Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.08.11/39(705).1 Հոդ.931.6
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.05.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
27.05.2009
Дата вступления в силу
27.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ3/0019/02/08

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ3/0019/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

Դատավորներ՝ Ն. Տավարացյան

               Դ. Խաչատրյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Տ. Պետրոսյանի

 

Վ.  Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

 

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էդվարդ Քառյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Էդվարդ Քառյանի ընդդեմ Գագիկ Ղազարյանի, Աիդա Խոջյանի, Տաթևիկ Ղազարյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Էդվարդ Քառյանը պահանջել է վտարել Գագիկ Ղազարյանին, Աիդա Խոջյանին, Տաթևիկ Ղազարյանին ընտանիքի անդամների հետ միասին Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող բնակելի տնից:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.09.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.01.2009 թվականի որոշմամբ Դատարանի 30.09.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդվարդ Քառյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջն անվերապահ պահանջ է, որը ներկայացնելու իրավունքով օժտված է միայն սեփականատերը, և այս պարագայում էական չէ` ուրիշի սեփականությունը զբաղեցվում է ինքնագլուխ, թե` ոչ: Պատասխանողները վիճելի տունը զբաղեցնում են ապօրինի, առանց որևէ իրավական հիմքի, նրանց տիրապետումը չի բխում օրենքից կամ պայմանագրից, սեփականատիրոջ հետ չունեն վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագիր, իսկ գործող օրենսդրությունը բնակելի տարածքը զբաղեցնելու այլ իրավական հիմքեր չի նախատեսում:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և 31-րդ հոդվածի դրույթների խախտման հիմքով, սակայն Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով բողոք բերած անձի կողմից մատնանշված դատավարական նորմերի խախտումների հիմնավորվածության հարցին և դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, եկել է այն համոզման, որ Դատարանը վեճին լուծում է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2009 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 14.04.2008 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2267177 վկայականի համաձայն` Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող 0,075հա տնամերձ հողամասը և 110,23քմ մակերեսով բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Էդվարդ, Սիրանուշ, Հասմիկ, Միշա Քառյաններին և Թամարա Աբովյանին (գ.թ. 6-8):

2) ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի վարչության Նոյեմբերյանի բաժնի 17.06.2008 թվականի և 04.07.2008 թվականի եզրակացությունների և Տավուշի մարզի Բերդավան համայնքի ղեկավարի 25.08.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Գագիկ Ղազարյանն իր ընտանիքի անդամների հետ միասին 1994 թվականից, տվյալ ժամանակահատվածում այն տիրապետող Վաչիկ Հարությունյանի համաձայնությամբ, բնակվում է վիճելի տանը և այն օգտագործելու համար վճարել է չորս ու կես տարվա վարձավճար (գ.թ. 10, 12, 91):

3) Գագիկ Ղազարյանի, Աիդա Խոջյանի, Տաթևիկ Ղազարյանի և նրանց ընտանիքի անդամների կողմից վիճելի տունն օրենքի կամ պայմանագրի հիման վրա տիրապետելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

4) 29.10.2008 թվականի վերաքննիչ բողոքի հիմքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտումը նշված չէ (գ.թ.8-10):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 278-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենսգրքի 274-277-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն օժտված է իրեն պատկանող գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներով և իրավունք ունի իր գույքը հետ պահանջելու ուրիշի ապօրինի տիրապետումից: Միաժամանակ, օրենսդիրը տիրապետման պաշտպանության իրավունք է ընձեռել գույքը տիրապետողին` այդ թվում ընդդեմ սեփականատիրոջ, սակայն պայմանով, որ այդ տիրապետումը հիմնված լինի օրենքի կամ պայմանագրի վրա:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է վիճելի անշարժ գույքի 14.08.2008 թվականի սեփականության իրավունքի վկայականը և հաստատված է համարել, որ պատասխանողները բնակելի տունը տիրապետում են ապօրինի, քանի որ նրանց տիրապետումը չի բխում օրենքից և հիմնված չէ պայմանագրի վրա:

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ պատասխանողները և նրանց ընտանիքի անդամները վիճելի բնակելի տարածությունը զբաղեցրել են 1994 թվականից տվյալ ժամանակահատվածում այն տիրապետող Վաչիկ Հարությունյանի գիտությամբ և համաձայնությամբ, գտել է, որ Դատարանը չի հիմնավորել, թե ինչումն է կայացել պատասխանողների կողմից վիճելի տունն ապօրինի տիրապետելու հանգամանքը:

Սույն գործի փաստերի համաձայն` վիճելի բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Էդվարդ, Սիրանուշ, Հասմիկ, Միշա Քառյաններին և Թամարա Աբովյանին, իսկ Գագիկ Ղազարյանի, Աիդա Խոջյանի, Տաթևիկ Ղազարյանի և նրանց ընտանիքի անդամների կողմից վիճելի տունն օրենքի կամ պայմանագրի հիման վրա տիրապետելու վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գույքի ապօրինի տիրապետումն առկա է ցանկացած պարագայում, երբ տիրապետումը հիմնված չէ օրենքի կամ պայմանագրի վրա:

Ինչ վերաբերում է 1994 թվականից Վաչիկ Հարությունյանի համաձայնությամբ Գագիկ Ղազարյանի կողմից վիճելի բնակելի տան օգտագործման համար չորս ու կես տարվա վարձավճար վճարելու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վաչիկ Հարությունյանի և Գագիկ Ղազարյանի միջև բնակելի տունն օգտագործելու համաձայնությունը սահմանվել է որոշակի ժամկետով, որն ավարտվել է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գագիկ Ղազարյանը, Աիդա Խոջյանը, Տաթևիկ Ղազարյանը և նրանց ընտանիքի անդամները Տավուշի մարզի Բերդավան գյուղում գտնվող 0,075հա տնամերձ հողամասը և 110,23քմ մակերեսով բնակելի տունը զբաղեցնում են ապօրինի, և նրանց տիրապետումը հիմնված չէ օրենքի կամ պայմանագրի վրա: Հետևաբար, Էդվարդ Քառյանն իրավունք ունի իրեն պատկանող գույքը հետ պահանջել նրանց ապօրինի տիրապետումից:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Դատարանը կատարել է թերի քննություն, ինչի արդյունքում վեճին լուծում է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի կանոնների խախտմամբ:

Մինչդեռ, սույն գործում առկա վերաքննիչ բողոքի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 29.10.2008 թվականի վերաքննիչ բողոքում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ որևէ փաստարկ և հիմնավորում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից` դրանով իսկ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի պահանջները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքում նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 30.09.2008 թվականի վճռին:

2. Գագիկ Ղազարյանից, Աիդա Խոջյանից, Տաթևիկ Ղազարյանից հօգուտ պետական բյուջեի համապարտության կարգով բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան