ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0086/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0086/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Ն. Տավարացյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի հունիսի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Դանիել Ղասաբօղլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի՝ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Դանիել Ղասաբօղլյանից հօգուտ Ընկերության 51.182.235 ՀՀ դրամ, որից 39.370.950 ՀՀ դրամը՝ որպես իրական վնասի գումար, իսկ 11.811.285 ՀՀ դրամը՝ որպես բաց թողնված օգուտ:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 15.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.11.2008 թվականի որոշմամբ Դատարանի 15.07.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դանիել Ղասաբօղլյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածը, 346-րդ հոդվածի 3-րդ կետը, 1058-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, 408-րդ հոդվածը, 417-րդ հոդվածը, 1058-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի պահանջը, չի կատարել գործի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, հաշվի չի առել գործի համար էական նշանակություն ունեցող փաստաթղթերը: Մասնավորապես այն, որ 22.08.2005 թվականի թիվ 30 պայմանագիրը կնքվել է Ընկերության տնօրեն Անդրանիկ Ղուկասյանի և Կուրսկի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի միջև։ Դանիել Ղասաբօղլյանը նշված պայմանագրի կողմ չի հանդիսացել, Ընկերության և Դանիել Ղասաբօղլյանի միջև երբևիցե աշխատանքային պայմանագիր չի կնքվել, Դանիել Ղասաբօղլյանը Ընկերության անդամ չի հանդիսացել։ Պայմանագրով ստանձնած իրավունքներն ու պարտականությունները ծագել են «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի և Ընկերության համար։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորն ինքը պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, մինչդեռ դատաքննության ընթացքում հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավոր ապացույց այն մասին, որ Դանիել Ղասաբօղլյանն աոանց որևէ լիազորագրի հանդես է եկել Ընկերության անունից, իջեցրել է ապրանքների գները, կամ ստորագրել է տնօրենի փոխարեն, որով և վնաս է պատճառել Ընկերությանը: Գործում առկա չէ նաև որևէ ապացույց այն մասին, որ Ընկերության տարեկան շահութաբերությունը կազմել է 15 տոկոս:
Գործում առկա է Ընկերության տնօրեն Անդրանիկ Ղուկասյանի և Կուրսկի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի միջև 20.08.2006 թվականին կնքված 22.08.2005 թվականի թիվ 30 պայմանագրով մատակարարվող յուղազերծված պանրի գնի փոփոխման համաձայնագիր, ըստ որի՝ ռուսական շուկայում պանրի գների կտրուկ իջնելու պատճառով կողմերը համաձայնության են եկել թիվ 28, 29, 30 հաշիվ ապրանքագրերով սահմանված 1 կգ անյուղ պանրի արժեքը 0,44-0,45 ցենտի իջեցնելու մասին։ Միաժամանակ, գործում առկա է նաև Կուրսկի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի հայտարարությունն այն մասին, որ Դանիել Ղասաբօղլյանը ոչ մի կապ չունի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի միջև կնքված անյուղ պանրի վաճառքից իջեցված գների համաձայնագրի հետ, և այն հաստատվել է անձամբ Ընկերության տնօրեն Անդրանիկ Ղուկասյանի և «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի կողմից:
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
22.08.2005 թվականին կողմերի միջև կնքված թիվ 30 պայմանագրի 8-րդ կետի համաձայն՝ պայմանագրից բխող բոլոր վեճերը, տարաձայնությունները, պայմանագրի կատարման կամ ոչ պատշաճ կատարման, այլ խախտումների վերաբերյալ ենթակա են քննության ՌԴ Կուրսկի մարզի արբիտրաժային դատարանի կողմից, ուստի սույն վեճը ընդդատյա չէ Հայաստանի Հանրապետության դատարանում քննության:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը և «կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
ՌԴ Կուրսկ քաղաքի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի հետ 22.08.2005 թվականին կնքված պայմանագրի հիման վրա Ընկերությունը մատակարարել է անյուղ պանիր՝ հալած պանրի արտադրություն կազմակերպելու համար: Ընկերությունը «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի նկատմամբ բողոք չունի, քանզի Դանիել Ղասաբօղլյանը, չունենալով լիազորություն, առանց համապատասխան լիազորագրի, տեղյակ չպահելով հայցվորին, հանդես է եկել վերջինիս անունից և փոխել է մատակարարված պանրի արժեքը, որի արդյունքում Ընկերությանը պատճառել է 51.182.335 ՀՀ դրամի վնաս:
Վերոգրյալից ելնելով՝ անհիմն է վճռաբեկ բողոքի հիմքն այն մասին, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 346-րդ հոդվածների պահանջները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 22.08.2005 թվականին Ընկերության տնօրեն Անդրանիկ Ղուկասյանի և ՌԴ Կուրսկ քաղաքի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի միջև կնքվել է թիվ 30 պայմանագիրը, համաձայն որի՝ Ընկերությունը «Պրոմսնաբ» ՍՊԸ-ին վաճառել է անյուղ պանիր հալած պանրի արտադրություն կազմակերպելու համար: Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ ապրանքի քանակը, գինը, յուրաքանչյուր խմբաքանակի մատակարարման հասցեն սահմանվում են կողմերի կողմից կազմված մասնագրերով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագրի 2.1-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր խմբաքանակի գինը սահմանվում է հաշիվ-ապրանքագրի հիման վրա: Պայմանագրի 8-րդ կետի համաձայն՝ պայմանագրից բխող բոլոր վեճերը, տարաձայնությունները, պայմանագրի կատարման կամ ոչ պատշաճ կատարման և այլ խախտումները ենթակա են քննության ՌԴ Կուրսկի մարզի արբիտրաժային դատարանի կողմից։
2. 18.11.2005 թվականի թիվ 28, 02.12.2005 թվականի թիվ 29 և 27.12.2005 թվականի թիվ 30 հաշիվ-ապրանքագրերի հիման վրա Ընկերությունը «Պրոմսնաբ» ՍՊԸ-ին է մատակարարել համապատասխանաբար 19 տոննա յուղազերծված պանիր, որի գինը կազմել է 25.650 ԱՄՆ դոլար, 20 տոննա յուղազերծված պանիր, որի գինը կազմել է 27.000 ԱՄՆ դոլար, 60 տոննա յուղազերծված պանիր, որի գինը կազմել է 81.000 ԱՄՆ դոլար (մեկ կգ-ի արժեքը սահմանելով 1,35 ԱՄՆ դոլար):
3. Ընկերության տնօրեն Անդրանիկ Ղուկասյանի և Կուրսկ քաղաքի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի միջև 20.08.2006 թվականին կնքվել է «22.08.2005 թվականի թիվ 30 պայմանագրով մատակարարվող յուղազերծված պանրի գնի փոփոխման մասին» համաձայնագիրը, համաձայն որի՝ կողմերը, նկատի ունենալով ռուսական շուկայում յուղազերզված պանրի գնի անկման հանգամանքը մինչև 0,44-0,45 ԱՄՆ դոլար, եկել են համաձայնության, որ 18.11.2005 թվականի թիվ 28 հաշիվ-ապրանքագրով մատակարարված ապրանքի գինը սահմանվում է 0,45 ԱՄՆ դոլար 1 կգ-ի դիմաց, 02.12.2005 թվականի թիվ 29 հաշիվ-ապրանքագրով մատակարարված ապրանքի գինը սահմանվում է 0,45 ԱՄՆ դոլար 1 կգ-ի դիմաց, 27.12.2005 թվականի թիվ 30 հաշիվ-ապրանքագրով մատակարարված ապրանքի գինը սահմանվում է 0,44 ԱՄՆ դոլար 1 կգ-ի դիմաց:
4. «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրենի 03.09.2007 թվականի թիվ 25 գրության և 16.06.2008 թվականի հայտարարության համաձայն՝ տնօրենը հայտնել է, որ մատակարարված պանիրը չի համապատասխանել նորմատիվային ցուցանիշներին, որի հետևանքով ապրանքի գնորդներ չեն գտնվել: Այնուհանդերձ պանրի իրացումից, վնասների և ծախսերի հաշվարկումից հետո կողմերի միջև 20.08.2006 թվականին կնքվել է «22.08.2005 թվականի թիվ 30 պայմանագրով մատակարարվող յուղազերծված պանրի գնի փոփոխման մասին» համաձայնագիր, որը և ստորագրվել է Ընկերության տնօրեն Անդրանիկ Ղուկասյանի և Կուրսկ քաղաքի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի կողմից:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ սույն օրենքով կամ պայմանագրով:
Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են՝ իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին, թիվ ՀՔԴ 3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009թ-ի որոշումը):
Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը:
Սույն գործով Ընկերության հայցադիմումի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Դանիել Ղասաբօղլյանն առանց Ընկերության համաձայնության և գիտության նվազեցրել է Ընկերության կողմից «Պրոմսնաբ» ՍՊԸ-ին մատակարարված պանրի գինը, ինչի պատճառով Ընկերությունը կրել է 51.182.235 ՀՀ դրամի վնաս, որից 39.370.950 ՀՀ դրամը իրական վնասի տեսքով (1 կգ ապրանքի գինը 1,35 ԱՄՆ դոլարից մինչև 0,44-0,45 ԱՄՆ դոլար նվազեցնելու գործողությամբ), 11.811.285 ՀՀ դրամը բաց թողնված օգուտի տեսքով (հիմք ընդունելով Ընկերության տարեկան 15 տոկոս շահութաբերությամբ երկու տարվա հաշվարկը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատված ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի՝ համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել իրական վնասի և բաց թողնված օգուտի առկայությունը, ինչպես նաև այդ վնասը Դանիել Ղասաբօղլյանի գործողությունների հետևանքով պատճառված լինելու հանգամանքը առանց բավարար ապացույցների առկայության:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության տնօրեն Անդրանիկ Ղուկասյանի և ՌԴ Կուրսկ քաղաքի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանի միջև 22.08.2005 թվականին կնքված պայմանագրի հիման վրա կազմված՝ 18.11.2005 թվականի թիվ 28, 02.12.2005 թվականի թիվ 29 և 27.12.2005 թվականի թիվ 30 հաշիվ-ապրանքագրերի համաձայն՝ Ընկերությունը «Պրոմսնաբ» ՍՊԸ-ին է մատակարարել համապատասխանաբար 19 տոննա, 20 տոննա, 60 տոննա յուղազերծված պանիր համապատասխանաբար 25.650 ԱՄՆ դոլար, 27.000 ԱՄՆ դոլար, 81.000 ԱՄՆ դոլար գներով (մեկ կգ-ի արժեքը 1,35 ԱՄՆ դոլար), և նկատի ունենալով ռուսական շուկայում յուղազերզված պանրի գնի անկման հանգամանքը Ընկերության տնօրեն Անդրանիկ Ղուկասյանը և Կուրսկ քաղաքի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Ղազարյանը 20.08.2006 թվականին կնքել են «22.08.2005 թվականի թիվ 30 պայմանագրով մատակարարվող յուղազերծված պանրի գնի փոփոխման մասին» համաձայնագիր, որով եկել են համաձայնության 18.11.2005 թվականի թիվ 28, 02.12.2005 թվականի թիվ 29 հաշիվ-ապրանքագրերով մատակարարված ապրանքի գինը 1 կգ-ի դիմաց մինչև 0,45 ԱՄՆ դոլար իջեցնելու, իսկ 27.12.2005 թվականի թիվ 30 հաշիվ-ապրանքագրով մատակարարված ապրանքի գինը 1 կգ-ի դիմաց մինչև 0,44 ԱՄՆ դոլար իջեցնելու վերաբերյալ, որպիսի հանգամանքները հաստատվում են նաև «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի տնօրենի 03.09.2007 թվականի թիվ 25 գրությամբ և 16.06.2008 թվականի հայտարարությամբ:
Սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված փաստական հանգամանքների առկայությամբ ուղղակիորեն հերքվում են Դանիել Ղասաբօղլյանի կողմից ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորելու, ինչպես նաև Դանիել Ղասաբօղլյանի որևէ գործողության հետևանքով Ընկերության կողմից վնասներ (թե իրական վնասի և թե բաց թողնված օգուտի տեսքով) կրելու հանգամանքները:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է բաց թողնված օգուտի տեսքով պատճառված վնասի հատուցման հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ բաց թողնված օգուտի առկայությունը, այսինքն՝ անձի իրավունքի չխախտման պարագայում եկամուտի ստացման իրական հնարավորությունը որոշելը, յուրաքանչյուր գործով ինքնուրույն գնահատման ենթակա հարց է, որի ընթացքում պետք է հաշվի առնվեն տվյալ գործի առանձնահատկությունները:
Ընդ որում, բաց թողնված օգուտի առկայությունը որոշելու համար նախևառաջ պետք է հաշվի առնվի մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում համապատասխան գույքի ունեցած կարգավիճակը, կամ սեփականատիրոջ իրական մտադրության և հնարավորության միաժամանակյա առկայությունն այդ գույքի տնօրինման եղանակների առնչությամբ (տես Ջուլիետա Պետրոսյանը, Կարեն Դավթյանը և Արման Դավթյանն ընդդեմ Թևոս Սաֆարյանի՝ պատճառված վնասների հատուցման պահանջի մասին, թիվ 3-691(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 30.07.2007թ. որոշումը): Մասնավորապես, սույն գործով այդպիսիք կարող են համարվել՝ Ընկերության և երրորդ անձանց միջև ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրերը, նրանց միջև կնքված նախնական պայմանագրերը, մտադրությունների վերաբերյալ արձանագրությունները, գրագրությունը պայմանագիր կնքելու վերաբերյալ և այլ պայմանավորվածություններ, որոնք սույն գործում առկա չեն:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության և «Պրոմսնաբ» ՍՊԸ-ի միջև կնքված 22.08.2005 թիվ 30 պայմանագրի 8.1-րդ կետով սահմանվել է, որ պայմանագրից բխող բոլոր վեճերը, տարաձայնությունները, պայմանագրի կատարման կամ ոչ պատշաճ կատարման այլ խախտումները ենթակա են քննության Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի արբիտրաժային դատարանի կողմից։
Բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ սույն վեճը ընդդատյա է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզի արբիտրաժային դատարանի քննությանը, անհիմն է, քանի որ 22.08.2005 թիվ 30 պայմանագրի կողմեր են հանդիսանում Ընկերությունը և Կուրսկի «Պրոմսնաբ» ՍՊԸ-ն: Իսկ սույն վեճի շրջանակներում քննարկվում է Դանիել Ղասաբօղլյանի (որը պայմանագրի կողմ չէ) կողմից Ընկերությանը պատճառված ենթադրյալ վնասների հատուցման հարցը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ի հայցը մերժել:
2. «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.559.112 ՀՀ դրամ, որից 1.000.000 ՀՀ դրամ՝ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և Վճռաբեկ դատարանի 01.04.2009 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը, 1.535.467 ՀՀ դրամ՝ վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2008 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը, 1.023.645 ՀՀ դրամ՝ հայցադիմումի համար վճարման ենթակա և Երևանի քաղաքացիական դատարանի 29.01.2008 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |