Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղազախստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ցանկանալով ամրապնդել բարեկամության և փոխըմբռնման հարաբերությունները,
ձգտելով ընդլայնել իրավական ոլորտում համագործակցությունը,
գիտակցելով Կողմերի պետությունների օրենսդրության մասին փոխադարձ տեղեկատվության բարելավման ուղղությամբ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերն ընդունում են հրապարակման համար բաց միջպետական փոխանակման ենթակա նորմատիվ իրավական ակտերի Ցանկում (կցվում է) նշված հարցերով նորմատիվ իրավական ակտերի երկկողմ տեղեկատվական փոխանակման անհրաժեշտությունը:
Վերը նշված Ցանկը Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ կարող է փոփոխվել կամ լրացվել:
Հոդված 2
Կողմերից յուրաքանչյուրը մյուս Կողմին կտրամադրի նորմատիվ իրավական ակտերի մասին պահանջվող տեղեկատվությունը:
Համագործակցության ընթացքում Կողմերից մեկի ստացած տեղեկատվությունը կարող է տրամադրվել երրորդ պետության միայն այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի համաձայնության պայմանով:
Համագործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել ի վնաս Կողմերի շահերի:
Հոդված 3
Կողմերը, օգտագործելով ազգային տեղեկատվական պաշարները, կազմակերպում են օրենսդրության սեփական բազաներ (Կողմերի պետությունների նորմատիվ իրավական ակտերի տվյալների բանկ) իրավական տեղեկատվության փոխանակման համար:
Հոդված 4
Կողմերը, իրականացնելով իրավական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման համաձայնեցված միջոցառումներ, համապատասխանաբար որոշում են՝
տեղեկատվությունից օգտվող սուբյեկտների ցանկը.
տեղեկատվության իրավական ռեժիմը՝ նորմատիվ կարգով սահմանված կանոնները, որոնք որոշում են տեղեկատվության բաց լինելու աստիճանը, փաստաթղթավորման, մատչելիության, պահպանման, տարածման և պաշտպանության կարգը:
Հոդված 5
Կողմերը իրավական տեղեկատվության համակարգի ստեղծման և իրավական փոխանակման աշխատանքների գծով համակարգողներ նշանակում են Կողմերի պետությունների արդարադատության նախարարություններին:
Հոդված 6
Կողմերը ապահովում են համատեղ օգտագործման համար սահմանված իրավական տեղեկատվության ազգային պաշարների (տվյալների չափանիշային բազաների) մատչելիությունը, պահում են դրանք այժմեական վիճակում և պատասխանատվություն են կրում տեղեկատվական տվյալների ամբողջականության, հավաստիության և ժամանակին տրամադրելու համար:
Հոդված 7
Իրավական տեղեկատվությունը պետք է տրամադրվի ռուսերեն լեզվով և անհատույց: Շտապ հաղորդումների և նյութերի փոխանցման համար կարող են օգտագործվել էլեկտրոնային, ֆաքսիմիլային և կապի այլ միջոցներ:
Հոդված 8
Կողմերն անհրաժեշտ են համարում՝.
տվյալների բազաները փոխանակելիս միմյանց տրամադրել նորմատիվ իրավական ակտերի դասակարգիչներ.
իրավական տեղեկատվության փոխանակում կատարել՝ օգտագործելով գործող համակարգերի տեղեկատվական-հաղորդակցական պաշարները, ինչպես նաև գաղտնի կապի նոր ստեղծվող համակարգերը:
Իրավական տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերով Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները:
Հոդված 10
Սույն Համաձայնագրում, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով:
Նշված արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգին համապատասխան:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի դրույթների կատարման ընթացքում Կողմերի միջև առաջացած վեճերը և տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում, յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար գործողության ժամկետի ինքնին երկարաձգմամբ, եթե Կողմերից ոչ մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին չծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 23-ին՝ երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը նախապատվությունը կտան ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 27-ից:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ | |
«Ղազախստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև իրավական տեղեկատվության փոխանակման մասին» Համաձայնագրի |
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՐՄԱՏԻՎ-ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
Ց Ա Ն Կ
1. | Պետական կարգի հիմունքներ |
2. | Պետական անվտանգություն |
3. | Պաշտպանություն |
4. | Պետական ծառայություն |
5. | Արտաքին քաղաքականություն, միջազգային և արտաքին տնտեսական հարաբերություններ |
6. | Վարչական օրենսդրություն |
7. | Արդարադատություն: Դատարան: Դատախազություն |
8. | Հասարակական կարգի պահպանություն |
9. | Քրեական օրենսդրություն |
10. | Քրեադատավարական օրենսդրություն |
11. | Քրեակատարողական օրենսդրություն (ուղղիչ-աշխատանքային օրենսդրություն) |
12. | Քաղաքացիական և ընտանեկան իրավունք |
13. | Քաղաքացիադատավարական և տնտեսական օրենսդրություն |
14. | Աշխատանք և բնակչության զբաղվածություն |
15. | Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն |
16. | Ֆինանսներ և վարկ |
17. | Ձեռնարկություններ և ձեռնարկատիրական գործունեություն |
18. | Արդյունաբերություն |
19. | Շինարարական և ճարտարապետական համալիրներ |
20. | Գյուղատնտեսություն |
21. | Առևտուր |
22. | Տրանսպորտ և կապ |
23. | Բնակարանային-կոմունալ տնտեսություն և բնակչության կենցաղային սպասարկում |
24. | Կրթություն, գիտություն, մշակույթ |
25. | Առողջապահություն |
26. | Հողի, նրա ընդերքի, ջրերի մասին, օդային տարածքի մասին, բուսական, կենդանական աշխարհի և բնական հարստությունների մասին օրենսդրություն |
27. | Շրջակա միջավայրի պահպանություն |
28. | Երկրագիտություն, քարտեզագրություն, հիդրոօդերևութաբանություն |
29. | Միջազգային մասնավոր իրավունք և դատավարություն |
30. | Մաքսային գործ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|