Գլխավոր տեղեկություն
Номер
N 1066-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2009-15.08.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.09.30/48(714) Հոդ.1096
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.09.2009
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.09.2009
Дата вступления в силу
10.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2009 թվականի N 1066-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ, 9-րդ և 35-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի կազմը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման դեպքում դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելու մասին» N 279-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. սեպտեմբերի 23
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք կամ ցածրարժեք հողատեսքերի փոփոխման գործընթացները:

2. Բարձր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող գյուղատնտեսական հողատեսքերը (այսուհետ` բարձրարժեք), ավելի ցածր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող (այսուհետ` ցածրարժեք) հողատեսքերի փոխադրումը համայնքի ղեկավարի կողմից կարող է իրականացվել յուրաքանչյուր մարզում` մարզպետի կողմից ստեղծված համապատասխան հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) դրական եզրակացության հիման վրա:

3. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի կարող են փոխադրվել, եթե գտնվում են մեծ թեքությունների վրա, օգտագործման ընթացքում խիստ էռոզացվել են և կուլտուրտեխնիկական, ագրոտեխնիկական և այլ գյուղատնտեսական միջոցառումներով հնարավոր չէ վերականգնել հողատեսքերի որակական հատկանիշները, կամ հողամասերում ընթանում են ճահճացման, աղակալման, աղտոտման և այլ երևույթներ, որոնք հնարավոր չէ վերականգնել կանխարգելման միջոցառումներով:

4. Բարձրարժեք ջրովի հողատեսքերն ավելի ցածրարժեք անջրդի հողատեսքերի փոխադրման համար հանձնաժողովը մինչև եզրակացություն տրամադրելն ստանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համապատասխան գրավոր տեղեկանք ոռոգման ցանցի առկայության, դրա պիտանելիության և շահագործման մասին: Ոռոգման ցանցի առկայության, դրա պիտանելիության և շահագործման մասին տեղեկանքի ձևը սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կողմից: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկանքը տրամադրում է հանձնաժողովի նիստի օրակարգը հանձնաժողովի անդամներին տրամադրելու օրվանից 10 օրվա ընթացքում:

5. Համայնքի ղեկավարը հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում ընդունում է համապատասխան որոշում գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու վերաբերյալ:

6. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրվելու դեպքերում հողակադաստրային գնահատման խմբերը չեն փոփոխվում և դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ հաստատված` գյուղատնտեսական հողատեսքերի հողակադաստրային գնահատման նույն խմբերը: Այն համայնքներում, որտեղ նշված որոշմամբ հաստատված` գյուղատնտեսական հողատեսքերի գնահատման խմբերում փոխադրված հողատեսքերի համար գնահատման համապատասխան խմբերը բացակայում են, դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք են ընդունվում նույն հողակադաստրային գնահատման շրջանի նույն հողատեսքի համապատասխան խմբի կադաստրային գինը (զուտ եկամուտը), իսկ դրա բացակայության դեպքում՝ այդ համայնքի նույն հողատեսքի կադաստրային գնի (զուտ եկամտի) միջին չափը:

7. Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրումն իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ:

8. Գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրելու դեպքերում (բացառությամբ ցածրարժեք անջրդի հողատեսքերը բարձրարժեք ջրովի հողատեսքերի փոխադրելու դեպքերի) հողակադաստրային գնահատման խմբերը կարող են փոփոխվել և դրանց կադաստրային գները (զուտ եկամուտները) հաշվարկելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ հաստատված` տվյալ հողակադաստրային գնահատման շրջանի, տվյալ հողատեսքի, նույն ոռոգելիության, ամենամոտ բարձր կադաստրային գին (զուտ եկամուտ) ունեցող հողակադաստրային գնահատման խումբը:

9. Գյուղատնտեսական նշանակության հողերի, հողատեսքերի փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների մեկ օրինակը հինգ օրվա ընթացքում տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները հողատեսքերի փոփոխություններ կրած գյուղատնտեսական նշանակության հողամասերի հարկման օբյեկտի որոշման նպատակով, հիմք ընդունելով գյուղատնտեսական հողատեսքերի փոփոխման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումները, հինգ օրվա ընթացքում իրականացնում են կադաստրային գնահատություն, որոնց արդյունքները հիմք են ընդունվում մինչև «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին` ներառյալ հողի հարկի հաշվարկման համար:

11. Գյուղատնտեսական նշանակության հողերի, հողատեսքերի` սահմանված կարգով փոփոխություններն արտացոլվում են յուրաքանչյուր տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրման համար անհրաժեշտ եզրակացություն տրամադրող հանձնաժողովի գործունեության կարգը:

2. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու նպատակով յուրաքանչյուր մարզում մարզպետի կողմից ստեղծվում է համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են`

1) մարզպետը կամ մարզպետի համապատասխան տեղակալը (հանձնաժողովի նախագահ).

2) մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետը (հանձնաժողովի քարտուղար).

3) մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը (հանձնաժողովի անդամ).

4) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

5) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

6) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

7) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչը (հանձնաժողովի անդամ).

8) համապատասխան համայնքի ղեկավարը (համաձայնությամբ) (հանձնաժողովի անդամ).

9) համապատասխան համայնքի գյուղատնտեսության գծով մասնագետը (համաձայնությամբ) (հանձնաժողովի անդամ):

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, հողային և ջրային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով և սույն որոշմամբ հաստատված կարգերով:

4. Հանձնաժողովի հիմնական գործառույթը եզրակացություններ տալն է գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերն ավելի ցածրարժեք հողատեսքերի փոխադրելու վերաբերյալ:

5. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության: Գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատիրոջ դիմումի հիման վրա համայնքի ղեկավարը երեք օրվա ընթացքում հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքն ավելի ցածրարժեք հողատեսքի փոխադրելու դիմումը: Հանձնաժողովի նախագահը երկու օրվա ընթացքում կազմում է նիստի օրակարգը և դիմումն ստանալու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում գումարում է հանձնաժողովի նիստ` հարցը քննարկելու համար: Հանձնաժողովի քարտուղարը նիստի գումարման օրվանից առնվազն տասներկու օր առաջ նիստի օրակարգը տրամադրում է հանձնաժողովի անդամներին:

6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նյութերի մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղազննության հիման վրա հանձնաժողովը տալիս է եզրակացություն:

7. Հանձնաժողովի եզրակացությունն ընդունվում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստն արձանագրվում է, որտեղ նշվում են`

1) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և անցկացման վայրը.

2) հանձնաժողովի կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ քննարկմանը հրավիրված անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և քննարկման արդյունքները.

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցներ.

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:

8. Նիստի արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները կցվում են արձանագրությանը:

9. Հանձնաժողովի նիստերը բաց են, որոնց կարող է մասնակցել նաև հողամասի սեփականատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը:

10. Հանձնաժողովի եզրակացությունը կազմվում է երեք հավասարազոր օրինակներից՝ որոնցից մեկական օրինակ նիստի գումարման օրվանից երեք օրվա ընթացքում տրամադրվում է համապատասխան համայնքի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

11. Հանձնաժողովի եզրակացությունները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր պահպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան