Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.08.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2009.10.28/54(720) Հոդ.1178.78
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
21.08.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
21.08.2009
Дата вступления в силу
21.08.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԱՔԴ/0003/15/09

ԵԱՔԴ/0003/15/09

 

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

21 օգոստոսի 2009 թվական ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Խաչատուր Գագիկի Հեքիմյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ պաշտպան Տիգրան Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 1999 թվականի հունիսի 10-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում հարուցվել է թիվ 14209799 քրեական գործը ՀՀ 1961թ. քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով:

1999 թվականի հուլիսի 28-ին որոշում է կայացվել Խաչատուր Հեքիմյանին նույն քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 1999 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ մեղադրյալ Խ.Հեքիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը երկու ամիս ժամկետով:

Նախաքննության մարմնի 1999 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Խ.Հեքիմյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

1999 թվականի օգոստոսի 10-ին քրեական գործով վարույթը կասեցվել է:

2. 2009 թվականի փետրվարի 18-ին Խ.Հեքիմյանը հայտնաբերվել է, քրեական գործով վարույթը վերսկսվել:

2009 թվականի փետրվարի 19-ին Խ.Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ 2003 թվականի քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

3. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Առաջին ատյանի դատարան) 1999 թվականի հուլիսի 28-ի որոշման դեմ 2009 թվականի փետրվարի 27-ին վերաքննիչ բողոք է բերել պաշտպան Տ.Հայրապետյանը, որը Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 5-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 12-ի որոշմամբ բավարարվել է պաշտպան Տ.Հայրապետյանի միջնորդությունը և Խ.Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 1999 թվականի հուլիսի 28-ի որոշման բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնվել է:

5. 2009 թվականի մարտի 10-ին պաշտպան Տ.Հայրապետյանը նաև միջնորդություն է ներկայացրել մեղադրյալ Խ.Հեքիմյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին, որն Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 17-ի որոշմամբ մերժվել է:

6. Պաշտպան Տ.Հայրապետյանը վերաքննիչ բողոքներ է ներկայացրել ինչպես մեղադրյալ Խ.Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 1999 թվականի հուլիսի 28-ի, այնպես էլ կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 17-ի որոշումների դեմ:

Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ բողոքարկվել են նույն անձի վերաբերյալ նույն դատարանի կայացրած որոշումները, 2009 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները միացրել է մեկ վարույթում:

Քննության առնելով մեղադրյալ Խ.Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 1999 թվականի հուլիսի 28-ի և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի մարտի 17-ի որոշումների օրինականության և հիմնավորվածության հարցը` Վերաքննիչ դատարանը 2009 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ պաշտպան Տ.Հայրապետյանի վերաքննիչ բողոքները մերժել է՝ որոշումները թողնելով օրինական ուժի մեջ:

7. Նախաքննության մարմնի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Խ.Հեքիմյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 327-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով:

8. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշման դեմ Խ.Հեքիմյանի պաշտպան Տ.Հայրապետյանը վճռաբեկ բողոք է բերել:

2009 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով («Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշումներին»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

9. Քրեական վարույթն իրականացնող մարմնի 2009 թվականի հունիսի 17-ի որոշմամբ Խ.Հեքիմյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերացվել է, իսկ 2009 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման կիրառմամբ կարճվել է, և Խ.Հեքիմյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

10. Առաջին ատյանի դատարանի կողմից Խ.Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննարկման ժամանակ` 1999 թվականի հուլիսի 28-ի դրությամբ, վերջինս թաքնվել է քրեական վարույթն իրականացնող մարմնից և դատական նիստին չի մասնակցել:

Քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու պատճառով նախաքննության մարմնի 1999 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Խ.Հեքիմյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

11. 2009 թվականի փետրվարի 18-ին Խ.Հեքիմյանը հայտնաբերվել է և կալանավորվել` առանց դատարանի առջև կանգնելու:

12. 2009 փետրվարի 19-ին Խ.Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար, որ նա, լինելով Երևան քաղաքի Գյուլբեկյան 43 շենքի 15 բնակարանի բնակիչ, Արաբկիրի զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից բազմիցս հրավիրվել է զինկոմիսարիատ` զինվորական բժշկական հանձնաժողովի կողմից հետազոտվելու, հաշվառման կանգնելու և ծառայության մեկնելու համար, սակայն նա, խախտելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի պահանջները, խուսափել է իսկական զինվորական ծառայության 1999 թվականի գարնանային զորակոչից` չունենալով այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքեր:

13. Դրանից հետո Խ.Հեքիմյանը չի մասնակցել նաև կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի հարուցած միջնորդության քննարկմանը, որը տեղի է ունեցել Առաջին ատյանի դատարանում 2009 թվականի մարտի 17-ին, ինչպես նաև չի մասնակցել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 7-ի դատական նիստին, որտեղ քննության է առնվել Առաջին ատյանի դատարանի 1999 թվականի հուլիսի 28-ի և 2009 թվականի մարտի 17-ի որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

14. Նախաքննության մարմնի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Խ.Հեքիմյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է ու լրացվել, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին, 325-րդ հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով այն բանի համար, որ նա խուսափել է 1997 թվականի գարնանային ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից: Բացի այդ, Խ.Հեքիմյանը 1995 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարարության Արաբկիրի բաժնի անձնագրային ծառայությունից սահմանված կարգով ՀՀ քաղաքացու AA սերիայի 0272458 համարի անձնագիրը ստանալով՝ մեկնել է Չեխիայի Հանրապետություն, որտեղ գտնվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ:

1999 թվականի փետրվարի 5-ին Խ.Հեքիմյանին, ՀՀ ներքին գործերի նախարարության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնի անձնագրային ծառայությունից, գործով չպարզված հանգամանքներում Խաչատուր անունը Խաչիկ դարձնելով` առանց օրինական հիմքերի հատկացվել է ՀՀ քաղաքացու՝ AC սերիայի 0625071 համարի կեղծ անձնագիր: Նշված կեղծ անձնագիրը ստանալով` այն օգտագործել է Չեխիայի Հանրապետությունում հաշվառվելու և կացության կարգավիճակ ստանալու համար: Այնուհետև, նշված կեղծ անձնագիրն օգտագործելով, Խ.Հեքիմյանը 2008 թվականի մարտի 6-ին ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելով` վերադարձել է Հայաստանի Հանրապետություն:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

 

15. Բողոք բերած անձը, վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք, ինչպես նաև այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հետ փոխկապակցված նույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի հիման վրա` ձերբակալված և կալանավորված բոլոր անձինք իրավունք ունեն անհապաղ ներկայացվել դատարանի առջև, բողոք բերած անձը նշել է, որ Կոնվենցիան չի նախատեսում անձին ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդության քննությունը դատարանում անցկացնել առանց անձի մասնակցության, քանի որ նա պետք է հնարավորություն ունենա բացատրություններ տալ դատարանին, ներկայացնել իր փաստարկները և դիրքորոշումները:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը պնդում է, որ իր պաշտպանյալն իրավունք ուներ ձերբակալվելուց անմիջապես հետո տարվել դատավորի մոտ և ներկա գտնվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցի քննությանը, ինչը սույն գործով չի իրականացվել. Խ.Հեքիմյանը 2009 թվականի փետրվարի 18-ին կալանավորվել է դատարանի 1999 թվականի հուլիսի 28-ին կայացրած որոշման հիման վրա և դրանից հետո դատավորի մոտ չի տարվել, հետևաբար նրա կալանավորումը չի համապատասխանում Կոնվենցիայի չափանիշներին, և նա պետք է անհապաղ ազատ արձակվի:

16. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 4-րդ և 16-րդ, Կոնվենցիայի 5-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ և 285-րդ հոդվածների պահանջները:

Մասնավորապես՝ Խ.Հեքիմյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը և դատարանի որոշումը պատճառաբանված չեն և չեն բխում գործի փաստական հանգամանքների հիման վրա կատարված ողջամիտ ենթադրություններից: Բողոքաբերի պնդմամբ, քննիչը և դատարանը բավարարվել են միայն կալանավորման հիմքերի օրենսդրական ձևակերպումների շարադրանքով, մինչդեռ Խ.Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր էր բավարար փաստերի ներքո հիմնավորված ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում ամրագրված մեկ կամ մի քանի հիմքի առկայությունը, պետք է բավարար չափով հիմնավորվեր քրեական վարույթն իրականացնող մարմնի «պատշաճ ջանասիրությունը», բացի այդ, սույն գործով չկան հասարակական շահի իրական պահանջների հատկանիշներ, որոնք ինքնուրույն, չվտանգելով անմեղության կանխավարկածը, գերակշռում են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով երաշխավորված անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքը: Բողոքաբերը նշել է նաև, որ դատարանը հաշվի չի առել, որ Խ.Հեքիմյանը ծնված օրից ունեցել է սրտի արատ, նա բազմաթիվ անգամներ տարել է սրտի ծանր վիրահատություններ, նրա մոտ սկսվել է «տրոմբոֆլեբիտ» հիվանդություն, նրան անհրաժեշտ է մշտական բժշկական հսկողություն:

17. Ըստ բողոք բերած անձի` Խ.Հեքիմյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածին հակասող պատճառաբանություններով, մասնավորապես, մերժման մասին որոշում կայացնելիս ընդհանուր իրավասության դատարանը եզրահանգել է, որ Խ.Հեքիմյանը Չեխիայի Հանրապետությունում կատարած հանցագործության համար հետախուզվում է, մինչդեռ դատարան ներկայացված փաստաթուղթը նման տեղեկատվություն չի պարունակում: Բացի այդ, նշված փաստաթուղթը ընդհանուր իրավասության դատարանում չի հետազոտվել, այն ներկայացվել է միայն վերաքննիչ դատարան:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Խաչատուր Գագիկի Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի 1999 թվականի հուլիսի 28-ի որոշումը և Խ.Հեքիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու մասին նույն դատարանի 2009 թվականի մարտի 17-ի որոշումը, այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշումը, մեղադրյալ Խ.Հեքիմյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնել և նրան ազատել կալանքից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հետախուզման մեջ գտնված Խ.Հեքիմյանը իրավունք ունե՞ր, արդյոք, հայտնաբերվելուց հետո տարվել դատավորի մոտ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկման համար:

19. ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը (…)»:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.

(…)

3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան՝ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով.

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին (…)»:

20. Վերոշարադրյալ հոդվածների մեկնաբանության վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Տիգրան Մայիսի Վահրադյանի գործով 2008 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված ԼԴ/0197/06/08 որոշման մեջ, որի 33-րդ և 34-րդ կետերի համաձայն՝ «(…) ՀՀ ներպետական օրենդրության մակարդակում ազատության իրավունքի ապահովման անհրաժեշտ երաշխիք պետք է լինի հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո, արդեն նրա ներկայությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկումը նախաքննության կատարման վայրի դատարանում: Դա հնարավորություն կտա նվազեցնել կամայական կալանավորման դեպքերը, ինչպես նաև կապահովի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության համար միջազգային պարտավորություն հանդիսացող պահանջների կատարումը:

Հետևաբար` հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվի դատավորի մոտ (…) »:

Նշված որոշման 25-րդ կետի համաձայն՝ «(…) տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն» կոնվենցիոնալ պահանջը ՀՀ ներպետական իրավունքում արտացոլված է դատարանում կալանավորման միջնորդության քննարկմանը վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ գտնվող մեղադրյալի մասնակցությունն ապահովելու՝ այդ մարմնի պարտականության մեջ (…)»:

21. Սույն գործի նյութերից երևում է, սակայն, որ Խ.Հեքիմյանը 2009 թվականի փետրվարի 18-ին հայտնաբերվել և ձերբակալվել է, սակայն նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը կրկին քննարկելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից չի տարվել նախաքննության կատարման վայրի դատարան (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Խ.Հեքիմյանը հայտնաբերվելուց և ձերբակալվելուց հետո պետք է անհապաղ տարվեր դատավորի մոտ, և մասնակից դարձվեր իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի կրկնակի քննարկմանը:

22. Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկներին, որ Խ.Հեքիմյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը և ընդհանուր իրավասության դատարանի որոշումը պատճառաբանված չեն, դատարանը հաշվի չի առել, որ Խ.Հեքիմյանը ծնված օրից ունեցել է սրտի արատ և նրան անհրաժեշտ է մշտական բժշկական հսկողություն, ինչպես նաև, որ Խ.Հեքիմյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածին հակասող պատճառաբանություններով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտում առկա են անհրաժեշտ և բավարար հիմնավորումներ ինչպես Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանվածության և Խ.Հեքիմյանի մոտ հիվանդության առկայությունը հիմնավորող փաստաթղթի կիրառելիության, այնպես էլ Խ.Հեքիմյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության մերժման հարցի վերաբերյալ, հետևաբար այդ կապակցությամբ բողոքաբերի փաստարկները հիմնավորված չեն:

23. Սույն որոշման 20-րդ և 21-րդ կետերից երևում է, որբողոքարկված դատական ակտերն հակասում են Վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշմանը:

Սակայն հաշվի առնելով այն, որ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման կիրառմամբ գործով վարույթի կարճման և Խ.Հեքիմյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման հետևանքով բողոքարկված դատական ակտերն այլևս իրավաբանորեն գոյություն չունեն, Վճռաբեկ դատարանը սույն որոշման մեջ նշված պատճառաբանություններով օրինական ուժի մեջ է թողնում Առաջին ատյանի դատարանի 1999 թվականի հուլիսի 28-ի և 2009 թվականի մարտի 17-ի որոշումները, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշումը:

24. Բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Խաչատուր Գագիկի Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 1999 թվականի հուլիսի 28-ի և կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ նույն դատարանի 2009 թվականի մարտի 17-ի որոշումներն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան