահպանմանը,
- շրջակա միջավայրի պահպանմանը,
- սպառվող բնական ռեսուրսների պահպանմանը,
- գեղարվեստական, պատմական և հնագիտական արժեքներ հանդիսացող ազգային հարստությունների պահպանմանը,
- մտավոր, արդյունաբերական և առևտրային սեփականության պահպանմանը,
- թանկարժեք մետաղների, ներառյալ ոսկին և/կամ արծաթը, ինչպես նաև թանկարժեք քարերի ներմուծմանը և/կամ արտահանմանը:
Այնուամենայնիվ, նշված սահմանափակումները և արգելքները չեն հանդիսանում որպես դատարանային խտրականություն կամ Կողմերի միջև առևտրի սահմանափակում:
Հոդված 9
Կողմերը կքննարկեն յուրաքանչյուր Կողմի պահանջը այն դեպքում, եթե մյուս Կողմի տարածքում արտադրվող ապրանքների ներմուծումը վնաս է պատճառում կամ սպառնում է վնաս պատճառել տեղական արտադրողների՝ նման կամ որակական չափանիշներով նման ապրանքներին:
Վերոհիշյալ պարբերությունում նշված քննարկումները կազմակերպվում են փոխադարձաբար բավարար լուծումների գտնելու նպատակով, որոնք կավարտվեն Կողմերից մեկի կողմից գրավոր պահանջ ներկայացվելուց ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում, եթե Կողմերը այլ կերպ չեն համաձայնել:
Եթե նշված քննարկումների արդյունքում ընդունելի ժամանակահատվածի սահմաններում Կողմերը անկարող լինեն համաձայնության գալ վնասների կանխման կամ հատուցման միջոցների վերաբերյալ, ներմուծող Կողմը ազատ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել ներմուծվող ապրանքի նկատմամբ՝ այն չափով և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վնասը կանխելու համար:
Արտակարգ հանգամանքների առկայության դեպքում, երբ այդպիսի վնասները կանխելու կամ հատուցելու համար անհրաժեշտ են շտապ գործողություններ, ներմուծող Կողմը կարող է ձեռնարկել պատշաճ միջոցառումներ առանց նախնական խորհրդակցության՝ այդպիսի միջոցառումները ձեռնարկելուց հետո անմիջապես խորհրդակցություն առաջարկելու պայմանով:
Սույն հոդվածի համաձայն միջոցառումների ընտրության ժամանակ Կողմերը պետք է առաջնություն տան սույն Համաձայնագրի գործողությանը նվազագույն վնաս պատճառող միջոցառումներին, համաձայն GATT-94-ի 29-րդ հոդվածի, «Ապահովության մասին» (SAFEGUARD) Համաձայնագրի դրույթների կամ ազգային օրենսդրության համապատասխան:
Հոդված 10
Եթե Կողմերից որևէ մեկը սահմանում է, որ առևտրում Կողմերի միջև տեղի է ունեցել դեմպինգ, որի բնորոշումը տրված է GATT-94-ի 6-րդ հոդվածում, այդ դեպքում այդ Կողմը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ այդպիսի գործընթացը կանխելու նպատակով՝ GATT-94-ի նույն հոդվածի դրույթներին համաձայն:
Հոդված 11
Կողմերը համաձայնում են, որ սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հիմնական պայմանը ապրանքների ազատ տարանցումն է:
Այս կապակցությամբ յուրաքանչյուր Կողմ պետք է միջոցներ ձեռնարկի իր մաքսային տարածքով մյուս Կողմի մաքսային տարածքում արտադրվող կամ մյուս Կողմի մաքսային տարածքի համար նախատեսված ապրանքների անսահմանափակ տարանցման համար՝ համաձայն GATT-94-ի սկզբունքների և դրույթների և Կողմերի օրենսդրության:
Հոդված 12
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված ցանկացած վեճ Կողմերը կկարգավորեն բանակցությունների և քննարկումների միջոցով:
Հոդված 13
Սույն Համաձայնագրի իրագործումն ապահովելու նպատակով Կողմերը համաձայնում են ստեղծել Համատեղ հանձնաժողով` բաղկացած իրենց լիազոր ներկայացուցիչներից:
Կողմերի համաձայնեցրած ժամկետներում Հանձնաժողովը հաջորդաբար նիստեր կգումարի Երևանում և Տալլինում՝ համապատասխան Կողմի Հանձնաժողովի նախագահի նախագահությամբ:
Հանձնաժողովը կսահմանի իր կանոնակարգը:
Հանձնաժողովի սկզբունքային խնդիրներն են`
- ուսումնասիրել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործընթացը և հետևել դրան,
- հետևել սույն Համաձայնագրի իրագործման աշխատանքներին և մշակել համապատասխան հանձնարարականներ,
- Կողմերին ներկայացնել առաջարկություններ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները կկազմեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը: Այդպիսի փոփոխությունները կփոխանցվեն դիվանագիտական ուղիներով:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վերջին ծանուցագիրը ստանալու պահից, որով կհաստատվի, որ յուրաքանչյուր Կողմ ավարտել է սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը:
Սույն Համաձայնագիրը կմնա ուժի մեջ անորոշ ժամանակով: Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը՝ գրավոր ծանուցագիր ուղարկելով:
Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի այդպիսի գրավոր ծանուցագիրը մյուս Կողմի ստանալուց վեց ամիս հետո: Երկու Կողմերն էլ համաձայնում են, որ երբ Կողմերից որևէ մեկը դառնա Եվրամիության անդամ, ապա նա դուրս կգա Համաձայնագրից Եվրամիության անդամ դառնալուց մեկ օր առաջ: Մյուս Կողմը չի ճանաչում առևտրի պայմաններում փոփոխության համար Եվրոպական միության տարածված փոխհատուցումների համար բոլոր հնարավոր պահանջները:
Եթե սույն Համաձայնագիրը ավարտվի, ապա նրա դրույթները կշարունակեն գործել սույն Համաձայնագրի շրջանակներում որոշված բոլոր գործառույթների նկատմամբ, բացառությամբ սույն Համաձայնագրի ավարտից առաջ կատարված գործառույթների:
Կատարված է Տալլին քաղաքում 2002 թվականի հունիսի 27-ին, երկու բնօրինակով, հայերեն, էստոներեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ ցանկացած տարաձայնության դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի նոյեմբերի 26-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|