Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (01.08.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
02.10.2013
Дата подписания
02.10.2013
Дата вступления в силу
01.08.2018

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«Մարդու իրավունքների ԵՎ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի հմ. 16

 

Նախաբան

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) մյուս Բարձր պայմանավորվող կողմերը` սույն Արձանագրության ստորագրողները,

նկատի ունենալով Կոնվենցիայի դրույթները և, մասնավորապես, 19-րդ հոդվածը` Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ` Դատարան) հիմնելու վերաբերյալ,

հաշվի առնելով, որ Դատարանի՝ խորհրդատվական կարծիքներ տալու նպատակով իրավասության ընդլայնումը կուժեղացնի Դատարանի և ազգային իշխանությունների միջև փոխգործակցությունը և այդպիսով կամրապնդի Կոնվենցիայի կիրարկումը` սուբսիդիարության սկզբունքի համաձայն,

նկատի ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված` 2013 թվականի հունիսի 28-ի հմ. 285 (2013) կարծիքը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Բարձր պայմանավորվող կողմի բարձրագույն դատարանները և տրիբունալները, որոնք նշանակված են 10-րդ հոդվածին համապատասխան, կարող են դիմել Դատարան` Կոնվենցիայով կամ դրա արձանագրություններով սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների տրամադրման համար:

2. Հարցում ներկայացնող դատարանը կամ տրիբունալը կարող է դիմել խորհրդատվական կարծիքի համար միայն իր կողմից քննվող գործի շրջանակներում:

3. Հարցում ներկայացնող դատարանը կամ տրիբունալը պատճառաբանում է խորհրդատվական կարծիքի իր հարցումը և տրամադրում է տեղեկություններ քննվող գործի համապատասխան իրավական և փաստական հանգամանքների վերաբերյալ:

 

Հոդված 2

 

1. Մեծ պալատի հինգ դատավորներից կազմված կոլեգիան խորհրդատվական կարծիքի հարցման ընդունման վերաբերյալ որոշում է կայացնում` հաշվի առնելով 1-ին հոդվածը: Դատավորների կոլեգիան պատճառաբանում է հարցման ընդունման յուրաքանչյուր մերժում:

2. Դատավորների կոլեգիայի կողմից հարցման ընդունման դեպքում Մեծ պալատը տրամադրում է խորհրդատվական կարծիք:

3. Նախորդ պարբերություններում նշված դատավորների կոլեգիան և Մեծ պալատը ex officio ներառում են այն Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորին, որին պատկանում է հարցում ներկայացնող դատարանը կամ տրիբունալը: Դատավորի բացակայության կամ նրա` նիստին մասնակցելու անհնարինության դեպքում որպես դատավոր նիստին մասնակցում է տվյալ Կողմի` նախապես տրամադրած ցուցակից Դատարանի նախագահի ընտրած անձը:

 

Հոդված 3

 

 Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և այն Բարձր պայմանավորվող կողմը, որին պատկանում է հարցում ներկայացնող դատարանը կամ տրիբունալը, ունեն գրավոր դիտողություններ ներկայացնելու և լսումներին մասնակցելու իրավունք: Արդարադատության պատշաճ իրականացման համար Դատարանի նախագահը կարող է հրավիրել որևէ այլ Բարձր պայմանավորվող կողմի կամ անձի, որպեսզի նա նույնպես ներկայացնի գրավոր դիտողություններ կամ մասնակցի լսումներին:

 

Հոդված 4

 

1. Խորհրդատվական կարծիքները պատճառաբանվում են:

2. Եթե խորհրդատվական կարծիքը չի արտահայտում, ամբողջությամբ կամ մասամբ, դատավորների միաձայն կարծիքը, ապա յուրաքանչյուր դատավոր իրավունք ունի դրան կցելու իր առանձին կարծիքը:

3. Խորհրդատվական կարծիքները փոխանցվում են հարցում ներկայացնող դատարանին կամ տրիբունալին և այն Բարձր պայմանավորվող կողմին, որին այդ դատարանը կամ տրիբունալը պատկանում է:

4. Խորհրդատվական կարծիքները հրապարակվում են:

 

Հոդված 5

 

Խորհրդատվական կարծիքները պարտադիր բնույթ չունեն:

 

Հոդված 6

 

Բարձր պայմանավորվող կողմերը սույն Արձանագրության 1-5-րդ հոդվածները դիտարկում են որպես Կոնվենցիայի լրացուցիչ հոդվածներ և, Կոնվենցիայի բոլոր դրույթները կիրառվում են համապատասխանաբար:

 

Հոդված 7

 

1. Սույն Արձանագրությունն ստորագրման համար բաց է Կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերի համար, որոնք կարող են դրանով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունն արտահայտել.

ա. ստորագրելով` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի, կամ

բ. ստորագրելով` վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով, որին կհաջորդի վավերացումը, ընդունումը կամ հաստատումը:

2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 8

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Կոնվենցիայի տաս Բարձր պայմանավորվող կողմերի կողմից 7-րդ հոդվածի դրույթների համաձայն Արձանագրությամբ պարտավորված լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունը հայտնելու ամսաթվից հետո եռամսյա ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը։

2. Կոնվենցիայի յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի համար, որը հետագայում կհայտնի Արձանագրությամբ պարտավորված լինելու համաձայնություն, այն ուժի մեջ է մտնում Արձանագրությամբ պարտավորված լինելու համաձայնությունը հայտնելու ամսաթվից հետո եռամսյա ժամանակահատվածը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը՝ 7-րդ հոդվածի դրույթների համաձայն։

 

Հոդված 9

 

Սույն Արձանագրության դրույթների նկատմամբ չի թույլատրվում որևէ վերապահում` Կոնվենցիայի 57-րդ հոդվածի համաձայն:

 

Հոդված 10

 

Կոնվենցիայի յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ ստորագրման ժամանակ կամ վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարության միջոցով նշում է այն դատարանները կամ տրիբունալները, որոնց ինքը նշանակում է սույն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերության նպատակներով: Այդ հայտարարությունը կարող է փոփոխվել հետագայում` ցանկացած ժամանակ և նույն կարգով:

 

Հոդված 11

 

 Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և Կոնվենցիայի մյուս Բարձր պայմանավորվող կողմերին ծանուցում է.

 ա. յուրաքանչյուր ստորագրման,

 բ. յուրաքանչյուր վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու,

 գ. 8-րդ հոդվածի համաձայն սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի,

 դ. 10-րդ հոդվածի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարության, և

 ե. սույն Արձանագրությանը վերաբերող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:

 Ի վկայումն վերոշարադրյալի` այդ նպատակով պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 Կատարված է Ստրասբուրգում 2013 թ. հոկտեմբերի 2-ին, մեկ բնօրինակով` անգլերեն և ֆրանսերեն երկու հավասարազոր տեքստերով, որը ի պահ կտրվի Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և Կոնվենցիայի մյուս Բարձր պայմանավորվող կողմերին: