Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ («ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (ՔԱՆԱՔԵՌԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ)» ՆԱԽԱԳԻԾ)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը, ելնելով Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առկա բարեկամական հարաբերություններից, կամենալով ամրապնդել և խորացնել առկա բարեկամական հարաբերությունները գործընկերային համագործակցության միջոցով, գիտակցելով, որ այդ հարաբերությունների պահպանումը սույն Համաձայնագրի հիմքն է կազմում, մտադրություն ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացմանը և կենսագործել երկու երկրների կառավարությունների միջև 1996 թվականի մայիսի 7-ին Երևանում կայացած բանակցությունների արդյունքները,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
1. Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկային հաստատությունից «Էներգետիկայի բնագավառում (Քանաքեռի հիդրոէլեկտրակայան) անհապաղ օգնության ծրագիր» նախագծի իրականացման համար մինչև 15.000.000 (բառերով` տասնհինգ միլիոն) գերմանական մարկ գումարի վարկ ստանալ, եթե այն քննության առնելուց հետո հավաստվում է, որ նախագիծը խրախուսման արժանի է:
2. Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկային հաստատությունից վարկեր կամ ֆինանսական նպաստներ ստանալ նախագծի նախապատրաստման կամ նախագծի իրականացման և խնամատարության նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա կիրառվում է սույն Համաձայնագիրը:
3. 1-ին պարբերությունում նշված նախագիծը կարող է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով: Նախապատրաստական և հարակից միջոցառումների իրականացման համար 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն տրամադրվող ֆինանսական նպաստները փոխարկվում են վարկի, եթե չեն օգտագործվում հիշատակված միջոցառումների իրականացման նպատակով:
ՀՈԴՎԱԾ 2
1. 1-ին հոդվածում նշված գումարի կիրառումը և տրամադրման պայմանները, ինչպես նաև պատվերի հանձնարարման կարգը սահմանվում են Վերականգնման վարկային հաստատության (KFW) և վարկառուի միջև կնքվելիք պայմանագրով, որոնք ենթակա են Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործող օրենսդրական նորմերին:
2. 1-ին հոդվածում նշված գումարի տրամադրման վերաբերյալ համաձայնությունն անվավեր է համարվում, եթե տրամադրման տարուց սկսած 8 տարվա ընթացքում համապատասխան վարկային պայմանագիր չի կնքվում: 1-ին հոդվածում նշված գումարի համար համապատասխան ժամկետը լրանում է 2005 թվականի տարեվերջին:
3. Եթե վարկառուն ինքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը չէ, ապա երաշխավորում է ի դեմս Վերականգնման վարկային հաստատության բոլոր վճարումները գերմանական մարկով` ի կատարումն 1-ին պարբերության համաձայն կնքվելիք պայմանագրերով վարկառուների ստանձնած պարտավորությունների:
ՀՈԴՎԱԾ 3
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վերականգնման վարկային հաստատությանը (KFW) ազատում է այն բոլոր հարկերից և պետական այլ տուրքերից, որոնք բխում են Հայաստանի Հանրապետությունում 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում հիշատակված պայմանագրի կնքումից և իրականացումից:
ՀՈԴՎԱԾ 4
Վարկի կամ ֆինանսական նպաստների տրամադրումից բխող` ցամաքով, ջրով և օդով իրականացվող` մարդկանց և ապրանքների փոխադրումների պարագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղևորներին և առաքողներին տրանսպորտային ձեռնարկությունների ազատ ընտրության հնարավորություն է ընձեռում, չի ձեռնարկում այնպիսի միջոցներ, որոնք բացառում կամ խոչընդոտում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղակայված տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությունը փոխադրումների իրականացմանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ ձեռնարկությունների մասնակցությունն արտոնող թույլտվություններ է տալիս:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է, որ ավարտված է իրավական ուժ ստանալու համար օրենքով սահմանված ներպետական ընթացակարգը: Հիմք է ընդունվում ծանուցման ստացման օրը:
Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի հունիսի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի փետրվարի 9-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|